ՀՀ Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել իրենց ազգային ինքնությունը. Նիկոլ Փաշինյան
10:43 - 17 ապրիլի, 2024

ՀՀ Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել իրենց ազգային ինքնությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որ մեր երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել և զարգացնել իրենց ազգային ինքնությունը, մշակութային ու կրոնական ինքնարտահայտման, ինչպես նաև կրթական պատշաճ հնարավորություններ ունենան, և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը:

Կարևորում ենք նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և մեր պետության ընդհանրական բարեկեցության: 

Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ և յուրաքանչյուրիդ»,- նշված է ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել