ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում
19:56 - 15 սեպտեմբերի, 2021

ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։

Արդեն 4 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում են։ Նրանց տեղակայման վայրի, մեր տարածք ներթափանցման խորության, թվի մասին պաշտոնական տեղեկատվությունը գրեթե բացակայում է։ Միայն մի քանի հայտարարություններ են հնչել այս ամիսների ընթացքում․ մայիսի 13-ին, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։ 

Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին 

Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման:

Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։ 

Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։

Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։ Այս դեպքում, պարզվում է, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, այլեւ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա։ 

Այսպիսով, Պաշտպանության նախարարությանը նախ լրացուցիցիչ ժամանակ անհրաժեշտ եղավ՝ հայտնելու, որ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանցիների թվի ու նրանց տեղակայման վայրի մասին տեղեկությունները գաղտնիք են պարունակում, եւ որ դրանց տրամադրումը կարող է բացահայտել ԶՈՒ կիրառման, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու ու հետախուզական բնույթի տեղեկություններ։ 

Այնուհետեւ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի զինվորների թվի մասին պաշտոնյաների հայտարարություններում գաղտնիք չկա, եւ այդ հայտարարությունները չեն վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Իսկ երբ խնդրեցինք տալ այդ հայտարարությունների եւ դրանց միջեւ ընկած օրերի դրությամբ հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություն, ՊՆ-ն մեր հարցմանը պատասխանեց, որ այդպիսի թիվ չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ վարչապետն ու ԳՇ պետը ի՞նչ հիմքով են հնչեցրել շուրջ 250, 500-600 եւ շուրջ 1000 թվերը, եւ ինչու է մի դեպքում կոնկրետ օրվա դրությամբ տվյալը համարվում գաղտնի, մի դեպքում՝ ոչ, եւ մեկ այլ դեպքում՝ անհայտ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել