armenpress.am: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն իր հարկի տակ է ընդունել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրված Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը:
«Ընդառաջելով Հովնան Սրբազանի (Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք․ Տերտերյան-խմբ.) խնդրանքին՝ ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն իր դռները լայն բացեց, որպեսզի շուրջ 200 աշակերտ ապահով շարունակի ուսումը»,- նշեց նա:
Հարցին ի պատասխան՝ մշակութային գործունեությամբ զբաղվող կենտրոնը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր ուսումնական հաստատություն կդառնա Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաների համար, հոգևորականը նկատեց.
«Անշուշտ, կենտրոնն ունի իր ծրագրերն ու միջոցառումները, բայց բոլորս գիտակցում ենք, որ սերունդների դաստիարակությունն առաջնային է: Որքան անհրաժեշտ լինի՝ չպետք է զրկենք մեր զավակներին կրթությունից»:
Հրդեհների հետևանքով զոհերի թիվն այս պահին 25-ն է: Հոգևորականը հաստատեց՝ զոհերի մեջ հայեր չկան, համայնքը մարդկային կորուստներ չունի, բայց կարողություն, տներ կորցրել են։
«Այն ընտանիքները, որոնք կորցրել են իրենց տները, հիմնականում տեղափոխվել են ապահով հյուրանոցներ, ինչպես նաև՝ հասարակական կենտրոններ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հրդեհի բռնկման պատճառի մասին հնարավոր շրջանառվող պաշտոնական վարկածներին՝ հոգևորականը նկատեց՝ պաշտոնական և վերջնական որևիցե հայտարարություն դեռ չի արվում, այս պահին բոլորի ուշադրության կենտրոնում հանրության ապահովությունն է:
«Այս պահին էլ հրշեջ ջոկատներն ակտիվորեն աշխատում են վառվող տարածքներում: Հիմա բոլորին առաջնահերթ հետաքրքրում է մարդկանց անվտանգությունն ու առողջությունը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցը եզրափակեց Տեր Խաժակ քահանա Շահբազյանը:
Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի, ավերվել են հազարավոր տներ և շենքեր, իսկ հրդեհների հասցրած վնասն, ըստ AccuWeather-ի գնահատումների՝ գերազանցել է 250 միլիարդ դոլարը։
comment.count (0)