Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին և Թագուհի Թովմասյանին: Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «Փաստացի 150-հազարանոց Արցախը կռվել է Թուրքիայի հետ: Ավելի քան 5 000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, և ամենավրդովեցուցիչն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ՝ բանակցային գործընթացը կշարունակվի: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշելով, որ օրակարգում Արցախի գրավյալ տարածքի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:  «Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ՝ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,- ասել են ՀՀ ԱԺ պատգամավորները:
16:11 - 18 մարտի, 2021
Աջակցության ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար․ ամփոփ տվյալներ

Աջակցության ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար․ ամփոփ տվյալներ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ տեղահանվեցին իրենց բնակավայրերից: Նրանց մի մասը՝ ժամանակավոր, մի մասն էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում։ Infocom-ն անդրադարձել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերին՝ ներկայացնելով ամփոփ տվյալներ բնակավայրերի եւ բնակչության թվաքանակի վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսեց պատերազմի հետեւանքները մեղմելու եւ արցախցիներին աջակցելու ծրագրեր մշակել։ Ընդհանուր առմամբ, մշակված եւ ընդունված ծրագրերը վերաբերել են զոհված եւ անհետ կորած քաղաքացիական եւ զինվորական անձանց հարազատներին, վիրավորում եւ խեղում ստացած քաղաքացիական եւ զինվորական անձանց, տուն կորցրած, Հայաստանում արցախցիների հետ կեցությունը կիսող եւ այլ քաղաքացիներին աջակցություն տրամադրելուն։ Վերոնշյալ ծրագրերը մշակվել եւ կառավարությանն են ներկայացվել 2020 թվականի դեկտեմբերի 3-ից սկսած։ Infocom-ը դեկտեբերի վերջին պաշտոնական հարցմամբ դիմել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ովքեր են շահառուները եւ քանի հիմնական շահառու կա։ Քանի որ այդ ժամանակ ծրագրերի մեծ մասը դեռ ընթացքի մեջ էր, եւ վիճակագրական տվյալներ չկային, չէինք կարող ստանալ ամբողջական պատկեր։  Այս ամսվա սկզբին դարձյալ դիմեցինք ե՛ւ նախարարություն, ե՛ւ Արցախի Հանրապետության կառավարություն՝ առավել ամբողջական պատկեր ստանալու համար, սակայն Արցախից այդպես էլ պատասխան չստացանք։ Այսպես՝ փետրվարի 25-ին ամփոփված տվյալների համաձայն՝ Հայաստանի կառավարության որոշմամբ Արցախի չափահաս եւ անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68․000 դրամ միանվագ աջակցություն եւ եւս 15․000 դրամ՝ անշարժ գույք չունենալու դեպքում։ Ծրագրով նախատեսված աջակցությունից օգտվել է շուրջ 100․000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ դրամ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 300․000 դրամ աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս եւ անչափահաս քաղաքացիներին։ Աջակցություն ստացել է շուրջ 30․000 քաղաքացի, տրամադրված աջակցությունը կազմել է շուրջ 9 մլրդ դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ պատերազմական ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին կտրամադրվի միանվագ 250 հազար դրամ։ Պաշտոնական հարցմամբ տեղեկացանք, որ աջակցությունն ստացել է շուրջ 3․000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 700 մլն դրամ։ Կառավարությունը