ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։  Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։ Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։ 2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական  քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ  մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։ Միլենա Խաչիկյան
18:54 - 07 փետրվարի, 2022
Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ավտոմեքենայի ուղևորի նկատմամբ խոշտանգում իրականացնելու համար ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ավտոմեքենայի ուղևորի նկատմամբ խոշտանգում իրականացնելու համար ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ Վ. Մ.-ն հայտնել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու, ոտքերին կրակելու վերաբերյալ սպառնալիք հնչեցնելու և ոստիկանության բաժին տեղափոխելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2021թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննության արագությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 15-ին գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում, որով, ի թիվս այլնի, հանձնարարվել է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համադրմամբ և գնահատմամբ քննարկել ՀՀ ոստկանության համապատասխան ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 29-ին' ժամը 04:40-ի սահմաններում, Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհահատվածի սկզբնամասում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը, կանգնեցրել են Դ. Ս.-ի վարած ավտոմեքենան և ավտո­մեքենայից դուրս գալու պահանջ ներկայացրել Վ. Կ.-ին: Դրանից հետո ավտոմեքենայում գտնվող իրի մասին հարցի վերաբերյալ ճշտող հարցը զայրացրել է բաժնի պետի տեղակալին, և իրենց հետ ոչ հարիր ձևով խոսելու համար պատժելու նպատակով վերջինս երկու անգամ բռունցքով հարվածել է Վ. Կ.-ի գլխի ձախակողմյան շրջանին՝ վերջինիս դիտավորյալ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: 2022թ. փետրվարի 3-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ս. Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (խոշտանգում) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված հանցանքների վերաբերյալ գործերով նախաքննությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ քննիչները՝ քրեական գործով հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Հետագա քննության ընթացքում գնահատականներ կտրվեն նաև դեպքին մասնակից մյուս պաշտոնատար անձանց գործողություններին:
14:28 - 05 փետրվարի, 2022
Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Փաշինյանի և Խաչատուրյանի, նրանց ընտանիքների անդամների հասցեին․ կայացվել է «ծանր վիրավորանքի» գործերով առաջին մեղադրական դատավճիռը

Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Փաշինյանի և Խաչատուրյանի, նրանց ընտանիքների անդամների հասցեին․ կայացվել է «ծանր վիրավորանքի» գործերով առաջին մեղադրական դատավճիռը

ՀՀ Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս 2021թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան, գտնվելով Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածում, իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ 1-02 հեռախոսահամարին և ՀՀ ոստիկանության աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելու պատճառաբանությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Այդ կերպ նա դիտավորությամբ ծանր վիրավորանք հասցրել վերջիններիս: Քրեական գործը դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ 2021թ. նոյեմբերի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: 2022թ. փետրվարի 2-ի դատավճռով Փ. Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել տուգանքի՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով: Դատարանի կողմից կայացված դատավճիռն առաջինն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո: Մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝  վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի: 214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 31 անձի: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 8 քրեական գործ, որոնցից մեկով՝ վերոնշյալով, կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուսներով դատական քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը հասարակության բոլոր անդամներին հորդորում է ձեռնպահ մնալ վիրավորանքը և դրա ծանր դրսևորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ոչ միայն անխուսափելի քրեական պատասխանատվության չենթարկվելու, այլ նաև հանրային խոսակցական և վարքագծային մշակույթում ատելության խոսքն օրինաչափության չվերածելու, հանրային համակեցության և համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար: Հարկ է հաշվի առնել նաև, որ հայհոյանքով, անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքով ուղեկցվող խոսույթն ինքնին նաև այլ բնույթի հանցագործություններ ծնող, դրանց կատարմանը նպաստող էական գործոն է:
14:30 - 03 փետրվարի, 2022
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական գործով վարույթի ավարտը |hetq.am|

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական գործով վարույթի ավարտը |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են: Որոշումը տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում: «2022 թվականի հունվարի 31-ին դռնփակ նիստում հիմք ընդունելով Գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 31.01.2022թ. ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի  Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու  համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/9-2-2022  և 1/9-3-2022 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 31.01.2022թ. թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 և 01.02.2022թ. ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ: Նման պայմաններում Բախշիյանի վարույթում եղած 100-ից ավելի գործերը պետք է վերամակագրվեն:
14:54 - 02 փետրվարի, 2022
Բ․ Բախշիյանը չի ապահովել լսվելու իրավունքը և կալանավորել է քաղաքացուն, նույն նիստում այլ մարդու նկատմամբ հարկադրանքի ավելի մեղմ միջոցի քննումը հետաձգել է՝ նրա իրավունքն ապահովելու համար․ պարզաբանում

Բ․ Բախշիյանը չի ապահովել լսվելու իրավունքը և կալանավորել է քաղաքացուն, նույն նիստում այլ մարդու նկատմամբ հարկադրանքի ավելի մեղմ միջոցի քննումը հետաձգել է՝ նրա իրավունքն ապահովելու համար․ պարզաբանում

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ դատախազությունը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, մինչ այս պահը զերծ է մնացել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որևէ հրապարակումից։ Սակայն նկատի ունենալով, որ այդ հարցը դարձել է լայն քննարկման առարկա դատավորների և փաստաբանների, այդ թվում՝ հենց դատավոր Բորիս Բախշիյանին ՀՀ բարձրագույն դատական խորհրդում ներկայացրած փաստաբանի կողմից արված՝ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների արդյունքում, այսինքն՝ փաստացի առկա է օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, հանրությանը մոլորեցնող, իրականացվող վարույթի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Ն․Մ․-ն դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։ Նշված գործը վարույթ ընդունելուց և դատական քննության նշանակելուց հետո, բացելով առաջին դատական նիստը, դատավոր Բախշիյանը պարզել է, որ դատական նիստին չեն ներկայացել 7 ամբաստանյալներից երկուսը, այդ թվում՝ Ն․Մ-ն և վերջիններիս պաշտպանները։ Ն․Մ-ի պաշտպանը գրությամբ դատարանին հայտնել է, որ չի ներկայացել այլ գործով անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով և այդ մասին նախապես հայտնել է Ն․Մ-ին, ով չի ցանկացել առանց իր պաշտպանի ներկա գտնվել դատական նիստին։ Նման պայմաններում, երբ ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին։ Ընդ որում՝ դատավոր Բորիս Բախշիյանը գործով միայն մեկ՝ առաջին դատական նիստին այդպիսի պատճառով չներկայացած Ն․Մ․-ին կալանավորելով՝ դատական նիստից բացակայող այլ պաշտպանների չներկայանալու հարգելիությունը և նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը չի քննարկել, իսկ Ն․Մ-ի պաշտպանի բացակայությունը գնահատելով անհարգելի, նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի քննարկումը հետաձգել է՝ վերջինիս լսելու համար։ Ավելի պարզ՝ Դատավոր Բորիս Բախշիյանը Ն․Մ․-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրա լսվելու իրավունքն ապահովելու կալանավորել է՝ նույն նիստում դատավորության այլ մասնակցի նկատմամբ ավելի մեղմ հարկադրանքի միջոց կիրառելու հարցի քննարկումը նրա իրավունքն ապահովելու համար հետաձգելով։ Ինչպես այդ, այնպես էլ այլ գործով դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտերից պարզ է դառնում, որ վերջինս նույն հարցի քննարկման մյուս բոլոր դեպքերում ցուցաբերել է տրամագծորեն հակառակ մոտեցում և նույն «հիմքերի» առկայության պայմաններում այլ անձանց չի կալանավորել։ Ավելին, Բորիս Բախշիյանը Բարձրագույն դատական խորհրդում ուղղակիորեն ընդունել է, որ երբեք նույն պայմաններում անձին կալանավորելու մասին որոշում չի կայացրել։ Հետևաբար Ն․Մ-ին կալանավորելիս կալանավորման հիմքերի բացակայությունը, կալանավորումը այդ դեպքում պատշաճ վարքագծի ապահովման վերջին՝ ծայրահող միջոց չհանդիսանալը, քրեական վարույթի հիմնարար սկզբունքներն ու ամբաստանյալի իրավունքները ոտնահարելը վերջինիս համար եղել են ակնհայտ։ Քրեական գործով պարզվել է նաև, որ Դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն․Մ-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո, Ն․Մ-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել։ Ընդ որում՝ Ն․Մ․-ն հարցաքննվել է դատավորի կողմից նախապես սահմանված՝ ապացույցների հետազոտման հաջորդականությունը միայն Ն․Մ-ին հարցաքննելու համար փոփոխելուց հետո՝ այն ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման համար, ում դեմ ցուցմունք էր տվել Ն․Մ-ն և ում կողմից վերջինիս նկատմամբ անօրինական ազդեցության մասին տվյալներ գործում առկա էին։ Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից հնչեցվող այն փաստարկին, թե Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է այն պայմաններում, երբ դատախազությունը նրա կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը չի էլ բողոքարկել, ապա պետք է նշենք, որ փաստաբանն այդ հարցի կապակցությամբ բավարար չափով պարզաբանումներ ստացել է ԲԴԽ նիստում, հետևաբար նույն մոտիվներով արված հրապարակային հայտարարությունը մանիպուլյատիվ է։ Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել։ ՀՀ դատախազությունը շարունակում է զերծ մնալ դատավորի վերաբերյալ վարույթի, նկարագրված հանգամանքները անհերքելիորեն հաստատող փաստերի մասին ավելի ծավալուն տեղեկություններ հրապարակելուց՝ հորդորելով գործընկերներին ձեռնպահ մնալ փաստական հանգամանքներն ակնհայտ խեղաթյուրված ներկայացնելու և միակողմանի մեկնաբանելու միջոցով հանրային ուղղորդված, կանխակալ կարծիք ձևավորելու փորձերից։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ի սկզբանե՝ վարույթի և դրա հիմքերի մասին բացարձակ տեղեկություն չունենալու պայմաններում դրա անօրինականության և հիմքերի բացակայության մասին պնդումներ անելը, վարույթը որպես դատավորի գործունեության նկատմամբ միջամտություն որակելն առնվազն իրավաբանական հանրությանը հարիր չէ: Դրանք երկակի ստանդարտների վառ արտահայտություն են, քանի որ ուղղակիորեն հակասում են կալանավորման հիմնավորվածության և օրինականության մասին մինչ այդ վերջիններիս կողմից ընդհուպ հրապարակային հնչեցված կարծիքներին»։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:49 - 01 փետրվարի, 2022
Դատախազությունը ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդություն

Դատախազությունը ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդություն

ՀՀ գլխավոր դատախազությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  «ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով կոնկրետ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բ. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:  Ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված այն դրույթից, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»,- նշել է նա: Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար, Գոռ Աբրահամյանը հավելել է, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են նշված դատավորի գործունեության հետ կապված՝ շատ ավելի վաղ կատարված դեպքին և շատ ավելի վաղ արված բացահայտումներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ԱԱԾ-ն ու Դատախազությունը Աշոտ Մինասյանին կալանքից ազատած դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում։
18:13 - 31 հունվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ Ինչպես տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ դատախազի ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են: Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել էր դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ: Կոմիտեն դատախազի որոշումը գնահատում էր որպես անօրինական և չհիմնավորված:
16:29 - 31 հունվարի, 2022
Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

fip.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։  Այս մասին, հարցմանն ի պատասխան, հայտնում են ՀՀ դատախազությունից:   Միևնույն ժամանակ, մեկ այլ հարցմանն ի պատասխան, Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից 26 պատգամավորներ՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, դիմել են Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:  ՍԴ-ից պարզաբանեցին, որ հայտը դեռևս վարույթ չի ընդունվել և նախնական ուսումնասիրության փուլում է։  Դատարան դիմած պատգամավորների անուններն ի հայտ կգան հայցի վարույթ ընդունվելու դեպքում։ Մինչ այդ փաստենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը վիճարկում է մի օրենքի սահմանադրականությունը, որն անմիջապես վերաբերում է իրենց պատգամավոր գործընկերների անձնական շահերին։    «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։  Ըստ օրենսդրական փաթեթի հիմնավորման, «առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմը․․․ թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա արգելանք կիրառել և այն բռնագանձել առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Սա հատկապես կարևոր գործիք է, այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն իրականացնելն անհնար է օբյեկտիվ պատճառներով»։    Նանե Մանասյան
15:19 - 31 հունվարի, 2022
Պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ՃԵ կանոնների խախտմամբ պայմանավորված պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու դեպքերը. Դատախազություն

Պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ՃԵ կանոնների խախտմամբ պայմանավորված պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու դեպքերը. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ պայմանավորված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու, դրանցով քրեական վարույթների հարուցման դեպքերը: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: 2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է ուղարկվել  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննված 3 քրեական գործ: Դրանցից մեկով կայացվել է մեղադրական դատավճիռ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիի տարածքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կանգառն արգելող դեղին հոծ գծանշման ազդման գոտում կայանված Նիսսան մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար արձանագրություն կազմելու նպատակով մեքենայի մոտ հրավիրված հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ Դ. Հ.-ն, վարչական իրավախախտում կատարելու և դրա համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու մասին պարեկի կողմից տեղեկացվելուց հետո, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար վերջինիս առաջարկել է 5000 ՀՀ դրամ կաշառք: Նույն պահին կաշառք տալու կասկածանքով վարորդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին: Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի 2022թ. հունվարի 27-ի դատավճռով Դ. Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 120.000 ՀՀ դրամի չափով: Դատարան ուղարկված մյուս երկու քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է: Դրանցով երկու վարարոդի մեղադրանք է առաջադրվել 2021թ. նոյմեբերին, տարբեր օրերի, իրենց կողմից կատարված ՃԵ կանոնների խախտման համար արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու նպտակով պարեկներին տարբեր չափերի կաշառք առաջարկելու համար: Երկու դեպքում էլ վարորդներն  անմիջապես բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ: Բացի վերոնշյալը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ներկա պահին քննվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին քաղաքացիների կողմից նույնաբնույթ պայմաններում տարբեր վարչական իրավախախտումներ չարձանագրելու համար կաշառք առաջարկելու դեպքերի վերաբերյալ հարուցված ևս 4 քրեական գործ: 2022թ. կատարված նմանաբնույթ մի քանի դեպքերի առթիվ էլ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Նշված տվյալները փաստում են, որ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների կողմից ընդգծված հետևողականություն և անհանդուրժողականություն է դրսևորվում վարորդների կողմից վարչական պատասխանատվությունից խուսափելու համար պարեկներին կաշառք առաջարկելու նկատմամբ: Չնայած դրան՝ քաղաքացիների կողմից այդ արատավոր պրակտիկան դեռևս շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ հանցագործություն է ոչ միայն իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ որևէ այլ առավելություն տրամադրելը, այլ նաև այդպիսին խոստանալը կամ առաջարկելը: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով: Տրանսպորտային միջոցներ շահագործող բոլոր քաղաքացիներին, վարորդներին հորդորում ենք նախ պահպանել ՃԵ կանոնները, իսկ դրանց խախտումներ թույլ տալու դեպքում զերծ մնալ ոստիկանության ծառայողներին որևէ եղանակով կաշառք տալուն ուղղված գործողություններից: Նման փորձերն անխուսափելիորեն հանգեցնելու են քրեական պատասխանատվության:  
14:59 - 31 հունվարի, 2022
Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռիում. մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել

Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռիում. մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել

2021թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գործուղղված դասընթացավարը ընտրությունների մասնագիտական դասընթաց և որակավորման ստուգարքներ անցկացնելու շրջանակներում կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ է ներառել 4 անձի կողմից իր վարած դասընթացին մասնակցելու, հարցաթերթիկ լրացնելու և դրական գնահատական ստանալու մասին: Դրանց հիման վրա վերջիններս իրավունք են ստացել հանդիսանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Մինչդեռ, նախաքննությամբ հաստատվել է, որ հիշյալ 4 անձինք դասընթացին և որակավորման ստուգարքին չեն մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում գտնվել են Երևան քաղաքում:  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական, սակայն դրա հիման վրա որևէ անգամ չեն ընդգրկվել հանձնաժողովի կազ­մում: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ թեև դասընթացավարի գործողությունները ձևականորեն պարունակել են փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշներ, սակայն այդ արարքը լուրջ հանրային վտանգավորություն չի ներկայացրել, քանի որ՝ որպես հետևանք՝ հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, հիշյալ անձինք որևէ անգամ չեն ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում: Բացի այդ, քննությամբ տվյալներ չեն ստացվել նաև այդ 4 անձանց կողմից ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ կեղծելու կապակցությամբ դասընթացավարին օժանդակելու վերաբերյալ: Ելնելով դրանից՝ կայացվել է վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում: Այդուհանդերձ քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված դասընթացի կազմակերպման և անցկացման գործընթացում տեղ են գտել ակնհայտ թերություններ և բացթողումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել որակաորման վկայական ստանալու համար կազմակերպված դասընթաց անցկացնելու և ստուգարք ընդունելու կարգը, առերևույթ կատարվել է փաստաթղթին կեղծիք: Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հաշվի առնելով ընտրական գործընթացների օրինականության ապահովման՝ պետության և հասարակության համար բացառիկ կարևորությունը՝ մարզի դատախազն առաջարկել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների և որակավորման ստուգարքներ ընդունելու գործընթացը սահմանված կարգին համապատասխան և վերահսկողության պայմաններում իրականացնելու, դրանց չմասնակցելու պայմաններում անձանց կողմից որակավորման վկայական ստանալու հնարավորությունը բացառելուն ուղղված մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:
16:15 - 27 հունվարի, 2022
ՀՀ գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անբավարար վերահսկողության պայմաններում «NAC-комплекс» դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու և շրջանառելու առթիվ ու գրություն ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ առաջարկելով քննարկել «NAC-комплекс» արտադրատեսակի պետական գրանցումը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը, ինչպես նաև՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀՀ–ում որպես դեղ գրանցված դեղամիջոցի պարունակաությամբ կենսաբանական ակտիվ հավելումներ  գրանցելու դեպքերը վերհանելու, դրանց գրանցման իրավաչափությունը քննարկելու և արձանագրված խախտումները, դրանց պատճառներն և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում  գրանցված է «NAC-комплекс» արտադրատեսակը: Վերջինիս բաղադրությունում առկա է  600 մգ․ «N-ացետիլ-Լ-ցիստեին» ակտիվ նյութ, որը, ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, ապացուցված դեղաբանական ազդեցությամբ ակտիվ նյութ է, կիրառվում է բուժական նպատակներով: Որպես բուժական միջոց, այն ունի համապատասխան հստակ ցուցումներ, «ացետիլցիստեին 600մգ» ակտիվ բաղադրատարրը հանդիսանում է դեղ և չի կարող հանդիսանալ որպես ակտիվ կենսաբանական հավելում: Այսինքն՝ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին և չէր կարող ստանալ պետական գրանցում որպես կենսաբանական ակտիվ հավելում: Սակայն ՀՀ-ում գրանցված լինելու հիմքով, ելնելով համապատասխան իրավակարգավորումներից, այն ենթակա չէ համապատասխանության լրացուցիչ գնահատման Մաքսային միության այլ անդամ-պետությունների տարածքում և ենթակա է անխոչընդոտ շրջանառման: Սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգի համաձայն մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցումը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցող մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում և /կամ/  Մաքսային միության անդամ-պետության դատական մարմնի որոշմամբ:  ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինչպես սննդամթերքի, այնպես էլ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք 2021թ. հուլիս ամսից տեղեկացված լինելով Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված «NAC-комплекс» արտադրատեսակում ացետիլցիստեինի դեղամիջոցի օրական առավելագույն՝ 600 մգ. չափաբաժնի առկայության և որպես այդպիսին տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասին,  միջոցներ չեն ձեռնարկել նշված արտադրանքի գրանցումը կասեցնելու կամ դադարեցնելու ուղղությամբ: «Արդյունքում անվտանգության չափանիշներին չհամապատասխանող կենսաբական ակտիվ հավելումը որպես գրանցված արտադրատեսակ շարունակել է անխոչընդոտ շրջանառության մեջ մնալ Մաքսային միության տարածքում, ինչը խոչընդոտներ է ստեղծել Մաքսային միության տարածքում  վերահսկողական լիազորություններռվ օժտված այլ մարմինների բնականոն աշխատանքում»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին ուղարկվել է գրություն: Առաջարկվել է  քննարկել «NAC-комплекс» արտադրատեսակի պետական գրանցումը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը, ինչպես նաև՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀՀ–ում որպես դեղ գրանցված դեղամիջոցի պարունակաությամբ կենսաբանական ակտիվ հավելումներ  գրանցելու դեպքերը վերհանելու, դրանց գրանցման իրավաչափությունը քննարկելու և արձանագրված խախտումները, դրանց պատճառներն և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ:  
19:20 - 26 հունվարի, 2022
ՃՈ աշխատակիցների կողմից վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու նպատակով Ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն

ՃՈ աշխատակիցների կողմից վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու նպատակով Ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն

ՃՈ աշխատակիցների կողմից վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու նպատակով Ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն 2021 թ․-ի հուլիսին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ քաղաքացիներից գանձված վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու համար գործուն մեխանիզմներ ներդնելու միջնորդությամբ։ Դատախազությունը հրապարակման մեջ նշել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե,- խմբ․) քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ  2019-2020 թթ․-ի ընթացքում  քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոններ խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների վճարած գումարները սահմանված կարգով հանձնվել են  ՃՈ ավագ տեսուչ Վ. Գալստյանին: Վերջինս, սակայն, վարչական իրավախախտման արձանագրու­թյուն­ները, որոշումները և տեղում վճարման անդորրագրերը ՃՈ էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկօրյա ժամկետում Ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել: Գալստյանը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատախազությունը դիմել էր Ոստիկանությանը՝ նմանատիպ դեպքերը թույլ չտալու համար գործուն մեխանիզմներ ներդնելու համար։ Infocom-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել դատախազության այս միջնորդագրից հետո։ Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով գանձապահի գործառույթն իրականացնող վարչական պրակտիկայի գծով ծառայողների գործողությունները հսկելու պարտավորությունը դրվել է վերջիններիս անմիջական ղեկավարների (դասակի հրամանատարների) վրա․Փոփոխության արդյունքում ուժեղացել է հսկողությունը գանձապահի գործառույթն իրականացնող վարչական պրակտիկայի գծով ծառայողի նկատմամբ։ Ճանապարհային ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրում է դասակի հրամանատարների կողմից վարչական պրակտիկայի գծով ծառայողների գործունեության նկատմամբ իրականացվող հսկողությունը»,-նշված է  Ոստիկանության պատասխանում։ Իսկ 2020 թ․-ից մինչ այս պահը, ըստ Գլխավոր դատախազութունից մեզ տրամադրած տվյալների, ՃՈ աշխատակիցների կողմից վարչական իրավախախտումների արդյունքում ստացված տուգանքների հափշտակության փաստով հարուցվել է 3 քրեական գործ․  «Հիշյալ քրեական գործերը հարուցվել են 2021 թ․-ի ընթացքում, որոնցից մեկ քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը, վատնումը,- խմբ․)։ Հիշյալ քրեական գործով դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել»։ Քրեական գործերից մեկով 1 անձի մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին,- խմբ․)։ Այս տարվա հունվարին որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրք 37-րդ հոդվածի հիմքով (հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը,- խմբ․)։ Քրեական գործերից մեկով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։   Նանե Ավետիսյան
11:09 - 26 հունվարի, 2022
ՃՈ տեսուչը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում. գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետին

ՃՈ տեսուչը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում. գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետին

ՀՀ ՀՔԾ-ում, ապա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Մասնավորապես, նշված տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում նա   հայտնաբերել է մի քանի ավտոմեքենաների վարորդների կողմից տրանսպորտային երթևեկության կանոնների տարաբնույթ խախտումներ: Տեսուչը թույլ տրված վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն, այնուհետև, համաձայնության եկել տուգանքը վերջիններիս կողմից կանխիկ վճարելու դեպքում այլ՝ ավելի ցածր չափով տուգանք նախատեսող վարչական իրավախախտում արձանագրելու շուրջ: Ելնելով դրանից՝ տեսուչը իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերում նշել է որոշակի գումար, ինչից հետո տուգանքը տեղում գանձելու մտացածին պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից ստացել է տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 20000 ՀՀ դրամ գումարներ: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը: Քանի որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին, այս ուղղությամբ իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ՝ բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները: Նմանատիպ հանցագործությունների  կատարմանը նպաստող նշված պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ, ինչպես նաև քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները առավել հանգամանքորեն պարզելու համար անցկացնել ուսումնասիրություններ, լուծել խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության հարցը:
17:09 - 25 հունվարի, 2022
Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է մամուլում տարածված տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք: «Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,- գրել է Աբրահամյանը: Անդրադառնալով տարածվող տեղեկատվությունը, թե գլխավոր դատախազը դիմել է ՌԴ-ին քաղաքացիության հարցով՝ Աբրահամյանը գրել է, որ արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա՝ հիշեցնելով, որ նման տեղեկատվություն տարածվել էր նաև 2021 թվականի նոյեմբերին, որը հերքվել է:
12:40 - 24 հունվարի, 2022
Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ Դատախազություն

Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ Դատախազություն

Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել է բնակարանային գողությունների կանխման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման ու պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ 2021թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները ու հանգամանքները, այս հանցատեսակի կտրվածքով մարզում առկա կրիմինոլոգեն վիճակը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման 143 դեպք, այսինքն` տեղի է ունեցել նվազում 14 դեպքով կամ 10 տոկոսով։ Դրական որոշակի դինամիկա է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում, թեև ընդհանուր առմամբ դրանք հեռու են բավարար համարվելուց: Մասնավորապես, եթե 2020թ. բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է  18.9%, ապա 2021թ.՝ 19,4%։ Վերոնշյալ դրական միտումները մեծապես պայմանավորված են մի կողմից բնակարանային գողությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից նախանշված և Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հարցում ցուցաբերված հետևողականությամբ: Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում Լոռու մարզի համայնքների ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է թվով 76 միջնորդագիր, որոնցով վերլուծվել են տվյալ համայնքներում հանցագործության կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, տարածքները: Խնդիր է դրվել գործուն քայլեր ձեռնարկել համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Ներկայացված միջնորդագրերը քննարկվել են դատախազների մասնակցությամբ, ինչի արդյունքում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր 256 տեսանկարահանող սարք: Մասնավորապես, Վանաձորում տեղադրվել է 97,  Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47 տեսախցիկ: Ընդ որում՝ զգալի դեպքերով հանցագործությունների բացահայտման համար առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց տեսագրությունների ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը պատկերացում է կազմել հանցանք կատարած անձանց, նրանց երթուղիների մասին:     Նույն շրջանակներում Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին տեղադրվել է 171 կոդավորվող փական։ Միջնորդագրերի քննարկման ընթացքում համայնքները պարտավորվել են շարունակել աշխատանքները նշված ուղղությամբ, ինչը կնպաստի համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիության պաշպանության վիճակի բարելավմանը: Հաշվի առնելով բնակարանային գողությունների հանրային վտանգավորության աստիճանը՝ մարզի դատախազությունից քրեական գործերով առարկայական հանձնարարություններ և ցուցումներ են տրվել նաև վարույթն իրականացնող քննիչներին՝ արդյունավետ քննությունն ապահովելու, դեպքի վայրի որակյալ զննություն կատարելու, անձանց հարցաքննությամբ կոնկրետ գողացված առարկաների նկարագիրը և այլ կարևոր հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Ելնելով 2021թ. կատարված աշխատանքների արդյունքներից, բնակարանային գողություններով պատշաճ և ընդգրկուն աշխատանք կատարելու, հատկապես հանցագործությունները բացահայտելուն միտված առարկայական գործողություններ իրականացնելու, նշված հանցատեսակին նպաստող պատճառները և պայմանները վերացնելու համար Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին։
15:03 - 21 հունվարի, 2022