ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարությունը

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2020թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով: Աջակցությունը կտրամադրվի ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության՝ հետևյալ առաջնահերթությամբ. ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր, բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր գ) Երևան քաղաք: Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը. 1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք: Ելնելով սահմանված առաջնահերթություններից` Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին առաջարկվում է թարմացնել բնակարանային գործերում առկա փաստաթղթերը: Փաստաթղթերի թարմացման նպատակով անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն (հասցե` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41)` Լոռու մարզից` մայիսի 20-ից հունիսի 5-ը ներառյալ, Արմավիրի մարզից` հունիսի 8-ից հունիսի 19-ը ներառյալ, Արագածոտնի մարզից` հունիսի 22-ից հուլիսի 3-ը ներառյալ ժամանակահատվածում և հետևյալ փաստաթղթերով. զորացրման հրամանի լուսապատճենը, շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ), ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին), անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ, շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները  (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից, տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ, տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ, աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին: Առկա իրավիճակից ելնելով, խնդրում ենք կրել դիմակ և ձեռնոց:
16:46 - 19 մայիսի, 2020
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կուտակել է 24 մլրդ դրամ, որպես հատուցում տրամադրել 1,9 մլրդ |civilnet.am|

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կուտակել է 24 մլրդ դրամ, որպես հատուցում տրամադրել 1,9 մլրդ |civilnet.am|

civilnet.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի ընդհանուր ակտիվների ծավալը կազմում է 24 մլրդ դրամ, 2019թ. շուրջ 822 մլն դրամ է հատկացրել որպես հատուցում․ այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: Հաշվետու տարում, մասնավորապես, կատարվել է 166 դեպքի հատուցում, որոնցից 35-ը տեղի ունեցել 2015-2017թթ.:  «…2017թ.-ից հետո տեղի ունեցած 17 դեպքի հատուցում (10-ը՝ զոհված, 7-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին), 2015-2016թթ. տեղի ունեցած 18 դեպքի հատուցում (որոնցից 14-ը՝ զոհված, իսկ 4-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին)», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 2008-2014թթ. դեպքերի մասով կատարվել է 131 հատուցում, որոնցից 109-ը՝ զոհված, 22-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին: 2019-ի ընթացքում ամսական կտրվածքով վճարումներ կատարողների թվաքանակն ավելացել է շուրջ 55 հազարով: 2019թ. նվիրաբերությունների ծավալն աճել է շուրջ 21 մլն դրամով՝ կազմելով 115 մլն դրամ: «Հիմնադրամի աուդիտն իրականացնում է աշխարհում լավագույն 4 աուդիտորական ընկերություններից մեկը համարվող «Էրնսթ ընդ Յանգը»», - ասված է հաղորդագրության մեջ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում  ստացած զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության,  կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:  Հիմնադամի ընդհանուր ակտիվների ծավալը կազմում է 24 մլրդ դրամ, որից մինչ օրս կատարվել է 1,9 մլրդ դրամի հատուցում:
16:14 - 19 մայիսի, 2020
Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը

Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը

Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. տարեկան ամփոփիչ նիստը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդի նոր անդամներին՝ ՀՀ կառավարության կողմից նշանակված, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին, ԵԿՄ կողմից նշանակված, ԵԿՄ վարչության անդամ Բարսեղ Բարսեղյանին, ինչպես նաև «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ Արա Չալաբյանին: Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թ.-ի ցուցանիշների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում հատուցումների ծավալը կազմել է 822 մլն. դրամ։ Մասնավորապես՝ կատարվել է 166 դեպքի հատուցում, որոնցից՝ 2017թ.-ից հետո տեղի ունեցած 17 դեպքի հատուցում (10-ը՝ զոհված, 7-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին), 2015-2016թթ. տեղի ունեցած 18 դեպքի հատուցում (որոնցից 14-ը՝ զոհված, իսկ 4-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին): 2008-2014թթ. դեպքերի մասով կատարվել է 131 հատուցում (որոնցից 109-ը՝ զոհված, 22-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին): Նիստի ընթացքում արձանագրվել է, որ հաշվետու տարում, 2018 թվականի համեմատ, ավելի քան 1 միլիարդ դրամով ավելացել է հիմնադրամի կողմից հավաքագրվող գումարի ծավալը (շուրջ 8 մլրդ. դրամ), իսկ հիմնադրամի ընդհանուր ակտիվների ծավալն արդեն հատել է 24 մլրդ. դրամը։ Ի դեպ, նշված ցուցանիշն ավելի քան 2.5 միլիարդ դրամով ավելի է 2017-ին հավաքագրված գումարից։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019-ի ընթացքում, ամսական կտրվածքով, վճարումներ կատարողների թվաքանակն ավելացել է շուրջ 55.000-ով։ Հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով շուրջ 1.3 միլիարդ դրամ (2018-ին՝ շուրջ 790 մլն. դրամ, 2017 ին՝ 153 մլն. դրամ)։ Ընդ որում, հատկանշական է, որ փաստացի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, երկրորդ տարին շարունակ, ավելի է, քան հիմնադրամի կողմից կատարված հատուցումները(միայն ակտիվների կառավարումից ստացվել է 1.3 միլիարդ դրամ, այնինչ փոխհատուցումների գումարը կազմել է 822 մլն. դրամ) 2017-2018թթ. համեմատ 2019թ. նվիրաբերությունների ծավալն աճել է շուրջ 21 մլն. դրամով՝ կազմելով 115 մլն. դրամ: 2019 թվականին կատարվել է 2018-ին վճարված՝ շուրջ 94 մլն. դրամի դրոշմանիշային վճարների վերադարձ (սրանք այն գումարներն են, որոնք գոյանում են երկու կամ ավելի տեղ աշխատող քաղաքացիների կողմից հավելյալ վճարվող, ինչպես նաև ժամկետային զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վճարած 1000-ական դրամներից, որոնք, համապատասխան դիմումի դեպքում, հիմնադրամը վերադարձնում է)։ Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով, ինչի վկայություններից մեկն էլ այն է, որ հիմնադրամի աուդիտն իրականացնում է աշխարհում լավագույն 4 աուդիտորական ընկերություններից մեկը համարվող «Էրնսթ ընդ Յանգը» (Ernst&Young (EY Armenia) (https://www.ey.com/en_gl ) 3 տարի շարունակ դրական եզրակացություն):
19:47 - 18 մայիսի, 2020
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներում մարդկային կուտակումներ չկան

ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներում մարդկային կուտակումներ չկան

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումների դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պարզաբանելով, որ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, թե զորակոչային նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումներ են լինում և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով անվտանգության սահմանված կանոնները չեն պահպանվում: Ահազանգի հետքերով մայիսի 15-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ: Այցելությունների ընթացքում կուտակումների որևէ դեպք չի արձանագրվել: ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, իսկ կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները տարածքային ստորաբաժանումներ են հրավիրվում փոքր խմբերով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում կուտակումներ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:
15:58 - 16 մայիսի, 2020
Սահմանի երկայնքով տեղադրվել է 216 ժամանակակից տեսադիտարկման սարք. պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով |armtimes.com|

Սահմանի երկայնքով տեղադրվել է 216 ժամանակակից տեսադիտարկման սարք. պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով |armtimes.com|

armtimes.com: ՀՀ զինված ուժերում զգալի աշխատանք է իրականացվել: Առաջնագծում տեղադրվել են 23 մարտական նոր կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական դիրքեր և հենակետ, մշտական ջրով ապահովվել է 235-ը: Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ: Այս մասին ընթացող առցանց ասուլիսի ժամանակ թվարկվող փաստերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԶՈւ-ն համալրվել է 1343 նոր ավտոմոբիլային, և 33 միավոր ինժեներական տեխնիկայով: «Ինժեներական տեխնիկայի մասով աննախադեպ ծավալի գնումներ ենք իրականացրել: Նախկինում ԶՈւ-ում շխատանք կատարելու համար դիմում էին այս կամ այն ընկերություններին, տրակտոր եւ այլ տեխնիկա էին խնդրում ինժեներական աշխատանքների համար, հիմա արդեն ունեն: Իհարկե, սա ամբողջ ծավալը չի լրացնում, բայց կարևոր քայլ է»,-ասաց վարչապետը: Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրային զինծառայողներով փոխարինման գործընթացը: Այս ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով: «Այսինք փուլ-փուլ, շարունակաբար առաջնագծից 18 տարեկանները ետ են քաշվում, և ծառայության են անցնում պայմանագրայինները: Սա պրոցես է, որը պետք է անել շատ զգույշ ու մտածված»,- 88-րդ փաստն ավարտեց Նիկոլ Փաշինյանը:
13:30 - 16 մայիսի, 2020
Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան քրգործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան քրգործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, շորթում կատարելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:28 - 16 մայիսի, 2020
ՀՔԱՎ-ի հրապարակումից հետո ՊՆ-ի կողմից լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել

