ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Հովհաննես Մարտիրոսյանը։

Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանովի փողոցի 8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ ԲԸՏՄ-ից տեղեկացնում են՝ մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ HOWO մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 ՀՀ դրամի չափով։Կրկնակի խախտումների դեպքում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 ՀՀ դրամ։
13:40 - 25 նոյեմբերի, 2024
Ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը շուրջ 18,5 մլն դրամի չափով վնաս է հասցրել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը շուրջ 18,5 մլն դրամի չափով վնաս է հասցրել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) չափաքանակների գերազանցմամբ, իսկ վառարաններից մեկը գործարկվել է առանց համապատասխան թույլտվություն։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց համապատասխան թույլտվության գազային վառարանի շահագործումը կասեցվել է։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ շուրջ 18.5 մլն դր չափով։ Նշանակվել են վարչական տուգանքներ»,-ասված է հայտարարության մեջ։
11:35 - 02 հոկտեմբերի, 2024
Մայիսին կատարված ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 14 մլրդ 856 մլն դրամ. ԲԸՏՄ

Մայիսին կատարված ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 14 մլրդ 856 մլն դրամ. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 147 դեպք:  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 39 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 50 հաշվարկ՝ 71․073․395 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 16 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 850․000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 7 վարչական վարույթ:  Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 10 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 9 հաշվարկ՝ 354.801 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 520․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 44 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 23 հաշվարկ՝ 31.919.981 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 37 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 9 որոշում, նշանակվել 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 11 վարչական վարույթ: Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 2 դեպք։ Հարուցվել է 2 վարչական վարույթ։  Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում Արձանագրվել է 11 դեպք։ Հարուցվել է 11 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 16 որոշում, նշանակվել 1․000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ: Չափագրում Իրականացվել է 6 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման, առանց թույլտվության հողի արդյունահանման և հողահարթեցման աշխատանքների դեպքերով։  Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 34 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 11 հաշվարկ՝ 4.758.624 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 35 որոշում, նշանակվել 4.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Գործունեության կասեցում  2 տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 1. առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1.  Տրվել է պարտադիր կատարման 21 հանձնարարական՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ – 11. ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն –  1. ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն –  9։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 38 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 6.554.827 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 14.856.532 ՀՀ դրամ:
11:41 - 14 հունիսի, 2024
Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Հողի բերրի շերտի ապօրինի օգտահանման, պահպանման և տեղափոխման վերահսկողական շուրջօրյա միջոցառումների ընթացքում հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված սևահող տեղափոխող բեռնատարի ևս 5 վարորդ: «Կոտայքի և Արագածոտնի մարզերում «ԶԻԼ» և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց թույլտվությունների փորձել են ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 25.5 խմ սևահող։ Ստուգայցերի ընթացքում արձանագրվել է նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 9 բեռնատար: Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։ Վարորդների նկատմամբ կնշանակվեն վարչական տույժեր։ Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: 
16:54 - 12 հունիսի, 2024
Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 3 բեռնատար․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 3 բեռնատար․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանրապետության տարբեր մարզերում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված վերահսկողական լայնամասշտաբ միջոցառումներ։ Շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել է անօրինական սևահող տեղափոխող 3 բեռնատար։   Երևան-Սևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում «SHACMAN», «ԶԻԼ», «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց համապատասխան թույլտվության ապօրինի տեղափոխել են ընդհանուր՝ 32.5խմ սևահող։ Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։ Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Վերահսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ։ Հիշեցնենք, որ ՎԻՎՕ-ի հոդված 544 -ով հողերի պահպանության կանոնները խախտելը՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով:
14:21 - 31 մայիսի, 2024
Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

2017-2022 թվականներին ամբողջ աշխարհից Հայաստան են ներմուծվել գրեթե 4000 վայրի կենդանիներ, որոնց մեծամասնության ճակատագիրն անհայտ է մնում վիճակագրության բացակայության և մաքսային տվյալների ոչ լիարժեքության պատճառով։  ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը նույնպես չի տիրապետում կենդանիների ներմուծման և արտահանման վերաբերյալ լիարժեք տեղեկությունների, ինչպես իրենք են նշում, «օբյեկտիվ և սուբյեկտիվ» պատճառներից ելնելով, ինչպիսիք են, օրինակ, թերի լրացված մաքսային փաստաթղթերը։    Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստանի մասնավոր ընկերություններ 2021 թ. ՀԱՀ-ից Հայաստան են ներմուծվել 45 ընձուղտներ։ Նրանցից մեկն անկել է տեղափոխման ընթացքում, ևս մեկը՝ արդեն Հայաստանում։ Մյուս ընձուղտների ճակատագիրն անհայտ է։  Հայաստան ներմուծվելուց ամիսներ անց ընձուղտներից 30-ին վաճառելու գործարքներ են կնքվել։ Նրանցից 12-ի համար տրվել են վերաարտահանման թույլտվություններ դեպի ՌԴ Տուլա քաղաքում գտնվող «Օվացիա» ՍՊԸ, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ մսի և մսամթերքի մանրածախ առևտրով։ Եվս 12 ընձուղտներ պետք է ուղևորվեին «Յալթինսկիյ զօօպարկ «ՍԿԱԶԿԱ»» ՍՊԸ, իսկ մյուս 6 ընձուղտների արտահանման թույլտվությունը ստացել է ՖՏՂ ԱՁ Խաչատուրյան Էդուարդ Սերգեեվիչը, որի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում Հայաստանից ՌԴ վայրի կենդանիների  տեղափոխման կասկածելի գործարքների շրջանակում։ Այս բոլոր գործարքները, սակայն, տեղի չեն ունեցել, քանի որ դեռևս 2020 թ․ ՌԴ Ռոսսելխոզնադզոռը արգելել է ՀԱՀ ծագմամբ և դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների մուտքը Ռուսաստան։  Ընձուղտներին Հայաստան է ներմուծել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերը նախկինում կենդանիների առևտրի գործարքներ են իրականացրել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի միջոցով, որը 2017-ին սնանկացել է, իսկ հիմա արդեն լուծարվում է։ Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ տարածքը, որտեղ գրանցված է այս ընկերությունը, գրավադրված է և շուտով վաճառվելու է: Վաճառքը հետաձգվում է հողի կարգավիճակի հետ կապված խնդրի պատճառով։ Հայաստանի նվազագույնը չորս պետական կառույցներ թույլ են տվել, որ ներմուծման այս գործարքը կայանա՝ տալով թույլտվություններ և դրական մասնագիտական եզրակացություններ։ Այդ պետական կառույցներն են, մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ինչպես նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Այս կառույցներից որևէ մեկը, սակայն, լիարժեք տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։    Ի՞նչ կապ ունի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ընձուղտների ներմուծման հետ Բնության պահպանության միջազգային միության (IUCN/ԲՊՄՄ) դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում ընձուղտների քանակն էականորեն նվազել է։ 1985-2015 թվականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընձուղտների պոպուլյացիան 36-40%-ով կրճատվել է, ինչի պատճառը մարդու կողմից շահագործման ծավալների աճը (անթրոպոգեն գործոն) և արեալների կրճատումն է։  2016 թվականից ընձուղտներն ընդգրկվել են IUCN կարմիր ցուցակում և ստացել VU (խոցելի) կարգավիճակ։ IUCN-ը հաշվարկում է ընձուղտների մոտ 68 հազար 293 հասուն առանձնյակ։ 2019 թվականից ընձուղտներն ընդգրկվել են CITES («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին») կոնվենցիայի 2-րդ հավելվածում, ինչն ավելի է ընդգծում այս կենդանիներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր եզրակացություն է ուղարկել, ըստ որի՝ ընձուղտները Հայաստանի բնական կենսամիջավայրում չեն կարող գոյատևել։ Միևնույն ժամանակ, նույն եզրակացությունում ասվում է, որ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի տարածքները համապատասխանում են կենդանիների խնամքի բոլոր միջազգային նորմերին և ստանդարտներին, հետևապես՝ կենդանիները կարող են ժամանակավոր պահվել այդ ընկերության տարածքում։ Այդպիսով, գիտական կենտրոնն առանց որևէ գիտական հիմնավորման չի առարկել 45 ընձուղտների ներմուծումը։ Պաշտոնական փաստաթղթերում ընձուղտների ներմուծման նպատակ է նշվել կենդանիների առևտուրը և բուծումը։ Այսինքն, կենդանիների ներմուծման հիմնական նպատակը հետագա վերավաճառքն է։ ԳԱԱ գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել ներմուծման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, կլիմայական պայմանների փոփոխության ազդեցությունը կենդանիների վրա, ինչպես նաև կենդանիներին անազատ պայմաններում պահելու ազդեցությունները։    Ընձուղտներ և այլ վայրի կենդանիներ, որոնց ոչ ոք չի տեսել և չի լսել 2021 թ․ Հայաստան ներկրված 43 ընձուղտների գտնվելու վայրը և պահման պայմանները պարզելու համար մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել «Ֆաունա Զօօ» ընկերության հետ, բայց ապարդյուն․ մեր հարցերին հրաժարվել են պատասխանել։  «Ֆաունա Զօօ» ընկերությունը գրանցված է Գ․ Մահարի 148 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։ Հենց այս հասցեն է բոլոր փաստաթղթերում նշվում որպես կենդանիների ներմուծման վայր։ Ենթադրելով, որ ՀԱՀ-ից բերված ընձուղտներն այս հասցեում են, մենք դեռ 2022-ին ՍԱՏՄ գրավոր հարցում էինք ուղարկել՝ տարածքում պահվող կենդանիների վերաբերյալ։  ՍԱՏՄ-ից հրաժարվել են տրամադրել ընձուղտների քանակի մասին ճշգրիտ տվյալներ, բայց ընդհանրական պատասխանել են, որ տվյալ հասցեում պահվում են ընձուղտներ, զեբրեր, այծքաղներ, տնական այծեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, թութակներ և շնազգիներ։ Սա Գ․ Մահարի 148 հասցեում գտնվող ընձուղտների վերաբերյալ վերջին պաշտոնական տեղեկությունն է, որը մենք ունենք, քանի որ նույն թեմայի շուրջ մեր հետագա հարցերին ՍԱՏՄ-ն և ԲԸՏՄ-ն հրաժարվել են պատասխանել՝ հիմնվելով տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր համաձայնության բացակայության վրա։  Մեր այցելությունը «Ֆաունա Զօօ» ՍՊԸ գործող տարածք նույնպես որևէ նոր բան չտվեց։ Գ․ Մահարի փողոցը բնակելի է, սովորական երևանյան փողոց, սակայն անգամ հարևանությամբ բնակվող մարդիկ չգիտեն իրենց կողքին ապրող վայրի կենդանիների մասին։ Նրանք չեն տեսել, չեն լսել և չեն զգացել նման քանակի կենդանիների ներկայություն իրենց թաղամասում։ Սա այն դեպքում, երբ ՊԵԿ, ՇՄՆ և ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ այս տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր։    Ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին  տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։  Հայաստան ներմուծված և Հայաստանից արտահանվող վայրի կենդանիների քանակն ու մաքսային արժեքը, 2017-2023 Ներմուծված կենդանիներից արտահանվել են միայն 703-ը, որոնք հիմնականում եղել են փոքր թռչուններ։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տարածքում