ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։
comment.count (0)