Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանցի երկու գերիները անմիջապես վերադարձվել ադրբեջանական կողմին։ Քոչարյանը հայտարարեց՝ օրեր առաջ երկու ադրբեջանցիներին գերեվարելու փաստը զսպող գործիք է Ադրբեջանի՝ նմանատիպ հետագա ցանկությունների համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ «Գերիները բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն։ Փոխանակման պրոցեսի մանրուքներին ես տեղյակ չեմ, բայց եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի կողմից Թուրքիայի հետ բանակցություններում որպես բանախոս Ռուբեն Ռուբինյանին ընտրելու որոշման մասին՝ Քոչարյանը շեշտեց՝ Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում։
14:59 - 21 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարեւոր գործընկերներից է: «Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմ է ռազմական ուժի բացառմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրիուս Մազուրոնիսը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան եւս անցել է այդ ճանապարհով եւ կարող է կիսվել իր փորձով: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից:
19:58 - 18 նոյեմբերի, 2021
Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը խոսել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքի մասին

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը խոսել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքի մասին

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերներից է: Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կողմ է ռազմական ուժի բացառմանը: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան ևս անցել է այդ ճանապարհով և կարող է կիսվել իր փորձով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից:
16:42 - 18 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ԱԺ-ն հայտնում է, որ զրուցակիցները կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը դրական է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում միջխորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում եւ վստահություն հայտնել, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ եւ սերտացմամբ: Դրա վառ վկայությունն է նաեւ այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ այցելեց հենց Ռուսաստանի Դաշնություն: Մտքեր են փոխանակվել տնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:
16:54 - 08 հոկտեմբերի, 2021
Միջազգային իրավունքում չկա օրինակ, որով ներպետական վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար․ Արծվիկ Մինասյան

Միջազգային իրավունքում չկա օրինակ, որով ներպետական վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի փոխնագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ Ազգային ժողովի ելույթի ընթացքում անդրադարձավ «Վարչատարածքային բաժանման» մասին օրենքին, որն այսօր քննարկման առարկա էր դարձել խորհրդարանում։ «Երբ իքս պատգամավորը քվեարկում է իքս նախագծին, որում գրված է իքս բանը, ի՞նչ է դա նշանակում, որ ամենայն հավանականությամբ իքս պատգամավորը համաձայն է իքս պնդման հետ, կամ իքս բանի հետ, որը գրված է իքս նախագծում։ Հիմա մեր հարգելի գործընկերներից շատերը կամ մեր հարգելի գործընկերների ներկայացրած քաղաքական ուժը ժամանակին քվեարկել է։ Օրինակ, ՀՅԴ խմբակցության պատգամավորները քվեարկել են մի նախագծի, որում սևով սպիտակին գրված է՝ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է» Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմադիրների ասածներն ու արածները իրար չեն համապատասխանում․ «Տրամաբանական չի, որ նույն քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդմանը կողմ, որը ասում է, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջանն է, հետո գալիս, ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր։ Այս գործելաոճը ձեզ մոտ անցնում է կարմիր թելով, որովհետև նույն «սերիայից» է հետևյալ երկու պնդումները։ Օրինակ ինչու՞ պատերազմը չկանգեցվեց շուտ, պետք էր համաձայնել պայմաններին և պատերազմը կանգնեցնել, հետո գրեթե նույն մարդը կարող է հինգ րոպեով դուրս գա ու ասի՝ Քարվաճառը առանց կրակոցի հանձնեցինք»։ Ռուբինյանն ասսաց՝ ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է վարչատարածքային բաժանման օրենքով, պնդումը այլ է․ «Այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդման կողմը, իսկ այդ պնդումը արդեն մի քանի անգամ բոլորս ասեցինք՝ ինչ էր»։ Ռուբինյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ռուբինյանը, զբաղեցնելով իր տեղը, Մինասյանին ասաց․ «Դե հակադարձեք, պարոն Մինասյան»։ «Նախ արձանագրենք, որ այդ ժամանակ ես եղել եմ պատգամավոր, այո, ես էլ եմ կողմ քվեարկել, առանձին դրվագներում, ինչպես կողմ է քվեարկել հետագայում նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր»,-արձագանքելով՝ ասաց Արծվիկ Մինասյանը։ Ըստ պատգամավորի՝ միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, երբ ներպետական վարչատարածքային օրենքը հիմք դառնա արտաքին սահմանների համար․ «Ավելին ասեմ՝ վարչատարածքային բաժանման մասին նույնիսկ այսօրվա գործող օրենքով ձևակերպված է՝ Գորիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում, նկարագիր՝ պետական սահմանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչու՞ այս ամբիոնից դուք չեք բարձրաձայնում, որ ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մեկ և դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանն է։ Եթե այդ օրենքն եք վկայակոչում, այս նորմը վկայակոչեք։ Ինչու՞ եք ուզում անպայման ինչ-որ բան նախկինների վրա բարդել, չի եղել այդպիսի բան, այդպիսի թեմա չի եղել»։ Ռուբինյանը, ավելի ուշ արձագանքելով Արծվիկ Մինասյանին ասաց, որ փորձել է ճշտել, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի լրացումները, որոնց մասին ընթանում է քննարկումը, երբ են ընդունվել․ «Դրանք ընդունվել են 2009 թվականին, ես չեմ հասկանում՝ ինչպես կարող էր այն ժամանակ պատգամավոր չեղած Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կողմ քվեարկել այդ լրացումներին»։
12:39 - 05 հոկտեմբերի, 2021
ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև

ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև

Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։   «Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագհը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից) մեզ հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով “Լեռնային Ղարաբաղի հակամարտություն” բառակապակցությունը, ինչը շատ կարևոր է։ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ քվեարկեցին բանաձևին։   Բանաձևի՝ մեզ համար կարևոր արձանագրումները հետևյալն են․ - Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:   - Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան): Այս կապակցությամբ Վեհաժողովը. - գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության;   - խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել;   - կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին;   - շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները;   - կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան;   - խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնավոր մուտքի իրավունք; - վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին;     Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից նրանց, ովքեր մնացել կամ վերադարձել են, Վեհաժողովը.   - խորապես ափսոսում է տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով, այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները;   - հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով;   - կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կրակոցների կանոնավոր հնչելու կապակցությամբ;   - նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով;   - կոչ է անում ներգրավված բոլոր պետություններին ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:     Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ։   - դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշայում/ Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը;   - նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ;   - իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող "Կովկաս-Ալբանական" ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է "հայկական" մշակութային ժառանգություն;   - առաջարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է "Կովկասյան ալբանացիների" ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից; Ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից;   -Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված, «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում;   - Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն;   - Ուստի, Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։
22:06 - 27 սեպտեմբերի, 2021
Բացասական է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանը բերման ենթարկեց, դրական էր, որ մեկուկես օր անց վերադարձրեց․ Ռուբեն Ռուբինյան |armenpress.am|

Բացասական է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանը բերման ենթարկեց, դրական էր, որ մեկուկես օր անց վերադարձրեց․ Ռուբեն Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ թեև տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, բայց որոշվել է Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել: Այս որոշումը քաղաքական և հանրային դաշտում շատերին վրդովեցրեց, պահանջում էին չեղարկել սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը՝ հատկապես, որ վարչապետն իր խոսքում միջոցառումն անվանել էր «գունագեղ»: Այնուամենայնիվ, սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնը նշվեց Հանրապետության հրապարակում: Վարչապետի խոսքով՝ այն առաջին հերթին նվիրված էր ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Թեմայի շուրջ խոսել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Անդրադարձել ենք նաև խաղաղության դարաշրջան բացելու տեսլականին:  – Պարոն Ռուբինյան, վերջին շրջանում շատ էր քննարկվում պատերազմից հետո անկախության տոնը նշել-չնշելու հարցը: Ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցած միջոցառումը։  – Կարծում եմ, ճիշտ որոշում էր Անկախության 30-ամյակն այսպես նշելը, որովհետև, ի վերջո, ոչ միայն այս երեսուն տարիների, այլ նաև նախորդած մի քանի դարերի մեր բոլոր զրկանքները հենց անկախության համար են եղել: Գտնում եմ՝ նման քննարկումներ ընդհանրապես պիտի չլինեին: Մենք չպիտի թույլ տանք, որ որևէ զրկանք, որևէ կորուստ սասանի մեր հաստատակամությունը՝ կառուցելու ազատ և անկախ հայրենիք: Մեր նախնիները հարյուրամյակներով պայքարել են այն բանի համար, որ մենք այսօր կարողանանք ունենալ և նշել այս օրը, և կարծում եմ,  երեկվա միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին։ – Հիմա շատ է խոսվում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք անընդհատ տեսնում ենք միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում, թե որքանով է դա հնարավոր, հենց թեկուզ Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանiի մոտ տեղի ունեցած միջադեպը: - Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով:
12:05 - 22 սեպտեմբերի, 2021
Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 17-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այդ համատեքստում կարևորել է մշակութային, գիտակրթական, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ իրենց համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն ու բարեկամական կապը: Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբն ԱԺ ամենամեծ և ակտիվ խմբերից մեկն է: Նա պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր: Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը  և Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
16:11 - 17 օգոստոսի, 2021
Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Դուք գիտեք՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ ես երբեք պատասխանատվությունից խուսափող տեսակ չեմ։ Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։ Վերջինս հարցրել էր, թե արդյո՞ք Թովմասյանը պատասխանատվություն կրում 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» դաշինքի գործողությունների համար մինչև 2020թ․ նոյեմբեր, երբ Թոմվասյանը դուրս եկավ խմբակցությունից։ «Դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում և ընդհանրապես հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խմբակցությունը ընդհանրապես տեղյակ չի եղել կամ գոնե ես՝ խմբակցության ներկայացուցիչս, տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության, դրա տրամաբանության, դրա հիմնավորումների մասին։ Եվ եթե տեղյակ չեմ, բնականաբար չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Արձագանքելով պատասխանին՝ Ռուբինյանը հարցրեց, թե արդյո՞ք Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից տեղյակ է ամբողջապես։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ նշեց․ ««Պատիվ ունեմ» խմբակցությունը նոր է ձևավորվել, ավելի այլ ավանդույթներով և խմբակցությունը, ուզում եմ հատուկ ընդգծել, ոչ ընդդիմադիր խմբակցություն է, և պատասխանատվությունը ընդդիմադիր խմբ պատգամավորների դեպքում այլ է։ Բնականաբար ես կրում եմ նաև պատասխանատվություն պատգամավորական այս գործունեության համար»։
11:00 - 12 օգոստոսի, 2021
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը չի դադարել հոկտեմբերի 19-ին, ինչի հնարավորության մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուբինյանն ընդգծեց, որ Հայաստանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին համաձայնվել է դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել, որով պետք է նաև տեղի ունենար փախստականների վերադարձ Շուշի: «Նախ պետք է հիշեցնեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն է եղել` հոկտեմբերի 10-ին, որը Մոսկվայում տեղի ունեցավ, բայց չպահվեց: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը չէր պատրաստվում պահել հրադադարը: Հաջորդը եղավ հոկտեմբերի 16-ին արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, կրկին չպահվեց, հաջորդը արդեն հոկտեմբերի 26-ին էր ԱՄՆ-ում, որը կրկին չպահվեց»,- ասաց Ռուբինյանը: Ռուբինյանը պատմեց, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը: «Հնչել են մտքեր, որ կարելի է դիտարկել ռուսական առաջարկների հիման վրա (նկատի չունեմ նոր առաջարկներ) պատերազմը դադարեցնելու հարցը, այսինքն` շրջանների հանձնմամբ: Հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնել է դրան: Իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, որովհետև Ադրբեջանը առաջ է քաշել նոր պայման, որ պետք է նաև տեղի ունենա փախստականների վերադարձ Շուշի: Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, մարդիկ են որոշում Արցախի կարգավիճակը: Ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ, որում կա Շուշի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, պրակտիկորեն կնշանակեր՝ ոչ հայկական վերահսկողությամբ Շուշի:  Հայաստանը պատերազմի ընթացքում բազմիցս փորձել է կանգնեցնել պատերազմը, և ամեն անգամ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով, ոչ թե Հայաստանի»,- եզրափակեց Ռուբինյանը:
13:46 - 11 օգոստոսի, 2021