պետք է գտնվի 3238 ներմուծված կենդանի, բայց ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը տրամադրում է կենդանիների ներմուծման թույլտվությունները, չի տրամադրում կենդանիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին ամբողջական տեղեկություններ։  Ներմուծված կենդանիների մի մասին՝ որպես զվարճանքի միջոցների, կարելի է հանդիպել տարբեր մասնավոր տարածքներում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը, կամ «Հրաշք այգի» ռեստորանում, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է։ Իսկ կապիկներն, օրինակ, Հայաստանում շատերի համար հեշտ ձեռքբերում են դարձել։ Ավելին՝ կենդանիների վաճառքի գործում իրենց ներդրումն ունեն նաև ինֆլյուենսերները։    «Կոնվենցիան ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե նրանց առևտուրը խթանելուն» Հայաստան ներմուծման հիմնական գործընկեր երկրները Հարավաֆրիկյան Հանրապետությունն (18 կենդանատեսակ) ու Բենինն (16 կենդանատեսակ) են։ Աֆրիկյան այս երկրները հայտնի են հարուստ կենդանական աշխարհով, միևնույն ժամանակ՝ որսագողերով ու կենդանիների թրաֆիքինգով զբաղվողներով։ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), ըստ վտանգվածության աստիճանի,  կենդանատեսակները բաժանում է 3 հավելվածի՝  I, II և III։ I հավելվածում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են, և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է և՛ արտահանող, և՛ ներմուծող երկրի կողմից։  II հավելվածում ընդգրկված տեսակները վտանգված են և պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է միայն արտահանող երկրի կողմից։  III հավելվածում ներառված կենդանատեսակներն ավելի քիչ վտանգված են, սակայն նրանց տեղափոխումը ևս վերահսկվում և հաշվարկվում է, իսկ արտոնագիր չի պահանջվում։  2017-2022 թթ․ Հայաստան է ներմուծվել անհետացման վտանգի տակ գտնվող 9 (I հավելված) և վտանգված 32 (II հավելված) կենդանատեսակ։ Մնացած կենդանատեսակները ներառված են III հավելվածում կամ դեռևս չեն ընդգրկվել Կոնվենցիայի ցանկում։  Հաճախ Կոնվենցիայի նպատակը սխալ է ընկալվում և մեկնաբանվում հատկապես Հայաստանում և աֆրիկյան այն երկրներում, որտեղից հաճախ են կենդանիներ ներմուծում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, ՄԱԿ միջազգային կոնվենցիաների նիստերի մասնակից Մարիա Վորոնցովան պարզաբանում է․ «Այս կոնվենցիան ստեղծվել է, երբ պարզվել է, որ կենդանիներին կտրում են բնությունից և պտտում ամբողջ աշխարհով, իսկ ՍԻԹԵՍ-ը այն փաստաթուղթն է, որը այս ամենը կարգավորում է և փորձում է ինչ-որ կերպ կանգնեցնել ընթացքը։ ՍԻԹԵՍ-ը հենց միջսահմանային տեղափոխման մասին է։ Շատերը կարծում են, թե սա առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ։ Այն կարգավորում է սահմանների միջև տեղափոխումը և ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե առևտուրը խթանելուն։ ՍԻԹԵՍ երկրները պետք է ունենան իրենց ներքին օրենսդրությունը, որը համապատասխանում է Կոնվենցիային կամ դրանից խիստ է։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ թութակների շատ տեսակներ կան, ամբողջությամբ արգելել է դրանց արտահանումը և արել է դա ՍԻԹԵՍ-ի ամրապնդման համար։ Կոնվենցիան այդպիսի բան չի պահանջում, բայց Ավստրալիան հպարտանում է իր կենդանական աշխարհով և կարծում է, որ պետք չէ թութակներին հանել երկրից, քանի որ արդյունքում, որպես կանոն, ոչ մի լավ բան տեղի չի ունենում․ նրանք մահանում են»։  Մեկ այլ փորձագետի՝ EAZA (European Association of Zoos and Aquaria) կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանի կարծիքով կենդանիների առևտրում մեծ է նաև կոռուպցիոն ռիսկը․ «Ցավոք սրտի, Կոնվենցիան չի ստուգում պահման պայմանները և այն, թե արդյո՞ք երկիրն առհասարակ ունի հնարավորություն կենդանուն պահելու, թե՞ ոչ։ Այստեղ շատ կոռուպցիոն դրսևորումներ կան՝ մինչև անգամ արտոնագրի տրամադրումը»։   Կենդանիները վերավաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան գնել են  Այն դեպքերում, երբ կենդանիների հետքը հնարավոր է լինում գտնել մաքսային տվյալների օգնությամբ, ի հայտ են գալիս կասկածելի բիզնես գործարքներ։ Օրինակ՝ 2020 թ․ Բենինից ներմուծվել են 4 աֆրիկյան մարաբուներ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 