Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը |ermenihaber.am|

Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Կանաչների» կուսակցությունը մասնաորպես պահանջում է չեղարկել Թուրքիային սուզանավերի վաճառքի գործարքը, իսկ «Ձախերի» կուսակցությունը՝ զենքի էմբարգո կիրառել այդ երկրի նկատմամբ։ Երկու առաջարկները քննարկման են ներկայացվել առանձին–առանձին բանաձևերի տեսքով։Որպես նման պահանջի հիմնավորում՝ ընդդիմադիրները նշում են Միջերկրական ծովում Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած տարաձայնությունները՝ պայմանավորված Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։
16:48 - 29 հունվարի, 2021
Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս

Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով հունվարի 25-ին Երևան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Այն կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ համագործակցությամբ»,-հայտնում են նախարարությունից: Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։ Դեռևս նոյեմբերի սկզբին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով, շուրջ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։ Նախարարությունից հիշեցրել են, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն իսկ 2մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին, Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200.000 եվրո, ինչպես նաև դաշնային կառավարությունը 300.000 եվրո աջակցություն է տրամադրել GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով:
19:45 - 25 հունվարի, 2021
Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացրել էինք, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ մասեր Ադրբեջանին մատակարարել էին մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Կանադան, Թուրքիան, Իսրայելը եւ այլն։ Տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ կոորդինատներ ստանալու հարցում էլ Ադրբեջանին օգնել էր ֆրանսիական արտադրության արբանյակը։ Նախապատերազմական շրջանում աշխարհի շուրջ 20 երկրների 27 քաղաքներից դեպի Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան կատարված բեռնատար ինքնաթիռների թռիչքներին նույնպես անդրադարձել էինք, ինչից պարզ էր  դարձել, որ թռիչքներից 574-ը կամ դրանց շուրջ 18%-ն  իրականացվել էր միայն հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ամսին։ Սակայն դեպի Բաքու թռիչքներն ակտիվացել էին դեռեւս պատերազմին նախորդող ամիսներին։ Պատերազմի ավարտից հետո, ըստ տրամաբանության, դեպի Ադրբեջան թռիչքների դինամիկան պետք է որ նվազեր, սակայն այս տարվա հունվարին բեռնատար ինքնաթիռների թռիչքի կտրուկ աճ է եղել։ Այս անգամ եւս FlightRadar համակարգի միջոցով ուսումնասիրել ենք աշխարհի շուրջ 20 երկրների 26 քաղաքներից դեպի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան բեռնատար ինքնաթիռների իրականացրած թռիչքները։ Ըստ ուսումնասիրության՝ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 21 բեռնատար թռիչք։ Նշենք, որ անցյալ տարվա հունվարին Միլանից Բաքու թռիչքները եղել են 10-ը։ Հատկանշական է, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, 2021-ին ամրապնդվում է։ Մամուլում իտալա-ադրբեջանական համագործակցության ամրագրման մասին այլ հրապարակումներ էլ կան։ Ըստ ադրբեջանական եւ ադրբեջանամետ աղբյուրների՝ այս տարի G-20 գագաթաժողովին Ադրբեջանը մասնակցելու է Իտալիայի հրավերով։ Մամուլում առկա հրապարակումներից հայտնի է, որ նախկինում Ադրբեջանն այս գագաթաժողովին մասնակցել է Թուրքիայի հրավերով։  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու այս ամիս իրականացվել է 3 թռիչք, անցած տարվա հունվարին՝ 1 թռիչք, Բելգիայի Բրյուսելից՝ այս ամիս 4 թռիչք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն գրանցվել։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքներն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 4 անգամ՝ 13 թռիչք, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից՝ 9 անգամ՝ 9 թռիչք։ Այս տարվա հունվարին Ադրբեջանի եղբայր Թուրքիայի Ստամբուլի օդանավակայանից դեպի Բաքու իրականացվել է 23 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Իրաքի Բասրայից Բաքու՝ 3, Աֆղանստանի Քաբուլից՝ 6 թռիչք է իրականացվել։ ԱՄՆ Չիկագոյի օդանավակայանից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է մոտ 3 անգամ ավելի շատ՝ 24 թռիչք, Արբիլից՝ 3։ Չինաստանի Ուրումչիից` 18 թռիչք․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն իրականացվել։ Ժենգժոուից՝ 35 թռիչք․ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 20 թռիչք։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից դեպի Բաքու իրականացվել է 7 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3-ով։ Այս տարվա հունվարին Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանից դեպի Բաքու շուրջ 4 անգամ ավելի շատ՝ 58 թռիչք է իրականացվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Սինգապուրից Բաքու իրականացվել է 8 թռիչք, անցյալ տարի հունվարին՝ 1։ Չինաստանի Շանհայից՝ 42 թռիչք, նախորդ տարի՝ 28։  Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 15 թռիչք, նախորդ տարի հունվարին՝ 9։ Ղազախստանի Ակտաուից՝ 4 թռիչք, Չինաստանի Հոնգ Կոնգից՝ այս տարվա հունվարին՝ 26 թռիչք, նախորդ տարվա հունվարին՝ 19։ Մալազիայի Կուալա Լումպուրից՝ 7 թռիչք, Ճապոնիայի Օսակայից՝ 11 թռիչք, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից՝ 8 թռիչք, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից՝ 11 թռիչք, Ղազախստանի Ատիրաուից՝ 3։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է 4 անգամ ավելի շատ՝ 21 բեռնափոխադրում, իսկ Գերմանիայի Լյուքսեմբուրգ քաղաքից անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2,5 անգամ ավելի շատ՝ 18 թռիչք։ Ուսումնասիրելով այս տարվա հունվարին դեպի Բաքու իրականացված թռիչքները, պարզ է դառնում, որ ինչպես պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում, այդպես էլ այժմ կտրուկ աճել են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռներով թռիչքները։ Այս տարվա հունվարին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 166 թռիչք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 65 թռիչք։ Այսինքն՝ այս տարի հունվարին բեռնափոխադրող ինքնաթիռներով թռիչքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 155%-ով։ Նշենք, որ թռիչքներում ներառված չեն ռազմական ինքնաթիռների ժամանում-մեկնումները, քանի որ դրանց տեղաշարժը FlightRadar համակարգը չի արձանագրում։ Նարեկ Մարտիրոսյան
18:53 - 25 հունվարի, 2021
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները |1lurer.am|

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները: 2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է: Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին հայտարարել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում՝ չնայած, որ դեկտեմբերին կայացած գագաթնաժողովի ընդունած որոշումները չեն բավարարել Թուրքիայի սպասելիքները: Նրա խոսքով՝ հիմա նրանք ակնկալում են կոնկրետ քայլեր և լուծումներ, օրինակ՝ վիզաների ազատականցման հարցում:
10:05 - 19 հունվարի, 2021
Գերմանիայում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ է հայտնաբերվել |tert.am|

Գերմանիայում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ է հայտնաբերվել |tert.am|

tert.am: 2020 թվականի դեկտեմբերի կեսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսի նոր շտամով հիվանդացության դեպք է հայտնաբերվել Գերմանիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի սոցիալական քաղաքականության և ինտեգրման նախարարությանը հղումով:Նշվում է՝ վիրուսը հայտնաբերել են ընտանիքի մոտ, որը դեկտեմբերի 13-ին Բադեն-Վյուրտեմբերգ էր ժամանել ՀԱՀ-ից: Ընտանիքի բոլոր անդամները կարանտինի մեջ էին: Ժամանելուց հետո 5 օր անց նրանց թեստավորել էին, բայց թեստը բացասական պատասխան էր ցույց տվել: Մի քանի օր անց միայն նրանց մոտ զարգացել են հիվանդության թեթև ախտանշաններ:Ընտանիքի անդամներից մեկի երկրորդ թեստը, որը առաջինն էր հիվանդացել, ուղարկել են լաբորատորիա, որը հաստատել է հարավաֆրիկյան շտամով վարակվելու դեպքը: Ներկայումս կորոնավիրուսը հայտնաբերվել է 6 մարդու մոտ:
10:56 - 13 հունվարի, 2021
Արցախյան երկրորդ պատերազմը Գերմանիային ստիպել է մտափոխվել ԱԹՍ-ների համար հրթիռներ գնելու հարցում |armenpress.am|

