ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումների դեպքեր չեն արձանագրվել:
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պարզաբանելով, որ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, թե զորակոչային նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումներ են լինում և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով անվտանգության սահմանված կանոնները չեն պահպանվում:
Ահազանգի հետքերով մայիսի 15-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ: Այցելությունների ընթացքում կուտակումների որևէ դեպք չի արձանագրվել:
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, իսկ կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները տարածքային ստորաբաժանումներ են հրավիրվում փոքր խմբերով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում կուտակումներ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:
comment.count (0)