Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը
17:50 - 05 ապրիլի, 2022

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Այսօր ներկայացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը։

2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։   

Էլեկտրաէներգիայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործընթացը փուլ առ փուլ են իրականացնում՝ անկայուն իրավիճակներից զերծ մնալու համար․ «Որպեսզի շուկայում տեղի ունեցող պրոցեսները ընթանան այնպես, որ մենք արտառոց միջադեպեր չունենանք կամ անկայուն իրավիճակ չլինի, մենք փուլ առ փուլ ենք դա անում, շուկան միանգամից չի գործարկվում։ Կարծես այն, ինչ նախանշել ենք իրականացնել, բավական լավ ընթանում է, բավական ակտիվություն կա։ Կարևորը՝ ոլորտում առկա ընկերությունները, անձիք  հետաքրքրություն են ցուցաբերում, մարդիկ կրթվում են, ինքնակրթվում են, ոլորտի կանոններին սկսում են տիրապետել։ Աշխուժություն կա, ինչը ենթադրել է տալիս, որ այնորպես գործիք կկայանա և կնպաստի մեր էներգետիկ անվտանգությանը և ոլորտի զարգացմանը»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։  ՄԶԳ  էներգետիկայի ծրագրի ղեկվարի տեղակալ  Աբգար Բուդաղյանն ասաց՝  ՀՀ կառավարության հետ 3 հիմնական ուղղություններով են աշխատում։ Առաջինը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականցումն է, երկրորդը՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացումը, իսկ  երրրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը․ «Էլեկետրաէներգետիկական շուկայի բարեփոխումները, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, 2004 թ․-ից ի վեր առաջին խոշոր բարեփոխումներն են այս ոլորտում, որոնք հնարավորություն են ընձեռել մեր գործընկերներին փոխել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը և վերացնել էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։ Մենք արդեն ունենք շուկայում գործող այլընտրանքային մատակարարներ, որոնք առաջիկայում իրենց ծառայություններն են առաջարկելու մեր սպառողներին»։

Բուդաղյանի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիայի առևտրի մեծ պոտենցիալ ունեն, ինչը զարգացման կարիք ունի․ «Էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները տեղի են ունենում նաև Վրաստանում,  և մենք փորձում ենք աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում երկու շուկաները ինտեգրվեն, և երկու շուկաներում արտադրողները և սպառողները կարողանան նաև միմյանց հետ ուղիղ առևտուր իրականացնել, եթե այդտեղ տեսնում են փոխշահավետության սկզբունք»։

Էներգետիկ ոլորտում կարգավորող գործառույթ իրականացնող մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ)։ Հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նույնպես նշեց՝ քայլերը դանդաղ են փորձում անել՝ շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Փետրվարի 1-ից  գործարկվել է առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ։ Ասում եմ՝ որոշակի, քանի որ քայլերը շատ դանդաղ ենք փորձում անել, որպեսզի շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնենք։ Բոլոր կարգավորումները դեռ նոր են, կարող են լինել որոշակի խնդիրներ, ընթացքում էլ անընդհատ շտկվում են։ Կոնկրետ առաջին տարվա համար սահմանված անցումային դրույթներ կան, ըստ որոնց՝ շատ սահմանափակ քանակով արտադրող կայանների է թույլ տրված շուկա մտնել, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է հնարավորություն, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել՝ եթե բոլոր գործող կանոնները և պայմանները տնտեսապես նպատակահարմար կգտնի, դուրս կգա շուկա»։

Նշենք, որ գործընթացի մեկնարկից ի վեր Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի վաճառքի լիցենզիա է տրամադրել 6 ընկերությունների և 4 թրեյդերների (էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների):

 

Գլխավոր լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել