Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Կապահովվի Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը

Կապահովվի Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նախագիծ, որով կիրականացվի Տավուշի, Շիրակի  և Գեղարքունիքի մարզերում  առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի գույքային իրավունքների գրանցումը և շահագործման հանձնումը: Ըստ կառավարության՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորած է ՀՀ-ի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի փոխառության համաձայնագրերով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման կիրարկումը կապահովի  Տավուշի, Շիրակի  և Գեղարքունիքի մարզերում կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:
11:10 - 07 հոկտեմբերի, 2021
Տավուշի մարզպետը հետևել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին

Տավուշի մարզպետը հետևել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։ Մարզպետը Բերդավանում ծանոթացել է նաև բերդավանցի զոհված տղաներին նվիրված հուշահամալիրի կառուցման աշխատանքներին: Կառավարության կողմից 2021թ. համայնքներին տրամադրվող սուբվենցիոն ծրագրով և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ Բաղանիսում շարունակվում են մոտ 400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի: Ասֆալտապատվում է Բերդավանի 180 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ներհամայնքային փողոցը:
10:05 - 13 սեպտեմբերի, 2021
Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ

Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ

ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու, թե Ոսկեպարում քանի ռուս սահմանապահ է տեղակայված, ինչ գործառույթ են նրանք իրականացնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և, ի վերջո,  թե  Տավուշի մյուս որ բնակավայրերում է նախատեսվում  ռուս զինվորականների տեղակայում։։  2021 թվականի օգոստոսի 3-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ռուս զինվորականներ են տեղակայվում Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում։ Նույն օրը Infocom-ը փորձեց տեղեկություն ստանալ պաշտոնական աղբյուրներից և տեղական ինքնակառավարման մարմիններից, սակայն ապարդյուն։ Մասնավորապես, օգոստոսի 3-ին կապ հաստատեցինք Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։  Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չմեկնաբանեց շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։ Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվեցին նաև օգոստոսի 5-ին։ Նույն օրը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները։ Անպատասխան մնացին ՊՆ և ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերը։  Նույն օրը 16:30-ի սահմաններում Infocom-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Վարչապետը կառավարության նիստի ժամանակ այդ միտքը արտահատել է, ես այդքանը գիտեմ։ Ես սահմանափակ տեղեկատվության եմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ոչ քանակ, ոչ տեղակայման վայր»։ Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղակայման մասին է խոսքը, Ղալումյանը պատասխանեց․ «Մոնիթորինգ իրականացնելու նպատակով են, մարդիկ պետք է մնալու տեղ ունենան։ Այդքանը կարամ ասեմ։ Այլ տեղեկություններ չունեմ, դիմեցեք ՊՆ»։  Օգոստոսի 5-ի երեկոյան միայն Պաշտպանության նախարարությունը արձագանքեց տարածվող լուրերին և հայտնեց, որ Ոսկեպարում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ ՊՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։ Հայտարարությունից հետո պետական գերատեսչություններից որևէ այլ մեկնաբանություն չի հնչել։ Infocom.am-ը փորձեց ՊՆ-ից պարզել՝ արդյոք ռուս զինվորականները օգոստոսի 31-ի դրությամբ տեղակայվա՞ծ են Ոսկեպարում, թե ոչ, ինչ գործառույթ են իրականանցնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և արդյոք Տավուշի մարզի այլ համայնքներում նախատեսվո՞ւմ է ռուս զինծառայողների տեղակայում, թե ոչ։  Մեր հարցմանն ի պատասխան սեպտեմբերի 7-ին նախարարությունից հայտնել են, որ հայցված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ է պետք, ուստի տեղեկությունը կտրվի 30-օրյա ժամկետում։   Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։  Ի հավելումն այս ամենի, նշենք, որ օգոստոսի 11-ին hetq.am-ի հետ զրույցում Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում նույնպես ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն։  Ասպրամ Փարսադանյան
18:20 - 08 սեպտեմբերի, 2021
Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով․ միավորային գնահատման փոխարեն որոշ դասարաններում կգործի ընթացիկ, ձևավորող գնահատման մեթոդը․Ինգա Վարդանյան

Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով․ միավորային գնահատման փոխարեն որոշ դասարաններում կգործի ընթացիկ, ձևավորող գնահատման մեթոդը․Ինգա Վարդանյան

2021-2022 ուսումնական տարվա համար Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) ներդրել է կրթական նոր չափորոշիչներ։  Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաեւ դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից՝ այսօրվանից, կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների եւ սովորողների համար։ Մյուս դասարաները, ինչպես Տավուշում, այնպես էլ ՀՀ մնացյալ դպրոցներում, շարունակելու են աշխատել գործող չափորոշիչով։ Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամն իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում։ Օգոստոսի 17-ի տվյալներով վերապատրաստվել է 2-րդ դասարանում դասավանդող 90 դասվար եւ 7-րդ, 10-րդ դասարանների պատմության 128 ուսուցիչ: Ձեռնարկվող փոփոխությունների, հնարավոր ռիսկերի եւ առավելությունների մասին infocom.am-ը զրուցել է վերապատրաստումն իրականացնող Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի պետ Ինգա Վարդանյանի հետ։  Վերջինիս խոսքով՝ եթե մինչ այս շեշտադարում էին գիտելիքը, ապա հիմա կարեւորում են նաեւ կարողությունների ձեւավորումը․ «Այսինքն՝ դրանք այն գիտելիքներն են, որոնք գործողության մեջ աշակերտը եւ հետո քաղաքացին կկարողանա ներդնել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչ վերաբերվում է գնահատման չափանիշներին՝ այս որոշումը գործածության մեջ դնելուց հետո անբավարար գնահատական չի լինելու։ Այսինքն՝ երբ հիմա ասում ենք, որ 1-3 նիշը անբավարար է, դա արդեն չի լինելու, երեխան վաստակում է այնքան, ինչքան ինքը կարողանում է»։ Վարդանյանը մանրամասնեց, որ երկրորդ փոփոխությամբ միավորային գնահատականը հանվում է առաջին դասարանից մինչեւ հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ, այսինքն՝ աշակերտները սկսելու են միավորային գնահատական ստանալ հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, իսկ այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի լինելու, իրականացվելու է ընթացիկ գնահատում ձեւավորող գնահատում, աշակերտի բնութագրիչներ եւ մի շարք այլ գործիքներ են կիրառվելու։ Անդրադառնալով դասաժամերի փոփոխությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցների երկրորդ դասարաններում դասավանդող ուսուցիչները դասավանդելու են 18 ժամ՝ 22-ի փոխարեն, եւ դա համարվելու է մեկ դրույք։ Պատճառն այն է, որ  միավորային գնահատման փոխարեն ներդրված ձեւավորող գնահատումը աշխատատար պրոցես է, այդ պատճառով ուսուցիչներին հատկացվել են լրացուցիչ ժամեր։ «Մնացած դասարաններում՝ 5-րդ, 7-րդ եւ 10-րդ, 20 ժամն է համարվելու մեկ դրույք, որովհետեւ բավականին ժամանակատար գործեր են անում ուսուցիչները՝ նախագծեր, նախագծի գնահատում և այլն, այդ իսկ պատճառով եւս երկու պահուստային ժամ ենք տվել ուսուցիչներին։ Ստացվում է, որ ոչ թե 22 դասաժամն է մեկ դրույք համարվելու, այլ՝ երկրորդ դասարանում՝ 18, իսկ ավելի բարձր դասարաններում՝ 20 ժամը, բայց ոչ թե ուսուցիչը 2 ժամ շուտ է գնալու տուն, այլ ինքն այդ ժամերին լինելու է դպրոցում, որպեսզի կարողանա ձեւավորող գնահատումն իրականացնել։ Ուսուցիչը 4 ժամ քիչ է դասավանդում, բայց վճարվում է մեկ դրույքի չափով, աշխատավարձի կրճատման մասին երբեւէ խոսք չի եղել»,- հավելեց Վարդանյանը։ Ըստ մասնագետի՝ այն գնահատումը, որն իրականացնելու են ուսուցիչները 2-րդ դասարանում, կհանգեցնի նրան, որ ծնողները կհասկանան, որ ոչ թե ուսուցիչն ուղղակի գնահատական է դրել, այլ գնահատել են երեխայի աճը՝ իր նկատմամբ։ Երբ ասում են գնահատական չկա, չի նշանակում, որ ծնողը չի իմանալու, թե իր երեխան ինչպես է սովորում։ Վարդանյանի խոսքով՝ բազմաթիվ գործիքներ են մշակված, որպեսզի ուսուցիչների համար հեշտ լինի։ «Դրանք նաեւ ծնողների համար են, ծնողը հստակ պատկերացնում է, թե երեխան ինչպիսի առաջընթաց ունի, ոչ թե դատատավճռի նման գնահատականը դրվեց եւ վերջ: Հարցը հենց ընթացքին է վերաբերվում, ընթացիկ գնահատումն է, որ շատ կարեւոր է երեխայի անձի զարգացման համար։ Երբ ծնողները, մեր հասարակությունը հասկանան, որ երախային ոչ թե պետք է հարցնեն՝ ի՞նչ ես ստացել, այլ՝ ի՞նչ ես սովորել, դրանով շատ խնդիրներ լուծված կլինեն։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ միավորային գնահատումը շատ ավելի արագ էր տեղի ունենում, քան ձեւավորող եւ ընթացիկ գնահատումը, այ հենց դրա համար է, որ լրացուցիչ ժամով բեռնաթափվել է ուսուցիչը, որպեսզի կարողանա հանգիստ խղճով իր աշխատանքը