Covid 19-ի դեպքերն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են. ԱՆ |armenpress.am|
armenpress.am: Covid 19-ի դեպքերն աշխարհում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են: Համավարակը դեռ շարունակվում է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ վերջին շրջանում նվազել է և՛ վարակման դեպքերի, և՛մահվան դեպքերի թիվը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում նույնպես գրանցվել է կորոնավիրուսային համավարակի կտրուկ նվազում:
Մասնագետն ընդգծեց, որ Covid 19-ի վերարտադրողականությունը վերջին օրերին 1 տոկոսից ցածր է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղել են:
«Ամբողջ աշխարհում քանի որ իրավիճակն ավելի կայուն է, թեստավորումն իրականացվում է ավելի պակաս: Շատ են նշում, որ մարդիկ ավելի թեթև են տանում և թեստավորում չեն իրականացնում, բայց պետք է արձանագրեմ, որ մենք երկու հրաման ունենք, ըստ որի՝ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով բուժառուները ինչպես առաջնային պահպանման օղակում, այնպես էլ բժշկական ցանկացած կազմակերպությունում պարտադիր հետազոտվում են, և այդ տվյալները հավաքվում, ամփոփվում և վերլուծվում են: Նշեմ, որ մեզ մոտ թեստավորումը շատ ավելի ակտիվ է իրականացվում և թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը 4,1 տոկոս է կազմում»,-նշեց Ռոմելլա Աբովյանը:
Նա ընդգծեց, որ մեր երկրում Covid 19-ով պայմանավորված մահացությունն այս պահին կազմում է 2 տոկոս. վերջին մի քանի ամիսներին այդ ցուցանիշը պահպանվում է, իսկ վերջին օրերին մահվան դեպքեր չեն գրանցվել:
«Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 2 դեպք՝ նախորդ 7 օրվա 9 դեպքի փոխարեն: Վերջին 14 օրվա ընթացքում ունենք 11 դեպք, իսկ նախորդ նույն ժամանակահատվածում 19 դեպք, սա նշանակում է, որ ունենք 42 տոկոսով նվազում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ) մայիսի 22-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակաշրջանում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,2 մլն մարդ, մահացել` 7100-ից ավելին։ Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 58%-ով, վարակման դեպքերի թիվը՝ 48%-ով:
11:27 - 03 հուլիսի, 2023