Հայկական բարեգործական ընդհանուր միություն - ՀԲԸՄ

ՀԲԸՄ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով

ՀԲԸՄ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով

ՀԲԸՄ-ն դիմում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով: Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ քննարկվեց Արցախում տիրող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը։ Նիստն ամփոփելուց մեկ շաբաթ անց ՀԲԸՄ-ի ղեկավարությունը որոշեց հրատապ դիմում-նամակով դիմել Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից յուրաքանչյուրին՝ Ալբանիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բրազիլիային, Գաբոնին, Գանային, Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Միացյալ Թագավորությանը, Մոզամբիկին, Շվեյցարիային, Չինաստանին, Ռուսաստանին, Ֆրանսիային, ինչպես նաև ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակությանը: Դիմում-նամակի ուղերձն էր՝ «Սկսե՛ք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն անվանել այնպես, ինչպես այժմ որակում են իրավապաշտպաններն ու միջազգային գործակալությունները՝ ցեղասպանություն»: «Պաշտոնապես և հրապարակայնորեն Ադրբեջանի գործողությունները որպես ցեղասպանություն որակելով՝ ՄԱԿ-ի անդամ երկրները կարող են վկայակոչել 1948 թվականի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Արդարադատության միջազգային դատարանի միջոցով վճռական միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու և պատժելու համար։ Իր պարտավորության շրջանակներում այն կարող է նաև այլ ռազմավարական գործողություններ իրականացնել՝ արձագանքելու այնպիսի իրավիճակներին, որտեղ ցեղասպանության սպառնալիքն իրական է», - իր կոչում նշել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Այս նամակները հիմնված են օգոստոսի 10-ին ՀԲԸՄ-ի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված հրատապ դիմումի վրա, որտեղ Սեդրակյանը հորդորում է Միացյալ Նահանգներին ականջալուր լինել մարդու իրավունքների խախտումներով զբաղվող համաշխարհային հեղինակություն Լուիս Մորենո Օկամպոյի կողմից հրապարակված զեկույցի նախազգուշացումներին: Օկամպոն համոզիչ փաստարկներ է բերում Արցախի ճգնաժամը վերահաս ցեղասպանություն որակելու առումով: Հիմնվելով զեկույցում տեղ գտած կանխազգուշացման վրա, ըստ որի՝ զանգվածային սովը ընդամենը շաբաթների հարց է՝ պետքարտուղար Բլինքենին ուղղված նամակում կոչ էր արվում անհապաղ միջամտել՝ ապահովելու Լաչինի միջանցքի բացումը, որը թույլ կտա Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնել ցամաքով կամ միջանկյալ՝ օդային փոխադրման միջոցով։ Ի հավելումն Օկամպոյի վերլուծությանը՝ օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ իր խոսքն ուղղեց այն անդամ երկրներին, որոնք պատրաստակամ են ճգնաժամի լուծման ուղիներ գտնել։ Պրոֆեսոր Մենդեսը շեշտը դրեց միջազգային հանրության կողմից կանխարգելման պարտականությունների վրա՝ ընդգծելով այն փաստերը, որոնք բավարար պատճառ են միջազգային հանրությանը կանխավ զգուշացնելու, որ Արցախի բնակչությանը սպառնում են «լուրջ մարմնական կամ հոգեկան վնասներ», ինչպես սահմանված է «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում։ ՀԲԸՄ-ի դիմում-նամակները ուղարկվել են Անվտանգության խորհրդի անդամներին, իսկ նամակների պատճենները նաև իրենց արտաքին գործերի նախարարներին՝ ոչ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնելու Օկամպոյի և Մենդեսի պնդումները, այլ նաև ՄԱԿ-ին կոչ անելու անհապաղ միջամտել Արցախում շրջափակումը վերացնելու և պարենի համատարած սղությունը կանգնեցնելու համար: Սեդրակյանը նամակում հորդորել է. «Ժամանակն է խոսքերը հիմնավորել նաև գործողություններով և շտապ հումանիտար օգնություն տրամադրել ցամաքով կամ միջանկյալ՝ օդային փոխադրման միջոցով՝ կանխելու սովի և հիվանդությունների պատճառով ահագնացող ցեղասպանության սպառնալիքը»: Վերջերս ՀԲԸՄ-ին տված հարցազրույցում միջազգային հանրային իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանը, ով ՄԱԿ-ում խորհրդականի ավելի քան 15 տարվա փորձ ունի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան որակեց որպես «միջազգային ամենակարևոր պայմանագրերից մեկը, քանի որ ռասայական խտրականությունը կարող է հանգեցնել էթնիկ զտումների»։ Փայլանը նաև նշել է. «Հաշվի առնելով, որ [շրջափակումը] հումանիտար ճգնաժամ է առաջացնում՝ հասցնելով մեզ էթնիկ զտումների շեմին՝ այն խաթարում կամ սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Երբ նման իրադարձություններ են տեղի ունենում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տրված է ոչ միայն անհապաղ միջամտելու կարողություն, այլ նաև դա անելու պատասխանատվություն»: Սեդրակյանը ՀԲԸՄ-ի կարողություններն օգտագործեց առկա օրհասական վիճակի մասին ավելի լայն շրջանակներին ահազանգելու համար։ «Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես ՄԱԿ-ի հանցավոր անդամ երկիր, որը սանձարձակորեն խախտում է ՄԱԿ-ի կոնվենցիաները և մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված օրենքները։ Դա խախտում է այն աշխարհակարգը, որի պահպանման համար ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը: Դա վտանգավոր ազդակ է այլ պետություններին, որ նրանք նույնպես կարող են անպատիժ հանցագործություններ իրագործել մարդկության դեմ»։ Արցախի 120,000 հայերի ճակատագրի վերաբերյալ միջազգային անհանգստության մեծացմանը զուգընթաց՝ ՀԲԸՄ Ֆրանսիան, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպեր, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա և Պեի դը լա Լուար շրջանների ներկայացուցիչների հետ միասին, գլխավորեց Երևանից Արցախ մարդասիրական օգնություն և պարենամթերք ուղարկելու ջանքերը։ Պատվիրակությունը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից տուժածներին, ովքեր այժմ օրական ընդամենը կես հաց ստանալու հնարավորություն ունեն,10 բեռնատար մեքենայով մարդասիրական օգնություն էր նախատեսում տրամադրել, սակայն ավտոշարասյունի մուտքն Ադրբեջանի կողմից արգելափակվեց։ Քաղաքապետը իր թվիթերյան էջում գրեց. «Այստեղ՝ Լաչինի միջանցքում, մենք հավաստում ենք, որ, մարդու իրավունքների լիակատար խախտմամբ, մարդասիրական ոչ մի օգնություն չի կարող մուտք գործել Արցախ։ Մեր մարդասիրական օգնության 10 բեռնատարների մուտքը արգելափակված է։ Մարդասիրական ճգնաժամն ընթացքի մեջ է, հրատապության հարց կա»։ Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, քաղաքապետ Իդալգոն հայտարարեց. «Մենք վճռական ենք, ավելի քան երբևէ, լինելու միջազգային իրավունքի ձայնը, Հայաստանի ձայնը»,- հետո հավելեց, - «Պետք է հարգել 2020 թվականի համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը։ Սա է գոյատևելու պայմանը այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպանական նկրտումները»։
12:28 - 12 սեպտեմբերի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է միության ընթացիկ ծրագրերը, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները:Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունն՝ ուղղված կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը:Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության հարցերի, ինչպես նաև ռազմավարական նպատակների համատեղ իրականացմանը:
18:40 - 15 ապրիլի, 2022
ՀԲԸՄ-ն ընտրությունների արդյունքը բնութագրում է որպես համազգային ապաքինմանն ուղղված առաջին քայլ