կատարել»,- մանրամասնեց Վարդանյանը՝ նշելով, որ չնայած  բնութագրով գնահատումը ուսուցչից շատ մեծ ժամանակ է խլում, այնուամենայնիվ ծնողին եւ հետագա ուսուցիչներին տալիս է հնարավորություն՝ հասկանալու երեխայի զարգացման աճը բոլոր ոլորտներում։ Այդ մեթոդը կիրառվելու է առաջին դասարանից մինչեւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ Մեր զրուցակիցը մանրամասնեց, թե ինչու է հենց հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը․ ըստ մասնագետի մեկնաբանության՝ երեխան դասվարական օղակից անցում է կատարում միջին օղակ, եւ նրա համար դա սթրես է, որովհետեւ նախկինում ճանաչել է միայն իր դասվարին եւ մի քանի հարակից առարկաների ուսուցիչների, իսկ հիմա բոլոր առարկաները դասավանդում են տարբեր ուսուցիչներ, եւ միշտ չէ, որ առարկայական ուսուցիչը կարողանում է միանգամից ճանաչել աշակերտին։ «Չէ՞ որ երեխան պետք է զարգանա, բացվի, ուսուցչին ընդունի, որ կարողանա իր բոլոր ունակությունները ցույց տալ, դրա համար ընտրվել է այդ ժամանակը։ Հնարավորություն է տրվում, որ ուսուցիչն ու աշակերտները ճանաչեն իրար, հետո նոր հնարավոր լինի գնահատական դնել։ Հիմա, հասկանալով, որ դա ժամանակատար աշխատանք է, բայց շատ կարեւոր եւ շատ ինֆորմատիվ աշխատանք, մենք տալիս ենք այդ հնարավորությունը։ Բացի դրանից՝ ապրիլից հրապարակված են գնահատման չափանիշներին համապատասխան գործիքները։ Գործիք ասելով՝ նկատի ունեմ հարցադրումներ, հարցարաններ, թեստեր եւ այլն, որ ուսուցիչները ծանոթանային ամռան ընթացքում՝ սեպտեմբերին կիրառելու համար»,- ներկայացրեց Վարդանյանը՝ հավելելով, որ բարձր դասարաններում միավորային գնահատումը պահպանվում է։ Այս տարի միայն Տավուշի մարզի երկրորդ դասարանում է, որ գնահատման կարգը փոխվելու է։ Վարդանյանը տեղեկացրեց, որ վերապատրաստումները լինելու են շարունակական, երկու ամիսը մեկ հիմնադրամի ներկայացուցիչները այցելելու են Տավուշի մարզի տարբեր դպրոցներ, իրականացնելու են դասալսումներ, եւ ամբողջ իմաստն այն է լինելու, որ ուսուցիչների կողմից վեր հանվեն թերությունները, պրոբլեմները, որպեսզի դրանք շտկվեն ու լուծվեն, այլ ոչ թե ուղղակի մատնանշվեն։ «Մենք վերապատրաստել ենք ուսուցիչներին եւ բոլորին խնդրել ենք, որ ամեն անգամ դասը վարելուց հետո ունենան հետադարձ կապի թերթիկներ, որոնց վրա գրեն, թե ինչ թերություններ իրենք նկատեցին, որ մենք կարողանանք հասկանալ՝ այդ խնդիրը համակարգայի՞ն է, թե՞ տվյալ դասարանի հետ է կապված, կամ չափորոշչի, որպեսզի մենք կարողանանք վերլուծել ու լուծում տալ, որովհետև այդ չափորոշիչները հիմա փորձարկման համար են նախատեսված։ Մեծամասամբ կարեւոր է հետադարձ կապը, որ ճիշտ փոփոխություններ, լրամշակումներ անենք»,- ասաց Վարդանյանը։  Մեր այն հարցին, թե փոփոխությունների վերաբերյալ ինչ անհանգստություններ են հայտնել ուսուցիչները, Վարդանյանը պատասխանեց, որ հիմնական անհանգստությունն այն է, թե արդյոք իրենց մոտ կստացվի՞, քանի որ շատ մեծ պատասխանատվություն է, մեծ գործ է սկսվում, եւ ուսուցիչները շատ լավ հասկանում են, որ իրենց լավ արված աշխատանքի արդյունքում է ճիշտ չափորոշիչ ձեւավորվելու։ Վարդանյանի խոսքով՝ երբ չափորոշիչը ընդունվի դժվար է լինելու փոփոխություն կատարել, իսկ հիմա հնարավորություն կա, որ ուսուցիչն ինքը, որոշ ժամանակ ճիշտ ընտրություններ կատարելով, կարողանա այսպիսի փաստաթուղթ ձեւավորել, որը հետո մեծ դժգոհություններ չառաջացնի։ «Սա շատ կարեւոր կետ է, որ այս պարտականությունը հենց ուսուցիչներին է, որովհետեւ իրենք են ամեն օր դասարան մտնում եւ իրենք կկարողանան ճիշտ փաստաթուղթ ձեւավորել։ Փորձարկման իմաստը հենց դա է, որ այս գործըթնացներից հետո ՀՀ բոլոր դպրոցներում ընդունվի այս փոփոխությունը, բայց սա փորձարկվելու է նաեւ մյուս տարի, արդեն 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 11-րդ դասարաներում, այսինքն՝ դեռ փորձարկվելու է, որ հասկանանք՝ ինչ արձագանք ունենք։ Լուծումների մասին հիմա դժվարանում եմ խոսել, որովհետեւ մինչեւ մենք չհավաքագրենք արձագանքները, չտանք մշակված եւ համակարգված կարգավիճակ, մենք չենք կարող ասել, թե ինչ ունենք»,- եզրափակեց վերապատրաստումն իրականացնող Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամ ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի պետ Ինգա Վարդանյանը։ Ասպրամ Փարսադանյան
16:34 - 01 սեպտեմբերի, 2021
100 մլն դրամ՝ Տավուշի Կիրանց գյուղի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար |hetq.am|

