Էրիկ Գրիգորյան

ՀՀ Բնապահպանության նախկին նախարարը։

Ծնվել է 1979թ․-ի հոկտեմբերի 17-ին։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիրը։ 2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։ 

2002-2009թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ:

2009թ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ։

2009-2011թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ, իսկ 2011թ.՝  ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար։ 2011թ. եղել է  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ՝ որպես վերաբնակեցման մասնագետ։

2017-2018թթ. զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար։ 2020 թվականի մայիսին հրաժարական է ներկայացրել։

Էրիկ Գրիգորյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցությունը

Էրիկ Գրիգորյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցությունը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությունները քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը: Բնապահպանության նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում ավելի հաճախակիացել են շրջակա միջավայրի խնդիրներով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները, ինչը լիովին համահունչ է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերություններին։ Նախարար Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ Ֆրանսիական կողմի հետ ունեցած քննարկումների ընթացքին։ Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էլ տեղեկացրել է Ֆրանսիա կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում այդ նախաձեռնության շուրջ բարեկամ պետության պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքները։ Ներկայացվել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների և բնապահպանական պետական կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել է կլիմայական ֆինանսավորման մեխանիզմի ներդրման՝ Հայաստանի առաջարկը։ Դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել է նախաձեռնությունը և սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել։Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են պաշտոնական հաղորդակցությունների և հանդիպումների միջոցով արագացնել կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման գործընթացը և սերտացնել ոլորտի մյուս հարցերի ուղղությամբ փոխգործակցությունը:
15:30 - 10 մայիսի, 2019
Բնապահպանության նախարարը դատի է տալու «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիրին

Բնապահպանության նախարարը դատի է տալու «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիրին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»: Սույն հայտարարությունը որեւէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։ Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով: Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները: Այլեւս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսեւորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»:  
13:48 - 02 մայիսի, 2019
Հայաստանը Չինաստանի հետ կընդլայնի համագործակցությունը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում |armenpress.am|

Հայաստանը Չինաստանի հետ կընդլայնի համագործակցությունը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և փորձի փոխանակումը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում Պեկին ժամանած ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ՉԺՀ Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Լի Գանձիեի հետ հանդիպումից և հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո նշեց, որ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա հետագա առարկայական համագործակցության համար: «Փաստաթղթի շրջանակում ունենք ծրագրային առաջարկ, որը ենթադրում է անտառավերականգնման աշխատաքների իրականացում: Չինաստանը լավ փորձ ունի դեգրադացված հողերում անտառավերականգնման աշխատաքներում՝ անապատային և կիսանապատային գոտիներում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեծ ծավալի անտառավերականգնման աշխատաքներ է իրականացնում: Առաջարկել ենք, որպեսզի Հայաստանում պիլոտային նմանատիպ ծրագիր իրականացվի»,- ասաց Գրիգորյանը: Ըստ նախարարի՝ համագործակցության մյուս ուղղությունը կապված է շրջակա միջավայրի մոնիթորինգի հետ, որը Հայաստանում ամբողջովին վերափոխելու է այդ համակարգը: «Նախկինում շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգը բաշխված էր տարբեր գերատեսչությունների միջև. մի մասը Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ էր, մյուս մասը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության: Ներկայումս Կառավարության որոշմամբ Հիդրոմետծառայությունը կմիանա Բնապահպանության նախարարությանը և կձևավորվի միասնական մոնիթորինգի համակարգ: Այստեղ, կարծում եմ, նույնպես Չինաստանի հետ համագործակցության բավական մեծ շրջանակ ունենք»,- նշեց Գրիգորյանը: Բնապահպանության նախարարը Չինաստանի գործընկերներին նաև առաջարկել է որոշակի աջակցության տրամադրում Հայաստանի էկոտուրիզմի զարգացման ոլորտին՝ հաշվի առնելով Հայաստանի կենսաբազմազանությունը, որպեսզի չինացի էկոտուրիստները որպես իրենց համար հնարավոր ուղի ներառեն նաև Հայաստանը: «ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկման ընթացքում շեշտադրեցինք, որ առաջնային ենք համարում գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների շրջանակում համագործակցությունը, այլ ոչ թե ստանդարտ ֆինանսական աջակցությունը, քանի որ առանց գիտելիքի վրա հիմնված ճիշտ որոշումների, ֆինանսական միջոցները, եթե նույնիսկ առկա են, արդյունավետ չեն օգտագործվելու:  
06:49 - 26 ապրիլի, 2019
ՀՀ բնապահպանության նախարարը Չինաստանում կմասնակցի «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին

ՀՀ բնապահպանության նախարարը Չինաստանում կմասնակցի «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու  Պեկինում տեղի ունենալիք Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակներում կանցկացվի նաև «Կանաչ Մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և կտրվի «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ Զարգացման Միջազգային Կոալիցիայի» մեկնարկը: Միջոցառմանը կմասնակցեն 40 երկրի ղեկավարներ և 160-ից ավելի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր: Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, բարձրաստիճան հանդիպումներ, կայուն զարգացմանը, կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, կանաչ էներգիային, գլոբալ կլիմայական կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նվիրված 12 թեմատիկ հանդիպումներ։ Ֆորումի նպատակն է բնապահպանական քաղաքակրթության և զարգացման վերաբերյալ հայեցակարգերի և պետությունների փորձի փոխանակման միջոցով Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես կգա ելույթով։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում են նախարարի երկկողմ հանդիպումները Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի և Անտառային ազգային գործակալության ղեկավարի հետ։ Նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
09:39 - 23 ապրիլի, 2019
Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի. նախարարը՝ Լիդիան Արմենիայի մասին

Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի. նախարարը՝ Լիդիան Արմենիայի մասին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած Լիդիան Արմենիա ընկերությունը սպառնում է ՀՀ կառավարության դեմ հայց ներկայացնել արբիտրաժային միջազգային դատարան: «Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: Նախարարի խոսքով՝ կառավարությունը համապատասխան քայլեր է իրականացնում: «Քայլերը այն են, որ եթե կարող է լինել ռիսկ արբիտրաժային գործընթացի վերաբերյալ, ապա կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, պետք է համապատասխան իրավական պաշտապնությունը կարողանա ապահովել»,- ասաց նա: Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ քրեական գործն ընթանում է, ներգրավված են միջազգային փորձագետներ, որոնք պետք է փորձաքննություն իրականացնեն, դրա համար կառավարությունը բավական գումար է հատկացրել: «Եվ կարծում եմ նաև Լիդիանի ներկայացուցիչները նույնպես ըմբռնումով պետք է մոտենան, որ ՀՀ կառավարությունը քայլեր է անում, որպեսզի առավելագույն ռիսկերը գնահատի: Բնապահպանական փորձաքննության օրենսդրությունը և գործընթացը ՀՀ-ում, որ կա, ըստ էության եղել է այդ փաստաթղթերի շրջանակներում ուսումնասիրություն: Եվ այն հետազոտությունները, որոնք իրականացրել է Լիդիանը տարբեր տեղական ու միջազգային ինստիտուտների հետ, այժմ այս քրեական գործի շրջանակներում պետք է ուսումնասիրվեն՝ արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե ոչ: Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար էլ ակնկալելի պետք է լինի, որ այս գործընթացի ավարտին պետք է ունենանք ավելի պատշաճ տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ»,- ասաց նա:Ինչ վերաբերում է արբիտրաժ դիմելու միջազգային փորձին, թե որքանո՞վ կարող է ՀՀ կառավարությունը վնասներ կրել, Գրիգորյանն ասաց, որ միջազգային փորձը տարբեր է, լինում են դեպքեր, երբ տնտեսվարողներն են դատը շահում, լինում են դեպքեր, երբ տնտեսվարողների հիմնավորվածությունները բավարար չեն: «Բացի դրանից, կա պետության իրավունքը՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության, շրջակա միջավայրի պահպանության գործառույթների իրակացնացման առումով, սա նույնպես իրավունք է»,- հավելեց նախարարը: lragir.am
11:58 - 20 մարտի, 2019