«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել |armenpress.am|
10:38 - 08 դեկտեմբերի, 2021

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսում անցկացնել՝ հրավիրելով ինչպես գերիների, անհետ կորած համարվող անձանց հարազատներին, այնպես էլ պատկան մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, ԱԺ շենքի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորը նշեց՝ հայրենակիցները բազմաթիվ հարցեր են հնչեցնում, և հիմա դա շատ իրական հնարավորություն է, որ այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտմբերի 7-ին, գերիների ու անհետ կորածների ծնողները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում։ Նշենք, որ երեկ մամուլում տարածվել էր տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի անձի հետ խոսելիս անդրադառնում է գերիների թեմային՝ երկխոսության ընթացքում ասելով․ «Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել