Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան
21:45 - 18 մարտի, 2020

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19 հազար 900 է։

Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որոնց թվում են նաեւ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները․

«Մեր տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում, ու եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացրել ենք առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որը վերաբերում է ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Այս պահին շրջանառվում է, կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք»,- նշեց Ավագյանը։

Նա հայտնեց, որ նախագիծ են ներկայացրել պարետին, որտեղ մասնավորեցվում է, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով եւ պահանջով պետք է լինեն․

«Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով, եւ առհասարակ պահպանվեն հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Տեսչական մարմինը մինչեւ անցած տարի չուներ ստուգումների տարեկան ծրագիր, լինում էին բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում էր վարչական վարույթ։ Այժմ պատկերը բոլորովին այլ է»,- շեշտեց Ավագյանը։

Նրա պնդմամբ՝ անկախ նրանից, թե ինչքանով էին ուժեղացված իրենց միջոցառումները, կամ հակառակը, վիրուսը, միեւնույն է, ներթափանցելու էր․ «Նույնիսկ մեր ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացնող երկրներում է վիրուսը ներթափանցել։ Այժմ բոլոր 7 սահմանային կետերում մոտավորապես 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը։ Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք՝ հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ, բայց հիմա մենք ամեն ինչ անում ենք՝ փորձելով ամենը բերել բարձր մակարդակի»,- ասաց Ավագյանը։

Խոսելով բեռնափոխադրումների մասին՝ տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ առողջապահության նախարարության կողմից ցուցում չունեն բեռնատարներն ախատահնեու, քանի որ մեքենաներն ինքին վիրուս տարածող չեն։ Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ Ուկրաինայից ժամանած վարորդի են մեկուսացրել, բեռնատարը կանգնեցվել է մեր ՊԵԿ մաքսային տարածքում, հաջորդ վարորդի գալուց առաջ ախտահանվել է մեքենայի խցիկը, իսկ նախորդ վարորդը հոսպիտալացվել է, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել