ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Վայոց ձորի մարզպետի տեղակալը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հրատապ մարդասիրական աջակցության ապահովման հարցեր

Վայոց ձորի մարզպետի տեղակալը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հրատապ մարդասիրական աջակցության ապահովման հարցեր

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Ժնևի և Հայաստանի գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ Օլեգ Ժդանովին և Ալմազ Բուրկուտովին:   Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը:   Կողմերն անդրադարձել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ու գործողություններին վերաբերող հարցերի՝ ազդակիր բնակչությանը ժամանակին և արդյունավետ մարդասիրական աջակցության պլանավորման նպատակով` հաշվի առնելով 2020 թվականից ի վեր ստեղծված իրավիճակը Հայաստանում:   Պաշտոնյաները քննարկել են նաև սեպտեմբերի 13-ից Ջերմուկից մարզի տարբեր համայնքներ տեղափոխված ընտանիքների և առանձին քաղաքացիների առաջնահերթ կարիքները։   Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել Վայոց ձորի մարզային և տեղական իշխանությունների հետ համակարգմամբ, աջակցել համայնքներին՝ տուժած ընտանիքներին տրամադրելով մարդասիրական օգնություն:
20:31 - 23 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը

Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում  վերջին զարգացումների, անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորին ուղղված հասցեական արձագանքի, ինչպես նաև ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալու կարևորությունը։
12:09 - 23 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանը ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո ներկաներ,Հարգելի գործընկերներ, Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել ՄԱԿ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, որի նպատակն է իրացնել մեր նախնիների մշակութային ներուժն ի պաշտպանություն մշակութային բազմազանությանը և խաղաղությանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրաքի Հանրապետությանն այս հանդիպումն անցկացնելու համար։ Հայաստանն այս Ֆորումը դիտարկում է որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որը կարող է էական դեր ունենալ այսօրվա գլոբալացված աշխարհի մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցել և նպաստել միջմշակութային երկխոսության, փոխադարձ ըմբռնման և փոխհամաձայնության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին: Համոզված ենք, որ բարելավված բազմամշակութային համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և մշակութային ներառական դինամիկայի, նորարարության, համերաշխության ու կայունության խթանմանն ուղղված քաղաքականություններն ի զորու են ամրապնդել հանդուրժողականությունը, հարգանքն առ բազմազանություն և խաղաղություն: Հարգելի՛ բարեկամներ, Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ։ Ավելի քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։ Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը բազմիցս հայտնել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցների բարեխիղճ իրականացումն ապահովելու և միջմշակութային երկխոսության ու մշակութային բազմազանության խթանմանն ուղղված գլոբալ ջանքերին իր ներդրումն ունենալու նպատակով: Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերն ու նվիրվածությունը թույլ կտան մեզ հետամուտ լինել մեր պարտավորություններին և էլ ավելի ամրապնդել մեր կապերն ու համագործակցությունը: Շնորհակալություն»‎:
09:54 - 23 սեպտեմբերի, 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահող,Գերազանցություններ,Տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է վերադառնալ Գլխավոր Ասամբլեա, թեև կցանկանայի այստեղ լինել ավելի դրական ուղերձով, հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց միջով աշխարհն անցել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Բայց իմ ելույթը կկենտրոնանա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին չհրահրված ագրեսիայի և Հարավային Կովկասի կայունության նկատմամբ դրա ընդհանուր ազդեցության վրա։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս։ Ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։ Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։ Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։ Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը տարածվում և գովաբանվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից: Անկասկած, նման անասելի վայրագությունները քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական ատելություն և թշնամանք սերմանելու տասնամյակներ տևած քաղաքականության ուղղակի արդյունքն են։ Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում։ Տիկնայք և պարոնայք, Չնայած վերը նշված փաստերին` Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում խաղաղության, Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Կողքից լսելով, թե ինչ է ասում Ադրբեջանը, դուք կարող եք նույնիսկ տպավորվել նրա նվիրվածությամբ խաղաղության ջանքերին: Եվ նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման օրակարգի թեմաները։ Ինչո՞ւ մենք այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։ Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար։ Ինչպես գիտեք, մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։ Մինչ հանձնաժողովի ստեղծումը, անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։ Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառը միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, երբ և ինչո՞ւ, կարևոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Նման մեկ այլ թեմա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացումն է։ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։ Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։ Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել։ Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել։ Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կաևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար։ Տիկնայք և պարոնայք, Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը։ Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ցավոք, Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով՝ ըստ էության արգելափակելով անկախ փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Դատապարտելի է նաև, որ Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը՝ ի թիվս այլ գործողությունների, նրանց ենթարկելով արհեստական դատավարությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի, իր սեփական պարտավորվածությունների կոպիտ խախտումով և միջազգային հանրության կոչերին հակառակ։ Պարոն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Կայուն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը մեր նպատակն է։ Անցյալ տարի ժողովրդավարական արտահերթ ընտրությունների միջոցով մեր ժողովուրդը վճռականորեն աջակցեց կառավարության խաղաղության օրակարգին և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ գնալու ժողովրդավարական ճանապարհով։ Շատ կարևոր է փաստել, որ ադրբեջանական հարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությունը։ Հակառակ որոշ ուժերի ակնկալիքներին, Հայաստանը 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո մնաց ժողովրդավարական՝ օգտագործելով ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների գործիքը որպես ելք ներքաղաքական ճգնաժամից։ Միջազգային հանրությունը միաձայն ընդունեց և բարձր գնահատեց այս փաստը։ Հայկական ժողովրդավարությունը պայքարում է մի մթնոլորտում, երբ Ադրբեջանն ամեն օր ուժ է գործադրում՝ միակողմանիորեն պարտադրելու իր ծրագրերը, վերջ դնելու հայկական պետականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը։ Բայց ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մենք վճռական ենք բոլոր միջոցներով պաշտպանելու մեր ժողովրդավարությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ ընդգծել, որ դիվանագիտական լուծումները մեզ համար բացարձակ առաջնահերթություն են, և միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը չափազանց կարևոր է։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։ Անհերքելի է, որ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Տիկնայք և պարոնայք, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, բայց մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության լիակատար աջակցությունը, որը կկանգնի ինքնիշխան և ժողովրդավարական երկրի և ժողովրդի կողքին, որը ենթարկվում է ագրեսիայի՝ ի հակասություն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների։ Ես հավատում եմ երկարաժամկետ կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման ներուժին, և Հայաստանը հանձնառու է շարունակել այդ նպատակով դիվանագիտական ջանքերը։ Շնորհակալ եմ ուշադրության համար»։
07:41 - 23 սեպտեմբերի, 2022
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային՝ կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը՝ բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը: Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
07:37 - 23 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիային

Նիկոլ Փաշինյանը Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
00:23 - 23 սեպտեմբերի, 2022
Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն
 |1lurer.am|

Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝ կլիմայի փոփոխությանը, պարենային ճգնաժամին, մարդու իրավունքների խախտումներին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր անդամների թվի ավելացման օգտին։ «Այն երկրները, որոնց մենք երկար ժամանակ աջակցել ենք, պետք է մշտական անդամակցություն ստանան»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։ Բայդենն անդրադարձել է նաև Պեկին-Վաշինգտոն հարաբերություններին, հավատացրել՝ ամերիկյան իշխանությունները Չինաստանի հետ հակամարտություն կամ «սառը պատերազմ» չեն ցանկանում, սակայն շարունակելու են անվտանգ և բարգավաճ աշխարհի ձևավորման քաղաքականությունը: «ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին և դեմ է Թայվանի նեղուցում ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներից՝ Բայդենն ընդգծել է՝ Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, սակայն Իրանին երբեք թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։ Ելույթի ավարտին Ջո Բայդենը կոչ է արել գործակցել և բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
13:39 - 22 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ: Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
10:13 - 22 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում անդամ երկրների կողմից ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:  
09:26 - 22 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանն իր գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները. Արարատ Միրզոյան

Ադրբեջանն իր գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները. Արարատ Միրզոյան

ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր նմանատիպ գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ առանձնահատուկ նշելով միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը: Հայկական կողմը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
11:45 - 20 սեպտեմբերի, 2022