ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցնելն իր արդյունքն է տալիս, դա նպաստում է ռուբլու ամրապնդմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր գործընկերների հետ առևտրում ազգային արժույթին՝ ռուբլուն, անցնելը նույնպես իրենն ասում է։ [...] Իրավիճակն օբյեկտիվորեն այնպես դասավորվեց, որ մենք դա արեցինք։ Ոչ ի վնաս մեր գործընկերների, ուզում եմ սա ընդգծել։ Ոչ ի վնաս մեր գործընկերների։ Կատարելով մեր բոլոր պարտավորությունները», - ասել է նա։ Պուտինը նաև նշել է, որ ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցներին․ «Ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր բարդություններին, ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցային հարվածին, բավականին արժանապատիվ ձևով է դիմանում։ Այս մասին են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»։ Նորա Վանյան
16:39 - 23 մայիսի, 2022
Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ

Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ

Լեհաստանն այսօր հայտարարել է, որ խզել է Յամալի գազատարով ռուսական գազ ստանալու պայմանագիրը Ռուսաստանի հետ։ Վարշավան մերժել էր գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը, ի պատասխան՝ Մոսկվան ապրիլին դադարեցրել էր գազի մատակարարումը, գրում է Reuters-ը։ Լեհաստանի կլիմայի հարցերի նախարար Աննա Մոսկվան, որն այս որոշման մասին հայտնել է Թվիթերում, լեհական PAP լրատվական գործակալությանն ասել է, որ Վարշավայի որոշումը չի ազդել լեհական ընկերության կառավարման ներքո գտնվող գազատարով Գերմանիայից Լեհաստան եկող գազի հոսքի վրա։ Ավելի վաղ Լեհաստանը հայտնել էր, որ մտադիր չէ երկարաձգել ռուսական գազի մատակարարման պայմանագիրը, որի ժամկետը լրանում էր 2022 թ-ի վերջին։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան հաստատել է լեհական կառավարության վճռական մոտեցման իրավացիությունը՝ ռուսական գազից լիովին անկախ դառնալու հարցում։ Մենք միշտ ենք իմացել, որ «Գազպրոմը» հուսալի գործընկեր չէ», - հայտարարել է Մոսկվան։ «Գազպրոմը» Reuters-ին չի մեկնաբանել այս հարցը։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունը կուսումնասիրի պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ Լեհաստանի որոշումը։ Նա նշել է, որ Լեհաստանի իշխանությունը Ռուսաստանի նկատմամբ «լպիրշ, խելագարության հասնող դիրքորոշում» է զբաղեցնում։ Նորա Վանյան
15:59 - 23 մայիսի, 2022
Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ

Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի իշխանությունն Իտալիայից ստացել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան։ Այժմ այդ պլանն ուսումնասիրման փուլում է, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն իր վերաբերմունքը պլանին կձևակերպի այն բանից հետո, երբ ավարտի դրա ուսումնասիրումը։ «Մենք այն վերջերս ենք ստացել, ուսումնասիրում ենք», - ասել է դիվանագետը։ Պլանի մանրամասները նա չի հաղորդել։ Իտալիայի իշխանության մշակած ռազմավարության մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ։ La Repubblica թերթը գրել էր, որ պլանը ներառում է հրադադարի հաստատում և ռուսական զորքերի լիակատար դուրսբերում, Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների աստիճանական չեղարկում, Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցություն և նրա կողմից հրաժարում ՆԱՏՕ-ին անդամացությունից, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի ստորագրում՝ Դոնբասի և Ղրիմի թերակղզու «վիճելի տարածքների» պատկանելիության մասին, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության մասին նոր պայմանագրի ստորագրում։ Այս ռազմավարությունը փոխանցվել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն նշել էր, որ իր երկրի մշակած պլանը թույլ կտա Թուրքիային ու Հնդկաստանին ներգրավել միջազգային կազմակերպությունների և միավորումների ջանքերին։ Մայիսի 19-ին Կրեմլը հայտնել էր, թե ծանոթ չէ Իտալիայի պլանին, սակայն «ողջունում է բոլոր նրանց մասնակցությունն, ովքեր կարող են նպաստել կարգավորմանը»։ Նորա Վանյան
15:31 - 23 մայիսի, 2022
Կիևի դատարանը ռուս զինվորականին դատապարտել է ցմահ ազատազրկման |factor.am|