աջակցություն է տրամարդել նաեւ սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին։ Սա վեցամսյա աջակցություն է, որը մեկնարկել է դեկտեմբերից։ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար ամսական տրամադրվում է 30․000 դրամ, իսկ Արցախում ապրող հյուրընկալին՝ 45․000 դրամ։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերին աջակցություն է ստացել շուրջ 1800 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ, հունվարին՝ շուրջ 900 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 76 մլն դրամ։ Աջակցություն են ստացել նաեւ սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով կորցրած արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները։ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար տրամադրվել է ամսական 30․000 դրամ, Արցախում ապրող հյուրընկալին՝ 45․000 դրամ։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերին աջակցություն է ստացել շուրջ 200 քաղաքացի, աջակցությունը կազմել է շուրջ 12,5 մլն դրամ, հունվարին՝ շուրջ 120 քաղաքացի, տրամադրված աջակցությունը՝ շուրջ 8․5 մլն դրամ։ Աջակցության ծրագրերից մեկն էլ նախադպրոցական տարիքի երեխաներին ամանորյա աջակցություն տրամադրելն էր, որի շրջանակներում արցախցի մինչեւ 5 տարեկան շուրջ 14․700 երեխա ստացել է միանվագ 20․000 դրամ աջակցություն, բյուջեն կազմել է շուրջ 293 մլն դրամ։ Հայաստանի կառավարությունը ծրագրերից մեկի շրջանակներում 1 մլրդ դրամ է տրամադրել 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Արցախի բնակչության սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման համար։ Աջակցման ծրագիր եղել է նաեւ Արցախի կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար։ 2020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի եւ նպաստի վճարման համար տրամադրվել է 940 մլն դրամ։ Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումների շրջանակում Արցախում կատարվող վճարումների գործընթացում ներգրավված Արցախփոստ ՓԲԸ-ի անձնակազմին աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ եկամտի վճարման համար տրամադրվել է 25 մլն դրամ։ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիները կստանան նաեւ ամսական 68 հազար դրամ՝ 4 ամիս ժամկետով։ Պոտենցիալ շահառուները շուրջ 108․000 արցախցիներ են, ծրագրի բյուջեն կկազմի 30 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ պատերազմի հետեւանքները մեղմացնելու համար իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության բյուջեն կազմել է 19 մլրդ 55 մլն ՀՀ դրամ՝ չհաշված 30 մլրդ դրամի ծրագիրը, որը դեռ ընթացքի մեջ է եւ ամբողջությամբ իրականացված չէ։ Այս ծրագրերի շրջանակներում շահառու է ճանաչվել շուրջ 150․720 չափահաս եւ անչափահաս քաղաքացի, որոնցից կարող են լինել մարդիկ, որոնք երկու եւ ավելի ծրագրի շահառու են հանդիսացել։ Թվում ներառված չէ 30 մլրդ դրամ բյուջեով ծրագիրը, որի համար պոտենցիալ շահառուները դիտարկվում են շուրջ 108,000 արցախցիներ։ Հավելենք, որ փետրվարի 22-ին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ Արցախի համար տարբեր ծրագրերով հաստատվել է 55 մլրդ դրամի աջակցություն։ Ծրագրերից որոշներն էլ իրականացվում են Արցախի բյուջեից՝ Հայաստանի աջակցությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
14:53 - 18 մարտի, 2021
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվել է անցյալ տարվա նոյեմբերին

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվել է անցյալ տարվա նոյեմբերին

Երեկ համացանցում հայտնվեցին եւ ակտիվ քննարկման առարկա դարձան լուսանկարներ, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ոչնչացրել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։  Լուսանկարը տարածեցին նաեւ մի շարք լրատվական կայքեր։ Սրան զուգահեռ՝ մեկնաբանություններում հանդիպում է նաեւ մի լուսանկար, որը նույնպես նոր է արված, եւ որտեղ, սակայն, Կանաչ ժամը կանգուն է։ Infocom-ը որոշեց ուսումնասիրել տարածվող լուսանկարները եւ պարզեց, որ իրականում Կանաչ ժամ եկեղեցին վնասելու մասին լուրերն ու լուսանկարը ճիշտ են, սակայն դեպքն այդքան էլ նոր չեն։  Նախ անդրադառնանք երկու լուսանկարների տարբերությանը, որոնցից մեկում Կանաչ ժամը կանգուն է, իսկ մյուսում՝ ոչ, ընդ որում՝ արբանյակային երկու լուսանկարներն էլ նոր են արվել։ Արբանյակային պատկերները տեսնելու համար գոյություն ունեն մի քանի գործիքներ, որոնցից հիմնականը եւ մեծամասնությանը ծանոթ գործիքները Google Earth-ը եւ Google Maps-ն են։ Ընդ որում՝ երկու գործիքները, բացի զուտ վեբ պորտալում հասանելի լինելուց, ունեն նաեւ հավելվածներ, որոնք հնարավոր է ներբեռնել համակարգչի կամ սմարթֆոնների մեջ։ Հենց այստեղից է գալիս երկու նկարների տարբերությունը։ Նկարը, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին, կամ դրա մի մասը փլուզված է, սքրինշոթ է արված համակարգչում ներբեռնված Google Earth հավելվածի արբանյակային քարտեզից, որը թարմացված է 2021 թվականի փետրվարի 15-ի տվյալներով, իսկ մյուս նկարը, որտեղ Կանաչ ժամը կանգուն է, վերցված է վեբ պորտալում գործող Google Maps արբանյակային քարտեզից, որի տվյալներն ավելի հին են։ Տվյալների տարբեր ժամանակներն արտացոլելու փաստն ապացուցվում է նաեւ նրանով, որ մի դեպքում հարակից տարածքները կանաչապատ են, իսկ մյուս դեպքում՝ ոչ (տե՛ս նկարում)։ Արբանյակային լուսանկարներից ձախն արված է համակարգիչ ներբեռնած Google Earth հավելվածով, աջը՝ վեբ պորտալում գործող Google Earth արբանյակային ծրագրով։ Սրանից ակնհայտ է դառնում տարբերությունը։ Այսպիսով՝ կարող ենք պնդել, որ հավելվածի լուսանկարներն ավելի թարմ են՝ ի տարբերություն վեբ տարբերակի։ Ե՞րբ է ավերվել Կանաչ ժամ եկեղեցին Ինչպես արդեն նշեցինք՝ մեր ուսումնասիրությունը նույնպես հաստատեց, որ Կանաչ ժամ եկեղեցու մի մասն ավերվել է, սակայն դա եղել է դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը եւ զանգակատունը վնասված լինելու վերաբերյալ լուսանկար հրապարակվել է դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Շուշին այլեւս հայկական վերահսկողության տակ չէր։ Սա այդ ժամանակ նույնպես ակտիվ տարածում ունեցավ լրատվական կայքերում [1,2]։ Այդ ժամանակ սոցցանցերի ադրբեջանական հարթակում շրջանառվում էր նաեւ մի տեսանյութ, որը նույնպես Կանաչ ժամ եկեղեցու տարածքից էր։ Նշյալ տեսանյութը ուսումնասիրել եւ տեղորոշել էր Fip.am-ը եւ փաստերով ներկայացրել, որ տեսանյութը նկարված է հենց Կանաչ ժամ եկեղեցու մոտ, ինչպես նաեւ նույնականացրել էր փլուզված եկեղեցին։  Հարցին անդրադարձել էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իրենց էջում դատապարտել էին եկեղեցու հանդեպ ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմը։ Այսպիսով՝ տարածվող արբանյակային լուսանկարները համապատասխանում են իրականությանը, ադրբեջանցիներն իրոք վանդալիստական գործողություններ են իրականացրել եւ ավերել Կանաչ ժամ եկեղեցու մի մասը, սակայն սա, ըստ ամենայնի, եղել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Շուշին արդեն ադրբեջանական հսկողության տակ էր։ Նարեկ Մարտիրոսյան
13:48 - 18 մարտի, 2021
ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով

ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ի.Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020 թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի հետևանքով զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հրամանատար Ի.Վահանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և վերջինս տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
12:39 - 18 մարտի, 2021
Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, հանդիպել բնակչության հետ:   Վերջին պատերազմի պատճառով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հանրապետության համայնքների ազատ բնակֆոնդի վերանորոգման ու կահավորման ծրագրի շրջանակում Դահրավում 28 առանձնատնից պատրաստ է արդեն 14-ը, Պատարայում՝ 50-ից 34-ը, որոնք հիմնականում բնակեցված են: Արայիկ Հարությունյանն անձամբ է ծանոթացել կատարված աշխատանքների որակին, զրուցել վերաբնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:   Պատարայում երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվի գյուղը մայրուղու հետ կապող ճանապարհը, կլուծվի համայնքի գիշերային լուսավորության խնդիրը: Տեղում հանձնարարական է եղել քաղաքաշինության նախարարին՝ կազմել գյուղի մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը:   Այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պետական և բարեգործական միջոցներով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակատեղիի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
10:11 - 18 մարտի, 2021
ԿԽՄԿ-ի համար ինչպիսի կարգավիճակ ունեն Խծաբերդում գերեվարված հայերը. պարզաբանում է Զառա Ամատունին |armenpress.am|

