ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել  Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Հոունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ: Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի հույն  ներկայացուցչին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։ Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Պապադիմուլիսը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։ Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունել է  Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատել է  իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:
12:17 - 08 ապրիլի, 2022
Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ ՀՀ-ն հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ

Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ ՀՀ-ն հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ առցանց ձևաչափով: Մնացական Սաֆարյանը հանդես է եկել բացման խոսքով: Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Չինաստանի հասարակական գիտությունների գլխավոր քարտուղար Ճաո Ցին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը, ՇՀԿ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Շըն Վեյը։ Ողջույնի խոսքերում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների 30-ամյա ուղուն, արձանագրված հաջողություններին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ.Սաֆարյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իր ստանձնած պարտավորություններին: Ընդգծվել է, որ անվտանգությունն ու խաղաղությունը կարող են ապահովվել միայն ներգրավված բոլոր կողմերի ջանքերով և կամքով։ Գիտաժողովը շարունակվել է երկու երկրների հետազոտողների զեկույցներով երկկողմ հարաբերությունների և դրանց վրա անմիջական ազդեցություն ունեցող թեմաների վերաբերյալ։
19:54 - 07 ապրիլի, 2022
Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են. Արարատ Միրզոյան

Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է ՀՀ և ՉԺՀ միջպետական համագործակցության հարուստ պատմական հիմքը՝ նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ արձանագրելով բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ քաղաքական, անվտանգության, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի փոխայցելությունները, լայն իրավապայմանագրային դաշտը, սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների կանոնավոր շփումներն ու համագործակցությունը, ինչպես նաև ամուր միջանձնային կապերը։ ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, վստահ առաջընթաց է արձանագրվում համագործակցության տարբեր ոլորտներում։ ՉԺՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև միմյանց առանցքային հետաքրքրություններին վերաբերող՝ ՀՀ և ՉԺՀ փոխադարձ աջակցության փաստը։
17:57 - 06 ապրիլի, 2022
Երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել. Արարատ Միրզոյանը՝ Իսրայելի ԱԳ նախարարին

Երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել. Արարատ Միրզոյանը՝ Իսրայելի ԱԳ նախարարին

Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայել Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները նոր մեկնարկ են հաղորդել հայ-իսրայելական համագործակցությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակները մատնանշվել էին բազմաթիվ կարևոր իրադարձություններով, և երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել։ Նա վստահություն է հայտնել, որ ապագա համագործակցությունը կլինի փոխադարձ վստահությամբ և հարգանքով։ Իր նամակում, Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը նշել է, որ իսրայելա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարելիցը նոր հնարավորություն է տալիս ամփոփելու մեր ընդհանուր ձեռքբերումները և նայելու առաջ՝ համագործակության տարբեր ոլորտներում մեր միասնական նպատակներն իրականացնելու համար։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը կարևորել է մեր երկու երկրների բաց և ուղիղ երկխոսության առկայությունը և վստահություն հայտնել զարգացնելու համագործակցությունը՝ ողջ ներուժն իրացնելու համար։
19:18 - 04 ապրիլի, 2022
ԱԳ նախարարը և ՀՀ-ՄԹ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարը և ՀՀ-ՄԹ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի կողմից գրանցած ժողովրդավարական առաջընթացը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացը, և այս համատեքստում գնահատել է Միացյալ Թագավորության աջակցությունը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները: Արարատ Միրզոյանը կարևորել է բրիտանացի խորհրդարանականների ջանքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած մարդու իրավունքների խախտումների և վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրանց մարդասիրական հետևանքների դատապարտմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության սատարմանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցություններ սկսելու կարևորությունը՝ ուղղված համապարփակ վերջնական կարգավորմանը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը։ Հյուրերի խնդրանքով՝ նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:    
16:23 - 04 ապրիլի, 2022
Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին. ԱԳ նախարար Լուիջի դի Մայո

 |armenpress.am|

Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին. ԱԳ նախարար Լուիջի դի Մայո |armenpress.am|

armenpress.am: Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին:  Այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն: Նախարարը վերահաստատեց իր երկրի խորը համերաշխությունը հակամարտության բազմաթիվ զոհերին՝ ընդգծելով, որ Իտալիան պատրաստակամ է աջակցելու քաղաքացիական բնակչությանը: «Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի ուղիղ շփումներին և վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծմանը՝ լուծում, որը երաշխավորում է խաղաղության և կայունության հեռանկարը կովկասյան ողջ տարածաշրջանում, որն իսկապես ռազմավարական խաչմերուկ է ողջ Եվրոպայի համար»,- հայտարարեց Իտալիայի ԱԳՆ ղեկավարը: Այս համատեքստում, ըստ Լուիջի դի Մայոյի, Իտալիան մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրը արժեքավոր հնարավորություն է Բրյուսելի և Երևանի միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ պատճառով մենք աջակցում ենք այն հավակնոտ ֆինանսական միջոցառումներին, որոնք Եվրամիությունը առաջարկել է՝ խթանելու օրենքի գերակայությունը, բարեփոխումները և նպաստելու երկրում սոցիալ-տնտեսական աճին», - հավելեց Իտալիայի արտգործնախարարը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո: Նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանը առաջարկներ է փոխանցել հայկական կողմին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք Հայաստանը համարել է ընդունելի, բայց ոչ ամբողջական: Այդ պատճառով հայկական կողմը լրացրել է Բաքվի առաջարկները իր առաջարկներով: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Ապրիլի 3-ի առավոտյան նախարարը իրեն ուղեկցող պատվիրակության հետ միասին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
15:37 - 03 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքումը

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երկրների փոխշահավետ համագործակցությանը։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված հարուստ ավանդույթների, պատմական շփումների, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ։ Արձանագրել ենք, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում, և երկուստեք հավաստիացրել ենք, որ հետաքրքրված ենք այս ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալներն էլ ավելի ավելացնելու մեջ: Հարկ եմ համարում նշել, որ այնուամենայնիվ, թեև կա պատրաստակամություն և առկա կապեր, տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ, և ինչպես ասացի, այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Ի դեպ, պարո՛ն նախարար, վերջին անգամ 2017թ․-ին է հանձնաժողովը հավաքվել։ Կարծում եմ՝ կարող ենք քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ։ Իտալիայի իմ գործընկերոջ հետ այսօր անդրադարձել ենք  նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին, Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։ Ողջունելի է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեությունն ու դրա ընդլայնումը։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր հանգամանալից անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցրերի։ Ես  ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքներով ստեղծված իրավիճակը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին: Եվ այս առումով ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում՝ խաղաղության պայմանագիր կնքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում։ Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։  Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմից հետո առաջացած և դեռ չլուծված  հումանիտար խնդիրներին, և առաջին հերթին, բնականաբար, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը, և բարձր ենք գնահատում այս առումով Իտալիայի խորհրդարանի կողմից անցած տարի մարտին ընդունված բանաձևը։ Անշուշտ, շարունակում է մտահոգիչ մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը: Պետք է ընդգծեմ, որ ինչպես և նախկինում, այժմ ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային այցը այս առաքելությամբ շարունակում է խիստ պահանջված մնալ։  Ողջունում ենք նաև Արցախի և նրա ժողովրդի պաշտպանությանն ուղղված Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը։ Հարգելի՛ պարոն Դի Մայո, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը փոխանցում եմ Ձեզ։ Շնորհակալություն»։
13:58 - 03 ապրիլի, 2022
ՌԴ-ին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն․  ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

ՌԴ-ին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն․ ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա՝ առանձնանշելով դրանք խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ դեպի 21-րդ դար միտված դաշնակցային  փոխգործակցության ոգուն համահունչ: Նախարար Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ երկու երկրների դիվանագիտական ծառայությունների սերտ փոխհամագործակցությունը հետայսու ևս միտված է լինելու միջպետական հարաբերությունների ոլորտներում ՀՀ և ՌԴ դաշնակցության առավել խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ 30-ամյա հոբելյանը կարևոր հանգրվան է երկու երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման համար: Երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն, որն ընդգրկում է ուղղությունների ամենալայն շրջանակ: Ստեղծվել է երկկողմ համագործակցության իրավապայմանագրային պատկառելի հենք, ձևավորվել են վերջինիս հետևողական առաջմղման արդյունավետ մեխանիզմներ: Նախարար Լավրովը վստահություն է հայտնել, որ այս հոբելյանը նոր խթան կհաղորդի արգասաբեր գործընկերության հետագա ընդլայնմանը:
12:52 - 03 ապրիլի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավման հարցը համարում է հրատապ

 |armenpress.am|

ՀՀ ԱԳ նախարարը ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավման հարցը համարում է հրատապ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը համընկավ եվրոպական տարածաշրջանի անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ: Այս մասին Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հասկանալի է, որ այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար: Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Ղարաբաղի տարածք ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ: Այդ ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը: Ադրբեջանը խափանել էր ԼՂ-ի կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը խստաշունչ եղանակային պայմաններում»,-ասաց Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ ներխուժումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Նրա խոսքով՝ այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության  հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար: «Մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի»,-ասաց Արարատ Միրզոյանը:  
14:13 - 01 ապրիլի, 2022
«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|

«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում», - այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։ Շեշտելով մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանտվության տակ գտնվող Փառուխ գյուղ, հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակոռուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող կրակահերթերը, Արցախի միակ գազատարը խափանելը՝ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը հրամայական է, իսկ ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանը բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ շեշտելով․ - «Մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առաջիկայում այնուամենայնիվ կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայամանգիր կնքելու նպատակով։ Մենք հետևողական ենք այս հարցում»։ Զբիգնև Ռաուին իր հերթին վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար՝ մտահոգություն հայտնելով՝ «տարաշարջանում իրավիճակը մնում է անկայուն»։
14:01 - 01 ապրիլի, 2022
Եգիպտոսի նախագահը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել

Եգիպտոսի նախագահը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։  ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։ Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդը նշել է, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։ Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր է գնահատել հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։
13:24 - 01 ապրիլի, 2022