Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է. Քերոբյանը ներկայացրեց իր տեսլականը

 |armenpress.am|

Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է. Քերոբյանը ներկայացրեց իր տեսլականը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության զարգացումը չունի այլընտրանք, այդ ճանապարհով է հնարավոր քիչ բնակչությամբ մեծ ծավալով արտադրանք արտադրելը: ԱԿԲԱ Բանկի կազմակերպած «Խնդիրդ դարձրու հնարավորություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Միակ ճանապարհը բարձր տեխնոլոգիական բաղադրիչներով արտադրանքներ արտադրելն է: Կարող եմ ասել, որ գիտելիքահեն տնտեսությունը ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է:Այսօր էլ մենք հայտարարություն ենք տարածել և երկրի բիզնես սեկտորին խնդրել, որ մեզ տրամադրեն, թե ինչ մասնագիտությամբ ուսանողների կարիք ունեն: Պատրաստվում ենք բիզնեսից ստացած պատվերի հիման վրա առաջադրանք տալ կրթական ոլորտին: Հուսով եմ, որ առաջին փորձը լավ կստացվի»,- նշեց Քերոբյանը:
21:10 - 12 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ոլորտի խնդիրները

Վահան Քերոբյանը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, տնտեսության մեջ նոր ներդրումների խթանմանը և Հայաստանում ներդրումային միջազգային առաջադեմ պրակտիկայի կիրառման հնարավորությանը: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ներդրումային ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները, որոնք ընդգրկում են նաև ինստիտուցիոնալ լուծումներ պահանջող, պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ոլորտում առկա խնդիրների գույքագրման ու շուտափույթ լուծման կարևորությունը՝ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված բոլոր հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ հնչեցրած առաջարկները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման միջոցառումներ, որոնց ընթացքում վեր կհանվեն և շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում խորհրդատվական ընկերություններում առաջացող խնդիրները։
19:27 - 12 փետրվարի, 2021
Եթե ունենայինք ամուր բանակ, բնակեցված տարածքներ, կունենայինք այլ իրավիճակ. Վահան Քերոբյան |hetq.am|

Եթե ունենայինք ամուր բանակ, բնակեցված տարածքներ, կունենայինք այլ իրավիճակ. Վահան Քերոբյան |hetq.am|

hetq.am: «Սեպտեմբերի 27-ից ես և իմ երկու եղբայրները մասնակցել ենք պատերազմին։ Սկզբից եղել ենք Մարտակերտում և Աղդամում, հետո՝ Հադրութում։ Տեսել եմ այնտեղ եղած իրավիճակը և հասկանում եմ, որ դա մեր ամբողջ սերնդի երեսնամյա գործողությունների արդյունքն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ իհարկե, կա երկրի կառավարություն, որը պատասխանատու է այն գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել իր կառավարման ընթացքում, բայց ինքը չի պատրաստվում որպես ՀՀ քաղաքացի պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, և միայն իր աշխատանքի շնորհիվ է պլանավորում շտկել այն իրավիճակը, որում հայտնվել ենք։  «Եթե ունենայինք ամուր բանակ, ունենայինք  բնակեցված տարածքներ, ոչ թե մեծամասամբ ամայի տարածքներ, կունենայինք լրիվ այլ իրավիճակ»,- հավելեց նախարարը։
15:21 - 11 փետրվարի, 2021
Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները՝ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելիս տնտեսավարողներին աջակցելու նպատակով |tert.am|

Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները՝ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելիս տնտեսավարողներին աջակցելու նպատակով |tert.am|

tert.am: Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները։ Որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստի ընթացքում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելու հարցում տնտեսավարողներին աջակցություն կցուցաբերվի։ Նախագծի ընդունման հիմնավորմամբ նշվում է, որ վերջին ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումը խնդիրներ է ստեղծել նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջանակում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների մասով, որոնք դեռևս չեն հասել Հայաստան, և դրանք, Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանավորված, կարող են գերազանցել ծրագրով նախատեսված առավելագույն 450 մլն դրամի շեմը: «Ծրագիրը միտված է մեր գյուղատնտեսությունը խոշորացնելուն, նաև՝ խթանելու գյուղատնտեսներին՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու և ավելի բարձրացնելու արտադրողականությունը»,-նշեց նա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ի սկզբանե խնդիր են դրել, որ գյուղատնտեսության աջակցման և զարգացման ծրագրերը դարձնեն ավելի արդյունավետ։ «Լիզինգի ծրագիրն այն մասին է, որ գյուղատնտեսական տեխնիկա և ագրովերամշակման սարքավորումներ ձեռք բերելու պրոցեսում մենք աջակցություն ենք ցուցաբերում շահառուներին։ Այդ աջակցությունն արտահայտվում է լիզինգի տոկոսների սուբսիդավորմամբ»,-ասաց նա։ Փաշինյանը նշեց՝ այժմ նշաձողը բարձրացվում է 450 մլն դրամից՝ դառնալով 1 մլրդ դրամ, ինչը, ըստ Փաշինյանի, շատ լավ որոշում է, քանի որ հնարավորություն կտա աջակցել ավելի խոշոր տնտեսություններին։  
12:03 - 11 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը հանդիպել է զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։  Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց  լուծման եղանակներն ու հնարավորությունները։ Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, առանձնացրել են կորոնավիրուսի ազդեցության պայմաններում զբոսաշրջային հոսքի կրճատումը և ընթացիկ անբավարար ֆինանսական միջոցները։ Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառմանը՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են այն խոչընդոտները, որոնց հետևանքով ոչ բոլոր տնտեսվարողներն են կարողանում օգտվել միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցությունից։ Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ նախարարությունը խնդրի առնչությամբ աշխատանքներ է իրականացնում․ վերը նշված միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվում, որպեսզի ավելի շատ տնտեսվարողներ հնարավորություն ունենան օգտվելու պետական աջակցությունից։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք այլ ընթացիկ խնդիրներ, քննարկվել բանկերի հետ համագործակցության հարցեր, հստակեցվել համագործակցության մեխանիզմները։ Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի զբոսաշրջիկների այցելություններին, իսկ զբոսաշրջիկների ավելացման պարագայում կակտիվանա նաև տրանսպորտը։   Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Իրանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման, տրանսպորտային հարցերի կարգավորման ուղղությամբ, ինչը ևս խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։ Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հավաքագրել բոլոր խնդիրները և  ներկայացնել նախարարությանը՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու համար։
20:02 - 10 փետրվարի, 2021
Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է. Վահան Քերոբյանը՝ ներդրումների մասին |tert.am|

Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է. Վահան Քերոբյանը՝ ներդրումների մասին |tert.am|

tert.am: Կան մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք նախորդ մի քանի տարում կուտակվել են և ինչ-որ պատճառներով չեն իրագործվում: Այս մասին ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որ բազմիցս թվեր են ներկայացվել, կա՞ արդյոք որոշակի պլանավորված կամ նախատեսվող ներդրումների ծավալ, որով օրինակ՝ տարվա առաջին եռամսյակում կարող ենք կյանքի կոչել որոշ ծրագրեր: Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ պետական տարբեր գերատեսչություններ այդ ծրագրերը շուկա մտցնելու մոտիվացիա չունեն: «Կարելի է ասել «Ռուչնոյ ռեժիմով» (ոչ ավտոմատացված ) օգնում ենք ներդրողներին, որ իրենց ծրագրերը հասցնեն շուկա։ Կարելի է ասել, որ դա իմ աշխատանքի օրական մի քանի ժամն է: Գնահատական չեմ ուզում տալ, որովհետև պետք է խոսել արդյունքի մասին, որն արդեն կա: Բայց հավատացնում եմ, որ մենք ամեն օր տեսնում ենք արդյունքներ, ուղղակի չենք գրանցում»,-ասաց նախարարը: Արձագանքելով Վահան Քերոբյանին՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե մենք դիտարկում ենք ընդհանուր ակնկալիքների տեսանկյունից, ունենք ուղենիշ, ապա ներդրողը պիտի գրանցի, որ հասարակությունը գնահատի այդ ուղենիշը:
17:25 - 10 փետրվարի, 2021
IT ոլորտի շվեդական խոշոր ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ստեղծել 1000-ից ավելի աշխատատեղ. նախարար |armenpress.am|

IT ոլորտի շվեդական խոշոր ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ստեղծել 1000-ից ավելի աշխատատեղ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Մի շարք եվրոպական, ամերիկյան ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու գործընթացի մեջ են: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում՝ անդրադառնալով հետպատերազմական շրջանում ներդրումների ներգրավման թեմային: Նախարարը նախ կարևորեց տարբերակել հայ կամ հայաստանյան ներդրողներին և օտարերկրյա կամ միջազգային ներդրողներին: «Առաջին խմբի ներդրողները, երբ տեսնում են, որ պատերազմ է, և իրենց հայրենիքը վտանգված է, այլ մղումներով են ներդրումներ անելու ցանկություն ունենում: Սա այն դեպքում, երբ սովորական պայմաններում միգուցե այնքան էլ ցանկություն չունենային ներդրում անելու: Իսկ հիմա խնդիր է դրված՝ օր առաջ վերականգնել հայրենիքի տնտեսական հզորությունը, և բոլոր ներդրողները, որոնք, բացի ներդրող լինելուց, նաև հայրենասեր են, շտապում են ներդրումներ անել, փորձում են օր առաջ իրենց լուման ներդնել՝ հայրենիքի վերականգնման գործում: Նրանք, ի ուրախություն մեզ, շատ-շատ են»,-ասաց Քերոբյանը: Նա նշեց՝ ներդրման հիմքը բիզնես գաղափարն է, սակայն ավելանում է նոր ու կարևոր գործոն՝ հայրենասիրական գործոնը: «Դա չի նշանակում, որ բիզնեսմենը չի ցանկանում շահույթ ստանալ, հակառակը, հաշվի առնելով ռիսկերը, փորձելու է ավելի շատ շահույթ ստանալ, բայց միևնույն է մղումը՝ անել ներդրում այս իրավիճակում, մեծանում է հայրենիքի նկատմամբ սիրով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է միջազգային ներդրողներին՝ նախարարը նշեց, որ տեսնում է փաստացի մի շարք եվրոպական, ամերիկյան ընկերությունների, որոնք հիմա ներդրումներ անելու գործընթացի մեջ են: «Օրինակ կարող եմ բերել մի շվեդական ընկերություն, որը Հայաստանում 1000-ից ավելի աշխատատեղ է պլանավորում բացել այս տարի: Դա IT ոլորտի ընկերություն է, 20-22 մլրդ դոլար կապիտալիզացիայով ընկերություն է: Աշխարհի ամենախոշորներից է իր ոլորտում: Ընկերությունը գրասենյակներ ունի Վրաստանում և մի շարք երկրներում, հիմա պատրաստվում է Հայաստանում բացել»,-ասաց Քերոբյանն ու վստահեցրեց, որ այդպիսի շատ ընկերություններ կան, ընդամենը մեկ օրինակ է բերում: Նա կարևորեց, որ Հայաստանը կարողանա ճիշտ խոսել ներդրողների հետ: Նախարարի կարծիքով՝ դա նախկինում, նույնիսկ մինչև հիմա լավ չի արվում: «Փոխանակ, մենք գնանք ներդրողին խնդրենք, համոզենք, որ գա մեզ մոտ ներդրում անի, փորձում ենք ամեն կերպ վանել: Դա դեռևս շատ լավ երևում է պետական կառավարման համակարգի բազմաթիվ օղակներում»,-ասաց նախարարն ու լուծումներ մատնանշեց: Նախարարը տնտեսության վիճակը մեկ բառով բնութագրեց որպես ճգնաժամային: Նա դա բացատրեց նրանով, որ անցյալ տարի Հայաստանի տնտեսությունն անցել է կրկնակի արհավիրքի միջով՝ համավարակ և պատերազմ: Անդրադառնալով հարցին՝ եթե 2021-ին Հայաստանը վերադառնա 2019-ի տնտեսական արդյունքներին, ինչպե՞ս կգնահատի՝ Քերոբյանն ասաց, որ դա կլինի այն երկնիշ տնտեսական աճը, որի մասին ինքն արդեն խոսել է: «Ես դա կհամարեմ նորմալ արդյունք, իհարկե պետք է ձգտել ավելիին: Արդեն դա կլինի լավ արդյունք, այն այսօր համարվում է չափից ավելի լավատեսական կանխատեսում: Իհարկե, մենք ունենք մեր գործիքակազմը, թե ոնց պետք է լուծենք այդ խնդիրը»,-նշեց նախարարն ու շեշտեց, որ իրագործում են, ամեն օր իրենց մտքերը դառնում են իրականություն:
12:13 - 10 փետրվարի, 2021
Մեր առաջիկա խնդիրը տնտեսության վերականգնումն է և դրան զուգահեռ զարգացման օրակարգ ձևավորելը. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում

Մեր առաջիկա խնդիրը տնտեսության վերականգնումն է և դրան զուգահեռ զարգացման օրակարգ ձևավորելը. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: «Մինչ բուն քննարկմանն անցնելը ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա: Արդեն, ըստ էության, մեկ տարի Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճգնաժամային կառավարման վիճակում: 2020 թվականի մարտից կորոնավիրուսը պաշտոնապես մուտք գործեց Հայաստան և, ինչպես աշխարհի շատ երկրներում, դարձավ սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամի պատճառ: Այդ ճգնաժամի գրեթե ողջ ընթացքում մեզ ի ցույց էին դրվում տարբեր օրինակներ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը կարելի է ի ցույց դնել այլ երկրների, որոնք ժամանակին ի ցույց էին դրվում մեզ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Եվ դարձյալ ուզում եմ բոլորիս և հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, օրինակ՝ հունիսին, հուլիսին, օգոստոսին 24 ժամ այս թեման շրջանառվում էր, որին մեր արձագանքը հետևյալն էր, որ դեռ չի ավարտվել պատմությունը, եկեք սպասենք պատմությունն ավարտվի՝ հետո նոր արդյունքները կամփոփենք: Իսկ հիմա ոչ մեկը չի հիշում ոչ հունիսը, ոչ հուլիսը, ոչ օգոստոսը: Բայց մենք պետք է հիշենք հունիսը, հուլիսը, օգոստոսը և այն մեղադրանքները, որոնք մեզ ասում էին, թե մենք ճգնաժամային կառավարում իրականացնել ի վիճակի չենք: Հաջորդը, իհարկե, եկավ պատերազմը և կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Պետք է արձանագրել, որ ունեինք այդպիսի մարտահրավեր: Բայց այսօր շատ կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը և այդ կայունության միջազգային ճանաչում ստանալ եվրոպարտատոմսերի աճող թողարկման միջոցով, որովհետև ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային: Եվ հետևաբար մենք այսօր, ըստ էության, ձևակերպում ենք այսօրվա մեր անելիքը: Իմիջիայլոց, ուզում եմ արձանագրել հետևյալ փաստը. մենք այս առումով ունեցել ենք և մի ճգնաժամային տարի, և մի ոչ ճգնաժամային տարի: 2019 թվականի արդյունքները փայլուն են եղել բոլոր առումներով, այդ թվում՝ տնտեսական: 2020 թվականը եղել է ճգնաժամի տարի, և, իհարկե, պատերազմի հետևանքները մեզ համար դառն են, բայց ես նշեցի, որ ճգնաժամային կառավարման առումով կարողացել ենք լուծել մեր առաջ դրված խնդիրը: Հիմա երկրորդ խնդիրը, որ ձևակերպում ենք մեր առաջ՝ վերականգնումն է և հաջորդ խնդիրը՝ վերականգնմանը զուգահեռ զարգացման օրակարգն ու զարգացման տեմպը վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Եվ, իհարկե, այս առումով Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է: Այսօր կլսենք, թե ինչ ենք նախանշել, ինչ ենք պատրաստվում անել, ինչպիսի երաշխիքներ ենք ստեղծել: Շատ կարևոր է, որ մեր նախանշած պլաններն իրապես իրագործվեն՝ այն ինչ գրում ենք թղթի վրա, այն ինչ ունենք մտքում հնարավոր լինի կյանքի կոչել և դարձնել իրականություն»,- նշել է վարչապետը: Այնուհետև ներկայացվել են տնտեսական աճի վերականագնման և բիզնես միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտերկրի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման աշխատանքներին: Նշվել է, որ Հայաստանը ձևավորել է 30-ից ավելի տնտեսական միջկառավարական հանձնաժողովներ արտերկրի գործընկերների հետ, որոնց շրջանակում պարբերաբար քննարկվում են տնտեսական կապերի խորացմանը, առկա օրենսդրական խնդիրների լուծմանը, բիզնես համաժողովների անցկացմանը վերաբերող հարցեր, որոնց նպատակն է աջակցել տեղական արտադրողներին՝ արտերկրում նոր գործընկերներ ձեռք բերելու, նոր շուկաներ մուտք գործելու հարցերում: Զեկուցվել է, որ ԵԱՏՄ շրջանակում քննարկման արդյունքներով այս ուղղությամբ արդեն իսկ կայացվել են մի շարք կարևորագույն որոշումներ, որոնց թվում առանցքայիններից է Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին ԵԱՏՄ մյուս պետությունների, այդ թվում՝ հայաստանյան ընկերություննհերի մասնակցության հնարավորությունը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու արդեն այս տարվա հունիս ամսից: Հայկական և մյուս երկրների ընկերությունները կկարողանան մասնակցել 10 ոլորտներին վերաբերող ՌԴ պետական գնումներին, որոնց թվում են՝ թեթև արդյունաբերությունը, շինարարությունը, ռազմարդյունաբերությունը և այլն: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ տեղական ընկերություններին լիարժեք ու մանրամասն տեղեկատվության տրամադրումը և նկատել, որ այն կարող է բիզնեսի համար բացել գործունեության լայն դաշտ՝ զարգացման լուրջ հեռանկարներով: Տեղեկացվել է, որ ներկայումս թարմացվում է