ԿԽՄԿ-ի համար ինչպիսի կարգավիճակ ունեն Խծաբերդում գերեվարված հայերը. պարզաբանում է Զառա Ամատունին |armenpress.am|

armenpress.am: Անկախ կողմերի հնչեցրած կարգավիճակից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարգավիճակի հարցերը քննարկում է կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում՝ հաշվի առնելով, որ կողմերում պահվող անձինք պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով: Այս մասին նշեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով հարցին՝ «Ադրբեջանի նախագահը և արտաքին գործերի նախարարը արդեն ոչ մեկ անգամ հայտարարում են, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ գերիներին: Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանում պահվող մյուս հայերն այլ կարգավիճակ ունեն և մեղադրվում են հանցագործությունների մեջ: Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ինչպիսի՞ կարգավիճակ ունեն դեկտեմբերի 16-ին Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում (պատերազմի ավարտից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում) Ադրբեջանի կողմից գերեվարված հայերը»: «Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն անձանց, որոնց մասին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են ԿԽՄԿ-ին և մեր այցերի մասին անմիջապես տեղեկացնում ենք տվյալ անձանց հարազատներին, որպեսզի նրանց միջև կապը պահպանվի քանի դեռ նրանք անազատության մեջ են»,-ասաց Ամատունին:
17:11 - 17 մարտի, 2021
Արցախի քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերի ֆինանսավորման չափն ավելանալու է ևս 30 միլիարդ դրամով |1lurer.am|

Արցախի քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերի ֆինանսավորման չափն ավելանալու է ևս 30 միլիարդ դրամով |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի վերաբերյալ նախարարությանն առնչվող դրույթների կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Ըստ Առաքելյանի՝ համավարակով պայմանավորված՝ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում իրականացվել է 11 միջոցառում, որի ընթացքում ավելի քան 25 միլիարդ դրամ հատկացվել է սոցիալական ծրագրերին: «Հիմնականում միջոցառումներն ուղղված են եղել ուղիղ ֆինանսավորմանը, սոցիալապես անապահով խմբերին, նաև աշխատատեղի պահպանման համար աջակցություն ու կոմունալ վճարների համար փոխհատուցում: Տարբեր միջոցառումներով հանրագումարային շուրջ 1 միլիոն շահառու ստացել է աջակցություն»,- նշեց նախարարը: Մյուս կարևոր ուղղությունը, ըստ նրա՝ պատերազմից հետո Արցախի քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերն են: Այդ ուղղությամբ մոտ 15 ծրագիր է իրականացվել, որոշները շարունակում են գործել, հատկացվել է շուրջ 25 միլիարդ դրամ, ֆինանսավորման չափն ավելանալու է ևս 30 միլիարդ դրամով: «Բնական է, ըստ անհրաժեշտության, Արցախի սոցիալական ծրագրերը շարունակվելու են, մի շարք ծրագրեր արդեն իրականացվում են նաև Արցախի կառավարության հետ համատեղ: Ծրագրերը եղել են ուղիղ ֆինանսական բնույթի: Պատերազմի հետևանքների մեղմման սոցիալական ծրագրերի մյուս խումբը վերաբերում է զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց: Մասնավորապես՝ հուղարկավորության ծախսերի փոխհատուցման մասով հատկացումներ են կատարվում՝ 700 հազար դրամ և 1 միլիոն 400 հազար դրամ: Նաև զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հետ համատեղ 2 ծրագիր է իրականացվում. անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվում է 6 ամսվա կտրվածքով 300 հազար դրամ աջակցությւոն՝ մինչև իրավական կարգավիճակի հստակեցումը և ծանր վիրավորների մասով տրամադրվում է նմանատիպ աջակցություն՝ մինչև հաշմանդամության խմբի տրամադրումը»,-նշեց Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ սոցիալական ծրագրերի արդյունավետության ու հասցեականության շնորհիվ ՀՀ տեղափոխված արցախցիների գերակշիռ մասը՝ շուրջ 110 հազար հոգի վերադարձել է Արցախ, Հայաստանում է մնացել մշտական բնակության վայրերը կորցրած արցախցիների մի մասը՝ շուրջ 30 հազար հոգի:
14:42 - 17 մարտի, 2021
Արցախի կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց կարգավիճակ տալու կարգը և ստեղծվել է այդ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Արցախի կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց կարգավիճակ տալու կարգը և ստեղծվել է այդ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը և կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից։  Կարգով ներկայացվում են անձին մարտական գործողությունների մասնակից համարելու չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում, հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին տրամադրվում է համապատասխան կարգավիճակ։ Կարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող հետևյալ փաստաթղթերը․ Դիմում և մարտական գործողությունների մասնակցի 2x3 սմ չափսի 3 լուսանկար, Անձի, որի կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու նպատակով, զինվորական ծառայության մեջ չգտնվելու ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու հանգամանքները հաստատող փաստաթղթեր, Կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը։ Առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը։ Մարտական ուղի՝ տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները, Մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան փաստաթղթեր։ Միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերն ընդունելու և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն մատուցելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակում ձևավորված է աշխատանքային խումբ (հասցե՝ ք․ Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փող․ 1, Կառավարության շենքի 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 204 սենյակ)։ Տեղեկատու հեռախոսահամարներ (աշխատանքային ժամերին)՝ 047-97-44-14, 047-97-44-46։
11:56 - 17 մարտի, 2021
Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է. այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և ՌԴ-ի միջև ձևավորված հարաբերություններից. Շոյգու |tert.am|

Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է. այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և ՌԴ-ի միջև ձևավորված հարաբերություններից. Շոյգու |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews ղազախական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ համագործակցությանը և այդ համատեքստում առանձնացրել Լեռնային Ղարաբաղի հարցը:«Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է: Հենց այդպես կցանկանայի անվանել դա և ոչ մի ուրիշ կերպ, քանի որ դրանում ներգրավվել են մեծ թվով փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ: Համաձայնեք, չէ՞ որ երբ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և հետագայում էլ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում…»,- ասել է ռուս նախարարը: Նա նշել է, որ մյուս կողմից Թուրքիայի միացումն է այդ գործողությանը, այդ իսկ պատճառով պետք էր զրույց տանել և այդ հարցով զբաղվել նաև թուրք գործընկերների հետ: «Մեր նախագահը, հավատացեք ինձ, հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը կայանա: Ի դեպ, համոզել նա ստիպված էր բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, մենակ թե նրանց համոզեք»: Ո՛չ, համոզել պետք էր բոլորին, անխտիր: Մենք ևս մեր գործընկերների մակարդակով զրուցել ենք նաև թուրք գործընկերների հետ: Սակայն այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, երբ նրանք երկկողմանի շփումների դուրս գան և միմյանց հետ սկսեն խոսել: Նկատի ունեմ Ադրբեջանը և Հայաստանը»,- հավելել է Շոյգուն: Շարունակությունը՝ tert.am-ում։
11:18 - 17 մարտի, 2021
Նազելի Բաղդասարյանն Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել է հետպատերազմական շրջանի խնդիրները, դրանց լուծման իրավական ուղիները

Նազելի Բաղդասարյանն Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել է հետպատերազմական շրջանի խնդիրները, դրանց լուծման իրավական ուղիները

Մարտի 15-ից աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Կողմերը քննարկել են հետպատերազմական շրջանի խնդիրներն ու դրանց լուծման իրավական ուղիները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԲաղդասարյանըԼ «Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Անդրադարձ է կատարվել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը: Կարևորում եմ նման ձևաչափով հանդիպումները և վստահեցնում եմ, որ դրանք կլինեն շարունակական»,-ասված է պատգամավորի գրառման մեջ:
21:11 - 16 մարտի, 2021
Դավիթ Բաբայանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ․ քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելությանտ վերաբերող հարցեր

Դավիթ Բաբայանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ․ քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելությանտ վերաբերող հարցեր

Մարտի 16-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կողմերն անդրադարձ են կատարել Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացներին։Հանդիպմանը քննարկվել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Նախարարները, մասնավորապես, ընդգծել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի  հետևանքով զոհված հայ զինծառայողների աճյունների դուրսբերման, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի դերակատարությունն այս գործընթացում։
19:45 - 16 մարտի, 2021