ՀԲԸՄ-ն ընտրությունների արդյունքը բնութագրում է որպես համազգային ապաքինմանն ուղղված առաջին քայլ

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ․ «2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակով Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի հանրապետության օրինականորեն ընտրված վարչապետ: ՀԲԸՄ-ն այս առթիվ իր շնորհավորանքն է հղում պարոն Փաշինյանին: Ընտրողները ձայների վճռորոշ տարբերությամբ իրենց քվեներով նրան երկրորդ հնարավորություն ընձեռեցին կատարելու իր իսկ խոստումները՝ անդրադառնալու 2020-ի Արցախյան պատերազմի ողբերգական կորուստների պատճառներին: Սա, անկասկած, կարևորագույն ժամանակահատված է, որը հիմքեր է դնելու անկախ հայկական պետության տևական գոյատևման համար: Մենք հավատացած ենք, որ հաջողության հասնելու առաջին քայլը պետք է լինի համազգային ապաքինման ուղղությամբ աշխատելը: Դա վերաբերում է խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների կառավարմանը հաշտության և համագործակցության ոգով՝ ընդունելով, որ տարածաշրջանային լարված իրավիճակում պառակտված կառավարումը երկիրն է՛լ ավելի մեծ վտանգների կենթարկի: Ժամանակն է զորավիգ լինելու Հայաստանի ապագայի միասնական տեսլականին՝ որպես հրատապ առաջնահերթություն սահմանելով երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Մենք ամենայն հարգանքով հորդորում ենք ներկա ղեկավարությանը ակտիվորեն ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին, այդ թվում՝ թափանցիկության, ներառականության և քաղաքացիական հասարակության՝ ընդգրկելով նաև աշխարհատարած հայկական սփյուռքը: Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է լծվի ճիշտ ձևով անհրաժեշտ հաստատությունների կառուցման ու կայացման գործին: Առաջ ընթանալու համար պահանջվում է ունենալ միասնականություն, որտեղ կառավարությունը կողջունի Հայաստանի և սփյուռքի մասնագետների և տաղանդավոր մարդկանց մասնակցությունն ավելի պայծառ ապագայի կերտման հստակ ճանապարհային քարտեզի մշակման գործում: Համայն հայությունը դերակատարություն ունի ապաքինման և վերակառուցման այս գործընթացում: Որպես աշխարհում ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ունի 115-ամյա ներկայություն հայրենիքում, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու հաղթահարել խորը համազգային ցավը: Եվ մենք գիտակցում ենք հույսն ու դիմացկունությունը վերականգնելու կարևորությունը, քանզի մեր ժողովուրդն առերեսվում է չափազանց իրական մտահոգությունների՝ կապված սոցիալ-տնտեսական հեռանկարների, առողջության, անվտանգության և, իհարկե, այս անկայուն աշխարհում իր զավակների ապագայի հետ: Վերջին 30 տարիներին մենք ապացուցել ենք սփյուռքի անկեղծ ու անսահման նվիրվածությունը հայրենի պետականությանն աջակցելու գործում, և վստահ ենք, որ այս նվիրումը շարունակվելու է, քանի որ Հայաստանը շարունակում է լինել մեր հպարտությունն ու մեր ինքնության երաշխավորը: Եկեք վերակերտենք մեր ազգը՝ վեր հանելով և հարգելով միմյանց տաղանդներն ու ուժեղ կողմերը և դրանք օգտագործենք արդյունավետ ձևով: Դա մեր պարտքն է գալիք սերնդի և այն մարդկանց հանդեպ, որոնք գնացին գերագույն զոհաբերության՝ հանուն մեր ժողովրդի ազատության և արդարության: Միությունը զորություն է»։
19:37 - 22 հունիսի, 2021
ՄԻՊ-ը ՀԲԸՄ ղեկավար կազմի հետ քննարկել է պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի իրականացրած պատերազմական հանցագործությունները

ՄԻՊ-ը ՀԲԸՄ ղեկավար կազմի հետ քննարկել է պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի իրականացրած պատերազմական հանցագործությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը: Կողմերն արձանագրել են, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: Պաշտպանը ներկայացրել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության փաստը ՀՀ տարածքում ու դրանից ներս, ինչն էլ հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դերը` կարևորելով ոչ միայն համատեղ իրականացրած կրթական, իրազեկման ծրագրերը, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլերը, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումները: Պաշտպանը գնահատել է ՀԲԸՄ դերը հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում: Պերճ Սեդրակյանը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ նշելով, որ ՀԲԸՄ-ն ևս հետևում է սահմանային անվտանգության հարցերին, երկրում տիրող իրավիճակին: Պաշտպանին է ներկայացվել ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Ճշմարտության ձայներ» տեսաշարը, որը նպատակ ունի պատերազմի սառը վիճակագրությունը ներկայացնելու մարդկային դեմքով, անունով և կյանքի պատմությամբ՝ փաստագրելով իրականացված վայրագություններն ու նպատակ ունենալով վերականգնել արդարությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցության ուղղությունները:
17:04 - 02 հունիսի, 2021
ՀԲԸՄ-ն կարևորում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը

ՀԲԸՄ-ն կարևորում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը» (ՀԲԸՄ) անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան իր ելույթում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու իրադարձությանը։ Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Որպես աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, որը մեր ժողովրդին ծառայելու 115-ամյա պատմություն ունի, ՀԲԸՄ-ն վաղուց է գիտակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Ամերիկայի նախագահների կողմից բազմաթիվ բաց թողնված հնարավորություններից հետո, մեզնից խուսափած հստակությունն ի վերջո դրսևորվեց պաշտոնական դիրքորոշման մեջ՝ երեկ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Նախագահ Բայդենի հայտարարության մեջ տեղ գտած բառերի միջոցով: Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի սպանությունը կոչելով ցեղասպանություն, Նախագահ Բայդենը հստակ ուղերձ հղեց առ այն, որ ճշմարտությունն ի վերջո կհաղթի այն մարդկանց համաձայնեցված ջանքերին, որոնք հանցագործություններ են կատարել մարդկության դեմ և փորձում են տապալել արդարությունն ի հեճուկս առկա փաստագրված անհերքելի ապացույցների»: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը անդրադարձել է վաղեմություն չունեցող համընդհանուր մարդկային իրավունքներն ու սկզբունքները անցողիկ աշխարհաքաղաքական նկատառումներից ու շահերից վեր դասելու նախագահ Բայդենի որոշմանը: «Այսօր, մեկ բառի արտաբերմամբ վերագծվեց սահմանը պատմական ճշմարտության ու կեղծ պատմությունների միջև, որոնք տասնամյակներ շարունակ կասկածի և խառնաշփոթության սերմեր են նետել համաշխարհային լրատվամիջոցների, գիտական շրջանակների և դիվանագիտական հանրույթի շրջանում: Դա ահռելի վնաս է հասցրել ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հոգեկան աշխարհի վրա, որոնց վերքերը մնում են չապաքինված Թուրքիայի կառավարության լավ մշակված ու համակարգված խաբեությամբ: Պատմական ռեևիզիոնիզմի փորձերն ու ցեղասպանության ժխտման գործունեությունը, զուգորդված  Միացյալ Նահանգների շահերի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու սպառնալիքներով այժմ արդեն արժեզրկվեցին Ամերիկայի իշխանության և ազդեցության ամենաբարձր մակարդակով»: Սեդրակյանը նշել է, որ Նախագահ Բայդենի հայտարարությունը «քայլ առաջ է» Հայոց հարցը առաջ մղելու ուղղությամբ, ընդ որում, ոչ միայն Թուրքիայի կողմից գործադրված անցյալի, այլև ներկայիս անարդարությունների համատեքստում: «Անցյալ տարի մեզ ողբերգականորեն հիշեցրին հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի շարունակվող թշնամական վերաբերմունքի մասին: Հանդիսանալով 2020 թվականի Արցախյան պատերազմի հիմնական դերակատարն ու ծածուկ ագրեսորը՝ հաջակցություն իր դաշնակից Ադրբեջանի, Թուրքիան բացահայտեց հայերին ու հայ մշակույթը պատմական հողերից արմատախիլ անելու իր անբարո մտադրությունները, ճիշտ այնպես, ինչպես 106 տարի առաջ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»: Նա նաև նշել է. «Եվ թող որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը օրինակ ծառայի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են անողոք արդարադատությունից խուսափող կեղեքիչների ձեռքերում. ճշմարտությունն ի վերջո պարզվելու է անկախ նրանից, թե դրա համար պայքարը որքան դժվար և տևական կլինի: Մենք սա համարում ենք ոչ միայն պատմական փաստի երկար սպասված ճանաչում, այլև ավելի ազնիվ ու կառուցողական ապագայի կերտման հիմք, քանի որ արդարադատությունը ցանկացած հաշտեցման հիմքերի հիմքն է: Մենք շարունակում ենք հուսալ, որ սրանով ճանապարհ կհարթվի տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման համար»,-ասված է ՀԲԸՄ հաղորդագրությունում:
16:07 - 25 ապրիլի, 2021
ՀԲԸՄ-ն հայտարարում է արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային նախաձեռնության մասին

ՀԲԸՄ-ն հայտարարում է արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային նախաձեռնության մասին

