Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի. նախարարը՝ Լիդիան Արմենիայի մասին

11:58 - 20 մարտի, 2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած Լիդիան Արմենիա ընկերությունը սպառնում է ՀՀ կառավարության դեմ հայց ներկայացնել արբիտրաժային միջազգային դատարան: «Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ կառավարությունը համապատասխան քայլեր է իրականացնում: «Քայլերը այն են, որ եթե կարող է լինել ռիսկ արբիտրաժային գործընթացի վերաբերյալ, ապա կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, պետք է համապատասխան իրավական պաշտապնությունը կարողանա ապահովել»,- ասաց նա:

Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ քրեական գործն ընթանում է, ներգրավված են միջազգային փորձագետներ, որոնք պետք է փորձաքննություն իրականացնեն, դրա համար կառավարությունը բավական գումար է հատկացրել: «Եվ կարծում եմ նաև Լիդիանի ներկայացուցիչները նույնպես ըմբռնումով պետք է մոտենան, որ ՀՀ կառավարությունը քայլեր է անում, որպեսզի առավելագույն ռիսկերը գնահատի: Բնապահպանական փորձաքննության օրենսդրությունը և գործընթացը ՀՀ-ում, որ կա, ըստ էության եղել է այդ փաստաթղթերի շրջանակներում ուսումնասիրություն:

Եվ այն հետազոտությունները, որոնք իրականացրել է Լիդիանը տարբեր տեղական ու միջազգային ինստիտուտների հետ, այժմ այս քրեական գործի շրջանակներում պետք է ուսումնասիրվեն՝ արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե ոչ: Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար էլ ակնկալելի պետք է լինի, որ այս գործընթացի ավարտին պետք է ունենանք ավելի պատշաճ տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արբիտրաժ դիմելու միջազգային փորձին, թե որքանո՞վ կարող է ՀՀ կառավարությունը վնասներ կրել, Գրիգորյանն ասաց, որ միջազգային փորձը տարբեր է, լինում են դեպքեր, երբ տնտեսվարողներն են դատը շահում, լինում են դեպքեր, երբ տնտեսվարողների հիմնավորվածությունները բավարար չեն:

«Բացի դրանից, կա պետության իրավունքը՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության, շրջակա միջավայրի պահպանության գործառույթների իրակացնացման առումով, սա նույնպես իրավունք է»,- հավելեց նախարարը:

lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել