Կորոնավիրուս

Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ

Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ

Մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝   12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թեստավորման հետ կապված մեկանգամյա օգտագործման պարագաներ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համար, թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային սարքավորումներ, օդափոխիչներ, ախտորոշիչ և բուժման ընթացքի համար էական այլ սարքավորումներ բուժհաստատությունների համար, անհատական պաշտպանության միջոցներ՝ KN95 տիպի դիմակներ, վիրաբուժական դիմակներ, արտահագուստ, պաշտպանիչ ակնոցներ առաջնային գծի բուժաշխատողների համար, ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ բուժհաստատությունների համար, ուսուցում և տեխնիկական աջակցություն COVID-19-ին առնչվող աշխատանքներում ընթացակարգերի ձևավորման, կառավարման, լաբորատոր ու կլինիկական հարցերում ներգրավված անձնակազմի համար, աջակցություն COVID-19 համավարակին արձագանքելու հարցում Ֆրանսիայից բժիշկների 7 հոգանոց խմբի այցի կազմակերպմանն աջակցելու նպատակով, աջակցություն ՀՀ կառավարությանը ճգնաժամային հաղորդակցության կազմակերպման, մասնավորապես` համապատասխան նյութերի մշակման, տարածման և հաղորդակցության սարքավորումների ապահովման հարցում, հոգեբանական, պարենային և ոչ-պարենային աջակցություն խոցելի անձանց, COVID-19-ի հետ կապված տեղեկատվության, այդ թվում՝ ապացույցների վրա հիմնված տեղեկությունների տարածում՝ միտված պատվաստումների խթանմանը։ «Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից», - ասել է դեսպան Թրեյսին։
11:27 - 14 մարտի, 2022
Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար. ԱՆ

Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար. ԱՆ

Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)) մահացությունը կազմում է շուրջ 70%։ Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով (ծխախոտի օգտագործում, անառողջ սննդակարգ, կերակրի աղի չարաշահում, ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական թերակտիվություն և այլն)։ Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային հիպերտենզիայի, կաթվածների առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման և ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 -="" :="" p=""> STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում: Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝  աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում  հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը: Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:49 - 07 մարտի, 2022
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 83 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժում է ստանում 41 բուժառու:     Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9809 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3023 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:   «Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:  
14:14 - 06 մարտի, 2022