Արցախյան երկրորդ պատերազմը Գերմանիային ստիպել է մտափոխվել ԱԹՍ-ների համար հրթիռներ գնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմը Գերմանիայի խորհրդարանին ստիպել է մտափոխվել անօդաչու թռչող սարքերի համար հրթիռներ գնելու հարցում: Այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականը: Լրատվամիջոցը նշում է, որ Գերմանիան մոտակա ամիսներին ձեռք կբերի իսրայելական արտադրության հինգ նոր Heron TP ԱԹՍ-ներ, որոնք կարողանում են օդում մնալ ավելի քան 30 ժամ և, նույնիսկ, եղանակային վատ պայմաններում փոխանցել երկրի վրա գտնվող օբյեկտների ճշգրիտ կոորդինատները: Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը մտադիր է ԱԹՍ-ները զինել համապատասխան հրթիռներով, սակայն Բունդեսթագը դեմ է արտահայտվել այդ որոշմանը: Գերմանիայի խորհրդարանում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ անօդաչու թռչող սարքերը ոչ միայն պաշտպանվելու համար են, քանի որ այդ պատերազմը վարում էին հենց ԱԹՍ-ները: Այս հանգամանքը Գերմանիային հետ է պահել ԱԹՍ-ների համար մարտական հրթիռներ գնելու մտքից, որպեսզի այն հավելյալ գրգռիչ ազդեցություն չունենա թշնամիների վրա:
10:36 - 21 դեկտեմբերի, 2020
Amad News պորտալի ղեկավարին մահապատժի ենթարկելու հետ կապված՝ Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Amad News պորտալի ղեկավարին մահապատժի ենթարկելու հետ կապված՝ Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի Թեհրանում Գերմանիայի դեսպանին կանչել է գերատեսչություն՝ կապված Amad News տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամին մահապատժի ենթարկելու մասին ԵՄ մի շարք երկրների ղեկավարների հայտարարությունների հետ:  Նշվում է, որ դեսպանին կանչել են որպես Իրանում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ: Դեկտեմբերի 12-ի առավոտյան Իրանը մահապատժի է դատապարտել Amad News լրատվական պորտալի ղեկավարին՝ նրան մեղադրելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: Մի քանի երկրի, այդ թվում ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են այդ որոշումը: Զամը հայտնի էր որպես արտասահմանից աշխատող իրանցի լրագրող և ակտիվիստ: Ֆրանսիան համարվում էր նրա մշտական ​​բնակության վայրը: Լրագրողը հատկապես ակտիվ էր 2017-2018 թվականներին Իրանում բողոքի ցույցերը լուսաբանելու հարցում:
17:44 - 13 դեկտեմբերի, 2020
Գերմանիան անցնում է խիստ լոքդաունի ռեժիմի
 |1lurer.am|

Գերմանիան անցնում է խիստ լոքդաունի ռեժիմի |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի իշխանությունները դեկտեմբերի 16-ից հունվարի 10-ը երկրում խիստ կարանտին են հաստատել՝ նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազեցնելու համար: Այս մասին կիրակի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ դաշնային նահանգների վարչապետների հետ հանդիպումից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: «Այն միջոցառումները, որոնք ձեռնարկել էինք նոյեմբերի 2-ից, բավարար չեն»,- ընդգծել է կանցլերը: Մերկելը նշել է, որ Գերմանիայում կրկին նկատվում է վարակի նոր դեպքերի արագ աճ: «Մենք պետք է գործենք, և դա անում ենք հիմա»,- ավելացրել է նա: Կանցլերը նշել է, որ դաշնային և նահանգային իշխանությունները պայմանավորվել են փակել վաճառակետերը, բացի մթերային և որոշ խանութներից, արգելել ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում և պիրոտեխնիկայի վաճառքը: Ամանորի տոներին մտցվում է հավաքների արգելք: Դպրոցներն ու մանկապարտեզները հնարավորության սահմաններում փակ կլինեն, բացառությամբ հատուկ առիթների: Առցանց ուսուցման հնարավորությունները կընդլայնվեն:
16:31 - 13 դեկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային
 |ermenihaber.am|

Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին: Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:  «Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքիներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող են օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,-ասվում է նամակում: Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր «Thyssen Krupp» ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:  
21:08 - 10 դեկտեմբերի, 2020
Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԵ) մուտքի սահմանափակումներից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։ «Իրանի հայտարարությունները ուրանի հարստացման գործարաններում երեք նոր ցենտրիֆուգների կասկադ տեղադրելու մասին հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և խորը մտահոգություն առաջացնում», - հայտարարել են Իրանի հետ միջուկային ծրագրի սահմանափակման հարցով համաձայնագրի կողմ հանդիսացող եվրոպական երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները։ Իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունից հետո պաշտոնական Թեհրանը կոշտացրել է դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում։ Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն, ում արևմտյան հատուկ ծառայությունները համարում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, հարձակման էր ենթարկվել «զինված ահաբեկիչների կողմից»: Պաշտոնական Թեհրանը կատարվածի մեջ Իսրայելին է մեղադրում: «Նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խանգարի իրանցի գիտնականների ջանքերին, այլև նրանց է՛լ ավելի նպատակասլաց կդարձնեն», - հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
14:55 - 07 դեկտեմբերի, 2020
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ ի պատասխան վերջին ամիսներին Միջերկրական ծովում լարվածության հրահրման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի դիվանագիտության ղեկավար Հայկո Մաասը: «Գերմանիան համառորեն ջանքեր էր գործադրում Եվրամիության և Թուրքիայի միջև երկխոսության ուղղությամբ, սակայն սադրանքները շատ էին, իսկ լարվածությունը Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի միջև խանգարում էր որևէ ուղիղ բանակցությունների», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նոյեմբերին Եվրամիության օրենսդիր մարմինը հատուկ բանաձև է ընդունել, որը դաշինքի անդամ երկրներին կոչ է անում ցավոտ պատժամիջոցներ ընդունել Անկարայի դեմ՝ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի ապօրինի գործողությունների համար։ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովի գլխավոր թեման, ըստ միջազգային լրատվամիջոցների, հենց Թուրքիան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
13:51 - 07 դեկտեմբերի, 2020
ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է դադարեցնել զորքերի դուրսբերումը Գերմանիայից և ընդլայնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ |1lurer.am|

ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է դադարեցնել զորքերի դուրսբերումը Գերմանիայից և ընդլայնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է արգելափակել Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը՝ գրում է Die Welt-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանական բյուջեի օրենքների նոր փաթեթին, որը համաձայնեցվել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից: Օրենքի նախագծում նշվում է, որ Կոնգրեսը Գերմանիան համարում է ՆԱՏՕ-ի ուժեղ գործընկերը, իսկ 34.500 ամերիկացի զինվորների ներկայությունը գերմանական տարածքում կարևոր տարր է Եվրոպայում Ռուսաստանի ռազմական ագրեսիան և ընդարձակման նկրտումները զսպելու համար: Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ Գերմանիայում տեղակայված զորքերը կարևոր դեր են խաղում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու գործում: Դոնալդ Թրամփը հայտարարել էր հունիսին Արևմտյան Գերմանիայից ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերման մասին: Ամերիկյան զորակազմը նախատեսվում էր կրճատել 12 հազար մարդով: Պարբերականը հայտնում է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է ընդլայնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Միևնույն ժամանակ չի նախատեսվում պատժամիջոցներ կիրառել Գերմանիայի և եվրոպական այլ պետությունների կառավարությունների նկատմամբ: Հայտնի է, որ Կոնգրեսի երկու պալատները կողմ են գազատարի հարցում պատժամիջոցների ընդլայնմանը:
20:30 - 04 դեկտեմբերի, 2020