Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ստամբուլում անցկացվելիք նոր ընտրություններում չի բացառվում, որ ընդդիմադիր թեկնածուն կրկին կհաղթի. թուրքագետ |ermenihaber.am|

Ստամբուլում անցկացվելիք նոր ընտրություններում չի բացառվում, որ ընդդիմադիր թեկնածուն կրկին կհաղթի. թուրքագետ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ին որոշում է կայացրել չեղարկել ՏԻՄ ընտրությունները Ստամբուլում և նոր ընտրություններ անցկացնել հունիսի 23-ին: Ընդդիմությունը, իհարկե, դժգոհ է այս որոշումից: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել ժողովրդին չհուսահատվել և «զենքերը վայր չդնել»: Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու որոշման պատճառների, դրանց վերաբերյալ կանխատեսումների մասին Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Սոնա Սուքիայանի հետ: Ինչքանո՞վ էր կանխատեսելի, որ կչեղարկեն ընտրությունները: Ստամբուլում ընտրությունների չեղարկումն ու նոր ընտրությունների հայտարարումը որոշակիորեն կանխատեսելի էր, քանի որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, երբ արդեն պարզ էր դառնում, որ կորցնում են նաև Ստամբուլը, սկսել էին մի քանի գործընթացներ, որպեսզի խոչընդոտեն ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի՝ իր պարտականությունների ստանձմանը: Նախ և առաջ օրակարգ բերվեց Ստամբուլի մոտ 300 հազար անվավեր քվեները, որոնց վերահաշվարկից հետո պարզվեց, որ միևնույն է Իմամօղլուն է հաղթում, այնուհետև Ստամբուլի որոշ թաղամասերում քվեաթերթիկները ամբողջությամբ նորից հաշվվեցին, սակայն միևնույն է ընդդիմադիր թեկնածուն Ստամբուլում առաջ անցավ՝ մոտ 13 հազար ձայնի տարբերությամբ: Իշխանությունների նմանատիպ արձագանքն ու քայլերը կանխատեսելի էին, քանի որ Ստամբուլը համարվում է, կարելի է ասել, Թուրքիայի «սիրտը», և ինչպես Էրդողանն է սիրում կրկնել «Ստամբուլում հաղթողը կհաղթի նաև Թուրքիայում»: Բացի այդ, Ստամբուլը ամենախոշոր քաղաքն է և տնտեսական հիմնական շարժիչ ուժն է, ինչպես նաև վերահսկում է պետական ծախսերի հիմնական մասը, հետևաբար կարևոր է իշխանությունների համար: Ի՞նչ շանսեր, ու սպասելիքներ կան նոր ընտրություններից: Դեռևս պարզ չէ, թե Ստամբուլի ընտրություններում, արդյոք իշխող կուսակցությունից պայքարը կշարունակի Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, թե այլ թեկնածու կառաջադրեն: Թուրքիայում որոշ կարծիքներ էին նույնիսկ շրջանառվում, որ ԱԶԿ-ի պարտության պատճառներից մեկը ոչ ճիշտ և ոչ այնքան խարիզմատիկ թեկնածուի առաջադրումն էր: Ի տարբերություն Յըլդըրըմի, կարծում եմ, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Իմամօղլուն, բավականին հաջող քարոզարշավ իրականացրեց ՏԻՄ ընտրություններից առաջ և նորից հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, նաև եթե հաշվի առնենք, որ առաջին անգամ հաղթելուց հետո նրա վարկանիշն էլ ավելի է աճել: Բացի այդ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քայլը, դժգոհությամբ է ընդունվել Ստամբուլում: Մասնավորապես երեկ գիշերը, մի քանի թաղամասերում, ինչպես Քադիքյոյում, Շիշլիում մարդիկ իրենց բողոքն են արտահայտել՝ երթերի դուրս գալով: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ նոր ընտրությունների անցկացման դեպքում չի բացառվում, որ կրկին հաղթելու է ընդդիմությունը, եթե իհարկե իշխանությունները էլ ավելի չսրեն իրավիճակը երկրում և չգնան զանազան ընտրախախտումների կամ այլ մեթոդների, ձերբակալությունների, կալանքների Ստամբուլում իրենց հաղթանակը ապահովելու համար: Ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխող ԱԶԿ-ն, ի՞նչ իրավիճակ է ստեղծվելու երկրում: Հատկանշական է, որ սա Արդարության և զարգացում կուսակցության կառավարման տարիներին կրկնակի ընտրություններ անելու եզակի դեպքը չէ: Չպետք է մոռանանք, որ դեռևս 2015 թվականին խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձևավորել չկարողանալու պատճառով, իշխանությունները արտահերթ ընտրություններ հայտարարեցին և այդ ընթացքում երկրի արևելքում և հարավ-արևելքում հրահրեցին բախումներ քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև՝ երկիրը մխրճելով քաոսի մեջ: Այդ ժամանակ իշխանությունների քայլերը հաջողությամբ պսակվեցին և նրանց հաջողվեց ստանալ բավական թվով ձայներ միանձնյա կառավարություն ձևավորելու համար: Այս առումով պատահական չէ, որ այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում իշխանությունները պարբերաբար փորձեր էին անում քեմալականն ՀԺԿ-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ հայտնի PKK-ի, հետ նույն հարթության վրա դնելու ուղղությամբ: Դրանով ձգտում էին ՀԺԿ-ին ներկայացնել, որպես Թուրքիայի «թշնամի» և այդպիսով ապահովել հնավորինս շատ ձայներ ազգայնական ընտրազանգվածներից: Այս փորձերը, իհարկե, վերջնական արդյունքում չտվեցին, սակայն պարզ է, որ իշխանությունները շարունակելու են իրենց նույն գործելաոճը, քանի որ վերջին տարիներին Թուրքիայում իշխանությունները փորձում են գերակա դարձնել իսլամա-թուրքական ազգայնականությունը: Կարծում եմ, նաև պատահական չէ այն, որ վերջին շրջանում կրկին ակտիվացնել են թուրք-քրդական բախումները: Ինչպես արդեն նշեցի, չի բացառվում, որ իշխող ԱԶԿ-ն կօգտագործի իր ձեռքում եղած բոլոր «խաղաքարտերը», ինչպես նաև վարչական միջոցները ընդդիմության և մասնավորապես Էքրեմ Իմամօղլուի քարոզարշավը տապալելու, նրան սևացնելու, ռեսուրսները սահմանափակելու և ընտրություններում նրա հաղթանակը կանխելու համար: Նման քայլերը Թուրքիայում էլ ավելի են սրելու իրավիճակը, հանգեցնելու են հասարակության էլ ավելի բևեռացմանը, լարվածության աճին:
11:35 - 07 մայիսի, 2019
ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը |armenpress.am|

ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ կրկնական քվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում Է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: Այդ մասին ասված Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մայիսի 6-ի երեկոյան: Թուրքիայի ԲԸՀ-ն որոշում Է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցության թեկնածուն: Հանձնաժողովը հայտնել Է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էկրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ Է կանչվելու: Ինչպես նշվում Է ԵՄ-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, թուրքական ԲԸՀ-ի որոշումը քաղաքականացված Է եւ «հակասում Է ընտրական գործընթացի հանգուցային նպատակին, այն Է՝ ժողովրդի կամքի ընդունումը»:Բացի այդ, նման քայլը «խախտում Է Թուրքիայի՝ որպես Եվրախորհրդի անդամի պարտավորությունները»,- ասված Է հայտարարության մեջ: 
06:51 - 07 մայիսի, 2019
Թուրքիան Իսրայելին մեղադրել է Գազայում իր տեղեկատվական գործակալությունը գրոհելու մեջ |news.am|

Թուրքիան Իսրայելին մեղադրել է Գազայում իր տեղեկատվական գործակալությունը գրոհելու մեջ |news.am|

news.am: Թուրքական պետական տեղեկատվական Anadolu գործակալության գրասենյակը Գազայի հատվածում ենթարկվել է իսրայելական զինվորականների գրոհին՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Գազայում Anadolu-ի գրասենյակի վրա հարձակումը Իսրայելի անզուսպ ագրեսիայի նոր օրինակ է։ Նրա բռնությունը անմեղ մարդկանց հանդեպ մարդկության դեմ հանցագործություն է։ Նրանք, ովքեր խրախուսում են Իսրայելին, նույնպես մեղավոր են։ Կշարունակենք պաշտպանել պաղեստինյան ժողովրդի գործը, նույնիսկ եթե մնանք միայնակ»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն։ Իսրայելցիներն ասում են, որ մեկ օրվա ընթացքում իրենք 120 թիրախ են գրոհել անկլավում, որտեղից 200 հրթիռ եւ արկ է արձակվել։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր հարվածները հասցվում են բացառապես զինվորական թիրախներին։ Իսրայելցի բժիշկները հայտնել են հրթիռային գրոհներում երկու վիրավորների մասին, ներառյալ՝ մի կնոջ, որին հոսպիտալացրել են ծանր վիճակում։  
10:55 - 05 մայիսի, 2019
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի բանաձևը  |armtimes.com|

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի բանաձևը |armtimes.com|

armtimes.com: Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Թուրքիան չի ընդունում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը և այն կտրականապես անընդունելի է համարում։  Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ է արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։ Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:  Բանաձևում նշվել է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ 
07:41 - 28 ապրիլի, 2019
Հե՜յ Հայաստան,բացի ՛ր արխիվներդ․ Ռեջեփ Թայիփ Էրդողան |ermenihaber.am|

Հե՜յ Հայաստան,բացի ՛ր արխիվներդ․ Ռեջեփ Թայիփ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»: Հայտարարել է, որ այդ երկրներն արյունոտ անցյալ ունեն: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները հենց նրանք են: Այդ համատեքստում Էրդողանը մասնավորապես շեշտել է. «Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը»: Դատապարտելով Ֆրանսիայի ու մասնավորապես նախագահ Մակրոնի գործողությունները՝ Էրդողանը Ալժիրի ու Ռուանդայի կոտորածների մեղքը բարդել է ֆրանսիացիների վրա: Նախագահ Էրդողանը, կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է. «Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք, որպես քաղաքական գործիչներ, կխոսենք: Իրականության մասին իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»:
10:50 - 24 ապրիլի, 2019
Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը |ermenihaber.am|

Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը |ermenihaber.am|

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն ենթադրությունները, թե Թուրքիան Ռուսաստանի կողմից մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեը կարող է ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում և Կատարում։ «S-400-ները Կատարում կամ Ադրբեջանում տեղակայելու մասին հարց մեր օրակարգում չկա։ Նման հարց երբևէ օրակարգում չի էլ եղել։ Այդ հարցի շուրջ մամուլում տևական ժամանակ խոսվում է, սակայն նման հարց չկա։ Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցինք։ Այժմ բանակցում ենք այդ համակարգերի հանձման շուրջ։ Եթե Ռուսաստանը մտադիր լիներ Ադրբեջանին վաճառեր այդ համակարգերը, ապա ուղիղ Ադրբեջանին կվաճառեր, միջնորդի կարիք չկա, չէ՞ որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են», ասել է Չավուշօղլուն։ Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում նման կեղծ լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ թուրք վերլուծաբաններից մեկը այդ թեմայի մասին գրել էր իր հոդվածներից մեկում։ Նշյալ հոդվածում հեղինակը ընդամենը նման ցանկություն էր հայտնել, այնինչ ադրբեջանական լրատվամիջոցները դա լիովին այլ կերպ էին ներկայացրել։Բացի այդ էլ, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ այդ S-400 համակարգերը տեղակայվելու են Անկարայում ու Ստամբուլում, նա կարծես փաստացի հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը։
09:36 - 24 ապրիլի, 2019
Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի |ermenihaber.am|

Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի: Ստամբուլի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին, որը համարվում է Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, Ստամբուլում հիշատակի միջոցառում կանցկացվի: Նշվել է, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ: Ապրիլի 24-ին ժամը 19:00-ին Ստամբուլի Շիշհանե հրապարակում «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմի» կողմից մամուլի ասուլիս կկազմակերպվի:Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը ժամը 14:30-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 2011թ. ապրիլի 24-ին թուրք ծառայակցի արձակած կրակոցից սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի հիշատակին:
06:50 - 24 ապրիլի, 2019
Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել |news.am|

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել |news.am|

news.am: Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում ենթարկվել է հարձակման։ Անհայտ անձանց մի խումբ շենքի վրա պայթուցիկ խառնուրդով շշեր է նետել։ Ինչպես տեղեկացրել է Անատոլիական գործակալությանը Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիե Նուրջան Իփեքչին, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.51-ին։Նրա խոսքով՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում առաջին անգամ չէ, որ նման գրոհների է ենթարկվում։ Խմբավորումներից ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը, նշել է գլխավոր հյուպատոսը։ «Ոստիկանությունը տեղեկացրել է այս գործով երեք կասկածյալի կալանելու մասին։ Նրանց անուններն առայժմ չեն նշվում։ Կարծում եմ, որ իրավիճակը կպարզվի առաջիկա օրերին»,- ասել է Իփեքչին։ Գլխավոր հյուպատոսը նշել է, որ դիվանագիտական առաքելության շենքին վնաս չի հասցվել, քանի որ մեկ շշի պարունակությունը չի այրվել, մյուսն էլ կոտրվել է պարսպին հարվածվելով։
07:18 - 23 ապրիլի, 2019