Հայաստան

Ապաշրջափակման դեպքում փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և ՀՀ-ի ու Ադրբեջանի օրենսդրության հիման վրա. Զախարովա |armenpress.am|

Ապաշրջափակման դեպքում փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և ՀՀ-ի ու Ադրբեջանի օրենսդրության հիման վրա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում հնարավոր վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի ու Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճանապարհներին մաքսային հսկողություն կիրականացվի, թե ոչ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի ունենա:  «Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Դրանք վերաբերում են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս կարևոր խնդիրներով երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը։ Այդ հարցերի ամբողջ համալիրը քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ Երեւան եւ Բաքու կատարած այցի ընթացքում: Մենք տեսնում ենք հաղորդակցության ապաշրջափակման լավ հեռանկարներ, իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը: Ելնում ենք նաև նրանից, որ վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի և Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասաց Զախարովան:
16:46 - 25 նոյեմբերի, 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո |1lurer.am|

1lurer.am: Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ կողմերից որևէ մեկը չփորձի վերսկսել ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ երկկողմ հանդիպմանը: «Լրացել է ուղիղ մեկ տարի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից։ Երեք պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) իմաստություն ունեցան՝ արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղ երկխոսության անցնելու համար փաստաթուղթ ստորագրելով: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով տարածաշրջանում պահպանվում է լարվածությունը»,- ասել է Մատվիենկոն: Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցություն է առաջարկել սահմանազատման հարցերում՝ հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները պահվում են Ռուսաստանում։ «Նրանք ստուգված և ճշգրիտ են, հստակ սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահմանները։ Բանակցությունները կարելի է վստահորեն վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանն ու Ադրբեջանը աջակցում են նման մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կան, բայց գործընթացը դանդաղ է ընթանում»,- հավելել է Դաշնության խորհրդի նախագահը: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և դրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ:
16:33 - 25 նոյեմբերի, 2021
Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ:   Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը:  «Եռակողմ ջանքերի շնորհիվ համապատասխան աշխատանքը գործնականում իրականացվում է: Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ինչպես գիտեք, դա Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մեկնաբանելու իրավասությունն է: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ, եւ, իհարկե, հատուկ ուշադրությունն այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու, զարգացնելու վրա»,- ասաց Զախարովան:
16:16 - 25 նոյեմբերի, 2021
Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

2019 թվականին նոր Հայաստանի մասին 100 փաստեր ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ թափ է հաղորդվել դեռեւս 2006թ. մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018թ. վեց ամսվա արդյունքներով, Փաշինյանի խոսքով, կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում: 2019-ի հուլիսին էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Իրան կատարած այցի եւ միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում իրանական կողմի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը 18 ամսվա ընթացքում ավարտելու մասին։ Շինաշխատանքները, սակայն, կավարտվեն 2022-ի վերջին։ Բանն այն է, որ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պնդմամբ, 2020-2021թթ․ ընթացքում ծրագրի առաջընթացին Covid-19 համաճարակով, ապա եւ տարածաշրջանային իրավիճակով եւ բեռնափոխադրումների իրականացման բարդություններով պայմնավորված խոչընդոտներ են եղել։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման այս գծի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրով: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն. եվրո, որի 85%-ի ֆինանսավորումն իրականացվում է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի վարկային միջոցներով, իսկ 15%-ը' «SUNIR International FZE» ընկերության փոխառության միջոցներով։ Ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացված ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 272 մլն դրամ, որը ներառում է հողերի ձեռքբերումը, վնասների փոխհատուցումը, չափագրման եւ բրոքերական ծառայությունների ձեռքբերումը եւ այլն: Infocom-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչ փուլում են Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն այս պահին: Ըստ մեր ստացած պատասխանի՝ այս ծրագրի շրջանակներում 710 հենարաններից մոնտաժվել է 488-ը, բետոնացվել է 640 հիմք: 710 հենարաններից ՀՀ է ներմուծվել 625-ը, ամբողջությամբ ներմուծվել են ամպրոպապաշտպան ճոպանը եւ օպտիկամանրաթելային մալուխը: Ընդհանուր 268 կմ-ից կատարվել են շուրջ 70 կմ հաղորդալարերի մոնտաժման եւ լարաձգման աշխատանքներ։ Ծրագրի մաս կազմող «Նորավան» ենթակայանում, ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տեղեկությունների, գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի եւ 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, ինչպես նաեւ շենք-շինությունների եւ սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները․ «Ընթացքում են շենք-շինությունների, պարսպապատման, հողի հարթեցման եւ 400 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման աշխատանքները: «Նորավան» ենթակայանի բարձր լարման սարքավորումներն ամբողջությամբ ներմուծվել են»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ըստ էության, ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման առաջընթացը կազմում է շուրջ 71 %: 2019 թվականին Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը, Փաշինյանի խոսքով, նույնպես կարեւոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Նա հայտնել էր, որ այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը կա, եւ հույս էր հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը հաջողությամբ կիրականացվի:  Հայարփի Բաղդասարյան Լուսանկարը՝ Pexels հարթակից
13:00 - 25 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։  Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։
21:41 - 24 նոյեմբերի, 2021
Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։  Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցրերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցեր։   «Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական վերականգնումը և տրանսպորտային կապերի բացումը Հարավային Կովկասում։ Հենց այս հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:04 - 24 նոյեմբերի, 2021
Բելառուսն ու Հայաստանը 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը |armenpess.am|

Բելառուսն ու Հայաստանը 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը |armenpess.am|

armenpress.am: Բելառուսն ու Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը: Այս մասին «Բելտա» գործակալությանը հայտնել են Բելառուսի անտառատնտեսության նախարարությունից: «Բելառուսական արտահանման ծավալով՝ Հայաստանն ավանդաբար դասվում է Բելառուսի 50 ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում։ Միաժամանակ, երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է։ Այսպիսով, եթե 2016 թվականին այն կազմել է 32 միլիոն դոլարից մի փոքր ավելի, ապա 2020 թվականին այն արդեն գերազանցել է 82 միլիոն դոլարը։ Առևտրաշրջանառության աճ է գրանցվել, և ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով այն գերազանցել է 62 միլիոն դոլարը»,- հայտնել են նախարարությունից: 2021 թվականի հունվար-սեպտեմբերին Բելառուսից արտահանման հիմնական ապրանքներն են եղել կաթնամթերքը, կահույքը, տեղեկատվության ավտոմատ մշակման համակարգիչները և դեղամիջոցները։ Իր հերթին Բելառուսը Հայաստանից ներմուծում է ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ և ջարդոն։ Նախարարությունից հայտնել են, որ Բելառուսում նկատվում է նաև հայկական ներդրումների աճ։ Առաջին կիսամյակի տվյալներով՝ տնտեսություն նրանց մուտքերի ծավալը կազմել է 10,6 մլն դոլար (գումարած 16,4%)։ Բացի այդ, Բելառուսում գործում են հայկական կապիտալով 46 ձեռնարկություն, այդ թվում՝ 11 համատեղ և 35 արտասահմանյան կազմակերպություններ։  
20:44 - 24 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին, որի մեկնարկից առաջ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես, Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ միջոցառման անցկացման ու պարզապես հայերի կողքին լինելու համար: Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքները սարսափելի են, կորուստները՝ անդառնալի: Ծավալուն ելույթում ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի ու Արցախի խաղաղասեր ժողովուրդը ստիպված էր պայքարել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ: Օրենսդրի ղեկավարը հիշեցրել է, որ դա ոչ միայն վայրագ հարձակում էր Արցախի և արցախահայության հիմնարար իրավունքների, նրանց կյանքի և ֆիզիկական անվտանգության դեմ, այլև բռնատիրությունների կողմից հարձակում էր՝ ընդդեմ ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի ու Արցախի: Այդուհանդերձ, դժվարին կորուստներն ու հետևանքները չկոտրեցին մեր ժողովրդի ոգին՝ նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից մեկ տարի անց հայ ժողովուրդը լիահույս է, որ բարեկամների օգնությամբ կհաղթահարի մարտահրավերը: Դիմելով առաջադեմ մարդկությանը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանի կողմից շարունակաբար տեղի են ունենում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ և պատերազմական հանցագործություններ: ԱԺ նախագահն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» ընդունած բանաձևի և դրա նշանակության համար՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք՝ բանակցային գործընթացի ամրապնդման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել 2021թ. ապրիլին 23-25-ին Սենատի նախագահ Ժերար Լարշեի և վերոնշյալ բանաձևի ընդունմանը սատարած հինգ քաղաքական խմբերի ղեկավարների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: «Նախագահ Լարշեի և նրա պատվիրակության՝ Երևանում հնչեցրած ազդեցիկ ուղերձներով, Ֆրանսիայի Սենատը ևս մեկ անգամ իր սկզբունքային հավատարմությունը հաստատեց համամարդկային արժեքներին և իր անվերապահ համերաշխությունը՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»,- ասել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահն արժևորել է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում: Խոսելով Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնակի կարևորել է Սենատի և Ազգային ժողովի միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը, որը, ըստ ԱԺ նախագահի, նոր լիցք կհաղորդի օրենսդիր մարմինների միջև առկա համագործակցությանը:
20:06 - 24 նոյեմբերի, 2021
 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
19:28 - 24 նոյեմբերի, 2021
Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է |armenpress.am|

Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է: Այս մասին տեղեկացնում է Greek city times-ը՝ հավելելով, որ Ադրբեջանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները օկուպացրած հայկական Շուշի քաղաքն իրենը ներկայացնելու համար: Նշվում է, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից: Հայ համայնքը դիմել է տեղական իշխանություններին հեռացնելու գովազդը, որն արվել է առանց երկմտանքի: Greek city times-ը գրում է, որ թեև գովազդը հանվել է, սակայն հարց է առաջացնում, թե ինչու է երբևէ թույլատրվել այն ցուցադրել: «Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշի քաղաքը»,- գրում է կայքը:
17:57 - 24 նոյեմբերի, 2021
Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

civilnet.am: Կրեմլը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին», որին, ի թիվս 110 երկրների ու տարածքների՝ մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առցանց): ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը» ԱՄՆ-ի՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ է անվանել և ընդգծել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այդ միջոցառմանը: «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք պայքարել ենք 1990-ականների սկզբին, որպեսզի բաժանարար գծերը հեռացվեն, բայց այժմ Միացյալ Նահանգները նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ, լավերի և վատերի»,- նոյեմբերի 24-ին լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը մի փոքր կտրված է իրականությունից․ «Դա բացարձակապես փոխկապակցված չէ աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի ու ավելի շատ երկրներ, այնուամենայնիվ, նախընտրում են իրենք որոշել, թե ինչպես պետք է շարունակեն ապրել՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, բայցևայնպես, նման փորձեր ԱՄՆ-ում արվում են»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է այլ երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումը և սեփականաշնորհել այդ տերմինը: «Նրանք փորձում են սեփականաշնորհել «ժողովրդավարություն» բառը։ Այսինքն՝ [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող և չպետք է լինի։ Նման բան, ըստ էության, չկա»,- ասել է նա։
15:34 - 24 նոյեմբերի, 2021
Ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը. ԱԺ-ն ներկայացրել է Ալեն Սիմոնյանի պատասխանը ռուս լրագրողին

Ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը. ԱԺ-ն ներկայացրել է Ալեն Սիմոնյանի պատասխանը ռուս լրագրողին

«Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին արտատպել «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով ծավալուն հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերաբերող հատվածը: Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը»: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը և ներկայացնում մանրամասներ հարցազրույցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Եղելությունը հետեւյալն է՝ նախ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձին հարցազրույց չի տվել տվյալ լրատվամիջոցի լրագրողին: Լրատվամիջոցի ներկայացուցիչն ԱԺ նախագահի հետ հանդիպել է նոյեմբերի 12-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ միասին՝ Հայաստան այցի շրջանակում: Իրականում լրագրողի հարցը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը խեղաթյուրված են եւ կտրված կոնտեքստից: Լրագրողը հոդվածում նաեւ նշում է, որ փորձում է պաշտպանել Ռուսաստանին հերթական մեղադրանքից: Սակայն, հարցուպատասխանի ընթացքում հստակ երեւում է, որ ոչ միայն մեղադրանք չի հնչել Ռուսաստանի հասցեին, այլեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողի դիտարկումների հետ: Ներկայացնում ենք հարցուպատասխանը. Լրագրող- Դուք հանձնել եք Ղարաբաղը... ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Դուք կարծում եք, որ մենք հանձնե՞լ ենք Ղարաբաղը: Լրագրող- Ես կարծում եմ, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը՝ ռուսաստանյանից մեկ այլ... ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաեւ հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, նույն ձեր տրամաբանությամբ... Լրագրող- Իսկ դուք համաձայ՞ն եք այդ մտքի հետ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Իսկ դուք ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը: Որովհետեւ, գիտեք, երբ ասում եք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը, դուք վիրավորում եք զոհվածներին եւ այն ընտանիքներին, որոնք իրենց հարազատներին կորցրել են այդ պատերազմում: Մեր ժողովուրդը կռվել է մինչեւ վերջ, եւ եթե որեւէ մեկը պատրաստվեր որեւէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից, վերջացրած այնպիսի որոշմամբ, որի դեպքում 3800 զոհ չէր լինի հայկական կողմից: Այնպես որ, ասել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան հանձնել է, նշանակում է՝ չիմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, չիմանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, եւ, ցավոք սրտի, Ռուսաստանում: Լրագրող- Դեռ հոկտեմբերին ես Դոնբասի կամավորականների հավաքին էի: Մի քանի հազար մարդ պատրաստվում էին ձեզ օգնելու գալ: Միության ղեկավարն ասաց՝ պետք չի գնալ, մի քանիսը գնացել են եւ վերադարձել: Հայաստանում ընդունվել էր վարձկանության մասին օրենքը, եւ կամավորականներից շատերը հայտնվում էին այդ օրենքի տիրույթում: Այսինքն՝ դուք գիտակցաբար փակել եք այն մարդկանց հոսքը, որոնք պատրաստ էին արյուն թափել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Մենք մարդկանց քանակի հետ կապված խնդիր չենք ունեցել: Մեր խնդիրն այն էր՝ ինչպես պայքարել բայրաքթարների դեմ, որոնց հնարավոր չէր խոցել մեր ունեցած տեխնիկայով: Մենք դուրս ենք հանել մեր մոտավորապես 25 հազար զինծառայողներին այն տարածքներից, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ու դուք կարծում եք, որ պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մարդ չունեի՞նք: Իրո՞ք: Դուք կարծում եք, որ 2020 թվականին պատերազմը հաղթում են մարդի՞կ: Կից ներկայացնում ենք տեսագրությունն առանց որեւէ միջամտության եւ դատողությունները թողնում ձեզ, թե արդյո՞ք հարցազրույցը վերածվել է բանավեճի կամ Ալեն Սիմոնյանը զրույցի կեսից «տաքացել է»: Կոչ ենք անում «Комсомольская правда»-ի թղթակից Դմիտրի Ստեշինին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից եւ ջուր չլցնել այն մարդկանց ջրաղացին, ովքեր փորձում են վնասել հայ-ռուսական հարաբերությունները ու իրենց քայլերով սեպ խրել բարեկամ եւ դաշնակից երկու երկրների միջեւ»:
15:21 - 24 նոյեմբերի, 2021