Նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացրել էինք, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ մասեր Ադրբեջանին մատակարարել էին մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Կանադան, Թուրքիան, Իսրայելը եւ այլն։ Տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ կոորդինատներ ստանալու հարցում էլ Ադրբեջանին օգնել էր ֆրանսիական արտադրության արբանյակը։ Նախապատերազմական շրջանում աշխարհի շուրջ 20 երկրների 27 քաղաքներից դեպի Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան կատարված բեռնատար ինքնաթիռների թռիչքներին նույնպես անդրադարձել էինք, ինչից պարզ էր դարձել, որ թռիչքներից 574-ը կամ դրանց շուրջ 18%-ն իրականացվել էր միայն հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ամսին։ Սակայն դեպի Բաքու թռիչքներն ակտիվացել էին դեռեւս պատերազմին նախորդող ամիսներին։
Պատերազմի ավարտից հետո, ըստ տրամաբանության, դեպի Ադրբեջան թռիչքների դինամիկան պետք է որ նվազեր, սակայն այս տարվա հունվարին բեռնատար ինքնաթիռների թռիչքի կտրուկ աճ է եղել։ Այս անգամ եւս FlightRadar համակարգի միջոցով ուսումնասիրել ենք աշխարհի շուրջ 20 երկրների 26 քաղաքներից դեպի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան բեռնատար ինքնաթիռների իրականացրած թռիչքները։
Ըստ ուսումնասիրության՝ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 21 բեռնատար թռիչք։ Նշենք, որ անցյալ տարվա հունվարին Միլանից Բաքու թռիչքները եղել են 10-ը։ Հատկանշական է, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, 2021-ին ամրապնդվում է։ Մամուլում իտալա-ադրբեջանական համագործակցության ամրագրման մասին այլ հրապարակումներ էլ կան։ Ըստ ադրբեջանական եւ ադրբեջանամետ աղբյուրների՝ այս տարի G-20 գագաթաժողովին Ադրբեջանը մասնակցելու է Իտալիայի հրավերով։ Մամուլում առկա հրապարակումներից հայտնի է, որ նախկինում Ադրբեջանն այս գագաթաժողովին մասնակցել է Թուրքիայի հրավերով։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու այս ամիս իրականացվել է 3 թռիչք, անցած տարվա հունվարին՝ 1 թռիչք, Բելգիայի Բրյուսելից՝ այս ամիս 4 թռիչք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն գրանցվել։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքներն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 4 անգամ՝ 13 թռիչք, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից՝ 9 անգամ՝ 9 թռիչք։
Այս տարվա հունվարին Ադրբեջանի եղբայր Թուրքիայի Ստամբուլի օդանավակայանից դեպի Բաքու իրականացվել է 23 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Իրաքի Բասրայից Բաքու՝ 3, Աֆղանստանի Քաբուլից՝ 6 թռիչք է իրականացվել։
ԱՄՆ Չիկագոյի օդանավակայանից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է մոտ 3 անգամ ավելի շատ՝ 24 թռիչք, Արբիլից՝ 3։ Չինաստանի Ուրումչիից` 18 թռիչք․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն իրականացվել։ Ժենգժոուից՝ 35 թռիչք․ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 20 թռիչք։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից դեպի Բաքու իրականացվել է 7 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3-ով։
Այս տարվա հունվարին Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանից դեպի Բաքու շուրջ 4 անգամ ավելի շատ՝ 58 թռիչք է իրականացվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Սինգապուրից Բաքու իրականացվել է 8 թռիչք, անցյալ տարի հունվարին՝ 1։ Չինաստանի Շանհայից՝ 42 թռիչք, նախորդ տարի՝ 28։
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 15 թռիչք, նախորդ տարի հունվարին՝ 9։ Ղազախստանի Ակտաուից՝ 4 թռիչք, Չինաստանի Հոնգ Կոնգից՝ այս տարվա հունվարին՝ 26 թռիչք, նախորդ տարվա հունվարին՝ 19։ Մալազիայի Կուալա Լումպուրից՝ 7 թռիչք, Ճապոնիայի Օսակայից՝ 11 թռիչք, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից՝ 8 թռիչք, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից՝ 11 թռիչք, Ղազախստանի Ատիրաուից՝ 3։
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է 4 անգամ ավելի շատ՝ 21 բեռնափոխադրում, իսկ Գերմանիայի Լյուքսեմբուրգ քաղաքից անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2,5 անգամ ավելի շատ՝ 18 թռիչք։Ուսումնասիրելով այս տարվա հունվարին դեպի Բաքու իրականացված թռիչքները, պարզ է դառնում, որ ինչպես պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում, այդպես էլ այժմ կտրուկ աճել են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռներով թռիչքները։ Այս տարվա հունվարին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 166 թռիչք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 65 թռիչք։ Այսինքն՝ այս տարի հունվարին բեռնափոխադրող ինքնաթիռներով թռիչքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 155%-ով։
Նշենք, որ թռիչքներում ներառված չեն ռազմական ինքնաթիռների ժամանում-մեկնումները, քանի որ դրանց տեղաշարժը FlightRadar համակարգը չի արձանագրում։
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)