647 400 դրամ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն արժեցել է 168 600 դրամ։ 2021 թ․ ներմուծվել են ևս 10 մարաբուներ՝ 1 082 000 դրամ մաքսային արժեքով, յուրաքանչյուր թռչնի արժեքը՝ 108 260 դրամ։  Այս թռչուններից 7-ը արտահանվել է Ուկրաինա անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեքով՝ յուրաքանչյուրը՝ 35 800 դրամ, ընդհանուր արժեքը կազմել է 250 840 դրամ։ Այսինքն, վաճառքի գինը բազմակի  անգամ ավելի ցածր է, քան ներմուծման արժեքը։  Գնի այսպիսի ճեղքվածքը վկայում է ոչ այնքան շահավետ բիզնեսի, որքան՝ բարեգործության կամ վնասի կրման։ Այս գործարքը, հավանաբար, իրականացվել է «Երզնկյան Զօօ Ցենտր» ՍՊԸ կողմից, քանի որ, ըստ արտահանման թույլտվությունների, հենց այս ընկերությունն է 2021 թ․ 7 աֆրիկյան մարաբուի վերաարտահանման թույլտվություն ստացել ՇՄՆ կողմից։  Այս հանգամանքը պետք է որ ազդանշան հանդիսանար ՊԵԿ-ի համար ավելի մանրամասն և արդյունավետ ուսումնասիրելու միևնույն օբյեկտի ներմուծման ու արտահանման տվյալները, քանի որ նման գնային տարբերությամբ ներմուծումն ու արտահանումը կարող են հարկերից խուսափելու ռիսկ պարունակել։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն Վայրի կենդանիների առևտրի և դրանում Հայաստանի մասնակցության թեման կարելի է ուսումնասիրել երկար, քանի որ քիչ չեն անհետացած 43 ընձուղտների նման պատմությունները։ Վերջում, սակայն, ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ որտե՞ղ են և ի՞նչ վիճակում են այժմ այդ կենդանիները։  Կարծես թե տեղական և միջազգային իրավական կարգավորումներն այս հարցի պատասխանը պատվիրակել են պետական մարմիններին, սակայն փաստերն այդ մասին չեն խոսում։  ՍԻԹԵՍ կոնվենցիան ամբողջ աշխարհում վայրի կենդանիների տեղափոխման ընդհանուր կանոններ և ստանդարտներ է մշակում, ինչի արդյունքում էլ ստեղծվել է երկրների ներսում թույլտվությունների տրամադրման համակարգը։ Այդ համակարգի գործունեության համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները։ Հայաստանում համակարգող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ գիտական ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։  Ակնհայտ է, որ նախարարությունը պահպանության կարիք ունեցող վայրի կենդանիների ներմուծման ու արտահանման բազմաթիվ թույլտվություններ է տալիս, ինչը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։  Հայաստանում շատ անգամներ են արձանագրվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու կամ մասնավոր առևտրի դեպքեր, ինչը վկայում է ՇՄՆ և մյուս պատկան մարմինների անտարբերության մասին։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, որոնք հրաժարվում են տրամադրել տեղեկություններ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ տարածքում պահվող կենդանիների քանակի և վիճակի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, որն առանց որևէ գիտական հիմքի տրամադրել է դրական մասնագիտական եզրակացություն մեծ քանակությամբ վայրի կենդանիների ներմուծման համար, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, որը թույլ է տալիս կենդանիների տեղափոխումը սահմանից սահման առանց պատշաճ վերահսկողության։  Ըստ էության, ՍԻԹԵՍ կոնվենցիան վայրի կենդանիների միջսահմանային տեղափոխման մասին է միայն և ենթադրում է, որ թույլտվությունները պետք է տրամադրվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առևտրի և բիզնես նպատակներով։ Հատկանշական է, որ Հայաստանի պետական մարմինները չեն առաջնորդվում Կոնվենցիայի այս գլոբալ գաղափարով, այլ, հակառակը, թույլատրում և անգամ նպաստում են վայրի կենդանիների բազմաթիվ տեղափոխությունների՝ օգտագործելով ՍԻԹԵՍ թույլտվություն տալու իրենց հնարավորությունը։  Ստացվում է, որ կոնվենցիան յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել «խաղի կանոնները» և հետևել դրանց։  Անհերքելի է, որ երկրի ներսում արդեն իսկ կան մեծ քանակությամբ անազատության մեջ և վատ պայմաններում ապրող կենդանիներ, միևնույն ժամանակ, նրանց թիվը շարունակում է աճել թերի վերահկսվող այս առևտրի հետևանքով։ Հեղինակ՝  Մարիամ Տաշչյան Ինֆոգրաֆիկաները՝ Բիբինուր Բոլոտկանովայի Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։
20:11 - 28 փետրվարի, 2024