Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը
15:50 - 05 փետրվարի, 2021

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

«Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցությունը բարեհաջող է զարգանում, սակայն կա ներուժ այն ավելի խորացնելու։ Ներկայում մենք նախատեսում ենք մշակել Ռուսաստանի հետ համագործակցության բազմավեկտոր օրակարգ և ես հույս ունեմ, որ այն կնպաստի մեր երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը», - ողջունելով հյուրերին՝ նշել է Վահան Քերոբյանը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ընդգծել է, որ տնտեսությունը երկկողմ համագործակցության առաջատար ոլորտներից է, և ժամանակն է մտածել երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և ավելի ակտիվացնելու մասին, ինչին կնպաստի նոր ներդրումների ներգրավումը։

Համակարծիք լինելով դեսպանի հետ՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը։

Այնուհետև կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել