Հակոբ Ավագյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 29-ին, Երևանում։ 1997-1998թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն։

1991-1994թթ. սովորել է Ա. Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, ապա Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ընդերքաբանության և մետալուրգիա» բաժնում, 2005-09թթ․՝ Երևանի «Գլաձոր» համալսարանում սովորել է «Ֆինանսներ և վարկ», կոչումը՝ մագիստրոս։

2002-2005թթ. Դրիմ Տուր ՍՊԸ-ում եղել է գործադիր տնօրեն։ 2005-2008թթ.՝ Ինստիգեյթ ՓԲԸ-ում աշխատել է գլխավոր հաշվապահ, 2006-2009թթ. Թեժ Վոթերֆոլ ընկերությունում աշխատել է գլխավոր հաշվապահ, 2007-2008թթ. Ալբեդո գրաֆիքս ընկերությունում աշխատել է գլխավոր հաշվապահ-ֆին. Խորհրդատու, 2008-2015թթ. Բենեֆիտ ընկերությունների խմբում եղել է հիմնադիր-տնօրեն, 2009-2010թթ. Արտ-Լար ֆինանսական և հաշվապահական ընկերությունում եղել է աշխատակազմի ղեկավար, 2012-2016թթ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) բիզնես աջակցության գրասենյակում եղել է տնտեսագետ-խորհրդատու, 2018-2019թթ. եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, 2019թ. ապրիլից՝ ՎուդՇիֆտ ընկերության հիմնադիր/տնօրեն։

Անկուսակցական է, ամուսնացած է։

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը

Առցանց հարթակում կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը՝ Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախագահությամբ։   Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում աշխատանքային օրենսդրության պահանջների առավել տարածված խախտումներն ու տեսչական գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրներն էին։   Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անդամ երկրների, արհմիությունների ներկայացուցիչներ։   ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն իր ողջույնի խոսքում կարևորել է մասնավոր հատվածի հետ մշտական կապի պահպանումը և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ինչ նպատակով էլ որպես նախագահող երկիր ԱԱՏՄ-ն նախաձեռնել է Դաշինքի անդամ երկրների հասարակական հատվածի հետ առաջին հանդիպումը։   «Կարծում եմ, որ մի բան բնորոշ է բոլոր երկրներին՝ մշտապես պահել կապը մասնավոր հատվածի հետ և ուժեղացնել երկխոսությունը հասարակական սեկտորի հետ, որպես պետական կառույց լսելի լինել հանրության համար, դրանով նպաստել է՛լ ավելի լավացնելու պետական կառույցների գործունակությունը»,- ասել է Հ. Ավագյանը։   Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նա կարևորել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թ. վերոնշյալ դաշինքի նախագահության ստանձնումը և ոլորտային համագործակցությունը, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունն աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավակարգավորումների մշակման գործընթացում։   Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ՝ միգրանտ աշխատողների (այդ թվում` ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնածների) աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների աշխատանքային տեսչությունների միջև արագ արձագանքման համատեղ մեխանիզմների վերաբերյալ։   Հիշեցնենք, որ 2020 թվականի վերջին Հայաստանը ստանձնել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի 2021 թ. նախագահությունը: Դաշինքի լիիրավ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։  
22:29 - 17 հունիսի, 2021
ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ոչ աշխատանքային օրով աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ-ի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Տեսչական մարմնից հայտնում են, որ Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։ ԱԱՏՄ ղեկավարը նաեւ հանդիպել է օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։ Եթե օդային սահմանով ՀՀ մուտք գործող անձն իր հետ չունի կորոնավիրուսի թեստավորման առնվազն 72-ժամյա վավերականությամբ բացասական պատասխան, նա պետք է պարտադիր թեստավորվի օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանի ստացումը։ Այս գործընթացում առաջ եկող որոշ հարցեր դարձել են վերը նշված հանդիպման քննարկման թեմա։
14:03 - 17 հունվարի, 2021
Աշխատավարձի չհաշվարկում, աշխատանքից անհիմն ազատում. ԱԱՏՄ-ն ամփոփում է դիմում-բողոքները

Աշխատավարձի չհաշվարկում, աշխատանքից անհիմն ազատում. ԱԱՏՄ-ն ամփոփում է դիմում-բողոքները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը․ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն առաջինն էր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաև մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից եւ բուհերից։ Նշվում է, որ խմբի ձևավորման նպատակը տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումն է, ինչը կարևորվում է հատկապես այս շրջանում՝ կապված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում տեսչականի գործառույթների ընդլայնման հետ։ Նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերել է ԱԱՏՄ նոր գործառույթներին, համավարակի շրջանում նկատված աշխատանքային իրավունքի խնդիրներին, նաև` առաջիկա անելիքներին: Մեծապես գնահատելով խմբում ընդգրկված մասնագետների պատրաստակամությունը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ օրենսդիրն ու գործադիրը քաղաքական կամք են ցուցաբերել՝ աշխատանքային իրավունքի ամուր պաշտպանության հարցը բերելով օրակարգ։ Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։ «Աշխատողի իրավունքների որոշ կոպիտ խախտումներ արձանագրելով հանդերձ՝ մեր գործիքակազմը շատ դեպքերում թույլ չի տալիս դրանցով զբաղվել, սակայն այժմ աշխատանքի նախկին տեսչության գործառույթները վերականգնվում են։ Մինչ դրանք 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, մենք պատրաստվում ենք այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Ավելացվում են հաստիքները, վերապատրաստումներ են կազմակերպվում»,-մանրամասնել է Ավագյանը։ Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն արդեն ստացել է շուրջ 30 դիմում-բողոք։ Դրանք առնչվել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն եւ աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։ Այսօրինակ խնդիրներով զբաղվելուն զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն վերահսկողություն եւ մշտադիտարկում է իրականացնում պարետի սահմանած անվտանգության կանոնների կատարումը պարզելու եւ դրանց պահպանումն ապահովելու նպատակով։ Ավելի քան 17 հազար մշտադիտարկումը խախտում է արձանագրել շուրջ 6 600 տնտեսվարողի, այսինքն՝ շուրջ 37 տոկոսի մոտ։ Վարակի տարածման տեսանկյունից առավել ռիսկային խախտումների հիմքով պարետի որոշմամբ ավելի քան 2700 տնտեսավարողի նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ԱԱՏՄ ջանքերն այս ուղղությամբ ու տարվող գերծանրաբեռնված աշխատանքը։ Միաժամանակ, բարձրացվել են ոլորտին վերաբերող մտահոգիչ խնդիրներ։ Խոսվել է օրենսդրական որոշ փոփոխությունների անհրաժեշտության մասին, ինչին ուղղված առաջարկներն առաջիկայում առավել առարկայորեն կդիտարկվեն։ Քննարկվել են ստուգումների մտնելուց առաջ ստուգվողին 3 օր առաջ պարտադիր ծանուցելու նորմը վերանայելու ու որոշ բացառություններ սահմանելու եւ այլ հարցեր։ Նիստի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նպաստել դաշտում վերահսկողության բարելավմանը եւ աշխատանքային իրավունքի պաշտպանությունն առավել բարձր մակարդակի բերելուն, նաև առաջարկներ են ներկայացրել հետագա գործակցության վերաբերյալ։
15:36 - 15 օգոստոսի, 2020
Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ․ Հակոբ Ավագյան |hetq.am|

Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ․ Հակոբ Ավագյան |hetq.am|

hetq.am: Մարտի 20-ից սկսած Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել 869 կազմակերպություններում, որոնցում արձանագրված խախտումների արդյունքում 98 կազմակերպությունների գործունեությունը ժամականավորապես դադարեցվել է, սկզբնական շրջանում 6 ժամով, ապա 24 ժամով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տեսչական մարմինի ղեկավար Հակոբ Ավագյանը: «Սրան զուգահեռ շարունակվում է տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի ուժեղացված աշխատանքը, որը մեկնարկել է հունվարի 24-ից: Մինչ այժմ լրացվել են 47 483 ուղևորների համար հասցեական քարտեր: Այնուհետև երբ հասցեական քարտերը փոխարինեցվին ինքնամեկուսացման և մեկուսացման ծանուցագրերի, լրացվել և ծանուցվել են 23 311 ուղևորներ, որոնք գնացել են ինքնամեկուսացման»,- նշեց Հակոբ Ավագյանը: Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ եթե ժամանող ողևորի մոտ առկա են լինում հիվանդության ախտանիշներ, ապա նրան անմիջապես հոսպիտալացնում են, և այս պահի դրությամբ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ: Հակոբ Ավագյանն ասաց, որ մայիսի 4-ին սահմանափակումների մեղմացումից հետո տարբեր տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությունը դրվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վրա, բացառությամբ հանրային սննդի կետերի, որտեղ վերահսկողությունն իրականացնում է սննդաթերքի անվտանգության տեսչական մարմինը:  Մայիսի 4-ից սկսած արդեն իսկ 8 տնտեսվարողներ խախտել են սահմանված անվտանգության կանոնները, ինչի համար տեսչական մարմինը դիմել է պարետին՝ նրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար: «Սննդի առևտրի կետերում հիմնականում խախտվել է աշխատողների անվտանգության կանոնները, մասնավորապես օրական երկու անգամ ջերմաչափումը, նրանց անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը, ախտահանման սահմանված կարգի պահպանումը և այլն»,- նշեց Հակոբ Ավագյանը: Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծեց, որ եթե ռեստորանները և սրճարանները չունեն պարետի սահմանած կետերով անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություն, ապա նրանք չպետք է բացվեն:  Անդրադառնալով շինարարական հրապարակներում վարակի տարածումը կանխարգելելու միջոցառումներին՝ Հակոբ Ավագյանն ասաց, որ եթե մարդիկ տեղեկություններ ունեն տարբեր շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման մասին, ապա կարող են ահազանգել թեժ գիծ, ինչից հետո տեսչական մարմինը մշտադիտարկում կիրականացնի: Հակոբ Ավագյանը նշեց նաև, որ տեսչական մարմնի վարակված երկու աշտակիցները առողջ են և արդեն իսկ լավ են զգում իրենց: Նախկինում արձանագրված այս երկու դեպքից բացի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել: Տեսչության ղեկավարի խոսքով՝ կան ռիսկային խմբում գտնվող աշխատակիցներ, որոնց աշխատանքը կազմակերպվում է հեռահար սկզբունքով:
17:45 - 06 մայիսի, 2020
ՌԴ-ից վերադարձած քաղաքացիներն անցել են ջերմաչափում և արտաքին զննում

ՌԴ-ից վերադարձած քաղաքացիներն անցել են ջերմաչափում և արտաքին զննում

Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի: Սահմանն անցնելուն պես նրանք բոլորը սահմանված կարգով անցել են ջերմաչափում, արտաքին զննում` պարզելու վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի ախտանշանների առկայությունը։ Այս ամսին տեղեկացնում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում։ Այս աշխատանքներն ընթացել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անմիջական վերահսկողությամբ։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:
00:59 - 08 ապրիլի, 2020
Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ
 |armtimes.com|

Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ |armtimes.com|

armtimes.com: Թե՛ սուպերմարկետներում, թե՛ առևտրի փոքր կետերում սահմանված նորմերը շատ հաճախ չեն պահպանվում. վաճառողները չեն կրում դիմակներ ու ձեռնոցներ կամ դրանք կրում են ողջ օրը՝ միևնույն ձեռոցով հպվելով բազմաթիվ իրերի, դրամի, հացի: Լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ այսօր ասուլիսին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ասաց, որ խախտումներ արձանագրում են նաև մշտադիտարկողները, իրազեկում են, որ վերացնեն խախտումները կամ դադարեցնում տնտեսվարողի գործունեությունը 6 ժամով՝ պահանջելով այդ ընթացքում խախտումները վերացնել: Նա չհամաձայնեց, որ խախտումները համատարած բնույթ են կրում՝ նաեւ հորդորելով դրանց մասին իրազեկել 8107 հեռախոսահամարով»,- ասաց ԱԱՏՄ-ի ղեկավարը: Նա հավաստեց՝ պահանջում են, որ գործատուները պահեն մատյաններ, որտեղ պիտի գրանցվեն աշխատողների ջերմաչափման արդյունքները և ժամը հերթափոխն ընդունելուց առաջ և մեկ անգամ էլ՝ ընթացքում: Զամբյուղների և սայլակների ախտահանումը ևս կարևոր հարցերից մեկն է մշտադիտարկման հարցաթերթիկում: Ավագյանի հավաստմամբ՝ երբեմն մշտադիտարկումը սուպերմարկետում տևում է այնքան, որ տեսնեն՝ զամբյուղը օգտագործվելուց հետո անցնում է ախտահանման փուլը եւ դրանից հետո վերադառնում ընդհանուր կիրառման, թե ոչ:          «Մենք տեսնում ենք, որ հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական դիմակներ են տալիս աշխատողներին, և մեր կողմից՝ որպես աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող մարմնի, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Ակնհայտ է, որ այդ դիմակը աշխատակիցը չի կարող կրել մեկ ժամից ավելի, քանի որ դրանով շնչել հնարավոր չէ, մանավանդ, որ ունենք դեպքեր, երբ աշխատանքը շարունակվում է ութ ժամ»,- ասաց նա: Առհասարակ այժմ շուկայում առկա բժշկական դիմակների վերահսկողությունը խնդիր է, քանի որ չկա դրանց համար նախատեսված ստանդարտ: «Որքան գիտեմ, այդ դիմակների ստանդարտացումը չկա ԵԱՏՄ տարածքում: Հիմա տեսչական մարմինների գրասենյակի կողմից առաջարկվել է Էկոնոմիկայի նախարարությանը, և շատ արագ ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի մեր ազգային ընթացակարգով տեխնիկական կանոնակարգը, այսինքն, թե ինչ չափանիշների պիտի համապատասխանի շնչադիմակը, և, ըստ այդմ, մեր գործընկեր շուկայի վերահսկողական մարմինը կզբաղվի դրա վերահսկողությամբ»,- ասաց Ավագյանը: Անդրադառնալով ալկոգելի շուկայի վերահսկողությանը՝ նա նշեց, որ այս նյութի ստուգումը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթներում է. «Որքանով տեղյակ եմ, դա նրանք պատշաճ են անում»: Ի՞նչ լուծույթներ են փչում սուպերմարկետներում հաճախորդների ձեռքերին, երբեմն հաճախորդները դրանցից տհաճ հոտ են առնում։ Հարցին ի պատասխան՝ ԱԱՏՄ-ի ղեկավարը փաստեց, որ դա պիտի լինի էթիլային սպիրտ: «Եղել են սուպերմարկետներ, որ փակվելուց հետո, երբ վերաբացվել են, մուտքի մոտ հաճախորդների ձեռքներն ախտահանելու համար աշխատակից են առանձնացրել: Եթե մեր քաղաքացիները այս առումով խախտումներ են նկատել, կխնդրենք դիմեն մեզ, կտեսնենք՝ արդյոք Առողջապահության նախարարության կողմից սահմանված ախտահանիչ լուծույթների մասին նորմին բավարարում է, թե ոչ»,- ասաց նա:
18:26 - 03 ապրիլի, 2020
172 անձանցից եղել են նաև վարակակիրներ, որ հոսպիտալացվել են սահմանային կետերից․ ԱԱՏՄ ղեկավար |1lurer.am|

172 անձանցից եղել են նաև վարակակիրներ, որ հոսպիտալացվել են սահմանային կետերից․ ԱԱՏՄ ղեկավար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում նշեց, որ տեսչական մարմինը տնտեսվարողների շրջանում իրականացրել է 257 մշտադիտարկման և 100-ից ավելի իրազեկման աշխատանքներ։ Տեսչական մարմնի ղեկավարը նշեց նաև, որ իրենց հորդորով ջերմաչափվող անձանց համար պահվում է մատյան, որտեղ գրի է առնվել, թե ժամը քանիսին են ջերմաչափվել և ինչքան ջերմություն են ունեցել աշխատողները։ Թեև բժշկական դիմակների վերահսկողությունը մարմնի գործառույթներից դուրս է՝  բայց լրագրողների հարցին ի պատասխան Ավագյանը նշեց, որ մի քանի օր առաջ Պարետատան նիստին առաջարկվել է համակարգել, այժմ էլ դիմակների ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի տեխնիկական կանոնակարգը։ «Մեր մշտադիտարկումների ընթացքում մենք տեսնում ենք, որ սուպերմարկետներում հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին, որը մեր կողմից որպես նաև աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող տեսչական մարմին, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում։ Աշխատողները չեն կարող դա մեկ ժամից ավել կրել, որովհետև դրանք պատրաստված են այնպիսի նյութով, որով շնչել հնարավոր չէ»,- նշեց ԱԱՏՄ ղեկավարը։ Հակոբ Ավագյանը, անդրադառնալով վերջին օրերին գրանցված կորոնավիրուսով վարակվածների մեծ թվին, նշեց, որ դրանց մի մասը «ներմուծված» է դրսից, մեր հայրենակիցներն են իրենց հետ բերել։ Ամսի 24-ից մինչև այսօրվա հերթափոխի ավարտ 172 ուղևոր անմիջապես  հոսպիտալացվել է հենց 7 սահմանային հսկիչ կետերից։ «172 հոսպիտալացվածների մեջ եղել են վարակակիրներ, որոնք հոսպիտալացվել են հենց սահմանային կետերից՝ Զվարթնոց օդանավակայանից, Բագրատաշենից, հետո մենք իմացել ենք, որ այդ մարդկանց մոտ հաստատվել է վարակի առկայություն»,- նշեց Ավագյանը։ Նրա խոսքով՝ ուղևորափոխադրման քանակը կտրուկ նվազել է, երեկ «Զվարթնոցում» արձանագրվել է 0 ուղևորափոխադրում։ «Հիմա առաջատարը Բագրատաշենն է։ Երեկվա հերթափոխով ասեմ, 186 մարդ է անցել, այդ թվում՝ բեռնատար մեքենաների վարորդներ։ Նրանց մոտ եղել են դեպքեր, որ օտարերկրյացիներ են եղել, որոնց մոտ մենք ախտանիշներ ենք հայտնաբերել ու հոսպիտալացրել ենք ու այսօր նրանց մոտ հայտնաբերվել է վարակի ախտանշաններ, և նրանք հոսպիտալացված են ԲԿ-ներում»,- նշեց ԱԱՏՄ ղեկավարը։
17:33 - 03 ապրիլի, 2020
Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով


 |armenpress.am|

Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում,  աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱՏՄ-ն վերահսկում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների` այդ թվում ռեստորաների, սրճարանների, գեղեցկության սրահների ախտահանումը: «Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն՝ անմիջականորեն պարետի որոշմամբ,  բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,-ասաց Ավագյանն ու նշեց` նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին:
21:56 - 18 մարտի, 2020
Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19 հազար 900 է։ Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որոնց թվում են նաեւ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները․ «Մեր տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում, ու եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացրել ենք առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որը վերաբերում է ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Այս պահին շրջանառվում է, կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք»,- նշեց Ավագյանը։ Նա հայտնեց, որ նախագիծ են ներկայացրել պարետին, որտեղ մասնավորեցվում է, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով եւ պահանջով պետք է լինեն․ «Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով, եւ առհասարակ պահպանվեն հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Տեսչական մարմինը մինչեւ անցած տարի չուներ ստուգումների տարեկան ծրագիր, լինում էին բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում էր վարչական վարույթ։ Այժմ պատկերը բոլորովին այլ է»,- շեշտեց Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ անկախ նրանից, թե ինչքանով էին ուժեղացված իրենց միջոցառումները, կամ հակառակը, վիրուսը, միեւնույն է, ներթափանցելու էր․ «Նույնիսկ մեր ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացնող երկրներում է վիրուսը ներթափանցել։ Այժմ բոլոր 7 սահմանային կետերում մոտավորապես 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը։ Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք՝ հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ, բայց հիմա մենք ամեն ինչ անում ենք՝ փորձելով ամենը բերել բարձր մակարդակի»,- ասաց Ավագյանը։ Խոսելով բեռնափոխադրումների մասին՝ տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ առողջապահության նախարարության կողմից ցուցում չունեն բեռնատարներն ախատահնեու, քանի որ մեքենաներն ինքին վիրուս տարածող չեն։ Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ Ուկրաինայից ժամանած վարորդի են մեկուսացրել, բեռնատարը կանգնեցվել է մեր ՊԵԿ մաքսային տարածքում, հաջորդ վարորդի գալուց առաջ ախտահանվել է մեքենայի խցիկը, իսկ նախորդ վարորդը հոսպիտալացվել է, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել։
21:45 - 18 մարտի, 2020
ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար

 |armenpress.am|

ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ «Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը։ Հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն»,- նշեց Ավագյանը։
21:30 - 18 մարտի, 2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված էական փոփոխությունները։ Զեկուցվել է, որ նախորդ տարի էականորեն լրացվել է բացակայող գույքի պակասը, ձեռք են բերվել նվազագույն կարիքները բավարարող համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ։ Ներդրվել է ուղիղ կապ տարածքային ստորաբաժանումների և սահմանային հսկիչ կետերի հետ: Կառավարության որոշմամբ՝ տարածքային ու գլխամասային ստորաբաժանումներին հատկացվել են տրանսպորտային միջոցներ՝ օպերատիվ արձագանքման համար։ 2019-ին ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 1674 վերահսկողական միջոցառում,  նշանակվել է շուրջ 500 տուգանք, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել  ավելի քան 28 մլն դրամ։ Քննարկվել են նաև 2020 թվականի պլանային ստուգումների վերաբերյալ հարցեր։ Նշվել է, որ սահմանված կարգով և ժամկետում տեսչական մարմինը հրապարակել է պլանային ստուգումների տարեկան ծրագիրը, որտեղ տնտեսավարողներն ընդգրկված են ըստ ռիսկայնության աստիճանի՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի հաշվարկման մեթոդաբանության։ Հանդիպմանը ներկայացվել են նաև մանրամասներ 2021 թվականի հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների և «հակածխախոտային» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող վերահսկողական գործառույթների մասին։
19:04 - 02 մարտի, 2020
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ է ստեղծվում

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ է ստեղծվում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ մարտի 12-ին, որոշում ընդունվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հաստատվեց դրա աշխատակարգն ու քարտուղարության անհատական կազմը: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ ԱԺ-ի հետ համագործակցությունը սկսվել է դեռ անցած տարի: Նա կարեւորեց հատուկ չափորոշիչների ներդրումը, որպեսզի խմբի մասնակից չլինեն մարդ-ՀԿ-ները, այլ բիզնեսից ավելի մեծ ներգրավվածություն ապահովվի: «Սա ավելի շատ խորհրդակցական մարմին է եւ նպատակ ունի ուժեղացնել երկխոսությունը ԱԺ պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ»,- ասաց Հ.Ավագյանը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքում բոլոր հարցերը կոնսենսուսով կլուծվեն:   ՀՀ ազգային Ժողով
10:36 - 12 մարտի, 2019