ՀՔԱՎ-ի հրապարակումից հետո ՊՆ-ի կողմից լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել

2020 թվականի ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ երկրում առկա իրավիճակի պատճառով և կառավարության որոշմամբ՝  պարտադիր զինվորական ծառայության զորակոչը կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։ Վերջինս նաև հայտնել էր, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ, իսկ զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։ 2020 թ․ ապրիլի 9-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյանկի» հարցմանն ի պատասխան  ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։ Արգելվել է  նաև հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը, բայց պայմանավորվածություն կա տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ՝ օրվա հնարավոր թողունակությանը համապատասխան՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։ՀՔԱՎ-ի հրապարակման մեջ նշվում էր, որ զորակոչիկների բուժզննման աշխատանքները կատարվում են հակահամաճարակային կոնոնների խախտմամբ՝ զորակոչիկներին բուժզննության են կանչում մեծ խմբերով, շատ փոքր տարածքում մի քանի տասնյակ զորակոչիկների են հավաքում։ Բացի այդ, ըստ ՀՔԱՎ-ի ստացած ահազանգերի՝ չի պահպանվում նաև անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը․ նույն բժշկական սենյակ մտնում են միաժամանակ երեք զորակոչիկներ՝ տարբեր բժիշկների մոտ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԱՎ հրապարակումից հետո լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել։  «Անձամբ զինկոմը զգուշացվել է և տրվել են ցուցումներ, որպեսզի խստիվ պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները։ Պաշտպանության նախարարությունը այս առիթով ահազանգեր չի ստացել»,- եզրափակեց Ստեփանյանը։  Անդրադառնալով զորակոչիկների  անձնական  տվյալների պահպանման խնդրին՝ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ բժշկական սենյակում բուժզննումը կատարվում է առանձին։  Վերջինս կրկին շեշտեց, որ ՀՔԱՎ հրապարակումից հետո բոլոր կետերի վերաբերյալ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել։  Ասպրամ Փարսադանյան
12:38 - 15 մայիսի, 2020
Դեսպանատների եւ հյուպատոսարանների էջերում տեղադրված են արտերկրում բնակվող նորակոչիկներին իրազեկումներ

Դեսպանատների եւ հյուպատոսարանների էջերում տեղադրված են արտերկրում բնակվող նորակոչիկներին իրազեկումներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան ՍՏեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն մտահոգության, թե պատասխանատու գերատեսչությունները պետք է իրականացնեն արտերկրում զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների իրազեկման աշխատանքներ, պարզաբանում և խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ՀՀ ՊՆ և ԱԳՆ համագործակցության արդյունքում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ապահովվել և շարունակում է ապահովվել արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը։ Մասնավորապես, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում, օրինակ՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ և այլն, տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․ «ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: ՀՀ դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp։Առաջին իսկ հնարավորության դեպքում դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»: Այս պահին հաշվառվել են զորակոչի ենթակա տասնյակ քաղաքացիներ, որոնց տվյալներն ուղարկվել են ՀՀ զինվորական կոմիսարիատ ճշգրտումներ կատարելու նպատակով։ Միաժամանակ, ՀՀ ՊՆ ստորաբաժանումները ԱԳՆ-ի հետ համատեղ նաև անհատական իրազեկման աշխատանքներ են իրականացնում։ Այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներից և նրանց ծնողներից ստացել է տասնյակ զանգեր, որոնք ուղղորդվել են ըստ կարգի։ Եվս մեկ անգամ հորդորում ենք արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներին կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ ՀՀ վերադարձը կազմակերպելու և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու նպատակով»։
12:13 - 15 մայիսի, 2020
ՀՀ ՊՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը

ՀՀ ՊՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը

ՀՀ ՊՆ հայտարարությունը․   Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:  ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։
16:38 - 14 մայիսի, 2020
Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցում տալու կարգը հեշտացվում է  |armenpress.am|

Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցում տալու կարգը հեշտացվում է |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց պայմանագրային զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգում և չափերը սահմանելու մասին որոշման մեջ, որով հեշտացվում է գործընթացը: Որոշմամբ սահմանվում է, որ շահառուին բնակտարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով: Ըստ հիմնավորման, այս որոշմամբ կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը եւ ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման եւ դադարման պայմանները: «Մինչ այս զինծառայողներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման): Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետեւ ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը: Այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, պրակտիկան ցույց է տվել, որ շահառու դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն: Այս առումով, գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կնձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը ու փաստաթղթաշրջանառության ծավալները»,- ասված է որոշման մեջ:
13:19 - 14 մայիսի, 2020
Բանակում ելակի գնման շուրջ «ինտրիգներ» չկան. պարզաբանում են ՊՆ-ն և մատակարար ընկերությունները |infocheck.am|

Բանակում ելակի գնման շուրջ «ինտրիգներ» չկան. պարզաբանում են ՊՆ-ն և մատակարար ընկերությունները |infocheck.am|

infocheck.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր , որ զորամասերում սննդի հետ մատուցվում է նաև ելակ։ Հրապարակված տեսանյութում երևում էր սառնարանում չափաբաժիններով առանձնացված ելակները։ Այս առիթով «Հրապարակ» օրաթերթն իր հերթական համարում գրել է, թե բանակում ելակի մատակարարման «հետևում կանգնած են» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նշվում էր, թե զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը «Գրին ֆուդն» է, որի բաժնետերերից մեկը Վարդուհի Ֆեսչյանն է։ «Ասում են՝ Աննա Հակոբյանի և Ֆեսչյանի ընկերությունը կայացել է այն դժվար օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն Արթիկի բերդում նստած էր։ Արթիկում ապրող այս ընտանիքը ջերմ հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ հայրիկին բանտում տեսակցության են մեկնել»,- գրել էր թերթը։   Ըստ պարբերականի՝ Փաշինյանների ընտանիքը որոշել է «երախտագիտությունը հայտնել ընկերության սեփականատիրոջը»։ Նշենք, որ 2019 թ․ հունիսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը։ Այժմ բանակին սնունդ մատակարարողների թիվը 5-ն է։ Ընկերություններն ընտրվել են մրցութային կարգով։ Նախարարությունն ընդունել է հայտեր, գործընթացով հետաքրքրվածների հետ կնքվել են պայմանագրեր։ Ընկերություններից մեկն էլ «Մեդիտեք» ՍՊԸ-ն է, որը տվյալ ծրագրի շրջանակներում մատակարարել է նաև ելակ, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն մրգեր և հատապտուղներ։ Պայմանագրի համաձայն՝ մասնավոր ընկերություններն իրենք են որոշում՝ որ ընկերությունից ինչ ձեռք բերել. ո՛չ Պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ՝ առավել ևս Աննա Հակոբյանը որևէ լիազորություն այստեղ չունեն։ «Մեդիտեք» ընկերության սեփականատեր Անուշավան Խաչատրյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնեց, որ «Գրին Ֆուդ»-ն է հանդիսանում իրենց ելակ, ելակի մուրաբա և ջեմ մատակարարող ընկերությունը։ Նրանք գին-որակ համադրությամբ լավագույն ծառայությունն են մատուցել։ Սեփականատիրոջ խոսքերով՝ իրենք անձամբ են ընտրություն կատարել, թե որ ընկերությունը՝ ինչ ապրանք և պարեն պետք է մատակարարի։ Որևէ մեկը իրենց չի պարտադրել կամ հուշել՝ օգտվել «Գրին Ֆուդ»-ի ծառայություններից, ինչպես նաև համագործակցվող մնացած մատակարարների ծառայություններից։ Խաչատրյանի խոսքերով՝ «Մեդիտեք» ՍՊԸ-ն աշխատում է 200-ից ավելի մատակարար կազմակերպությունների հետ։ «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին և ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը և Վարդուհի Ֆեսչյան։ Սակայն տեղեկույթյունը, թե բաժնետերերից Վ. Ֆեսչյանը «հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ մեկնել են բանտ տեսակցության» չի համապատասխանում իրականությանը։ Վարդուհի Ֆեսչյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» փոխանցեց, որ որևէ շփում չի ունեցել Փաշինյանների ընտանիքի հետ այդ տարիներին, հյուրընկալության մասին առավել ևս որևէ խոսք գնալ չի կարող։ Պաշտպանության նախարարությունից, մեկնաբանելով հիշյալ հրապարակումը, հայտնեցին՝«Պաշտպանության նախարարությունը բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունների հետ  էլ ունի մտերիմ և բարիդրացիական աշխատանքային հարաբերություններ, սակայն նախարարի կողմից որևէ հովանավորչությունը բացառված է։ Ուստի խութեր պետք չէ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան»։
18:02 - 13 մայիսի, 2020