Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը
16:11 - 18 մարտի, 2021

Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին և Թագուհի Թովմասյանին:

Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան:

«Փաստացի 150-հազարանոց Արցախը կռվել է Թուրքիայի հետ: Ավելի քան 5 000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, և ամենավրդովեցուցիչն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ՝ բանակցային գործընթացը կշարունակվի:

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշելով, որ օրակարգում Արցախի գրավյալ տարածքի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

 «Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ՝ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,- ասել են ՀՀ ԱԺ պատգամավորները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել