ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Էլարդ»-ի փորձագետներին առաջիկայում կկանչենք հարցաքննության. Գրիգորյան |shantnews.am|

«Էլարդ»-ի փորձագետներին առաջիկայում կկանչենք հարցաքննության. Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am: Ձեռք են բերվել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն կատարել նոր ուղղությամբ: ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այսպես արտահայտվեց ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը՝ խոսելով Ամուլսարի հանքավայրի փորձաքննության մասին: «Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները: Կարծում եմ, որ «Էլարդ»-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա պարզաբանումների համար: Առաջիկայում կկանչենք հարցաքննության եզրակացության շուրջ»,- ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ փորձաքննություն նշանակելուց հետո պահանջել են բոլոր հնարավոր փաստաթղթերը, որոնք կարող են նշանակություն ունենալ փորձաքննության համար: Դրանք տրամադրվել են Բնապահպանության նախարարության կողմից: «Երբ վարչապետը նախարարությանը հանձնարարեց էլ ավելի խորը ուսումնասիրել, թե արդյոք պետք է նոր ՇՄԱԳ, ի հայտ եկան մի շարք փաստաթղթեր, որոնք փորձագետներին չէր տրամադրվել, որոնց առկայության մասին տեղյակ չենք եղել: Դա պայմանավորում է քննության նոր զարգացում: Բայց թաքցնելու խնդիր այստեղ չկա»,- ասաց Գրիգորյանը:  
11:57 - 30 հոկտեմբերի, 2019
Տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ

Տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
07:13 - 29 հոկտեմբերի, 2019
Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար

Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան համայնքի ղեկավարի կողմից շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, օրենքով սահմանված կարգով, դրա հետևանքների վերացումը ապահովելու լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ. 2017 թվականին Ապարան քաղաքի բնակչին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ կառուցել շինություն: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:23 - 28 հոկտեմբերի, 2019
Հոգեբուժարանից փախուստի դիմած՝ սպանության մեջ մեղադրվող պատանու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել, բայց մեղսունակ է. ՔԿ |pastinfo.am|

Հոգեբուժարանից փախուստի դիմած՝ սպանության մեջ մեղադրվող պատանու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել, բայց մեղսունակ է. ՔԿ |pastinfo.am|

pastinfo.am։ Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է: Այս մասին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել և երիտասարդը մեղսունակ է: Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը՝ 2003թ. -ին ծնված երիտասարդը, նախկինում գտնվել է հոգեբուժական հիմնարկում, որտեղից դիմել էր փախուստի: Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ,38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է»,- հայտնել է ոստիկանությունը՝ նշելով, որ ատրճանակով երկու անձանցից մեկը հարվածել է նաև մյուս ոստիկանին։
08:09 - 28 հոկտեմբերի, 2019
Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար

Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2019թ. փետրվարի 25-ից հանդիսանալով համայնքի ղեկավար և պաշտոնատար անձ, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև՝ համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու լիազորություն, 2018թ. դեկտեմբերի վերջերին տեղեկացել է Վարդենիս քաղաքի «Գառնիկ Կարապետյանի» անվան զբոսայգու տարածքում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ կառուցած սրճարանի խոհանոցի և սրճարան կառուցելու մասին, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել նշված զբոսայգու տարածքում առանց թույլտվության կառուցված նշված կառույցի հետևանքները վերացնելու, ինչպես նաև՝ ինքնակամ շինության կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
13:33 - 25 հոկտեմբերի, 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով։ Արսեն Բաբայանը մեղադրվում է նրանում, որ 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ: 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր (ՀՀ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնելու էր 2018թ. ապրիլի 9-ին), մի խումբ պաշտոնատար անձինք 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու` ուժի մեջ մտնող սահմանադրական կարգավորումներից խուսափելու և այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ սահմանադրական հիշյալ սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել: Արսեն Բաբայանը, մի խումբ անձանց կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության համաձայն՝ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումների խախտմամբ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու դիտավորությամբ, Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված լինելու պայմաններում, ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով նշված դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ գրառելով, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման ամսաթիվը 2018 թվականի մարտի 2-ը նշելով, խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը: Այդ կերպ, Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
05:54 - 23 հոկտեմբերի, 2019
Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց

Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը՝ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ, և 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը՝ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից և գողոնը թաքցրել կամուրջներից մեկի տակ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
06:59 - 19 հոկտեմբերի, 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ

Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից: Հիշեցնենք, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: ՀՀ քննչական կոմիտե Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
11:24 - 16 հոկտեմբերի, 2019
Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
06:03 - 15 հոկտեմբերի, 2019
Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ թվով 75 հատ ծառ ապօրինի հատելու համար. նախաքննությունն ավարտվել

Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ թվով 75 հատ ծառ ապօրինի հատելու համար. նախաքննությունն ավարտվել

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը, 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ՀՀ անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված դրույթները, այն է՝ անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառհատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն պատկանող բենզասղոցի գործադրմամբ, միայնակ նշված պահաբաժնում ապօրինի հատել է ընդհանուր թվով 75 հատ 10 սմ-ից մինչև 56 սմ հատման տրամագծով բոխի, բալենի, լորենի և ուռենի տեսակի ծառեր: Քննության տվյալներով՝ առաջացած 21,09 խտացված խմ ծավալով փայտանյութի մի մասը նա օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մնացածը՝ վաճառել՝ այդկերպ պատճառելով ընդհանուր 2.053.500 ՀՀ դրամի վնաս: Մինչդատական վարությում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
10:43 - 09 հոկտեմբերի, 2019
«Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

«Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 5-ին համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ: Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Վերը նշված 4 երիտասարդները քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
08:57 - 08 հոկտեմբերի, 2019
Կրակոցներ՝ Վանաձորում. կա 3 զոհ, 5 վիրավոր. մեկ անձ ձերբակալվել է

Կրակոցներ՝ Վանաձորում. կա 3 զոհ, 5 վիրավոր. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել է երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ տրամաչափի 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ տրամաչափի գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված: Առգրավվել են մահացածների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քրեական գործի շրջանակներում, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
06:58 - 05 հոկտեմբերի, 2019