Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է  ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Նիստի մասնակիցները քննարկել են  ԵԱՏՄ անդամ-պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում խնդրին առնչվող լրամշակում կատարելու նպատակով։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով հայկական կողմի առաջարկները, ընդգծել է, որ ազատականացման գործընթացը տնտեսական ինտեգրացիայի կարևոր բաղադրիչներից է և ռազմավարական ուղղությունների փաստաթղթի տրանսպորտային ոլորտին առնչվող չհամաձայնեցված հարցերի շուրջ անհրաժեշտ է առաջնորդվել հավասարության և միասնականության տրամաբանությամբ։ «ՀՀ կառավարությունը համակարծիք է Բելառուսիայի իր գործընկերների առաջարկին և համոզված, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին, ԵԱՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողի համար կստեղծի հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում, այն է՝ երրորդ երկրի փոխադրողների նկատմամբ, մրցակցային առավելություններ»,-ասել է նախարար Պապիկյանը:Առաջարկվող կարգավորումը, նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, բխում է ԵԱՏՄ անդամ երկրների ոչ միայն ազգային բեռնափոխադրողների, այլ նաև քաղաքացիների շահերից, քանի որ այն կապահովի տրանսպորտային մատչելի ծառայություններ և շուկայական ապամենաշնորհային պայմաններ, ինչի արդյունքում կնվազի փոխադրվող ապրանքների սպառողական գինը: Նիստի ընթացքում մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները անդրադարձել են  առաջարկվող կարգավորման համապատասխանությանը ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին, մտքեր փոխանակել  դեպի երրորդ երկրներ ավտոմոբիլային բեռնափոխադրումներին վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումների շուրջ։ Քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրասիական տնտեսական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
23:59 - 15 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։ Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։ Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով: 
09:44 - 15 ապրիլի, 2020
Կա քաղաքական որոշում, չլիցենզավորված տաքսիները կտեղափոխվեն լիզենզավորման դաշտ. Սուրեն Պապիկյան
 |tert.am|

Կա քաղաքական որոշում, չլիցենզավորված տաքսիները կտեղափոխվեն լիզենզավորման դաշտ. Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: Ուղևորափոխադրումների առումով դեռ մեծ փոփոխություններ չունենք և այն իրավիճակը, որը ժառանագել ենք շարունակում է մեզ համար խնդիր լինել: Կա քաղաքական որոշում՝ ոչ կանանավոր ուղևորափոխադրում իրականացնողներին տեղափախել իրավական դաշտ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառանալով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի հարցին, թե ցամաքային տրանսպորտի ոլորտում 2019թ. ինչ փոփոխություններ են արձանագրվել: «Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին իրավական դաշտ բերելը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները մեծապես վնասում են կանոնավոր ուղևորափոխադրումներին»,-ասաց նա: Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին կա երկու փաթեթ, որոնք լրամշակվում են:«Մի անգամ արդեն կառավարությունում ներկայացվել է ներքին քննարկման: Խոսքը՝ մարզերն առաձին լոտերով ուղևորափախադրող ընկերություններին տրամադրելու հարցի մասին է, դրան զուգահեռ դիտարկվում է մեկ կոմպոնենտով գոյություն ունեցող տաքսի ծառայությունները, որ այսօր կան և լիցենզավորված չեն. դրանց լիցենզավորման դաշտ տեղափոխելուն»,-ասաց նա:
18:26 - 07 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարզպետներին` տարբերակներ գտնել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին ներգրավել շինաշխատանքներում |hetq.am|

Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարզպետներին` տարբերակներ գտնել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին ներգրավել շինաշխատանքներում |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բանավոր հանձնարարական է տվել մարզպետներին` բանակցել շինարարական ընկերությունների հետ, որպեսզի արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները կարողանան ներգրավվել շինարարական աշխատանքներում: Այս մասին նախարարն ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2019 թվականի ծրագրի քննարկմանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցադրմանը:  Պատգամավորը կարևորեց կապիտալ ծախսերի ներառականությունը մարզերում և հետաքրքրվեց, թե ինչ է պետք անել, որ մարդկանց աշխատանքը օգտագործվի: «Պետական գնումների տրամաբանությամբ չենք կարող պահանջ դնել, որ կհաղթես դու եթե այդպես անես»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարն արձագանքեց` շատ հարցեր կան, որոնք կարող են կազմակերպվել չշրջանցելով «Գնումների մասին օրենքը» և ներգրավել համայնքների բնակիչներին: «Իմ կողմից կա բանավոր հանձնարարական մարզպետներին, քանի որ բոլոր մարզերում էլ ակնհայտ է, թե ինչ շինարարական ընկերություններ կան… Գիտենք, որ  կան մարդիկ, որոնք այս փուլում պետք է գնային արտագնա աշխատանքի, չեն գնացել, այդ մարդիկ Հայաստանում են, բայց չունեն ընկերություններ: Ես խնդրել եմ առաջիկա ծրագրերում ներգրավել որակյալ աշխատուժը, էսօր Հայաստանում կա լավ աշխատուժ, որը նախորդ տարի չկար, գնացել էր արտերկիր, հիմա Հայաստանում է, և մենք բոլոր հնարավորություններն ունենք,  որ էդ մարդկանց մոտիվացնենք, որ կամ իրենց կազմակերպությունների միջոցով մասնակցեն մրցույթներին կամ ներառվեն գոյություն ունեցող շինարարական ընկերություններում և ներգրավվեն աշխատանքներում»,- ասաց Պապիկյանը: Նախարարի խոսքով` շինարարական աշխատանքները շատ են, աշխատանքի հնարավորություն շատ կա: Ըստ նրա` նախորդ տարի շինաշխատանքներում ներգրավված անձինք միջինում վարձատրվել են օրը 10 հազար դրամ: «Ենթադրում եմ, որ այս տարի մի փոքր ցածր կլինի գումարը` կախված նրանից, որ աշխատուժը շատ է, բայց կոչ եմ անում կապալառու կազմակերպություններին հաշվի առնելով ներկայիս տնտեսական վիճակը հնարավորինս այդ նժարը չիջեցնել»,- ասաց նա:
15:16 - 07 ապրիլի, 2020
Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը |shantnews.am|

Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը |shantnews.am|

shantnews.am: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման  և  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի: «13 մլն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար, այս գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 65 կմ ճանապարհների վերանորոգում: Համաձայնագրի վավերացումից հետո կհայտարարվեն մրցույթները, և հնարավոր կլինի այս տարի իրականացնել ճանապարհի հիմնական հատվածի վերանորոգումը»,-նշել է Պապիկյանը: Պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է ստացվել, որ երկու փուլերի միջև գումարային էական տարբերություններ կան, առաջին փուլում հատկացվել է 170 մլն, երկրորդում՝ 13 մլն 400 հազար եվրո գումար: «Ցանկացած փուլի անհրաժեշտություն պետք է որոշի տվյալ ժամանակահատվածի գործող կառավարությունը, համագործակցությունը բանկի հետ բարձր մակարդակի վրա է: Առաջին փուլի դրամական միջոցների հաշվին կարողացել ենք ֆինանսավորել նաև այս փուլի նախագծանախահաշվային աշխատանքները»,-ներկայացրել է Պապիկյանը:
12:27 - 07 ապրիլի, 2020
Վստահ եմ՝ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա որևէ կեղծիք անել. Սուրեն Պապիկյանը՝ հանրաքվեի մասին |factor.am|

Վստահ եմ՝ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա որևէ կեղծիք անել. Սուրեն Պապիկյանը՝ հանրաքվեի մասին |factor.am|

factor.am: Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։-Քարոզարշավը մեկնարկել է, ՀԱԿ-ը քննադատում է Ձեզ, ասում է՝ արդեն իսկ պետք է գյուղեգյուղ, տնետուն ընկած լինեիք, հանդիպած լինեիք քաղաքացիներին: Վարչապետն էլ Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Երևանի կենտրոնում թռուցիկները բաժանելիս պարզել է, որ հարյուրավոր մարդիկ տեղյակ չեն, որ ապրիլի 5-ին հանրահավաք է լինելու: Խոսենք անելիքների և արդեն արված քայլերի մասին: – Բայց մենք արդեն իսկ գյուղերում և քաղաքներում ենք: Մի քանի օր է՝ ակտիվորեն սկսվել է մեր քարոզարշավը, և յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր տանը թող սպասեն մեր քարոզիչներին, որովհետև մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ երկխոսելու խնդիր ենք դրել, յուրաքանչյուր քաղաքացու հետ այս ամենի մասին զրուցելու խնդիր ենք դրել: Մեր խմբերն արդեն իսկ ակտիվորեն այդ պրոցեսի մեջ ներգրավված են: Վաղվանից ավելի մեծամասշտաբ քարոզարշավի փուլն է սկսվում, երբ մեր քարոզչական խմբերը, բացի այն, որ քաղաքներում ու գյուղերում կներկայացնեն մեր ասելիքը, մեր փաստարկները սահմանադրական փոփոխությունների, դրանց անհրաժեշտության առնչությամբ, նաև մենք, մասնավորապես՝ ես, ինչպես նաև ՀՀ վարչապետը, լինելու ենք հանրապետության բոլոր քաղաքներում, և խոսելու ենք այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդրի, օրակարգի, նախկինում արվածի, չարվածի, դրա պատճառների և նաև սահմանադրական փոփոխությունների արդյունքում ակնկալիքների, ինչպես նաև խնդիր հարուցող հանգամանքի մասին:– Օրինակ՝ ինչո՞ւ պիտի քաղաքացին «Այո» ասի հանրաքվեին ու չհավատա Հրայր Թովմասյանին, երբ նա ասում է, որ ինքը դիրքապահ է, որ իշխանությունները ցանկանում են անկախ մարմինն իրենց ծառայեցնել, ինքը դա թույլ չի տա: Խնդրեմ՝ ներկայացրեք ձեր փաստարկները:– Իսկ ո՞ւմ դիրքերն է պաշտպանում Հրայր Թովմասյանը: Հարցը հռետորական է, բայց նաև ուղիղ է: Ես կարծում եմ, որ ՍԴ-ն դիրքեր պահելու և քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի, այդ թվում՝ ՍԴ նախագահն ու դատավորը: Երկրորդ՝ մենք գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք, երբ արդեն իսկ սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու ժամկետներին օրեր էին մնացել, Հրայր Թովմասյանը և նախկին իշխող ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը շատ լավ իմացել են, որ Հրայր Թովմասյանի նշանակումն արդեն իսկ ընդունված Սահմանադրության ժամկետներին անհամապատասխան է լինելու և, ըստ էության, նրա համար կանաչ ճանապարհ են բացել, որպեսզի պաշտոնավարի, այսպես ասած, հավերժ՝ մինչև 2035 թվականը: Սա իրավական երկրին հարիր չէ: Եվ Հայաստանում բալանսավորված իշխանության ճյուղեր ունենալու համար կենսական է, կարևոր է սահմանադրական փոփոխությունների այս օրակարգը: Մեր քաղաքացիներին, ըստ այդմ, կոչ ենք անում ապրիլի 5-ին ակտիվորեն մասնակցել հանրաքվեին և «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին:– Քննադատություններից մեկն էլ այն է, որ Ձեզ չհաջողվեց ընտրացուցակները մաքրել, հանձնաժողովներում ընտրակեղծարարների եք ներառել, գլխավոր ընտրակեղծարարը՝ Տիգրան Մուկուչյանը, իր պաշտոնին է: Ինչպե՞ս կարձագանքեք: – Նախ՝ եթե մեր ցուցակներում եղել են ինչ-որ թյուրիմացություններ, դրանք շտկված են կամ շտկվում են, այսինքն՝ մեր 4.016 ներկայացուցիչները բացառապես մեր ներկայացուցիչներն են: Կան, իհարկե, տարածքային ընտական հանձնաժողովների՝ ԿԸՀ-ի կողմից նախկինում լիզենցավորված և այսօր հանձնաժողովի անդամ դարձած մարդիկ, որոնք, իհարկե, կարող են լինել տարբեր կուսակցությունների քվոտաներով: Բայց այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, և ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա Հայաստանում որևէ կեղծիք անել:Ավելին կարդացեք և դիտեք factor.am կայքում։
20:23 - 09 մարտի, 2020
10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանակում մայրի ծառի սերմ է ցանել

10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանակում մայրի ծառի սերմ է ցանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43 % աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ: «Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշել է վարչապետը: Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Դենդրոպարկ՝ ծանոթացել այստեղ առկա ծառատեսակներին, ապա մայրի ծառի սերմ ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում: Վարչապետը մեր բոլոր հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն: ՀՀ վարչապետին է միացել նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, ով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին: Աիդա Աղաջանյանը ցանել է հացենի ծառի սերմ: Իրենց սերմերն են ցանել նաև Տարածքային կառավարման և զարգացման, Շրջակա միջավայրի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը: Վերջինիս խոսքով՝ 10 մլն ծառ տնկելու գաղափարը կապված է 10 մլն աշխարհասփյուռ հայերի հետ: Նախարարը նշել է, որ մինչ այժմ մեզ միավորող տարբեր խնդիրներ են եղել, այժմ մեզ նոր կյանք տալու, միավորող նոր բան կա և առաջարկվում է, որ ամբողջ աշխարհի հայերը մասնակցություն ունենան այս նախաձեռնությանը: Արձագանքելով վարչապետը նշել է. «Ընդ որում կարելի է որևէ հարազատի, սիրած մարդու, ծնողի, նախնիների անունով ծառ տնկել: Սրա մեջ հոգևոր, քաղաքացիական, ազգային բովանդակություն է պետք դնել: Մեր բոլոր սփյուռքահայերին հրավիրում ենք մասնակցելու նախաձեռնությանը: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»: Վարչապետը Դենդրոպարկի պատասխանատուների հետ քննարկել է նաև պարկի զարգացման հեռանկարները, կարևորել այստեղ զբոսաշրջիկներ ներգրավվելու ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի գործունեությունը՝ հանձնարարել է վերջինիս շնորհել պետական պարգև:
15:01 - 07 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանի անցկացրած խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել 10 մլն ծառ տնկելու ծրագրին