Կիևի դատարանը ռուս զինվորականին դատապարտել է ցմահ ազատազրկման |factor.am|

factor.am: Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը մայիսի 23-ին ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին մեղավոր է ճանաչել Սումիի շրջանում քաղաքացիական անձի սպանության մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման։ Նա դարձել է առաջին ռուս զինվորականը, որը դատարանի առաջ է կանգնել ռազմական հանցագործությունների մեղադրանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Սերժանտը դատարանում հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը Սումիի շրջանում քաղաքացիական անձի՝ 62-ամյա Ալեքսանդր Շելիպովի սպանության մեջ։ «Ես դա համարում եմ անընդունելի և քրեորեն պատժելի։ Պատժի առավելագույն չափաբաժնով։ Ես չեմ հերքում իմ մեղքը»,- մայիսի 19-ին հայտարարել է ռուս զինվորականը։ Շիշիմարինի խոսքով՝ ինքը հասկացել է, որ կրակում է քաղաքացիական անձի վրա և կարող էր այլ կերպ վարվել այդ իրավիճակում՝ «միայն վախեցնել»: Փաստաբան Վիկտոր Օվսյաննիկովը խնդրել է արդարացնել մեղադրյալին։ Նրա խոսքով՝ Շիշիմարինը հանցավոր հրաման է կատարել՝ ցանկանալով փրկել իր կյանքը։ Խոսելով կատարվածի մասին՝ 21-ամյա Շիշիմարինը պատմել է, որ այդ օրը ինքը Չուպախովկա գյուղում երեք այլ զինվորականի հետ վարել է մեքենան, որը նրանք գողացել են այն բանից հետո, երբ իրենց ավտոշարասյունը ջախջախվել է։ Տեսնելով, որ Շելիպովը խոսում է հեռախոսով, զինվորականներից մեկը հրամայել է Շիշիմարինին սպանել քաղաքացիական անձին, որպեսզի վերջինս չհանձնի նրանց ուկրաինացի զինվորականներին։ժ
15:30 - 23 մայիսի, 2022
«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022
Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայում, հայտնում է Liga.net-ը։ Դուդան օտարերկրյա առաջին նախագահն է, որը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում ռուսական ներխուժումից ի վեր։ «Այսօր ազատ աշխարհի դեմքն Ուկրաինան է», - ասել է նա։ «Ձայներ են հայտնվել, որոնք ասում են, թե Ուկրաինան պետք է զիջի Պուտինի պահանջներին։ Սակայն միայն Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր ապագան», - ընդգծել է Լեհաստանի նախագահը։ Reuters-ը գրում է, որ ռուսական ներխուժումից հետո Վարշավան իրեն դրսևորել է՝ որպես Կիևի հավատարիմ դաշնակիցներից մեկը։ Լեհաստանը Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կողմնակից է և ակտիվորեն սատարում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ «Չեմ հանգստանա, մինչև որ Ուկրաինան Եվրամիության անդամ չդառնա», - ասել է Անջեյ Դուդան։ Նորա Վանյան
15:48 - 22 մայիսի, 2022
Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով՝ պատժամիջոցները գործնականում կոտրել են Ռուսաստանի ողջ լոգիստիկ համակարգը
 |hetq.am|

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով՝ պատժամիջոցները գործնականում կոտրել են Ռուսաստանի ողջ լոգիստիկ համակարգը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ այդ երկրի դեմ արևմտյան պատժամիջոցները «գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան»։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։ «Այն պատժամիջոցները, որոնք այսօր սահմանված են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան։ Եվ մենք ստիպված ենք փնտրել նոր լոգիստիկ միջանցնքներ»,- ասել է ռուսաստանցի նախարարը՝ Աստրախանի մարզ կատարած այցի ժամանակ։  Սավելևը նշել է, որ գոյություն ունի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որին անմիջականորեն մասնակցում է նաև Կասպյան ուղղությունը։ Նախարարի խոսքով՝ «կապված նրա հետ, որ մենք դիտարկում ենք այդ ուղղությունը, անկասկած, դրանք ոչ միայն նավահանգիստներն են, այլև մուտքը դեպի նավահանգիստներ, կամուրջներն ու ճանապարհները։ Մենք չպետք է ունենանք նեղ հատվածներ, որոնք մեզ հնարավորություն չտան վերակառուցելու»։
15:39 - 22 մայիսի, 2022
Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան մայիսի 22-ից դադարել է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից, գրում է DW-ն։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի Litgrid լիտվական օպերատորը։ «Բորսայի Nord Pool օպերատորը որոշում է կայացրել կասեցնել Բալթյան երկրներում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի միակ ներկրող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների խմբի՝ ռուսական էլեկտրաէներգիայի վաճառքը։ Կիրակի օրվանից ռուսական էլեկտրաէներգիան այլևս չի ներկրվի Լիտվա», - ասված է մայիսի 20-ի հաղորդագրությունում։ «Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի կասեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի փոխանցման լիտվական համակարգի հուսալիության վրա։ Երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի տեղական էլեկտրակայանների և ռազմավարական գործընկերից՝ ԵՄ երկրներից ներկրման հաշվին», - ասել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսը։ Սա նշանակում է, որ մայիսի 22-ից երկրում չի լինի ոչ ռուսական գազ, ոչ նավթ, ոչ էլ էլեկտրաէներգիա, հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։ «Սա շատ կարևոր սահմանագիծ է ոչ միայն դեպի էներգետիկ անկախություն տանող Լիտվայի ճանապարհին։ Սա մեր համերաշխության արտահայտումն է մարտնչող Ուկրաինայի հետ, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր փողերով ֆինանսավորվի ռուսական ռազմական մեքենան», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնիուս Կրեյվիսը։ Նախարարի խոսքով՝ Լիտվայի լիակատար էներգետիկ անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկիրը կարողանա ոչ միայն ապահովել էլեկտրաէներգիայի իր պահանջարկը տեղական կանաչ էներգետիկայի հաշվին, այլև արտահանել այն։ Նորա Վանյան
15:14 - 22 մայիսի, 2022
Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը անհրաժեշտ է համարում «զինել Մոլդովան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», որպեսզի Քիշնևը կարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից։ Այս մասին բրիտանացի պաշտոնյան ասել է The Telegraph-ի հետ զրույցում։ Թրասի խոսքերով՝ այժմ Լոնդոնն ու դաշնակիցները քննարկում են, թե ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց՝ հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները»: «Պուտինը հստակ հայտարարել է Ռուսաստանի ընդլայնման իր հավակնությունների մասին: Այն փաստը, որ Կիևը գրավելու նրա փորձերը անհաջող են եղել, չի նշանակում, որ նա հրաժարվել է այդ հավակնություններից», - ասել է Թրասը: Մոլդովայում հնարավոր պատերազմի շուրջ մտավախությունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր: Անցած շաբաթներին Մոլդովայից անջատվել ձգտող և Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պայթյունների մասին են հայտնել, որոնց թիրախը, ըստ պնդումների, ռազմավարական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կրակոցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» է որակել:  
18:55 - 21 մայիսի, 2022