armenpress.am: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ափսոսում է:
Քյարամյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,- ասաց Քյարամյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ միջադեպի առնչությամբ հանրությունից ներողություն կխնդրի՝ ասաց.
«Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում»:
Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն ունեցե՞լ է՝ Քյարամյանը բացասական պատասխան տվեց:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։
Վեճի ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:
Ավելի ուշ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ հայտարարության հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։
comment.count (0)