Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021 թ. ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։ Միասնական երթուղային ցանցի ներդրման հետ կապված հարցին անդրադառնալիս՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ համայնքների խոշորացման գործընթացն ավարտված մարզերում (Շիրակ, Արագածոտն, Տավուշ և Գեղարքունիք) աշխատանքներ են իրականացվում ցանցը սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման ուղղությամբ։ Մասնավորապես՝ վերանայվում են մարզերի օպտիմալ երթուղիների ուղեգծերն ու չվացուցակները։ Օրակարգային մեկ այլ հարցով, անդրադառնալով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներմուծվել 11 հազար տոննա պարարտանյութ՝ 50 տոկոսը գյուղատնտեսական նշանակության։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 4750 տոննա պարարտանյութն արդեն իսկ մատակարարվել է ՀՀ մարզեր․ գործընթացը շարունակվում է։ Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել պետության կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությունը, ինչպես նաև ստուգայցերի միջոցով մինչև երաշխիքային ժամկետների լրանալը վեր հանել ավարտված սուբվենցիոն ծրագրերի խնդիրներ/թերությունները և քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։
17:12 - 20 ապրիլի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022
Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր

Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը։ Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության բարեփոխումներին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում:  «Գերմանական կողմից կցանկանայի վերահաստատել այն մեծ շահագրգռվածությունը և հետաքրքրությունը, որ եղել է և կա Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ»,-ասել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ, ջրային ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, ինչպես նաև՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների գործարկման ընթացքը։  Նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը վերահաստատել է, որ իրենց  մանդատի շրջանակում այսուհետ ևս կշարունակեն արդիականացնել, կահավորել, բարելավել քաղաքացիների սպասարկման գրասենյակները։
17:08 - 06 ապրիլի, 2022
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Այսօր ներկայացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը։ 2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    Էլեկտրաէներգիայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործընթացը փուլ առ փուլ են իրականացնում՝ անկայուն իրավիճակներից զերծ մնալու համար․ «Որպեսզի շուկայում տեղի ունեցող պրոցեսները ընթանան այնպես, որ մենք արտառոց միջադեպեր չունենանք կամ անկայուն իրավիճակ չլինի, մենք փուլ առ փուլ ենք դա անում, շուկան միանգամից չի գործարկվում։ Կարծես այն, ինչ նախանշել ենք իրականացնել, բավական լավ ընթանում է, բավական ակտիվություն կա։ Կարևորը՝ ոլորտում առկա ընկերությունները, անձիք  հետաքրքրություն են ցուցաբերում, մարդիկ կրթվում են, ինքնակրթվում են, ոլորտի կանոններին սկսում են տիրապետել։ Աշխուժություն կա, ինչը ենթադրել է տալիս, որ այնորպես գործիք կկայանա և կնպաստի մեր էներգետիկ անվտանգությանը և ոլորտի զարգացմանը»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։  ՄԶԳ  էներգետիկայի ծրագրի ղեկվարի տեղակալ  Աբգար Բուդաղյանն ասաց՝  ՀՀ կառավարության հետ 3 հիմնական ուղղություններով են աշխատում։ Առաջինը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականցումն է, երկրորդը՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացումը, իսկ  երրրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը․ «Էլեկետրաէներգետիկական շուկայի բարեփոխումները, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, 2004 թ․-ից ի վեր առաջին խոշոր բարեփոխումներն են այս ոլորտում, որոնք հնարավորություն են ընձեռել մեր գործընկերներին փոխել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը և վերացնել էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։ Մենք արդեն ունենք շուկայում գործող այլընտրանքային մատակարարներ, որոնք առաջիկայում իրենց ծառայություններն են առաջարկելու մեր սպառողներին»։ Բուդաղյանի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիայի առևտրի մեծ պոտենցիալ ունեն, ինչը զարգացման կարիք ունի․ «Էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները տեղի են ունենում նաև Վրաստանում,  և մենք փորձում ենք աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում երկու շուկաները ինտեգրվեն, և երկու շուկաներում արտադրողները և սպառողները կարողանան նաև միմյանց հետ ուղիղ առևտուր իրականացնել, եթե այդտեղ տեսնում են փոխշահավետության սկզբունք»։ Էներգետիկ ոլորտում կարգավորող գործառույթ իրականացնող մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ)։ Հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նույնպես նշեց՝ քայլերը դանդաղ են փորձում անել՝ շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Փետրվարի 1-ից  գործարկվել է առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ։ Ասում եմ՝ որոշակի, քանի որ քայլերը շատ դանդաղ ենք փորձում անել, որպեսզի շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնենք։ Բոլոր կարգավորումները դեռ նոր են, կարող են լինել որոշակի խնդիրներ, ընթացքում էլ անընդհատ շտկվում են։ Կոնկրետ առաջին տարվա համար սահմանված անցումային դրույթներ կան, ըստ որոնց՝ շատ սահմանափակ քանակով արտադրող կայանների է թույլ տրված շուկա մտնել, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է հնարավորություն, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել՝ եթե բոլոր գործող կանոնները և պայմանները տնտեսապես նպատակահարմար կգտնի, դուրս կգա շուկա»։ Նշենք, որ գործընթացի մեկնարկից ի վեր Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի վաճառքի լիցենզիա է տրամադրել 6 ընկերությունների և 4 թրեյդերների (էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների):   Գլխավոր լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից   Նանե Ավետիսյան
17:50 - 05 ապրիլի, 2022
Օգտակար հանածոների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանն աշխարհում առաջատար տեղ է գրավում. Գնել Սանոսյան

Օգտակար հանածոների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանն աշխարհում առաջատար տեղ է գրավում. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել են Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Երկրաբանական ֆորում 2022» միջոցառմանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Նախարարը ողջունել և շնորհավորել է ֆորումին մասնակից երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և բարձր է գնահատել նրանց նվիրված ու խիստ կարևոր աշխատանքը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման գործում։ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ խոշորագույն ավանդ ունեցող ոլորտներից մեկն է: Օգտակար հանածոների պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հետևաբար ձեր ձեռքերում է հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև ձեր բարդ, պատասխանատու ու նվիրումով լի աշխատանքի շնորհիվ է, որ ընդերքի հարստությունը վերածվում է տնտեսական արժեքի»,- ընդգծել է նախարարը։   Ելույթի ավարտից հետո նախարարը «Երկրաբանի օրվա» կապակցությամբ բազմամյա և արդյունավետ աշխատանքի, հանքարդյունաբերության ոլորտում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհակալագրեր է հանձնել ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետներին։   Շնորհակալագրեր են ստացել Աշոտ Հայկազի Սարգսյանը, Սևակ Համազասպի Գալստյանը, Ջիվան Վիկտորի Մխիթարյանը և Գուրգեն Էդուարդի Մալխասյանը»,- նշված է գրառման մեջ:              
18:42 - 01 ապրիլի, 2022
Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|

Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «2022 թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում և Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասաց նախարարը: Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթեր: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում: 2021 թ. ներդրվել է նաև ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը, և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:
18:13 - 28 մարտի, 2022
2022 թ-ին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է մարզպետներին

2022 թ-ին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է մարզպետներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։ «Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին, Կառավարության՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերանորոգման ծրագրի իրականացման ընթացքին, ներկայացվել են համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման 2020թ. և 2021թ. արդյունքները, ինչպես նաև քննարկվել են գարնան նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ ոռոգման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր՝ 79,5 մլրդ դրամի 461 հայտ (hամայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված` մի շարք բնակավայրերի նույնանման ծրագրերը ամփոփված են մեկ հայտի մեջ)․ Կառավարության համաֆինանսավորման չափը կազմում է 43,5 մլրդ դրամ։ Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցման/հիմնանորոգմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլն։ Ներկայացնելով համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման վերջին երկու տարիների արդյունքները՝ զեկուցվել է, որ 2021 թվականին Հայաստանի բոլոր մարզերը 2020 թվականի համեմատ 5.5 մլրդ դրամով ավելի շատ հավաքագրում են իրականացրել։ Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների ընթացքը, հետևողական լինել ոչ միայն սուբվենցիոն ծրագրերի, այլև, առհասարակ, Կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին միտված հանձնառություններին։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր»,- նշված է կայքում:
20:57 - 24 մարտի, 2022
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

news.am: Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաև ոստիկաններ կան։ «Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։ Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
13:43 - 23 մարտի, 2022
Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։  Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավական շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ կառավարության կողմից։ Արիֆ Բահարուդինն իր հերթին նկատել է, որ համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը բավական լավ թափով վերականգնվում է և ցանկություն կա Հայաստանում շարունակել ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես հակված են շարունակել դպրոցներում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, հետաքրքրված են նաև  հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածով, կարևորում են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերով ԱԶԲ գործընկերների կողմից ցուցաբերված ուշադրության և հետևողականության համար։ Փոխնախարարը ներկայացրել է հեռանկարային այն ծրագրերը, որոնք մշակվում և  նախապատրաստվում են նախարարության կողմից։ Ե՛վ նախարարը, և՛ Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել են հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը և կարևորել ԱԶԲ ներգրավվածությունն այս ծրագրում: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրերի արդիականացման և իրականացման հնարավորությունները:
17:17 - 16 մարտի, 2022
Ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, Կապան-Ճակատենը կլինի. Գնել Սանոսյան |1lurer.am|

Ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, Կապան-Ճակատենը կլինի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է։ «Երբ մենք հրապարակում ենք, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլվել է, երկրի բնակչության կեսը սկսում է անհանգստանալ, որ Սյունիքի կեսը մնացել է առանց ճանապարհի. վերջում պարզվում է՝ դաշտի մեջ մի տեղ գործ են անում, փլվել է»,- ասաց նախարարը: Գնել Սանոսյանի խոսքով՝ բազմիցս խոսվել է, որ այդ ճանապարհը երեք շինարարական ընկերություն է արել, որոնցիցի երկուսը պետք է երեք շերտ ասֆալտ անեին, սակայն երեք շերտից երկու շերտ են տեղադրել: «Մենք չենք թողել երրորդ շերտը տեղադրեն՝ հասկանալով, որ ճանապարհը կառուցվել է արագ, որ ճանապարհի կառուցման որոշ հատվածում ստիպված ենք եղել թողնել, որ մեքենաները անցնեին, այսինքն՝ մի կողմում ասֆալտ էին անում, մյուս կողմում մեքենաներն էին անցնում, բայց ստիպված ենք գնացել այդ լուծմանը: Հիմա որոշակի կարգավորումներ անում են, որպեսզի ճանապարհներն անցանելի լինեն: Այո՛, մի շարք հատվածներում առաջացել են թերություններ. եղանակները հենց բացվեն, բոլոր թերությունները կվերացնեն, ասֆալտի երրորդ շերտը կտեղադրեն»,- ասաց Գնել Սանոսյանը։ Անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին՝ Սանոսյանը նշեց, որ հողային պաստառը պատրաստ է, բավական լավ տեսքի է բերված, երթևեկությունը վերականգնվել է: «Երթևեկության ինտենսիվությունը գրեթե ամբողջովին վերականգնվել է, և ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, դա կլինի»,- հայտնեց ՏԿԵ նախարարը։
15:09 - 13 մարտի, 2022
Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքները |tert.am|

Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքները |tert.am|

tert.am: Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների հատվածներ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր 2 գործընկեր, որը հիմք կհանդիսանա հետագա տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման համար», - ասաց նախարարը: Արձագանքելով Սանոսյանին Փաշինյանն ասաց՝ թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին։
12:53 - 03 մարտի, 2022
Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», – ասել է նախարարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շուրջ 15 նոր փոքր ջրամբար կառուցելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև նախընտրական շրջանում. «Մենք հիմա այդ ծրագրի ուղղությամբ էլ որոշակի առաջընթաց ունենք: 2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները: Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես նախկինում պայմանավորվել ենք, այս նախագծման աշխատանքների ընթացքում, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»:
17:08 - 23 փետրվարի, 2022
27 կամուրջ, 5 թունել. ինչպիսին է լինելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը |armenpress.am|

27 կամուրջ, 5 թունել. ինչպիսին է լինելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը |armenpress.am|

armenpress.am: Բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան ու անվտանգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսպես բնորոշեց Հյուսիս-հարավ նախագծի շրջանակում Սիսիան-Քաջարան ուղղությամբ կառուցվող նոր ճանապարհահատվածը: Նախարար Սանոսյանը նշեց, որ այն խոշորամասշտաբ ծրագիր է՝ իր բավական ընդգրկուն ենթակառուցվածքներով: «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամբողջ երկարությունը մոտ 560 կմ է, այս 60 կմ-ն ամենաառանցքային հատվածներից մեկն է: Այժմ Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհին միջինում ունենք 50 կմ/ժ արագություն: Այս նոր ճանապարհով մենք կունենանք 100 կմ/ժ արագություն, որը երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը: Այն կլինի բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան, անվտանգ ճանապարհ, ինչը ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է»,-ասաց Գնել Սանոսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ այն ամբողջովին նոր ճանապարհահատված է, որտեղ կան շուրջ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ: Ընդհանուր լինելու է 5 թունել, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա: Գնել Սանոսյանի խոսքով՝ սա խոշորամասշտաբ ծրագիր է: «Ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան: Եթե այլ խոչընդոտներ չլինեն, ապա տարվա վերջ արդեն կունենանք շինարարություն»,-ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հյուսիս-հարավ հատվածում կան բնական գործող ճանապարհներ: Արևելք-արևմուտք հատվածում դրանք բացակայում են: Վարչապետը  հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ հնարավորինս արագ կհասնեն լուծումների:
12:34 - 17 փետրվարի, 2022