արտերկրում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունների ինստիտուտը, ինչը ևս նոր ազդակ կարող է հաղորդել կոնկրետ ոլորտներում արտահանման ծավալների ավելացմանն ու հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնմանը: Համապատասխան աշխատանքներ են տարվում հայկական գինիների, ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի այլ տեսակների արտահանման պոտենցիալը մեծացնելու և տեմպերն ավելացնելու ուղղությամբ: Դրանց էապես նպաստում են նաև արտոնյալ մաքսատուրքեր ապահովող ԵՄ-ի հետ GSP+ և ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի հետ գործող GSP համակարգերը: Այնուհետև քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, հանրային ներդրումների խրախուսմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը ներկայումս ներդրողների հետ քննարկում է 60 ներդրումային կոնկրետ ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 1,5 մլրդ դոլարի: Նշվել է, որ ծրագրերի մի մասը տարբեր ոլորտներում արդեն իսկ գտնվում են իրականացման փուլում: Կենտրոնը ներդրողների հետ գտնում է մշտական կապի մեջ և օժանդակում նրանց տարբեր խնդիրների լուծման գործում: Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ պատասխանատուները նշել են, որ ներդրողների կողմից մեծ հետաքրքրություն է առկա հատկապես ջրամբարաշինության ոլորտում: Վարչապետը կարևորել է երկրում նոր ջրամբարների կառուցումն ու այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումը՝ ընդգծելով, որ ջուրը դառնալու է տարածաշրջանային կարևորագույն գործոն: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրի շուկայի ազատականացմանը և հողերի խոշորացմանը միտված կառավարության հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների հետ կապված խնդիրների լուծմանը, ստանդարտների ինստիտուտի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
17:12 - 09 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վահան Քերոբյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։ Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության,  զբոսաշրջության ոլորտներում։ Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության վրա հիմնված նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պարբերական խորհրդակցությունների և աշխատանքների իրականացումը նորարարարության, գյուղատնտեսության, փոքր ջրամբարների, ներդրումների խթանման բնագավառում։ Այս տեսանկյունից Վահան Քերոբյանը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Investment Policy Review զեկույցի պատրաստումը և  առաջարկությունների մշակումը։ Նախարարը տեղեկացրել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Էկոնոմիկայի նախարարը խոսել է Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հավակնոտ գաղափարի մասին՝ տեղեկացնելով, որ ներկայումս քննարկումներ են ընթանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը կիսվել է նաև Հայաստանում գործող ջրամբարների՝ այցելուների համար բաց լինելու գաղափարով, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։ Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է ՄԱԶԾ և Ավստրիական Զարգացման Բանկի eregulations.am էլեկտրոնային հարթակին և առաջարկել շարունակել խորացնել աշխատանքները ներդրումների խթանման և զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության և ներդրումների ոլորտի միջազգային փորձագետների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։
17:14 - 08 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ «Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցությունը բարեհաջող է զարգանում, սակայն կա ներուժ այն ավելի խորացնելու։ Ներկայում մենք նախատեսում ենք մշակել Ռուսաստանի հետ համագործակցության բազմավեկտոր օրակարգ և ես հույս ունեմ, որ այն կնպաստի մեր երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը», - ողջունելով հյուրերին՝ նշել է Վահան Քերոբյանը: Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ընդգծել է, որ տնտեսությունը երկկողմ համագործակցության առաջատար ոլորտներից է, և ժամանակն է մտածել երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և ավելի ակտիվացնելու մասին, ինչին կնպաստի նոր ներդրումների ներգրավումը։ Համակարծիք լինելով դեսպանի հետ՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը։ Այնուհետև կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
15:50 - 05 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանն ու Շոմբի Շարփը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

Վահան Քերոբյանն ու Շոմբի Շարփը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը, նաև նախարարության և Մշտական համակարգողի գրասենյակի անձնակազմի ներկայացուցիչները։ Շոմբի Շարփը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանի Կառավարության հետ քննարկվող 2021-2015 թթ․ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության շրջանակը լավ հնարավորություն է վերանայելու և նոր թափ հաղորդելու համագործակցությանը․ «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անունից ցանկանում եմ նշել, որ մենք մեծապես գնահատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ մեր լայնածավալ համագործակցությունը՝ մարդկանց և համայնքների համար ընդհանուր բարեկեցություն և կայունություն ապահովելու համար: Այժմ մենք ընդլայնում ենք մեր համատեղ ջանքերը` վերջին մարտահրավերներից ավելի լավ վերականգնվելու համար, և շուտով կմեկնարկենք ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակը, որի հիմքում Հայաստանի համար կանաչ, կայուն և ներառական տնտեսական աճն է»,- ասել է Շոմբի Շարփը: Նա հավելել է, որ համագործակցությունը կարող է շարունակվել նաև ՓՄՁ զարգացման, ներդրումների խթանման, նորարարության ֆինանսավորման  և վենչուրային ֆոնդերի ստեղծման ուղղություններով։ Ողջունելով Հայաստանում իրականացվող ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծերը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է հետագա համագործակցության ուղղություններն ուրվագծելու և հստակեցնելու համար։ Նախարարը հետաքրքրվել է Հայաստանում ՄԱԿ-ի տնտեսական կառույցների գրասենյակների հիմնման հնարավորություններով, ներկայացրել նախարարության տեսլականը ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության, կապիտալ շուկայի զարգացման վերաբերյալ։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է նախարարության կողմից իրականացվող գիտելիքահենք տնտեսական քաղաքականության մշակման աշխատանքների  մասին։ Նա հայտնել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը։ Պարոն Շարփը նշել է գյուղական համայնքներում աշխատուժի վերապատրաստման, այդ թվում՝ կանանց համար ծրագրերի անհրաժեշտության մասին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: 
17:02 - 04 փետրվարի, 2021
Հայկական կողմը հետամուտ է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը. Վահան Քերոբյան