Սուրեն Պապիկյանի անցկացրած խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել 10 մլն ծառ տնկելու ծրագրին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության մեկնարկին շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին։ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։ Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի եկամուտների հավաքագրման արդյունքների վրա․ 2 ամսվա ընթացքում հավաքագրվել է 3 մլրդ 626 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի  է 461 միլիոն դրամով։ Ի թիվս խորհրդակցության այլ թեմաների՝ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերին։ 2020 թվականին համայնքներից ընդհանուր առմամբ ներկայացվել է աննախադեպ թվով՝ 812 հայտ՝ մոտավորապես 45,5 միլիարդ արժողությամբ։ Խորհրդակցության ավարտին նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ 2019 թվականից չավարտված կամ թերի իրականացված ծրագրերի ուսումնասիրության և համապատասխան զեկույցներով հանդես գալու համար։
20:28 - 06 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|

Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|

civilnet.am: «Այո»-ին հատկացված 4 016 տեղերը ամբողջությամբ լրացվել են, ու հիմնական հատվածը եղել է մեր այն հատվածը, որը մասնակցել է նաև նախորդ ընտրություններին․ այս մասին ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։  «Ես բացառում եմ, որ այդ անձանց զգալի մասը ՀՀԿ-ականներ են»,- ասաց նա՝ անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում «Իմ քայլը»-ին հատկացված տեղերը ՀՀԿ և ՀՅԴ անդամներով համալրելու լուրերին։ Նրա խոսքով՝ եթե անգամ կան խնդիրներ, ու ինչ-որ մարդիկ տարբեր ձևերով հայտնվել են այդ հանձնաժողովներում, իրենք կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջիններիս հանձնաժողովների կազմից հեռացնելու համար․ «Ես լսել եմ այդ մասին, բայց օրինակ Գյումրիից ու Վանաձորից բողոքները եկել են այնտեղից, որ քաղաքացիները ակնկալիք են ունեցել հայտնվել այդ ցուցակներում ու չեն հայտնվել»։ Այս օրերին տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ նախկինում «Ելք» կամ «Իմ քայլը» դաշինքներից եղել են հանձնաժողովի անդամ, սակայն առաջիկա հանրաքվեին ընդառաջ զրկվել են այդ ցուցակներում տեղ գտնելու հնարավորությունից։ Քաղաքացի Միհրան Մխիթարյանն էլ համադրել էր նախկին ու առաջիկա ընտրություններում հանձնաժողովների ցուցակներն ու պարզել, որ «Իմ քայլը»-ի հանձնաժողովների անդամներից ավելի քան 500-ը նախկինում հանձնաժողովի անդամներ են եղել ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից։ 
16:38 - 05 մարտի, 2020
ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|

ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|

factor.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է Սուրեն Պապիկյանի ելույթը և կապ է հաստատվել «Այո»-ի քարոզչության կողմի ներկայացուցչի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ԿԸՀ-ն ուշադրություն է հրավիրել «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին: «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում անդրադարձել էր տեղեկություններին, թե մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին և հրահանգում նրանց աշխատել «Այո»-ի շտաբի օգտին՝ հանրապետությունում Սահմանադրության հոդվածի փոփոխության առաջիկա հանրաքվեի շրջանակում։ Նախարարն ընդգծել էր, որ ոչ մի նման բան տեղի չի ունենում։ «Սակայն եթե կան նման փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ «Այո»-ի շտաբի կողմից, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաև հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասել էր Պապիկյանը։ Նա հավելել էր, որ Հայաստանի քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, և հավելել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։ Շարունակությունը՝ factor.am-ում։
09:30 - 05 մարտի, 2020
Բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ. Պապիկյանը՝ համայնքապետերի՝ «Այո» շտաբի օգտին աշխատելու մասին |aysor.am|

Բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ. Պապիկյանը՝ համայնքապետերի՝ «Այո» շտաբի օգտին աշխատելու մասին |aysor.am|

aysor.am: Մարզպետները համայնքապետերին չեն հրահանգում «Այո»-ի շտաբի օգտին աշխատել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: «Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «Այո» շտաբի, առավել ևս՝ տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ», - ասաց նա: Պապիկյանն ընդգծեց՝ բոլորն ազատ են իրենց քվեարկության մեջ, և իրենք ամեն անգամ չպետք է արդարանան: «Հարգելի գործընկերներ, իմ շատ սիրելի ՀՀ հպարտ քաղաքացիների, ապրիլի 5-ին տեղի ունեցող գործընթացը մեր պետության համար ունի կարևոր նշանակություն, սա Հայաստանում բարեփոխումների հերթական փուլն է», - ասաց նա:
20:22 - 04 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ: Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:56 - 02 մարտի, 2020