ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում

Երթեւեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի հունվարի 16-ից Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոցի և Հանրապետության հրապարակի հատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
05:15 - 16 հունվարի, 2020
Դեկտեմբերի 31-ին ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

Դեկտեմբերի 31-ին ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ միջոցառման վայր դյուրավառ նյութեր, հրագործական արտադրատեսակներ, ճայթուկներ և նմանատիպ այլ իրեր բերելուց։Դարձյալ անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ միջոցառումը դրոններով տեսանկարահանելուց։Ակնկալում ենք բոլորի ըմբռնումն ու համագործակցությունը և կրկին կոչ ենք անում միասնաբար ապահովել հանրային անվտանգությունը, որպեսզի օրվա տոնականությունը չմթագնի։
08:17 - 30 դեկտեմբերի, 2019
Ոստիկանները բացահայտել են պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները բացահայտել են պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը ընդամենը մեկ օրում կատարել է գույքի գնահատում՝ հիշյալ շենքը 2018 թվականի հունվարի 30-ին գնահատելով իրականից անհամեմատ ցածր՝ 259․304․000 դրամ։ Այնուհետև, մարտի 15-ին կառավարության որոշման հիման վրա կնքված պետական գույքի օտարման պայմանագրով շենքը 216․086․667 դրամով վաճառվել է մի ընկերության, որը շենքը գնելուց ընդամենը 2 օր անց այն բանկում գրավադրել է՝ 539․000․000 դրամով։ Այս կերպ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին։
13:05 - 26 դեկտեմբերի, 2019
«Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

«Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13-ի սահմաններում, որպես լրագրող, գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետև իրեն և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել են իրենց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
07:56 - 25 դեկտեմբերի, 2019
Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները |lragir.am|

Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները |lragir.am|

lragir.am: Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կորնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ կեղծ արձանագրության հիման վրա 2016 թվականին Կորնիձոր համայնքի արոտօգտագործողների միավորման նախագահ է նշանակվել հենց համայնքի ղեկավարը, որն իրեն ամրագրել է որպես միավորման միակ վարձու աշխատող։ Այնուհետև համայնքի կարիքների համար ձեռք բերված 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկան օգտագործել է անձնական կարիքների համար։ Մասնավորապես, 2017-ից 2018 թվականների ընթացքում իրեն և այլ անձանց պատկանող վարելահողերում համայնքին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով կատարվել են մի շարք աշխատանքներ։ Բացի այդ, հիշյալ ժամանակահատվածում Կորնիձոր համայնքի ղեկավարը Տեղ համայնքի հետ կնքել է աղբահանություն իրականացնելու պայմանագիր և կատարված աշխատանքների դիմաց ստացած 4 միլիոն 960 հազար դրամից ավելի գումարը յուրացրել է։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին՝ հետագա քննության։  
13:17 - 11 դեկտեմբերի, 2019
Աշտարակի ոստիկանները բացահայտել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշտարակի ոստիկանները բացահայտել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը ապամոնտաժել է 30սմ տրամագծով մոտ 2000 մետր երկարությամբ խողովակաշարը, որը անցել է սեփականության իրավունքով մի տղամարդու պատկանող հողամասի մոտով և հասել մինչև Արզնի-Շամիրամ ջրանցք։ Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ իրականացվել է դեպքի վայրի զննություն, մի շարք անձանցից բացատրություններ են վերցվել ու հարցումներ կատարվել։ Պարզվել է, որ խողովակները հանդիսացել են համայնքի սեփականություն։ Ձեռք բերված փաստերի համադրմամբ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հետագա քննության։
11:17 - 11 դեկտեմբերի, 2019
Պետությանը պատճառվել է շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնաս․ ոստիկանությունը բացահայտել է նախկին պաշտոնյաների ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետությանը պատճառվել է շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնաս․ ոստիկանությունը բացահայտել է նախկին պաշտոնյաների ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ գործընթացի շրջանակներում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2010 թվականին հիշյալ ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։ Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։ Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են 783․789․000 դրամ, իսկ գույքը ոչ թե 70 և ավելի, այլ առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել և այն պետք է գնահատվեր շուրջ 995․000․000 դրամ։ Այնուհետև, ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲ ընկերության անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է Բրիտանական Վերջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲ ընկերությանը, որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։  
12:58 - 05 դեկտեմբերի, 2019
Բացահայտվել են ոստիկանության ծառայողների ապօրինություններ․ ինքնամաքրման գործընթացը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացահայտվել են ոստիկանության ծառայողների ապօրինություններ․ ինքնամաքրման գործընթացը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման ու շարքերը օրինախախտ տարրերից ազատելու աշխատանքները։Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՊՊԳ վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ջոկի հրամանատարը, առանց ղեկավարությանը զեկուցելու, 2018 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։ Այնտեղ կատարել է ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն՝ կաշառք տալը, ինչի համար նույն թվականի հուլիսին Մոսկվայի Չերտանովսկիի շրջանի դատարանի վճռով դատապարտվել է 10 ամիս ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ՊՊԳՎ ջոկի հրամանատար ոստիկանության ենթասպան վերադարձել է Հայաստան և շարունակել ծառայությունը։ Պարզվել է նաև, որ ծառայողի անմիջական ղեկավար վաշտի հրամանատարը և ոստիկանության ՊՊԳՎ անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի պետը, ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, տևական ժամանակ չեն ստուգել ջոկի հրամանատարի ծառայությունը և չեն պարզել ու ոստիկանության ՊՊԳՎ ղեկավարությանը չեն զեկուցել նրա ծառայության չներկայանալու մասին։ Արդյունքում` ոստիկանության ՊՊԳՎ ջոկի հրամանատարը շուրջ 10 ամիս բացակայել է ծառայությունից, ստացել 1․290․000 դրամ աշխատավարձ, ինչով պետությանը պատճառվել է խոշոր չափով վնաս։ Ավելին՝ ջոկի հրամանատարի աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթերում մտցվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքին, ռազմամթերք ստանալու ու հրաձգության վարժություններին նրա մասնակցության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ ոստիկանության պետի հրամանով ՊՊԳՎ ջոկի հրամանատարը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։Դեպքերի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
11:36 - 04 դեկտեմբերի, 2019
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք Գորհայք համայնքում․ Սիսիանի ոստիկանների բացահայտումը

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք Գորհայք համայնքում․ Սիսիանի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյելների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձականալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։ Պարզվել է, որ հիշյալ հողամասերի վերաբերյալ կազմված մրցութային հանձնաժողովի արձանագրություններում բացակայում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները։ Պարզվել է նաև, որ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին Գորհայք համայնքի ավագանու նիստ չի հրավիրվել և համապատասխան որոշում չի կայացվել։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության Սիսիանի բաժնում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
05:01 - 29 նոյեմբերի, 2019
Համացանցում տարածված տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են

Համացանցում տարածված տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են

«NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող: «Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ: Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում բուռն քննարկման առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել էր, թե իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:
12:16 - 23 նոյեմբերի, 2019
Պետությանը, նախնական գնահատմամբ, պատճառվել է ավելի քան 700 մլն ՀՀ դրամ. ՊՎԾ-ն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող  երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները

Պետությանը, նախնական գնահատմամբ, պատճառվել է ավելի քան 700 մլն ՀՀ դրամ. ՊՎԾ-ն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ, բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ, գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ: ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ, գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել: Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։ Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ, կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական գործընթացների իրականացման վերաբերյալ: Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքեր մի մասը ներկայացված են ստորև՝ Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վահան» հիմնադրամին դրամաշնորհների տեսքով փոխանցված գումարներից 368,437,408 դրամը օգտագործվել է հիմնադրամի կանոնադրական նպատակներին ոչ համապատասխան։ ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման գործընթացների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 08.10.2010թ-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «X» ընկերության միջև ՀՀ ոստիկանության կարիքների համար տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նպատակով կնքվել է գնման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը մրցակցային երկխոսություն գնման ձևով չի հիմնավորվում և այն կրել է ձևական բնույթ, մինչդեռ 19.12.2014թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում գնման առարկաների միավորի գները էապես աճել են։ Ընդ որում, գները բարձրացվել են դեռևս գնման հայտով, որի վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված փաստաթղթերի փաթեթներում առկա չէ: Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտով ներկայացված 3 գնման առարկաների մասով չհիմնավորված բարձր միավոր գների հիման վրա «X» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ նախկինում առկա պայմանագրի գնման առարկաների միավոր գներից բարձր գներով, որը հանգեցրել է 462,729 ֆրանկ ավել ծախս կատարելուն: ՀՀ ոստիկանության կողմից «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող սուբսիդիաների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ ՀՀ ոստիկանության և «X» ՍՊԸ-ի միջև հաստատված պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չեն կատարվել, որի արդյունքում առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից 1,183,554,400 դրամի վերականգման պահանջ։ Պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկում նշված խնդրի կարգավորման ուղղությամբ։ Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գործընթացներում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ զուգորդված առերևույթ կեղծ փաստաթղթերի կազմմամբ և օգտագործմամբ մեկ գերթանկարժեք տրանսպորտային միջոցի ձեռք բերում երկու միավոր տրանսպորտային միջոցի փոխարեն։ Տրանսպորտային միջոցների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգեր՝ պահանջվող ապրանքների խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ: Արդյունքում՝ ներկայացվող գնման հայտերում ներկայացվել են կոնկրետ ապրանքանիշի և կոնկրետ մոդելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով այլ արտադրողների մասնակցությունը։ Մի շարք դեպքերում մատակարարվել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցներ։ Մի շարք դեպքերով ՀՀ ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների արժեքները գերազանցել են տվյալ պահին կազմակերպությունների կողմից այլ տնտեսվարողներին նույնատիպ ավտոմեքենաների մատակարարման գները: ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։ Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։ Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների կողմից: ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։ Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։ Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհնրի տրամադրումը։Ամփոփված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշների առկայության հարցը քննարկելու նպատակով:
07:29 - 15 նոյեմբերի, 2019
Հափշտակվել է շուրջ 37 մլն դրամ. ոստիկանության բացահայտումը

Հափշտակվել է շուրջ 37 մլն դրամ. ոստիկանության բացահայտումը

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և Եվրովերելակ ՍՊ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն աշխատանքներն իրականացվել են թերի, իսկ գումարները յուրացվել են: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պայմանագրով նախատեսված ընդհանուր՝ 77.774.000 դրամից Եվրովերելակ ՍՊ-ի տնօրենը առանձնապես խոշոր չափերի հափշտակությունկատարելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով պայմանագրի կնքմանը մասնավոր կարգով աջակցած մի քաղաքացու հետ, փաստացի չեն կատարել պայմանագրով նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքը և յուրացման եղանակով հափշտակել են շուրջ 37.000.000 դրամ: Իսկ Կապանի քաղաքային համայնքի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինչպես նաև իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օրինական մրցույթ հայտարարելու ստորագրել են եռակողմ պայմանագիր, ինչից հետո էլ ընդունել են փաստացի ամբողջ ծավալով չկատարված աշխատանքները: Դա էլ Կապանի քաղաքային համայնքի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի համար առաջացրել է ծանր հետևանքներ: Հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:
13:18 - 08 նոյեմբերի, 2019
Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում՝ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորած ծրագրում

Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում՝ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորած ծրագրում

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն։ Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2005 թվականին «Լինս» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից իրականացված «Երևան քաղաքի Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու» շինարարական աշխատանքների նախագծում ներառվել է նաև ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման ընդհանուր՝ 10․702․431 դրամ արժեքով աշխատանքները։ Դրա վերաբերյալ «Ճանապարհաշինության ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված «Մոստովիկ» ՍՊ ընկերության տնօրինությունը, օգտվելով վերոնշյալ ԾԻԳ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման աշխատանքների փոխարեն ապամոնտաժել և խցանել են կոյուղագիծը։ «Ճանապարհաշինության ԾԻԳ»-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից էլ 2008 թվականի սեպտեմբեր ամսվա համար կազմված սերտիֆիկատով նախատեսված կատարվելիք աշխատանքների ցանկից անհիմն հանվել են հիշյալ աշխատանքները, ինչի հետևանքով ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարի օգտագործման հնարավորությունից։ Էական վնաս առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։Կատարվում է նախաքննություն։  
12:20 - 08 նոյեմբերի, 2019
Ոստիկանները բացահայտել են Բյուրական համայնքի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են Բյուրական համայնքի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի դիմաց 150 դրամ տեղական վճար։ Սակայն համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և Բյուրական համայնքի, ինչպես և համայնքի տարածքից դուրս գործող կազմակերպությունների հետ ջրի սպառման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2014-ից 2019 թվականների ընթացքում այդ կազմակերպությունները սպառել են ընդհանուր 24 հազար խորանարդ մետրից ավելի ջուր, որի դիմաց Բյուրական համայնքի բյուջե չի փոխանվել 3 միլին 600 հազար դրամից ավելի գումար, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս։Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
09:38 - 08 նոյեմբերի, 2019