Հայկական կողմը հետամուտ է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը. Վահան Քերոբյան

Աշխատանքային այցով հունվարի 22-26-ը Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել IRNA լրատվական գործակալությանը։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը նպատակ ունի ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչմամբ և տնտեսական ոլորտում համագործակցության խորացմամբ առավել բարենպաստ մթնոլորտ ձևավորել՝ համատեղ նախագծերի իրականացման համար։ Նախարարը հստակեցրել է, որ վերոնշյալ նպատակին հասնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի գործունեությունն ուղղված է լինելու սեղմ ժամկետում իրանական կողմի հետ պայմանավորվածությունների իրականացման օրակարգ մշակելուն։ Խոսելով Հայաստան-Իրան բազմակողմ համագործակցության մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ շինարարական սարքավորումները, շինանյութը, մրգերը, բանջարեղենը, նավթաքիմիական արտադրանքը, սահմանափակ քանակությամբ մետաղը և տեխնիկական սարքավորումները։ Կարևոր խնդիր համարելով ապրանքաշրջանառության փոքր ծավալների ավելացումը՝ նախարարը նշել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչություններում առկա է այն համոզմունքը, որ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ներուժը թույլ է տալիս զգալիորեն գերազանցել ներկայիս ծավալները: Ընդգծելով Հայաստանի՝ ԵԱՏՄ մեծ շուկայի անդամ պետություն լինելը և հիմք ընդունելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի ընդարձակ կապերը՝ նախարար Քերոբյանը նշել է, որ իրանցի առևտրականների և արտադրողների համար առկա են նպաստավոր պայմաններ՝ ԵԱՏՄ շուկայի նկատմամբ հասանելիություն ունենալու համար: Խոսելով այն մասին, որ Իրանը կարող է «օգտագործել» Հայաստանը որպես «կամուրջ» համայն աշխարհին ապրանքներ վաճառելու նպատակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է իրանցի գործարարներին Հայաստանի տարածքում հիմնել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ՝ վերջիններիս արտադրանքը երրորդ երկրների շուկա դուրս բերելու նպատակով։ Վահան Քերոբյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրաշրջանառության շուրջ 400 մլն դոլար կազմող ներկայիս ծավալին, նշել է, որ 2020 թ. դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է առաջիկա 6 ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ միլիարդ դոլարի, որն էլ երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեկնակետ կդառնա։ Տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները որակելով էական խոչընդոտ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում՝ նախարարը նշել է, որ այդ խնդիրը համարում է «մղձավանջային», քանի որ բազմաթիվ դժվարություններ կան Հայաստանի բեռնափոխադրամիջոցների՝ Իրան մուտք գործելու և իրանական ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրների տարածք փոխադրելու համար: Մյուս կողմից՝ իրանական բեռնատարները Հայաստանի տարածք մուտք գործելու համար մեծ գումարներ են վճարում։  Նախարարը հավելել է, որ հայկական կողմը հետամուտ է առկա դժվարությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը և ջանքեր է գործադրում խոչընդոտների շուտափույթ հաղթահարման ուղղությամբ։ Տրանսպորտային խնդիրների լուծման տարբերակներից մեկը համարելով Երևան-Թեհրան երկաթգծի գործարկումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադադարի մասին ստորագրած եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ճանապարհներն ապաշրջափակվելու են, որը թույլ կտա գործարկել Երևան-Ջուլֆա-Թեհրան երկաթգիծը։ Խոսելով գազամատակարարման շուրջ բանակցությունների մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի առավելագույն ծավալին հասնելու համար հարկավոր է ավարտին հասցնել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որպեսզի հնարավոր լինի գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակներում ավելացնել դրանց ծավալները։ Թուրքական ծագման 2250 ապրանքատեսակի՝ Հայաստան ներմուծման արգելքի առնչությամբ նախարարը նշել է, որ այդ ապրանքատեսակները կարող են փոխարինվել իրանական, չինական և այլ երկրների, ինչպես նաև Հայաստանում արտադրվող ապրանքներով։ Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում կարող են օգուտ քաղել թե´ արտադրողները և թե´ առևտրականները։ Խոսելով այն մասին, որ Հայաստանը հիշյալ ապրանքատեսակների հետ կապված մտահոգություններ չունի, Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստան-Իրան առևտրային ենթակառույցները պատրաստ են քննարկել դրամական փոխանցումների կապակցությամբ առկա խնդիրների լուծման մեխանիզմները, որոնք անհանգստացնում են տնտեսվարողներին։    
13:41 - 04 փետրվարի, 2021
ՇՎՏՄ 2020 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի նիստում արժանացավ հավանության

ՇՎՏՄ 2020 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի նիստում արժանացավ հավանության

Այսօր՝ փետրվարի մեկին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրեց տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը: Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության արժանացավ նաև Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձեր կատարվեցին Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցեր։Քննարկման առարկա դարձավ նաև հանրային տիրույթում վերջին շրջանում հաճախակի բարձրացվող՝ գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեությանն առնչվող դժգոհությունների թեման: ՇՎՏՄ ղեկավարը ներկայացրեց այն բոլոր միջոցառումները, որոնք Տեսչական մարմինն իրականացնում է նշված ոլորտները վերահսկողության տակ պահելու և հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:  
18:58 - 02 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով իր երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։ Նախարար Քերոբյանը ողջունել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես մտքեր են փոփանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։ Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը կնպաստի հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։
14:53 - 02 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  հունվարի 27-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող  աջակցության ծրագրերին, կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցության ծրագրերին, ինչպես նաև ԵՄ կողմից նախատեսված «Կովիդ-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմին, առևտրի և ներդրումների ոլորտների զարգացումներին, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտներում տրամադրվող ընթացիկ աջակցության ծրագրերին և «Ամբեր Կապիտալ» ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին առնչվող հարցեր։ Կարևորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանի Հանրապետությունում առևտրատնտեսական ոլորտում իրականացվող ոլորտային բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող գործընթացները, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի ներքո աջակցության առաջնային ուղղությունների ձևավորման գործընթացը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը: 
17:19 - 27 հունվարի, 2021