Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի հետ։  Զրուցակիցները գոհունակությամբ են նշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների զարգացումն ու առկա դինամիկան։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի կարևոր եվրոպական գործընկերներից է։ Արարատ Միրզոյանը և Յացեկ Սաշինը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ուղղված առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և գործարար շրջանակաների միջև կապերի ակտիվացմանը:  Նախարար Միրզոյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանի Կառավարությունը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։ Կողմերը կարևորել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում կապիտալի շուկայում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար։  Ընդգծվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության դերը` որպես արդյունավետ հարթակ, համատեղ ծրագրերի քննարկման և գործնական քայլերի նախանշման համար։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և համաժողովների անցկացումը։  Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ 
14:27 - 20 հուլիսի, 2022
ԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ. կայացել է Միրզոյանի ու Լեհաստանի Սենատի նախագահի հանդիպումը

ԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ. կայացել է Միրզոյանի ու Լեհաստանի Սենատի նախագահի հանդիպումը

Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ:  Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը:  Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ  լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։ Հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական  հռետորաբանությունը  խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:  Տոմաշ Գրոձկին պատրաստակամություն է հայտնել` աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին։
10:34 - 20 հուլիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
09:15 - 18 հուլիսի, 2022
Միրզոյանն ու Բայրամովը անդրադարձել են երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի

Միրզոյանն ու Բայրամովը անդրադարձել են երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։ ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։ Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:
18:10 - 16 հուլիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի և Վրաստանի վարչապետի հանդիպումը․ ԱԳՆ

Տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի և Վրաստանի վարչապետի հանդիպումը․ ԱԳՆ

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Արարատ Միրզոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումն ու պաշտոնական փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի: Ընդգծվել է տնտեսական համագործակցության ամրապնդման համար համապատասխան քայլերի իրականացման նշանակությունը և կարևորվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
12:32 - 16 հուլիսի, 2022
Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են Թբիլիսիում կայանալիք հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև 
 |armenpress.am|

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են Թբիլիսիում կայանալիք հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը: Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեման եղել է Թբիլիսիում կայանալիք հանդիպումը Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Ղարիբաշվիլին ընդգծել է դրական երկխոսություն ունենալու կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության ու երկկողմ առևտրի բնագավառներում: Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:
12:12 - 16 հուլիսի, 2022
Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Օմանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի գործարկմամբ հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները և դրանք բարձրացնել որակապես նոր մակարդակի։ Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ Ալբուսաիդին իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությունը և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:
12:46 - 14 հուլիսի, 2022