Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին
18:26 - 22 ապրիլի, 2020

Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին՝ արձագանքելով համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում, մասնավորապես, ասված է.  

«Ձերդ Գերազանցություն,

Հարգելի գործընկերներ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին:Գնահատանքի է արժանի նաև ԵԱՀԿ ԽՎ Նախագահի դիմումըբոլոր կողմերին՝ անսալու ՄԱԿ-ի հրադադարիկոչին: Դա կարևոր, անհրաժեշտ և յուրաժամ նախաձեռնություն էր, որի իրականացումը մեծապես կնպաստիմարդկությանը սպառնացող համաշխարհային այս մարտահրավերի հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերին։

Համոզված ենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է ազատվել անցյալի ժառանգության հին կարծրատիպերից և բաժանարար գծերից: Համավարակի հետևանքով առաջացած այս գլոբալ փորձությանը մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ ջանքերի և ներառականության սկզբունքի ապահովման միջոցով։

Արցախի Հանրապետությունն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ մարտի 24-ին վերահաստատելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իր հանձնառությունը: Այս օրերին համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական օրակարգին ծառայեցնելու ցանկացած փորձ կարող է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար, ինչը խստորեն դատապարտելի է։

Մենք հակված ենք այն կարծիքին, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքների սահմանափակման համար, ներառյալ՝ ընտրելու և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Արցախում վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում: Ավելին, այդ դիտարկումներն արմատապես տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից և գնահատականներից, որոնքիրենց 2020 թ. մարտի 31-ի հայտարարությունում «ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու գործում»: Նմանատիպ դիտարկումները հակասում են նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ իրենք լիովին սատարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հարգարժան անդամներ,

Արցախի Հանրապետության համար ընտրությունները նորություն չեն և 1991 թվականի անկախությունից ի վեր եղել են երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Նույնիսկ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման արդյունքներով 1992 թվականի Հելսինկյան որոշման մեջ հստակորեն նշվում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը: Միջազգային միջնորդները, ինչպես նաև Բաքուն, ուղիղ կապ են պահպանել ընտրությունների միջոցով ձևավորված Արցախի իշխանությունների հետ: Հարկ է նշել նաև, որ Բիշքեկյան արձանագրությունը, որը ճանապարհ է հարթել 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման համար, ստորագրվել է բոլոր երեք կողմերի ընտրված ներկայացուցիչների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից:

Օգտվելով առիթից՝ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արդյունքում ընտրություններն անցել են մրցակցային և ազատ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական կուսակցություններ: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակությունը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացել էապրիլի 14-ին:

Հարկ է նաև նշել, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Արցախում մի շարք ընտրություններ և հանրաքվեներ անց են կացվել ծայրաստիճան դժվար, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գնդակոծման և ռմբակոծման պայմաններում: Թույլ տվեք վստահեցնել, որ ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են մնում ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն և այդ ճանապարհին պատրաստ են հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և մարտահրավեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել