Ռուսական զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի Դաշնության հերոս, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար։
Ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին՝ Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, ազգությամբ թաբասարան է։ 1966 թվականին Հարավային Դաղստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայրը ծնողների հետ տեղափոխվել է Չինար գյուղ, որտեղ էլ ամուսնացել է Ումիժատի հետ։ Ընտանիքում եղել են երեք որդի։ Ռուստամը սովորել է Չինար գյուղի միջնակարգ դպրոցում։
Եղել է Կազանի սուվորովյան ռազմական ուսումնարանի շրջանավարտ, զինվորական ծառայության մեջ է 1990 թվականից։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը և ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան։
Եղել է հետախուզական վաշտի հրամանատար (1996), 242-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հրամանատար (2008-2009), 17-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009), Արևելյան ռազմական օկրուգի 36-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009-2012)։
2012 թվականին Ռուստամ Մուրադովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2012-2013 թվականներին եղել է Լիսիչանսկի շրջանի ուսումնական կենտրոնի ղեկավար։
2013-2015 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր։
2015-2017 թվականներին զբաղեցրել է 41-րդ բանակային շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2016 թվականին եղել է Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչը։
2017 թվականին Սիրիայում եղել է ռազմական խորհրդական, Դեր Զորում ղեկավարել է ռուսական զորքերը։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին Սիրիայում կատարած ռազմական գործողությունների համար Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման։
2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերը զբաղեցրել է Կենտրոնական ռազմական օկրուգի 2-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնը, որից հետո նշանակվել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։
Ռուսաստանի նախագահի 2020 թվականի փետրվարի 20-ի Մուրադովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
2020 թվականի նոյեմբերին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի։