ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները:
Ուսումնասիրությունն իրականացվել է՝
ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,
բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ,
գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ, գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել:
Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։
Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ, կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական գործընթացների իրականացման վերաբերյալ:
Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։
ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքեր մի մասը ներկայացված են ստորև՝
Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գործընթացներում՝
ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։
Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։
Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։
Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:
ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։
Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։
Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհնրի տրամադրումը։
Ամփոփված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշների առկայության հարցը քննարկելու նպատակով:
comment.count (0)