Ի արձագանք արցախյան պատերազմի, դրան հաջորդած լրատվական հակամարտության, ինչպես նաև հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը, ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացրին ՀԲԸՄ մամուլի գրասենյակից, այս նորաստեղծ նախաձեռնության շրջանակներում կբարձրացվի իրազեկությունը և իմացությունը Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը՝ տեղեկատվական այդ հոսքը հասցնելով հանրությանը: ՀԲԸՄ դրամաշնորհի միջոցով կհարստացվի արցախյան թեմաներով հետազոտությունների արժեքավորությունը՝ արդեն իսկ առկա առաջնային նյութերն ու ճշգրիտ տվյալները համալրելով յուրօրինակ հրապարակված աշխատություններով՝ առաջատար հետազոտությունների և առկա այլ հրատարակությունների օգնությամբ: ««Այս դրամաշնորհի ակունքներում գիտելիքի վրա հիմնված ինքնության ձևավորման գաղափարն է», - ասաց ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և կրթական հարցերով պատասխանատու Լենա Սարգսյանը: «Դրամաշնորհային ծրագիրը հաստատվել է ամրապնդելու հետազոտական այն հմտություններն ու մեթոդները, որոնք օգնում են հղկել հայկական ինքնությունը և ավելի լավ ընկալել հայկական իրականությունը, բարձրացնել իրազեկությունը և ձևավորել Հայաստանի և Արցախի ճանաչողության հավաստի գիտելիքների ամբողջություն: Մենք ուզում ենք ինքներս տնօրինել և աշխարհին ներկայացնել մեր պատմությունը՝ այն համալրելով որակյալ տվյալներով, ճշգրտված աղբյուրներով և տեղում իրականացված հետազոտություններով, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը»: Դրամաշնորհը ստանալու համար կարող են դիմել բոլոր սերունդների ուսանողներն ու գիտնականները: Ասպիրանտների, ակադեմիկոսների, հետազոտողների, հետդոկտորական աստիճան հայցողների, անկախ հոդվածագիրների, ազատ լրագրողների և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձանց հայտերը ողջունվում են: Հետազոտությունը, ի թիվս այլ ուղղությունների, կարող է լինել պատմական և/կամ ժամանակակից աշխատություն, որում կուսումնասիրվեն տարածաշրջանի անցյալի, ներկայի ու ապագայի սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական և բնապահպանական հարցերը: Հրապարակված գործեր կարող են համարվել հոդվածները, զեկույցները, ակնարկները, ինչպես նաև բարձրորակ տեսանյութերն ու փոդքասթները: Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներառեն նախկինում հրապարակված աշխատությունների օրինակներ, ինքնակենսագրական, ինչպես նաև առաջարկվող բյուջե՝ տեղում իրականացվելիք հետազոտական ծրագրի ռազմավարության նկարագրությամբ: Ծրագրերը և կատարված աշխատանքները կարող են ներկայացվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն: Հայտերն ընդունվում են անգլերեն մինչև 2021թ. ապրիլի 30-ը: ՀԲԸՄ արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային նախաձեռնության մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք այստեղ։ Ներբեռնե՛ք դիմումաձևն այստեղ:
22:15 - 29 հունվարի, 2021
Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտների համար կրթաթոշակային նոր ծրագիր է մեկնարկել: Այս մասին տեղեկացնում է ՀԲԸՄ-ն: Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը: «Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում: Դասական հայագիտության գծով մագիստրոսի աստիճան հայցողները հայերեն բազմապիսի տեքստերի ընթերցանության և թարգմանության փորձ ձեռք կբերեն, ինչը նրանց թույլ կտա խորությամբ ընկալել իրենց ընտրած ժամանակաշրջանի գրական մշակույթն ու պատմությունը: Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը: ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի կրթաթոշակի հիմնումը այս կազմակերպության և Օքսֆորդի միջև գործակցության հաջորդ փուլն է. այդ գործընկերության շրջանակներում վերջին յոթ տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել համալսարանում տարբեր առարկաներ ուսումնասիրող հայ ուսանողներին: Նոր կրթաթոշակային ծրագիրը, որը բաց կլինի աշխարհի բոլոր ծագերը ներկայացնող ուսանողների համար, համահունչ է հայկական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում պահպանելու ՀԲԸՄ-ի առաքելությանը: ՀԲԸՄ Լոնդոն Թրասթ կազմակերպության նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության փոխնախագահ Ջոզեֆ Ուղուրլյանը իր խոսքում նշել է. «ՀԲԸՄ-ի համար, անշուշտ, պատիվ է Օքսֆորդի համալսարանի նման հեղինակավոր համաշխարհային հաստատության հետ համագործակցելը: Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը տարիներ շարունակ վերելք է ապրել, և ֆակուլտետի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին աջակցելը միանգամայն տրամաբանական քայլ էր ՀԲԸՄ-ի համար: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին և իր թիմին՝ այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար»,-ասված է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ: Դասընթացը վարելու է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը:
19:52 - 22 հունվարի, 2021
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն օժանդակում է ՀԲԸՄ-ին՝ քովիդ-19-ի դեմ պայքարելու համար օժանդակ միջոցներ Հայաստան առաքելու գործում

