Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու եւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) գործողությունների ծրագրում: Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս նպատակով Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Նա հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումները՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խափանելուն: Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքական պատանդների հարցին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշանակությունը՝ մեծապես կարեւորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելը եւ համարժեք այլ գործողությունների իրականացումը: Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության եւ աջակցության: Նա նշել է, որ խաղաղ հարեւանությունը եւ մարտահրավերներին միասին դիմակայելը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար բոլոր ուղղություններով շարժվելու անհրաժեշտությունը:
12:47 - 30 ապրիլի, 2022
Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը
 |azatutyun.am|

Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Սահմանադրական դատարանից փոխանցեցին՝ որոշումը եռօրյա ժամեկտում կհրապարակվի դատարանի պաշտոնական կայքէջում։ Ընդդիմադիրները ութ ամիս առաջ Բարձր դատարան ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։ Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանը չցանկացավ այն մեկնաբանել՝ պնդելով, թե հիմա այլ հարցեր են կարևոր։ Ավելի վաղ, Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում, հինավորել էր իրենց դիմումը հետևյալ կերպ․ - «Ալեն Սիմոնյանը ունեցավ ելույթ, ուներ հնարավորություն պատասխանելու հարցերին, որոնք ներկայացվում էին։ Իսկ Արթուրը Սարգսյան և Մխիթար Զաքարյանը, որոնք «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էին, նման հնարավորություն չէին ունեցել։ Չէին ունեցել հակասահմանադրական, հակաօրինական միջամտության պայմաններում»։ Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչել էր Բարձր դատարանի մեկ այլ որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչվել պատգամավորի կարգավիճակում Զաքարյանի և Մխիթարյանի կալանավորումը․ - «Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ հիմնավորումը, որը մենք ներկայացնում էին, որ պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության, անձեռնմխելիությունից ելնելով, չէր կարող լինել քրեակատարողական հիմնարկում, հաստատվեց։ Հետևաբար Ազգային ժողովի նախագահի ընտրությունները այդ մասով արդեն հաստատված է, որ օրինականության խնդիր են ունեցել»։ Ընդդիմադիրների այս դիմումը Բարձր դատարանը սկզբում որոշել էր քննել բանավոր ընթացակարգով՝ հանրության ու լրագրողների համար բաց։ Հետո արդեն որոշվել էր այն քննել փակ՝ գրավոր ռեժիմով։ Որպես զեկուցող դատավոր էր նշանակվել Երվանդ Խունդկարյանը, որին հետո փոխարինեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Պատճառը Խունդկարյանի դիրքորոշան տարբերությունն էր մյուս դատավորներից, այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգը հնարավորություն է տալիս փոխել դատավորին։ Խունդկարյանի դիրքորոշումը պարզ կդառնա, երբ Բարձր դատարանը հրապարակի այսօր կայացրած որոշումը։
15:02 - 29 ապրիլի, 2022
Տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն ԼՂ հակամարտության կարգավորման միջոցով. Ալեն Սիմոնյան

Տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն ԼՂ հակամարտության կարգավորման միջոցով. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին: Խոսելով այցի նպատակից՝ 2021 թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար: Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունից` քննարկելով նաև ժողովրդավարական երկրների խորհրդարաններում իշխանություն-ընդդիմություն գործակցության և փոխազդեցության ձևերը: ԱԺ նախագահն անդրադարձել է 2021 թ. հունիսի 20-ի ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանին առնչվող օրենսդրական փոփոխություններին և Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին առնչվող հարցերին: Անդրադարձ կատարելով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը` որպես կարևոր հարթակ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու համար` ուշադրություն հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից արված ագրեսիվ հայտարարություններին: Նա փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա: Կողմերը խոսել են նաև ընտրական համակարգերի միջազգային չափորոշիչներից՝ այս համատեքստում դիտարկելով հայաստանյան համապետական ընտրությունների արձանագրած ձեռքբերումները:  
16:44 - 27 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանը և Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին

Ալեն Սիմոնյանը և Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին

Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է բարեկամական Սիրիայի հետ պատմական եղբայրությունը և բազմաբևեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը: Անդրադառնալով Սիրիայի խորհդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝ Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաև Հայաստանի հետ բարեկամական խմբում: Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում է խորհրդարանների միջև ձևավորված փոխվստահությունն ու համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը: Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել է միջխորհրդարանական համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաև Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը: Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի և սիրիացիների խաղաղասիրության և փոխվստահության արդյունքում:
12:56 - 26 ապրիլի, 2022
Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայնտում են ՀՀ Ազգային ժողովից։ Ուղերձում նշվում է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի: Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով եւ աղոթքներով: Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում:  Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է: Հրաշքով փրկվածների չընկրկող կամքի, հայրենասիրության, համառության շնորհիվ Օսմանյան կայսրության՝ հայերի բնաջնջման ծրագիրը տապալված է: Մենք շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը: Լույս եւ խաղաղություն մեր նահատակների հոգիներին»:
11:08 - 24 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: Կողմերը փաստել են Հայաստանի և Հորդանանի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից: Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջև գործընկերության հեռանկարները: 
14:23 - 21 ապրիլի, 2022
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը

Վերաքննիչ դատարանն ապրիլի 7-ին ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա կայացրած՝ Առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Մանթաշյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Դատարանը պարտավորեցրել է հերքել Մանթաշյանի ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունները՝ հրապարակելով հետևյալ տեքստը. «Ես՝ Նարեկ Նահապետի Մանթաշյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանից…»: Ներողությանը հաջորդում է արված վիրավորական արտահայտությունների բառացի հերքումը: Դատարանը պարտավորեցրել է նաև տեքստը հրապարակել alternativ.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի alternativ.am կայքի՝ «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դատարանը վճռել է Նարեկ Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար, 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:  
19:43 - 12 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|

Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է անում ընդդիմությանը վայր դնել մանդատները: Այս մասին ընդդիմության բոյկոտից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը: «Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և գործուղել այս մարդկանց այստեղ, ուզում եմ հասկանալ` լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ընդդիմությունը տեղադրելով Արցախի Հանրապետության դրոշներն ԱԺ-ում, մեկնել է Արցախ` բոյկոտելով քառօրյայի աշխատանքները: Սիմոնյանի համոզմամբ` խորհրդարանական ընդդիմությունը զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ: «Հայտարարություն, սադրանք սահմանին, հայտարարություն, սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով` Փաշինյան-Պուտին, հայտարարություն, միտինգ, ամբողջն իրար հետ զուգորդված: Սրանք զուգադիպություններ չեն, և սրա պատասխանը պետք է տաք, ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու: Ձեզ թվում է` ինչի էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- նշեց նա: Սիմոնյանը հարց ուղղեց, թե ինչու ընդդիմությունը վայր չի դնում մանդատները, ապա համոզմունք հայտնեց, որ այդպես էլ չեն դնի: Նա հռետորական հարց էր հնչեցնում, թե ինչու պետք է պետությունը գումար ծախսի վերջիններիս համար, սակայն նրանք այդպես էլ չաշխատեն: «Ինչի է ձեր սպասարկման համար գումար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութեր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, ձեր հեռուստաընկերությունները բացի ձեր ընտրողների զանգվածից էլ մարդ չի նայում, գտեք ձեզ»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
11:17 - 12 ապրիլի, 2022
«Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի. չեմ գնում, որ դա սադրանքի առիթ չդառնա». ԱԺ նախագահը` Արցախ չայցելելու մասին
 |azatutyun.am|

«Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի. չեմ գնում, որ դա սադրանքի առիթ չդառնա». ԱԺ նախագահը` Արցախ չայցելելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է իր անվան հետ կապվող մի շարք տեղեկությունները, այդ թվում, որ իրեն սպասարկող մեքենան զրահապատ է, 200 հազար դոլար արժե և այլն: «Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձավ նաև մի շարք այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նախագահի հետ ասուլիսից. «Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը»․ Օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են պետական միջոցներից թանկարժեք մեքենաներ գնում և ոչ օրինակ` բանակի համար ծախսեր անում: «Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ, և այդ ծուռ հայելիների աշխարհում ապրելը, որը Ֆեյսբուքը հիմա վերցրել է իր վրա, և իմ անվան հետ կապված շահարկումները, որ մոդայիկ են դարձել, պետք է դադարեն, և մարդիկ պետք է ուշադրություն չդարձնեն, որովհետև այն ամենը, ինչ լսում եմ իմ մասին, արդեն մեր ընկերական շրջանակում բազմաթիվ կատակների թեմա է դարձել», - ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ինձ համար պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, դա իմ ընտրությունը չի` անվտանգության աշխատակիցները: Իմ ամբողջ օրվա կռիվը դա է, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ հեծանիվ քշել: Մի անգամ դա արեցի, տղաները ստիպված եղան, մեկը հետևիցս վազում էր, ստիպված կանգնեցին… Ինձ եթե մի բան է պատահում, օրենքի բերում իրենք պատասխանատվության են ենթարկվում», - պարզաբանեց Սիմոնյանը: «Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ»․ «Այդ գումարները ոչ թե պետբյուջեի գումարներն են, այլ Ազգային ժողովի գումարներն են, որը պետությունը փոխանցում է ԱԺ-ին ու դրանից լուծում է նաև իր ընթացիկ խնդիրները», - նշեց Ալեն Սիմոնյանը` արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է պատերազմում պարտված պետությունը թույլ տալիս մեծ գումար տրամադրել գնելու մեքենա: «Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ` չնայած նրան, որ ինձ ամեն օր սպառնում են սպանել, ես ասել եմ` կարևոր չի դա, դնենք մի կողմ, մենք չենք կարող մեզ շատ ավելի մեծ ծախս թույլ տալ», - հավելեց խորհրդարանի խոսնակը` հավելելով, որ չի եղել Պաշտպանության նախարարության որևէ դիմում, որը կառավարությունը չբավարարի: «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք»․ Օգտատերերից մեկը խնդրել էր այո կամ ոչ պատասխանել հարցին, թե Սիմոնյանը Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս համարո՞ւմ է: «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում, ու ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու գնալ բանակցությունների կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա», - նշեց ԱԺ նախագահը: «Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին»․ «Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին, մենք մշտապես ասել ենք, որ դա Արցախի բնակչության, Արցախի ինքնորոշման իրավունքի հարց է, մենք տարածքային պահանջներ չենք դրել», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին հարցին: ԱԺ նախագահը նաև ասաց, որ մոտակա 2-3 օրվա ընթացքում շատ մանրամասներ հայտնի կդառնան այդ 5 առաջարկի ու Արցախում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեկ այլ հարցի, թե ինչու ինքը և գործող իշխանությունները չեն օգտագործում ԼՂ Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն անվանաձևերը, նա ասաց. «Որովհետև այս բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում ես»: Իսկ թե ինչու Արցախ չեն այցելում` օրինակ` տեղում խնդիրներին ծանոթանալու, և հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի կոշտ արձագանքից խուսափելու համար չեն անում դա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օրինակ` Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի, որ ես գնամ, որևիցե բան չի կարող անել: Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա {ադրբեջանական կողմից}: Ենթադրենք` ես գնացի, անձամբ իմ մասին եմ խոսում, որովհետև մեր պաշտոնյաները այցելում են, ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է: Եթե ես գնամ, ինձ բան չի լինելու, ես գնալու եմ, հետ գամ, բայց եթե ես պիտի գնամ, դրա պատճառով ադրբեջանցիները, առիթ փնտրելով, կրակեն մեր գյուղացիների վրա, մեր քաղաքացիների վրա, ինչի՞ է պետք դա անել: Ուզում եմ հասկանալ` միգուցե սխա՞լ եմ մտածում: Որպեսզի նման հարց չհնչի, որ ասեն` տեսաք` գնացին, Ալենն ինչ ուժեղ տղա է: Ինչի՞ս է դա պետք, եթե դրա պատճառով ես կարող եմ հրահրել այս նուրբ ժամանակահատվածում որևիցե մի բան: Ես համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ, և ես առիթ չպետք է տամ հակառակ կողմին գեթ մեկ կրակոց անելու, իսկ մեր պաշտոնյաները գնում են»:  
17:29 - 11 ապրիլի, 2022
Կառավարությունը թույլատրեց ԱԺ նախագահին սպասարկող մեքենային ուղեկցելու համար Toyota մակնիշի 3 ամենագնաց ձեռք բերել

 |armenpress.am|

Կառավարությունը թույլատրեց ԱԺ նախագահին սպասարկող մեքենային ուղեկցելու համար Toyota մակնիշի 3 ամենագնաց ձեռք բերել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը թույլատրեց ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել ԱԺ նախագահին սպասարկող մեքենային ուղեկցելու համար 3 ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելուն: Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ Ազգային ժողովի կողմից գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 7-ի նիստում: Նախագծով մասնավորապես առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել Toyota ֆիրմայիRAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ (3 հատ) մեկ անձից գնման ընթացակարգով: Հիմնավորումներում նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար: «Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն՝ մասնավորապես կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ, «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ (կից ներկայացվում են առաջարկներ), որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտություննը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ»,-ասված է հիմնավորման մեջ: Այսպիսով նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղեկցման համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումը իրականացնել«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման յոթ տարվա երաշխիք: 
15:32 - 07 ապրիլի, 2022
54 մլն դրամ՝ ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող 3 նոր ամենագնացների համար․ Կառավարության որոշման նախագիծ

54 մլն դրամ՝ ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող 3 նոր ամենագնացների համար․ Կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ ազգային ժողովին կտրամադրվի 54 միլիոն ՀՀ դրամ՝ Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի մարդատար 3 ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Ըստ նախագծի հիմնավորումների՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ներկայումս ուղեկցող 3 մեքենաները (2003 թվականի արտադրության TOYOTA LC PRADO 2.71, 2007 թվականի արտադրության TOYOTA LC PRADO 4.0GA եւ 2008 թվականի արտադրության NISSAN X-TRAIL 2.01) իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ եւ ապահով տեղաշարժը, իսկ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար: Նշվում է նաեւ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն։ Մասնավորապես, կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ», «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» եւ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ներին, որի արդյունքում նպատակահարմար է համարվել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենաներ, քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Նախատեսվում է ամենագնացները ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման 7 տարվա երաշխիք:  Նախագիծը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից եւ ներառված է Կառավարության այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող բաժնում։  
13:42 - 07 ապրիլի, 2022
ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով

ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երեւանում անցկացնելու առաջարկով: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում: Քննարկման առանցքում են եղել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:
15:32 - 06 ապրիլի, 2022
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած  հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել է, որ մեր երկրները, պահպանելով դրանց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական և տնտեսական ուղղություններով, այլև մշակույթի ու արվեստի ոլորտներում: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական  հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան: Միջոցառմանը հնչել են հայ և ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունների արխիվից:
13:12 - 06 ապրիլի, 2022
Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյան

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։  Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում: Փոխադարձ շնորհավորանքներ են հնչել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների բազմոլորտ հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կարեւորություն: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջեւ փոխվստահության, շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում եւ Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարեւորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր ուղղություններից: Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձեւաչափերի շուրջ եւս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին եւ 44-օրյա պատերազմի հետեւանքներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարեւոր գործոններից է: Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաեւ միջազգային հումանիտար կառույցների անհապաղ եւ անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում: Գործընկերները մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները: Ընդլայնված նիստից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահը գրառում է արել Հայաստանի Ազգային ժողովի Պատվո հյուրերի գրքում, այնուհետեւ եղեւնի տնկել ԱԺ բակում: Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է հանդիպում նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
15:46 - 05 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
14:23 - 03 ապրիլի, 2022