1lurer.am: Հաջորդ կարևոր ուղղությունը, որի շուրջ տարվա ընթացքում էական, կառուցողական ջանքեր են գործադրվել հատկապես հայկական կողմից, խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությունն է: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը տեղեկացրեց՝ հայկական կողմի առաջարկը, ըստ էության, եղել է գործընթացն արագացնելը՝ ստորագրման տեքստով հնարավորինս շուտ արդյունք ունենալը, և բոլոր հնարավոր առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն, դուրս թողնել տեքստից, և այն, ինչ արդեն համաձայնեցված է, տանել ստորագրման:
«Այս առաջարկը, դատելով հրապարակային արձագանքներից ու նաև շփումների ընթացքում, այսպես ասած, մեծ խանդավառությամբ չի ընդունվել Ադրբեջանի կողմից, և հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք: Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է:
Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ, բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- հայտնեց Արարատ Միրզոյանը:
comment.count (0)