ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Արցախյան կարգավորում․ փուլային և փաթեթային կամ մեծ շփոթ |civilnet.am|

Արցախյան կարգավորում․ փուլային և փաթեթային կամ մեծ շփոթ |civilnet.am|

civilnet.am: Թաթուլ Հակոբյան Ղարաբաղյան կարգավորման քննարկումներում շատ է խոսվում կարգավորման բովանդակության և մեթոդաբանության մասին ու երբեմն, անգամ պաշտոնյաներն ու դիվանագետները, չեն տարբերում բովանդակությունը մեթոդաբանությունից: Փուլայինի և փաթեթայինի շուրջ վերջին քննարկումները, բանավեճերն ու մեղադրանքները հենց այդ անհասկացողության ու շփոթի դրսևորումներ են: Փուլային եզրը հայ քաղաքական լեքսիկոնի մաս է դարձել 1997-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այդ թվականի դեկտեմբերի 2-ին գրավոր ներկայացրին կարգավորման համապարփակ փաստաթուղթ-նախագիծ, որը կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման համաձայնագիր անունը: Բայց ինչո՞ւ է այս համաձայնագիրը հիշատակվում փուլային անունով․ որովհետև այն վերաբերում էր հակամարտության հետևանքների վերացմանը՝ տարածքներ, փախստականներ, անվտանգություն և հաղորդակցություն, իսկ հակամարտության գլխավոր խնդրին՝ Արցախի կարգավիճակին, որից սկսվել է պատերազմը, չի անդրադառնում: Այսպիսով, 1997-ի դեկտեմբերի 2-ի փաթեթով Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց և թողնվում է ապագային: Լաչինի ամբողջ շրջանի կարգավիճակը ևս թողնվում էր ապագային, ասել է թե՝ Արցախի մաս: Այսինքն, հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը փուլային էր. առաջին փուլում վերացնում ենք հետևանքները, երկրորդ փուլում՝ վճռում կարգավիճակի հարցը: Ինքնին փուլային մեթոդաբանությունը չի կարելի համարել դատավճիռ, քանի որ փուլայինը կարող է լինել նաև շրջված տեսքով, այն է՝ առաջին փուլում որոշում ենք Արցախի կարգավիճակը, երկրորդ փուլում՝ անդրադառնում հակամարտության հետևանքներին: Եթե Ադրբեջանը համաձայնում է առաջին փուլում ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը և ընդունել հանրաքվեի որևէ արդյունք, ապա այդ դեպքում փուլայինը ընդունելի մեթոդաբանություն է: 1997-ի մայիս-հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած երկու տարբերակները պատմագրության մեջ են մտել փաթեթային անունով, քանի որ ներկայացված փաթեթում միաժամանակ կարգավորվում էին և՛ կարգավիճակի, և՛ հակամարտության հետևանքների խնդիրները: Ավելի հստակ՝ Արցախը Ադրբեջանի կազմում ստանում էր ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ: Հայկական կողմից մերժված այս տարբերակը ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (նախագիծ) անունը: 1998-ի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված տարբերակը, որի ճարտարապետը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր, փաթեթային և փուլային մեթոդաբանության համատեղման փորձ էր և պատմագրության մեջ է մտել «ընդհանուր պետություն» անունով, կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր անունը: Այս տարբերակը, որ մերժեց Ադրբեջանը, մեթոդաբանության առումով, փաթեթային էր և կազմված էր երկու հիմնական մասից՝ կարգավիճակ և հետևանքների վերացում: Արցախն ու Ադրբեջանը վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում կազմում էին ընդհուր պետություն: Դա, ակնհայտ տարբերություններով, մոտ էր բոսնիական մոդելին: Արցախն իր կարգավիճակով անկախ չէր հռչակվում և ոչ էլ Հայաստանի մաս: Այն օրերին շատ էին կիրառում հետևյալ բանաձևը՝ ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր, կամ՝ դե-ֆակտո անկախ, դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում: Փաթեթային մեթոդաբանություն էր նաև Քի Վեսթի տարբերակը, որովհետև միանգամից լուծվում էին և՛ կարգավիճակի, և՛ հետևանքների հարցերը: Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին, Ադրբեջանը հետ էր ստանում բոլոր 6,5 շրջանները և Հայաստանի տարածքով՝ ինքնիշխան միջանցքով, կապվում Նախիջևանի հետ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:09 - 15 մայիսի, 2020
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով

Մայիսի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի (OSCE PC) առցանց տարբերակով կազմակերպված հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ելույթում հարգանքի տուրք է մատուցվում բոլոր նրանց, ում սխրագործությունների և զոհաբերությունների շնորհիվ Եվրոպայի ժողովուրդներն ազատագրվեցին նացիզմից։ Նշվում է, որ ավելի քան 600 հազար հայորդիներ տարբեր երկրների բանակներում իրենց մասնակցությունն են բերել այդ հաղթանակի գործին, և Հայաստանի բնակչության 1/7-րդը չի վերադարձել համաշխարհային պատերազմի մարտադաշտերից։ Հայ զինվորներն աչքի են ընկել իրենց արիությամբ և խիզախությամբ՝ արժանանալով տարբեր երկրների բարձրագույն պարգևների։ «Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հետ միասին տոնելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը. օր, որը խորհրդանշում է հաղթանակն ատելության, անհանդուրժողականության և ծայրահեղ ազգայնականության հանդեպ»։ Ի պատասխան Ադրբեջանի շարունակական կեղծ պնդումների՝ ելույթում շեշտվում է, որ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, ով խիզախությամբ պաշտպանել է իր հայրենիքը 1920-ական թվականներին արտաքին ներխուժումներից։ Միաժամանակ անդրադարձ է կատարվում Վերմախտի կազմում ավելի քան 40 հազար զինվորից բաղկացած ադրբեջանական լեգիոնին և նացիստների հետ համագործակցած տխրահռչակ Մեհմեդ Ռասուլզադեին, որին Ադրեջանում դիտարկում են որպես ազգային հերոս և որի արձաններն ամենուրեք են։ Անդրադառնալով Շուշիի ազատագրման 28-ամյակին, ելույթում նշվում է, որ 1992թ. մայիսի 9-ին այդ հինավուրց հայկական քաղաքակի ազատագրումը ադրբեջանական օկուպացիայից հնարավոր դարձրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի ազգաբնակչության անվտանգության ապահովումը։ Շուշիի ազատագրումը ղարաբաղյան պատերազմի ամենակարևոր հաղթանակներից մեկն է։ Այն կյանքի հաղթանակն է մահի հանդեպ; խորհրդանիշն է պայքարի, որը մղվել է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության, ինչպես նաև իր բնօրրանում ապրելու իրավունքի ապահովման համար։ Ելույթն ամբողջությամբ (անգլերեն) հասանելի է այստեղ։
17:55 - 08 մայիսի, 2020
Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները

Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Կոմերսանտ» թերթի հարցին։ Հարց. Վերջին օրերին տարբեր անդրադարձներ են կատարվել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ, որոնցում նշվել է կարգավորման փուլային մոտեցման մասին։ Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ: Դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է արտահայտել հայկական կողմը: Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Պատասխան. 2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին:  Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին,  2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա: Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը:
13:29 - 23 ապրիլի, 2020
Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին՝ արձագանքելով համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում, մասնավորապես, ասված է.   «Ձերդ Գերազանցություն, Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին:Գնահատանքի է արժանի նաև ԵԱՀԿ ԽՎ Նախագահի դիմումըբոլոր կողմերին՝ անսալու ՄԱԿ-ի հրադադարիկոչին: Դա կարևոր, անհրաժեշտ և յուրաժամ նախաձեռնություն էր, որի իրականացումը մեծապես կնպաստիմարդկությանը սպառնացող համաշխարհային այս մարտահրավերի հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերին։ Համոզված ենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է ազատվել անցյալի ժառանգության հին կարծրատիպերից և բաժանարար գծերից: Համավարակի հետևանքով առաջացած այս գլոբալ փորձությանը մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ ջանքերի և ներառականության սկզբունքի ապահովման միջոցով։ Արցախի Հանրապետությունն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ մարտի 24-ին վերահաստատելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իր հանձնառությունը: Այս օրերին համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական օրակարգին ծառայեցնելու ցանկացած փորձ կարող է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար, ինչը խստորեն դատապարտելի է։ Մենք հակված ենք այն կարծիքին, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքների սահմանափակման համար, ներառյալ՝ ընտրելու և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Արցախում վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում: Ավելին, այդ դիտարկումներն արմատապես տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից և գնահատականներից, որոնքիրենց 2020 թ. մարտի 31-ի հայտարարությունում «ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու գործում»: Նմանատիպ դիտարկումները հակասում են նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ իրենք լիովին սատարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հարգարժան անդամներ, Արցախի Հանրապետության համար ընտրությունները նորություն չեն և 1991 թվականի անկախությունից ի վեր եղել են երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Նույնիսկ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման արդյունքներով 1992 թվականի Հելսինկյան որոշման մեջ հստակորեն նշվում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը: Միջազգային միջնորդները, ինչպես նաև Բաքուն, ուղիղ կապ են պահպանել ընտրությունների միջոցով ձևավորված Արցախի իշխանությունների հետ: Հարկ է նշել նաև, որ Բիշքեկյան արձանագրությունը, որը ճանապարհ է հարթել 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման համար, ստորագրվել է բոլոր երեք կողմերի ընտրված ներկայացուցիչների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից: Օգտվելով առիթից՝ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արդյունքում ընտրություններն անցել են մրցակցային և ազատ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական կուսակցություններ: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակությունը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացել էապրիլի 14-ին: Հարկ է նաև նշել, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Արցախում մի շարք ընտրություններ և հանրաքվեներ անց են կացվել ծայրաստիճան դժվար, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գնդակոծման և ռմբակոծման պայմաններում: Թույլ տվեք վստահեցնել, որ ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են մնում ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն և այդ ճանապարհին պատրաստ են հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և մարտահրավեր»:
18:26 - 22 ապրիլի, 2020
Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ։ Ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ և գերազանցապես գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու վրա, սակայն ակնկալում ենք նույն գիտակցումը ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ուշադիր հետևելով ապրիլի 20-ին և 21-ին համանախագահների և արտգործնախարարների հետ առանձին, ապա՝ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսներին՝ ցավոք, հերթական անգամ արձանագրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից: Դա, առաջնագծում պարբերաբար կրկնվող սադրանքների և հայատյաց քաղաքականության հետ համատեղ, մեծապես նվազեցնում է պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես հայտարարում եմ՝ 1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին. 2. Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել. 3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ. 4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք. 5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ. 6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան. 7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների: Արցախի իշխանություններն ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստակամ են գործադրելու առավելագույն ջանքեր փոխադարձ հարգանքի մթնոլորտում կողմերի միջև վստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման հարցում անհրաժեշտ կամք դրսևորելու և առաջընթաց արձանագրելու համար»:
12:02 - 22 ապրիլի, 2020
Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով |civilnet.am|

Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր: «Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիմքի վրա կարգավորման գործընթացի առաջ մղում», - ասել է Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով` հակամարտության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:   Այս մասին նա խոսել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման համատեքստում․ «ՄԱԿ-ի Անվտաnգության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», - ասել է Լավրովը:
16:25 - 21 ապրիլի, 2020
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը տեսակոնֆերանս կանցկացնեն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը տեսակոնֆերանս կանցկացնեն

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 20-ին տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ «Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:40 - 20 ապրիլի, 2020
ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Ուկրաինայում գերիների փոխանակումը |azatutyun.am|

ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Ուկրաինայում գերիների փոխանակումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուղղափառ հավատացյալները գալիք կիրակի օրը՝ ապրիլի 19-ին, նշելու են Քրիստոսի Հարության տոնը: Զատկի կապակցությամբ Ուկրաինան և երկրի արևելքում գործող ռուս անջատականները գերիների փոխանակում են իրականացրել: Նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի փոխանցմամբ, 20 ուկրաինացի գերիներ երեկ վերադարձել են Կիև: Դոնբասի անջատականները հայտնել են, որ ուկրաինական կողմն ազատ է արձակել 14 մարդկանց: Ուկրաինայում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Հեյդի Գրաուն ողջունել է գերիների փոխանակումը և հույս է հայտնել, որ «այդ մարդասիրական քայլը կնպաստի կողմերի փոխադարձ վստահությանը»: Ուկրաինայի արևելքում 2014 թվականին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար 200 մարդ: Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանը և Ուկրաինան 35-ական բանտարկյալների են փոխանակել: Դեկտեմբերին Ուկրաինան ռուս անջատականներին է փոխանցել 124 բանտարկյալների, իսկ անջատականները 76 հոգու են ազատ արձակել:
15:22 - 17 ապրիլի, 2020
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը դադարեցված է. ԱԳ նախարար
 |news.am|

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը դադարեցված է. ԱԳ նախարար |news.am|

news.am: Կորոնավիրուսը որոշակի ազդեցություն ունեցավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. դադարեցվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այժմ ամենակարեւորը հրադադարի ռեժիմի պահպանումն է, որպեսզի մենք ռեսուրսները կենտրոնացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Շատ գնահատելի էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Մենք նաեւ ողջունել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հայտարարելու կոչը: Արձանագրվել են զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից, մենք արձագանքել ենք դրան: Ունեցել ենք 3 վիրավոր, որոնցից մեկը երեխա է: Առաջնայինը հրադադարի անշեղ պահպանումն է: Մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այդպիսի խախտումներն անպատասխանատու քայլեր են», ասել է Զոհրաբ Մնացականյանը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը պատասխանատու վարք կդրսեւորի:
21:34 - 10 ապրիլի, 2020
Մինսկի խմբի համանախագահներն ի գիտություն են ընդունել ԼՂ-ում կայացած «ընդհանուր ընտրությունները» |azatutyun.am|

Մինսկի խմբի համանախագահներն ի գիտություն են ընդունել ԼՂ-ում կայացած «ընդհանուր ընտրությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղում այսօր տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությունում նշում են, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում ընդունում են Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունում տեղ գտած սկզբունքներին և տարրերին համապատասխան։ «Սակայն համանախագահները ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ո՛չ համախագահ երկրների, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը», - ասված է հայտարարությունում։
22:32 - 31 մարտի, 2020
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով |aysor.am|

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով |aysor.am|

aysor.am: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով: «Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել  COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում », - ասված է Դեզիրի հայտարարության մեջ, որը հրապարակվել է  ԵԱՀԿ կայքում: «Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը», - ասել է  Դեզիրը:Հիշեցնենք, Ազգային ժողով միաձայն ընդունել է ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Փաստաթուղթը ստորագրել է նախագահը։Եթե մեկ օրվա ընթացքում լրատվական գործունեություն իրականացնողը չի հեռացնում հրապարակումը, որի տարածումը արգելված է արտակարգ դրության պայմաններում, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (500 000 – 1 000 000 դրամ)։Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով (300-500 հազար դրամ) կամ կալանքով առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։
12:51 - 25 մարտի, 2020
ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն |aysor.am|

ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն |aysor.am|

aysor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը: «Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումները հակամարտության գոտում:
11:45 - 20 մարտի, 2020
Կասպրշիկը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածության թուլացման համար

Կասպրշիկը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածության թուլացման համար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 12-ի երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով: Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ իր միջնորդական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև գերության և անազատության մեջ պահվող քաղաքացիների հետ կապված հումանիտար հարցեր:
21:17 - 12 մարտի, 2020