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն օժանդակում է ՀԲԸՄ-ին՝ քովիդ-19-ի դեմ պայքարելու համար օժանդակ միջոցներ Հայաստան առաքելու գործում

Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկել է համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: «Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները: «WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», – ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», – ընդգծեց Աջեմյանը: Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», – նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը: ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ: Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին: «WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», – նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը»,- ասված է հաղորդագրությունում:
15:57 - 29 դեկտեմբերի, 2020
ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան։  «Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկեց համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները: «WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», - ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», - ընդգծեց Աջեմյանը: Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», - նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը: ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ: Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին: «WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», - նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը:
22:51 - 28 դեկտեմբերի, 2020
Կոչ ենք անում հանուն հայ ժողովրդի դրսևորել բարձր գիտակցություն և զիջել վարչապետի պաշտոնը

Կոչ ենք անում հանուն հայ ժողովրդի դրսևորել բարձր գիտակցություն և զիջել վարչապետի պաշտոնը

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում անցումային կառավարություն կազմելու անհրաժեշտության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որեւէ համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպես նաեւ մեր քաղաքացիներից ու աշխարհասփյուռ աջակիցներից պահանջում է վճռականություն, խիզախություն եւ տեսլական։ Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։ Որեւէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ։ Սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։ Վիթխարի կարեւորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրեւ անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ եւ ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։ Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն եւ զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչեւ արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։ Ինչպես բոլոր ժողովրդավարություններում`սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը եւ սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում։ Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին։ Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհվում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին կառուցենք ավելի լավ ապագա։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»:
13:08 - 12 դեկտեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանն ընդունել է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներին

Արտակ Բեգլարյանն ընդունել է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը, որոնք Արցախ էին այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գորձունյանի ուղեկցությամբ:   Պաշտպանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի ժողովրդին ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի բարեկամությունը հիմնված է համամարդկային արժեքների վրա, որոնցից ամենակարևորը մարդու իրավունքների ու ազատությունների հարգումն ու պաշտպանությունն է:   Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և ընդգծել, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունն այդ հանցագործությունների պատշաճ արձանագրման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Պաշտպանը շեշտադրել է, որ միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում կանխարգելել նորանոր հանցագործությունները, ներառյալ՝ արդեն տեղի ունեցած հանցագործությունների հանդեպ անհանդուրժողական վարքի միջոցով:   Ֆրանսիացի խորհրդարանականները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել բոլոր ջանքերը Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև հետամուտ լինելու ադրբեջանա-թուրքական հանցագործությունների դատապարտման և պատժման հարցում:   Պաշտպանի ուղեկցությամբ հյուրերը այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում տուժած մի շարք բնակելի շինություններ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ և ծանոթացել հասցված նյութական վնասին:
19:02 - 08 դեկտեմբերի, 2020
Համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով. ՀԲԸՄ-ն միասնության կոչ է արել

Համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով. ՀԲԸՄ-ն միասնության կոչ է արել

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կոչ է անում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին կրկին մարտահրավերներ են սպասվում։ Հայտարարության մեջ նշվում է, որ պետք է համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով: «Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը: Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք։ Մեր գոյության հազարամյակների ընթացքում սովորել ենք գոյատևել ու մեր հոգեկան հզորությամբ դիմակայել ամեն տեսակի խոչընդոտներին և մեզ ընկճել ցանկացող ուժերին: Քաղաքակրթության մեջ մեր թողած ժառանգությունը նշանավորվում է բազմաթիվ ու հարատև ձեռքբերումներով։ Այսպիսի պահերին, երբ մեզ կոտրված ենք զգում, պետք է հետ նայենք մեր պատմությանը և քաջալերվենք մեր գոյության, տոկունության և կենսունակության ամենապայծառ օրինակներով։ Քառասունչորս օր շարունակ, հայությունը մոլորակի բոլոր անկյուններում միաձուլեց իր ներուժն ու կամքը և լսելի դարձրեց իր ձայնը։ Անծանոթները միասնական պայքարի զորակիցներ և գործակիցներ դարձան։ Մեր հայրենիքի դեմ թշնամու նենգ հարձակումը համախմբեց մեզ` ձերբազատելով մեր համայնքները պառակտող տարաձայնություններից: Այս իրողությունն է, որ պիտի մղի մեզ կերտելու մեր պատմության նոր էջը: Այս նոր հանգրվանին մենք պիտի շարունակենք գործել միասնաբար` հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Մեզնից յուրաքանչյուրն իր նպաստը պիտի բերի մեր և մեր ժողովրդի վերքերի բուժմանն ու մեր երկրի վերակառուցմանը։  Մենք պետք է խաղաղությամբ տոգորենք մեր սրտերն ու համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով։ Սա  է մեր պարտքը այն բոլոր հերոսների հանդեպ, որոնք իրենց կյանքերը զոհաբերեցին, կամ որոնք վիրավոր և դեռեւս ապաքինվում են  և կամ նրանց, ում սրտերը դեռեւս կսկիծում են։ Հայաստանն այսօր ունի բոլորիս կարիքը։ Արցախն է կանչում մեզ։ Ավելի քան երբևէ մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը։ Կոչ ենք անում մեր ազգի բոլոր նվիրյալներին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին մեզ կրկին մարտահրավերներ են սպասվում»,-ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ ՀԲԸՄ-ն պատրաստ է ծառայել, պատրաստ է գործակցել և վերակառուցել, աջակցել պետականության հիմքերի ամրապնդմանը, ժողովրդին, հաստատություններին, կառավարությանն ու եկեղեցուն և առաջնորդել, ըստ անհրաժեշտության, ապագային միտված մեր միասնական ճանապարհին:
12:58 - 11 նոյեմբերի, 2020
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը

Մեկնարկել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի առաջին փուլի առցանց դասընթացները: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներն անցկացվելու են «Հայկական վիրտուալ քոլեջ» (AVC) հարթակում: Այս ընթացքում մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր են անցկացնելու՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն:  «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի առաջին փուլին մասնակցելու համար ստացվել էր ծրագրի չափորոշիչներին բավարարող 36 հայտ: Ընտրող հանձնաժողովի կազմը ձևավորել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի մասնագիտական թիմը և ներգրավել է Սիլիկոնյան հովտում մեծ ճանաչում ունեցող միջազգային 5 մասնագետների: Դիմորդների հայտերի գնահատումն իրականացվել է 1-5 բալանոց համակարգով՝ ըստ 5 հիմնական չափորոշիչների:  Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15 հաջողակներ ընկերություններ՝ Expper, Embry Tech, CoinStats, RetentionForce, Hub Tech, Uraaa, payva, GebeCert, EasyDMARC, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot-ը:  Առաջին շաբաթների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը և բիզնես մոդելները, ստարտափների ստեղծման և զարգացման ճանապարհը, թե ինչպես և ինչից սկսել Սիլիկոնյան հովտում գործունեությունը: Ընկերությունները ձեռք են բերելու նաև բիզնես պլանի կազմման հմտություններ՝ շուկայում արդյունավետ գործունեության, ճիշտ ռազմավարության ձևավորման, ֆինանսների կառավարման, թիմերի և հետազոտական աշխատանքների օպտիմալացման, շուկայում դիրքավորման, մրցակցությանը դիմակայելու, հաճախորդների հետ հարաբերությունների ձևավորման, պահպանման և այլ ուղղություններով:  Առանձին դասընթացների շարք նվիրված է ԱՄՆ֊ում բիզնեսի գրանցման և ֆինանսավորման, կորպորատիվ իրավական դաշտի և միջազգային հարկման համակարգերի  առանձնահատկություններին, միջազգային շուկաներ մուտք գործելու և բիզնեսի ընդլայնման հնարավորություններին: Մասնակիցները սովորելու են՝ ինչպես ստեղծել արժեքավոր առաջարկ և ինչպես այն արդյունավետ ներկայացնել պոտենցիալ ներդրողներին, ինչպես ստեղծել խոստումնալից բրենդ և ինչպես խուսափել տարածված սխալներից:  «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի փուլում դասախոսելու և որպես մենթորներ հանդես են գալու խորհրդատու Բրետ Ուոթերսը, դասընթացավար Ջերի Քաֆեսինը, արտադրանքի և առաջնորդության խորհրդատու Սեմ Մաքաֆին, պրոֆեսոր Սալ Լուչիդոն, վենչուրային կապիտալիստ Հենրի Ուոնգը, աքսելերացիայի ֆակուլտետի դեկան Լին Նիքոլսը, վաճառքների տնօրեն Դեյվիդ Ուոլինգը,  խորհրդատու Էդվին Օհը,  Agile խորհրդատու Լաուրա Փովերսը, բիզնես քոուչ Միշել Մեսսինան,  մենթոր Յենս Վայցելը, ներդրող Կոլյա Ռեյսը, տեխնոլոգիական հարցերով փաստաբան Ջեյսոն Փաթնեմ Գորդոնը, միջազգային օրենսդրության փորձագետ  Ցզե Ժուն, գործարար Ջեֆ Ֆաուստը, ձեռներեց Նիլ Շրոֆֆը: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մասին առավել մանրամասներ ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում:
12:15 - 08 սեպտեմբերի, 2020
Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել է առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա է: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի հիմնադիր նախագահ Երուանդ Զօրեանը, Արցախի Հանրապետության նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը: Խորհրդաժողովի բացման նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Իր ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Համահայկական կրթական աշխատաժողովն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով, և անգամ այս պայմաններում այն համախմբեց բոլորիս՝ քննարկելու համընդհանուր խնդիրները և ներկայացնելու նոր գաղափարներ: Ներկայում մշակվում է ՀՀ կրթության առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը և գործողությունների քարտեզը մինչև 2025 թվականը: Առաջին անգամ Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և սփյուռքի նկատմամբ մեր երկրի պարտավորություններից բխող գործողությունները ներկայացվում են այս ռազմավարական փաստաթղթում: Նախագծում, մասնավորապես, տեղ են գտել համահայկական վիրտուալ ցանցային կենտրոնի ստեղծման, սփյուռքահայ ուսուցիչների առկա և հեռավար վերապատրաստումների կազմակերպման, նրանց դերի բարձրացմանն ուղղված խրախուսման մեխանիզմների ստեղծման, հայերենի իմացության մակարդակների բնութագրիչների հաստատման հանձնառությունները: Առաձնահատուկ ուշադրություն է դարձվում հայկական կրթական ծառայությունների միջազգայնացմանը և վարկանիշի բարձրացմանը»: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետևողական աշխատանքի արդյունքում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում կազմակերպվում է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների իրականացում: Ներկայումս ծրագիրն իրականացվում է 8 պետության 10 կենտրոնում: «Հետամուտ ենք լինելու նաև օտարերկրյա պետություններում հայկական բաղադրիչով միջազգային հանրակրթական դպրոցների ցանցի ձևավորմանը, մուլտիմեդիա ձևաչափով հայրենագիտական ճանաչողական և տեղեկատվական նյութերի արտադրությանը և տարածմանը: Վերջին տարիներին նկատվում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների թվաքանակի աճ: Սյս տարի նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը կդյուրացնի սփյուռքահայ դիմորդների ընդունելության գործընթացը ՀՀ ուսումնական հաստատություններ»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին նախատեսվում է ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղված հստակ գործողություններ: Նման համակարգի ստեղծմամբ կքարտեզագրվեն նաև սփյուռքի հնարավորությունները: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կրթությունը հայապահպանման առաջին գիծն է, և այդ առումով անգնահատելի է այն աշխատանքը, որ իրականացնում են սփյուռքի կրթօջախները: Այդ համատեքստում նա կարևորել է ԿԳՄՍ նախարարության և սփյուռքի կրթօջախների միջև սերտ ու շարունակական համագործակցությունը: Աշխատաժողովների հիմնական նպատակն է՝ քննարկել հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված հեռավար ուսուցման ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի կրթօջախների կարողությունների զարգացման հեռանկարները: Աշխատաժողովին գրանցվել են 1000-ից ավելի մասնակիցներ՝ կրթագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասագրքերի հեղինակներ, հայագետներ, սփյուռքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, Հայաստանի և Արցախի ուսուցիչներ, հեռավար ուսուցման կազմակերպման մասնագետներ:Եռօրյա աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ թեմատիկ ուղղություններով․ 1. Հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.2. Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները և զարգացման հեռանկարները.3. Սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացմանն ուղղված փոխհամագործակցության ծրագրեր՝ կառուցակարգեր և բովանդակություն:
19:48 - 23 օգոստոսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը և լիբանանահայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են պայթյունի հետևանքներին, մասնավորապես՝ լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին ու վնասներին։ Զրուցակիցները քննարկել են լիբանանահայ համայնքին անհրաժեշտ հրատապ օգնության հարցը, միաժամանակ, նշելով, որ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և ճգնաժամային բնույթը, օժանդակությունը պետք է շարունակական լինի։ Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ նախագահ կարևորել են համակարգված օգնության ծրագրերի իրականացումն ինչպես պետության, այնպես էլ ազգային և եկեղեցական կառույցների կողմից:
12:31 - 07 օգոստոսի, 2020