100 մլն դրամ՝ Տավուշի Կիրանց գյուղի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար |hetq.am|

hetq.am: ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Համաձայն նախագծի հիմնավորման՝ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ընդգրկվելու համար: Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշմամբ 81 մլն 770.4 հազար դրամ գումար էր հատկացվել, սակայն գնման գործընթացով պայմանավորված աշխատանքները հնարավոր չի եղել սկսել (գնման պայմանագիրը չի կնքվել)։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ 2021 թվականի հուլիսի 20-ին կնքվել է շուրջ 615 մլն դրամի չափով պայմանագիր՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Կնքված պայմանագիրը ենթակա է լուծման, եթե դրա կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Հետևաբար, քանի որ նշյալ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 20.01.2022թ.-ին, ՀՀ կառավարությունը հատկացրել է համապատասխան ֆինանսավորում` դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Շինարարական աշխատանքները կիրականացվեն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ: Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորմամբ 2021 թվականին նախատեսվում է իրականացնել մոդուլային 20 դպրոցի և 10 մանկապարտեզի շինարարական աշխատանքներ: Նշենք, որ  «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ներառված դպրոցներն ընտրելիս հաշվի է առնվում այն, որ դպրոցը բնակավայրում միակը լինի, դրանում  սովորեն մինչև 100 աշակերտ: Բացի դրանից, սեյսմակայունության խնդրի պատճառով շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, իսկ դպրոցի տեղակայման վայրում առկա է մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաև ապաստարաններով:
17:46 - 18 օգոստոսի, 2021
Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ |hetq.am|

Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ |hetq.am|

hetq.am: Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն էր։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ գործընթացի իրականացման՝ հայկական կողմից իրավասու մարմինը Պաշտպանության նախարարությունն է, սակայն ԱԳՆ-ն ևս իր մասով մասնակցություն ունի դրան։  Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա։  Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Հետք»-ը գրել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:47 - 18 օգոստոսի, 2021
«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ՝ օգոստոսի 8-ին, այցելել են Տավուշի մարզ, հանդիպել Ազատամուտ, Այգեհովիտ, Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս համայնքների բնակիչներին։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է․   «Այցը պայմանավորված էր հիմնականում մարզի մի շարք համայնքների հետ կապված մտահոգիչ տեղեկություններով։ Մասնավորապես, ակտիվորեն շրջանառվում է թեզը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից, որ մարզի որոշ համայնքներ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին և դա ներկայացնում են որպես Հայաստանում գտնվող ադրբեջանական տարածքների վերադարձ։ Տավուշցիները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հիմնականում բարձրաձայնել են այդ մտահոգությունները, խոսել սցենարի անթույլատրելիության մասին, քանի որ այդ դեպքում, այլ խնդիրներից զատ, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև M4 միջպետական նշանակության հայ-վրացական ճանապարհը։ Դաշինքի պատգամավորները վստահեցրել են, որ քաղաքացիների բոլոր խնդիրներն իրենց մշտական ուշադրության ներքո են, այդ թվում՝ սահմանների հարցը, Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները և անելու են հնարավորը՝ քաղաքացիների շահերը ամեն կերպ պաշտպանելու համար»։
18:14 - 09 օգոստոսի, 2021
Ռուս զինվորականները Ոսկեպարում են․ ՊՆ-ն եւ ՏԻՄ-ը խուսափում են մեկնաբանել

Ռուս զինվորականները Ոսկեպարում են․ ՊՆ-ն եւ ՏԻՄ-ը խուսափում են մեկնաբանել

Թարմացում․ Ժամը 16:30-ի սահմաններում Infocom-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Վարչապետը կառավարության նիստի ժամանակ այդ միտքը արտահատել է, ես այդքանը գիտեմ։ Ես սահմանափակ տեղեկատվության եմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ոչ քանակ, ոչ տեղակայման վայր»։ Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղակայման մասին է խոսքը, Ղալումյանը պատասխանեց․ «Մոնիտորինգ իրականացնելու նպատակով են, մարդիկ պետք է մնալու տեղ ունենան։ Այդքանը կարամ ասեմ։ Այլ տեղեկություններ չունեմ, դիմեցեք ՊՆ»։  Թարմացում․ ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել է՝ «իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ինչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չի պատասխանել և հեռախոսն անջատել է։ Սույն թվականի օգոստոսի 3-ին համացանցում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ռուս զինվորականները տեղակայվել են Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում։ Նույն օրը պաշտոնական աղբյուրներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից այս տեղեկության իսկությունը ճշտել չստացվեց։ Մասնավորապես, օգոստոսի 3-ին Infocom-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։  Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չէր մեկնաբանել շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։ Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվում են այսօր․ լուրերը հաստատեցին նաեւ Infocom-ի մի քանի աղբյուրներ, ուստի փորձեցինք մեկնաբանություն ստանալ իրավասու մարմիններից։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները՝ Infocom-ի հարցերին ի պատասխան՝ ուղղորդելով պաշտպանական գերատեսչություն։ Սակայն ՊՆ եւ ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերն այսօր անպատասխան մնացին, իսկ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը նորից առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։ Սա այն պարագայում, երբ վերջին շրջանում ՊՆ ուղարկած մեր՝ տասնյակի հասնող հարցումները որեւէ պատասխան չեն ստացել՝ չնայած անցել է դրանց պատասխանի համար օրենքով սահմանված ժամկետը։ 
17:02 - 05 օգոստոսի, 2021
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգենի շրջանի պատվիրակությանը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգենի շրջանի պատվիրակությանը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին` Բավարիայի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները: Կողմերը կարևորել են համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշին, շնորհակալություն հայտնել արդեն բարեհաջող իրականացված ծրագրերի համար, միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական: Հերբերտ Ունաշը նույնպես դրական է գնահատել կատարված աշխատանքները: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Տավուշ-Ռեգեն համագործակցությունը կամրապնդվի նոր ծրագրերով։ Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչները մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել են Իջևանի գինու, կոնյակի գործարան:Մարզպետարանը հիշեցնում է, որ դեռևս 2011 թվականին, ԴՎՎ ինթերնեյշընլի (DVV International in Armenia) նախաձեռնությամբ և միջնորդությամբ, Տավուշի մարզի և Ռեգենի շրջանի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության համատեքստում ստեղծվել է նաև «Տավուշի մարզի տուրզիմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն: Սրա գործառույթն է՝ տուրիզմի զարգացման համար միջհամայնքային համագործակցության հնարավորություններ ստեղծել ամբողջ մարզում։  
23:16 - 26 հուլիսի, 2021
Վերսկսվել են Տավուշ ամրոցի տարածքի պեղումները

Վերսկսվել են Տավուշ ամրոցի տարածքի պեղումները

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը:«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել»,- տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:Նրա խոսքով՝ հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:«Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը (հավանաբար 12-13-րդ դդ․): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը:Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:Նշենք, որ Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:
10:29 - 26 հուլիսի, 2021