Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արցախի պետական նախարարը քննարկել է առողջապահության ռազմավարության նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Արցախի պետական նախարարը քննարկել է առողջապահության ռազմավարության նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին հանդիպում է ունեցել Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտի առկա իրավիճակը և հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից։  Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների ղեկավարների կիսամյակային ամփոփ հաշվետվությունները, հետաքրքրվել առկա հիմնախնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ: Անդրադառնալով առողջապահության համակարգի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Ռազմավարության նախագծի մեջ պետք է հստակ սահմանված լինեն առողջապահական համակարգի հիմնարար բարեփոխումների ու զարգացման բոլոր ուղղությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ներառյալ՝ շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանխարգելիչ առողջապահության և այլ կարևոր հարցեր: Նախատեսվում է ռազմավարությանը կից ունենալ միջոցառումների պլան, որոնցից յուրաքանչյուրը պետք է սահմանի հստակ նպատակներ, գործողություններ, ժամանակացույց և այլ տվյալներ: Դրա համար անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային խմբեր՝ ռազմավարական բոլոր ուղղությունների ծրագրերի մշակման և իրագործման համար: Այլ կերպ ասած՝ պետք է հատվածական ու կարճաժամկետ ջանքերից անցում կատարենք ռազմավարական ու երկարաժամկետ լուծումների»: Խորհրդակցությանը քննարկվել են նաև տեղային և կարճաժամկետ բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները, որոնք վերաբերում էին բուժհիմնարկներում հերթերի կառավարմանը, մասնաշենքերի օպտիմալ օգտագործմանը, էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ կիրառմանը և այլ հարցերի:
16:30 - 07 հուլիսի, 2022
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը: Վերանորոգման քողի տակ նրանք եկեղեցին վերածում են ուղղափառ եկեղեցու՝ կեղծելու համար պատմությունը և վերացնելու հայկական հետքերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Խորհրդային տարիներին, ի թիվս շատ եկեղեցիների, Կանաչ Ժամը դադարել էր գործել, սակայն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել էր գործունեությունը: Պատմական տարբեր աղբյուրներում և արձանագրություններում եկեղեցու մասին արժանահավատ տեղեկություններ կան, որոնք անառարկելիորեն փաստում են նրա հայկական լինելու հանգամանքը: Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ և միջազգային մշակութապահպան այլ կազմակերպություններ խորությամբ կուսումնասիրեն հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործուն միջոցներ ձեռք կառնեն  կանխարգելելու Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությունը: Նշեմ, որ այդ նույն եկեղեցում 2017 թվականին տեղի է ունեցել իմ պսակադրությունը»:
09:16 - 05 հուլիսի, 2022
Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:
21:01 - 24 հունիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղոկատվական համակարգից: Նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը. «Այս առումով կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի» Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ-Սփյուռք կապերին։ «Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։ Հանդիպման ավարտին պրն. Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար»,- նշված է պաշտոնական հայտարարութունում:
09:29 - 24 հունիսի, 2022
Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր

Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ հունիսի 20-ին փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվել է կառավարության ներկայացուցիչների հանդիպում պաշտպանին առընթեր բռնի տեղահանված եվ փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է կառավարության պատրաստակամությունը համագործակցելու բոլոր մարմինների ու կազմակերպությունների հետ տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրների լուծման նպատակով: «Տեղյակ եք հետպատերազմյան ծրագրերի մասին, որոնց միջոցով հնարավոր է դարձել ապահովել որոշակի սոցիալական կայունություն տեղահանված անձանց համար: Այդ համատեքստում մեկնարկում ենք նոր ծրագիր բնակվարձի փոխհատուցման նպատակով, որը կնպաստի տեղահանվածների բնակարանային միջանկյալ կարիքի բավարարմանը, և նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման: Իհարկե, այդ ընթացքում շարունակում ենք շահառու խմբերին ապահովել առաջնային ու երկրորդային շուկայի բնակարաններով, և առաջիկա ամիսներին հարյուրավոր նոր տներ են շահագործման հանձնվելու: Տեղեկացնեմ նաև, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ երկարաձգվում է պետական ֆինանսավորմամբ գործող բռնազավթված տարածքների հիմնարկների աշխատակիցների պարապուրդի վճարների տրամադրման ժամկետը մինչև 2022թ. տարեվերջ, իսկ այդ ընթացքում մեկնարկելու ենք զբաղվածության ապահովման լրացուցիչ ծրագրեր, որպեսզի կարողանանք խուսափել սոցիալական ցնցումներից: Բացի դրանից, ավարտին ենք հասցնում հարկադիր տեղահանված անձանց մասին օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո հնարավոր կլինի մեկնարկել իրավական կարգավիճակի տրամադրման գործընթացը: Այս և այլ ծրագրերը Արցախի Հանրապետության կառավարությունն իրականացնելու է ներառական սկզբունքով՝ նպատակ ունենալով բոլոր շահագրգիռ կողմերին ընդգրկել որոշումների կայացման գործընթացներում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարևորել է այդ ձևաչափով հանդիպումը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղահանված ու փախստական անձանց հուզող հարցերը: Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու առկա հիմնախնդիրների բարձրացմանն ու լուծմանը: Պետական լիազոր մարմինների և տեղահանված ու փախստական անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում նրանց զբաղվածության, սոցիալական ու բնակարանային հիմնախնդիրների, ներպետական ու միջազգային իրավական և մի շարք այլ հարցերի շուրջ:
10:31 - 21 հունիսի, 2022
Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը: Պետական նախարարը, ողջունելով «Ես» կրթական հիմնադրամի կողմից հիմնված տեխնոդպրոցի նախաձեռնությունը, իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց՝ ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների: Այս տեխնոդպրոցն օրինակելի մոդել է թե՛ արդիական կրթություն ապահովելու, թե՛ համայնքային զարգացման համար, որի շնորհիվ, համոզված եմ, Հաղորտիում և հարակից բնակավայրերում կրթական ու զարգացման մեծ հաջողություններ են արձանագրվելու: Կառավարությունը կանգնած է նման նախաձեռնությունների կողքին, քանի որ դրանք ամրացնում են Արցախի ռազմավարական զարգացման հիմքերը, և սա լավ օրինակ է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության»: «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն և տեխնոդպրոցի նախաձեռնող Աշոտ Ավանեսյանը ներկայացրել է կառույցի հնարավորություններըն ու ծրագրերը՝ ընդգծելով բոլոր աջակիցների, այդ թվում՝ Արցախի կառավարության, ՌեԱրմենիա հարթակի և Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների կարևոր ներդրումը դրա կայացման գործում:
14:55 - 19 հունիսի, 2022
Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակության հետ

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ: Պետական նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի հռչակած հայրենանվեր առաքելությունը, որը կոչված է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը: «Հիմնադրամի գործունեությունը այն հերթական օրինակներից է, թե ինչպես են համահայկական մասնակցությամբ ու սատարմամբ Արցախում կենսական ծրագրեր իրականացվում: Արցախի կառավարությունը պատրաստ է ամենալայն համագործակցության՝ ապահովագրելու հայ զինծառայողների կյանքն ու առողջությունը՝ նրանց ընտանիքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությունը դարձնելով ավելի ու ավելի արդյունավետ ու թափանցիկ: Մենք շնորհակալ ենք Հիմնադրամին կատարված մեծածավալ բարոյական ու սոցիալական աշխատանքների համար և պատրաստ ենք ձեզ հետ ձեռք-ձեռքի իրականացնել շահառու անձանց ու ընտանիքների երկարաժամկետ զարգացման ծրագրեր»,- իր խոսքում մասնավորապես նշել է Արտակ Բեգլարյանը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը պատվիրակության այցը համարել է համագործակցային ու արդյունավետ՝ միտված հիմնադրամի ծրագրերի հետագա զարգացմանը: «Մեր այցի առաջնային նպատակներից են թե՛ կառավարության հետ քննարկումները և թե՛ մեր շահառուների հետ հանդիպելը, նրանց կարիքների գնահատումը: Զինծառայողներին մեր բոլորի հոգածության կենտրոնում պահելը բարոյական առումով շատ կարևոր է առաջնահերթորեն ազգային համախմբման տեսանկյունից»,- ասել է Կարինե Սարգսյանը: Երկուստեք ընդգծվել է, որ շահառու անձանց ու ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ, և զարգացման ծրագրերի անհրաժեշտություն կա՝ կրթության, զբաղվածության, հոգեբանական աջակցության, ժամանցի և այլ կարիքահեն ծառայությունների ապահովման տեսքով: Հանդիպմանը մասնակցել են նաև սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
17:09 - 17 հունիսի, 2022
Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը:   Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական խորհրդի անհատական կազմում ընդգրկվել են ինչպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների համապատասխան ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար փորձագետներ, որոնք նիստին մասնակցել են հեռավար ձևաչափով:   «Հատկապես պատերազմից հետո Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ է խորհուրդը ձևավորվել՝ միավորելու հայկական զույգ պետությունների պետական մարմինների և փորձագիտական շրջանակների ջանքերը:   Խորհրդի գործառույթներից են մեր մշակութային ժառանգության նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների ու հանցագործությունների մշտադիտարկումն ու արձանագրումը, միջազգային տարբեր հարթակներում իրավաքաղաքական, գիտական ու տեղեկատվական մեխանիզմներով փաստերի ներկայացումը՝ կանխարգելման և պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:   Հաշվի առնելով բռնազավթված տարածքներում մշակութային ցեղասպանության պետական քաղաքականությունն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փաստերի քողարկման, խեղաթյուրման ու մշակութային ժառանգության յուրացման հետևողական գործունեությունը՝ Բեգլարյանն ընդգծել է, որ խորհրդին սպասում է ծավալուն ու համակարգված աշխատանք՝ նպատակ ունենալով օգտագործել պետական, փորձագիտական ու հանրային բոլոր կարողունակ շրջանակների ներուժը դրված նպատակների համար:   Նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների ծրագիրն ու հստակեցվել աշխատանքային առանձին ուղղությունները:
12:01 - 14 հունիսի, 2022
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի․ Արտակ Բեգլարյան |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի․ Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա»,- ասել է Բեգլարյանը: Նրա խոսքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է Արևմուտքի հետ Ռուսաստանի բարդ հարաբերությունների մաս կազմի: Բեգլարյանը հիշեցրել է խնդրի լուծման համար գործող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որը կրում է հակամարտության կարգավորման ողջ պատասխանատվությունը: Արցախի պետնախարարը մեծապես կարևորել է երկրում ռուսական խաղաղապահ առաքելության առկայության փաստը: «Կարծում ենք՝ որ խաղաղապահ առաքելությունը պետք է այստեղ մնա անժամկետ, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ»,- նշել է նա: Բեգլարյանը նաև նշել է՝ ռուս խաղաղապահների թվի ավելացման անհրաժեշտության մասին։ «Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների թիվն անհրաժեշտ է ավելացնել ու ընդլայնել նրանց լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը՝ ասելով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շփման գիծը երկարել է գրեթե 2.5 անգամ: Բեգլարյանը մասնավորեցրել է, որ Արցախի իշխանությունները ցանկանում են տարածաշրջանում պահպանել ռուս խաղաղապահների ներկայությունը, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում: «Ներկայում կա Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության սուր անհրաժեշտություն»,- ընդգծել է Արցախի պետնախարարը: Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում ԼՂ խնդրի կարգավորումն անհնար է, քանի որ Արցախի ու Ադրբեջանի միջև կա դիրքորոշումների լուրջ հակասություն. դրանք «տրամագծորեն հակառակն են»: Բեգլարյանը նշել է, որ ամենակարևոր տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «հեղինակության, հավակնությունների» հարց է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, սեփական գոյության ու պատմական արդարության հարց»:
11:36 - 03 հունիսի, 2022
Արցախի միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել Հայաստանի կազմ մտնելու հարցը. Բեգլարյան |armenpress.am|

Արցախի միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել Հայաստանի կազմ մտնելու հարցը. Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև հանրապետության՝ Հայաստանի կազմ մտնելու հարցը»,- հայտարարել է Բելգարյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այս պահին «իրեն ուժեղ է զգում», բացի այդ՝ այդ երկիրը ռազմաքաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից, այդ պատճառով Արցախի իշխանություններն ուղիներ են փնտրելու, որպեսզի «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց խնդիրները, իսկ հետագայում արդեն՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»: Բեգլարյանի խոսքով՝ դրա համար Ադրբեջանը պետք է պատրաստ լինի խաղաղության: Նա տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են տանում Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը: Նրա խոսքով՝ կարելի է պնդել, որ Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների մեջ գործում են հորիզոնական կապեր՝ «ինչպես նմանը նմանի հետ»:
11:07 - 03 հունիսի, 2022
Երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել․ Արտակ Բեգլարյան

Երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա՝ մայիսի 28-ի համերգն ու նույն օրը տեղի ունեցած հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել։ Գրառումը նույնությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստեփանակերտյան համերգը կայացել է հաջողությամբ, և բազմահազար արցախցիներ իրոք վայելել են Ներսիկ, Արաբո ու Աղասի Իսպիրյանների ու արցախյան որոշ կատարողների ռազմահայրենասիրական երգերը: Շնորհակալ ենք «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի թիմին՝ Աբրահամ Գասպարյանի և Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության թիմին՝ Անահիտ Հակոբյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ այս համերգն իրականություն դարձնելու համար: Ինձ համար տարակուսելի է համերգի վերաբերյալ իմ նախորդ գրառման ճղճիմ քաղաքականացումը և, մի կողմից, մանիպուլյացիաների փորձերն ու, մյուս կողմից, դավադրությունների մեղադրանքները: Հավանաբար, ամեն մեկն իմ անտողատակ գրառումը չափում է իր արշինով, իսկ մի մասն էլ պարզապես տրվում է մանիպուլյացիաներին:  Նախ՝ ես մոտ 21:30-ին հրապարակել եմ համերգից տեսանյութ և նշել՝ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ» (ուշադրություն՝ հատուկ շեշտել եմ «հենց հիմա»): Դա ամենևին չէր նշանակում նախընթաց (մոտ ժամը 20:00-ին ավարտված) հանրահավաքի ժխտում կամ ստվերում, պարզապես նշանակում էր համերգի փաստի ներկայացում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՀ կառավարությունը համերգի համակազմակերպիչներից մեկն էր և անձամբ ես իմ համակարգման տակ էի վերցրել կազմակերպչական աշխատանքները: Գրառմանս հղումն՝ այստեղ։ Երկրորդ՝ իրականությունն այն է, որ, այո, համերգից առաջ նույն վայրում տեղի է ունեցել հանրահավաք, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ, ինչի մասին հայտարարել են նաև հանրահավաքի կազմակերպիչները հարթակից: Պարզապես հաշվի առնելով, որ երկու միջոցառումները նույն վայրում էին պլանավորված (հանրահավաքը՝ 19:00, համերգը՝ 20:00)՝ համերգի ու հանրահավաքի կազմակերպիչները համաձայնության էին եկել բեմահարթակի հաջորդական օգտագործման շուրջ՝ խուսափելու համար միմյանց խանգարելու դեպքերից: Ակնհայտորեն, հազարավոր մարդիկ մասնակցել են և՛ հանրահավաքին, և՛ համերգին, սակայն եղել են նաև դրանցից միայն մեկին բազմաթիվ մասնակցողներ: Երրորդ՝ եթե և՛ հանրահավաքը, և՛ համերգը լուսաբանվել են բազմաթիվ լրատվամիջոցներով ու սոցցանցային էջերով (այդ թվում՝ ուղիղ եթերով), ապա ինչու՞ են ոմանք մի կողմից փորձում համերգի վերաբերյալ հենց իմ գրառումը ներկայացնել որպես հանրահավաքի կայացման փաստի ժխտման հիմք, իսկ մյուս կողմը՝ որպես հանրահավաքի կայացման փաստի միտումնավոր անտեսում: Այդ դեպքում ինչու՞ համերգի վերաբերյալ բոլոր գրառումների հեղինակներին նույն հարցում չեք մեղադրում, կամ ինչու՞ չեք պահանջում հանրահավաքի մասին գրառում կատարած անձանցից գրել նաև համերգի մասին: Չորրորդ՝ հուշեմ, որ պետական բոլոր մարմինները իրենց լիազորությունները պատշաճորեն կատարել են քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների իրացման, այն է՝ հանրահավաքի բնականոն ընթացքի ապահովման համար՝ չնայած առկա դժվարություններին: Ավելին, շատ բնական  ու ողջունելի եմ համարում, որ Արցախի հազարավոր քաղաքացիներ ձգտում են իրենց կարծիքները  ներկայացնել  Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ և ժողովրդավարական ու իրավական ճանապարհով մասնակցել բոլորիս ճակատագրին առնչվող որոշումների կայացմանը: Մնացած մասով ակնկալում եմ հանրահավաքի կազմակերպիչների պարզաբանումները, որպեսզի մոլորյալների համար պարզ լինի իրականությունը: Հինգերորդ՝ հետաքրքիր է, թե ինչու ոմանք չեն կենտրոնանում համերգի ու հանրահավաքի հաջող կայացման փաստերի վրա, ինչու՞ չեն մտածում, թե որքան ջանքեր են դրված դրանց կայացման հիմքում, սակայն փոխարենը փորձում են չեղած բիծ գտնել դրանցում: Դիտավորյա՞լ եք անում, թե՞ պարզապես միամտաբար տրվում եք մանիպուլյացիաներին... Վեցերորդ՝ վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք (հատկապես՝ Արցախը միայն ֆեյսբուքում սիրողները) փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ և մեղադրել չեղած հանցանքների մեջ: Կներեք, բայց ստիպված եմ անհամեստորեն հիշեցնել, որ այս կյանքում շատ քիչ մարդ կարելի է գտնել, ովքեր բարոյական իրավունք կունենան ինձ հայրենասիրության դաս տալու: Ինքնակոչ դատավորի դեր ստանձնելուց առաջ պետք է սկզբում գոնե սեփական բաժին առաքելությունը կատարել բարեխղճությամբ և պատրաստ լինել օբյեկտիվ փաստերը տարանջատել կեղծիքներից ու սուբյեկտիվ մեկնաբանություններից»։
16:22 - 29 մայիսի, 2022
Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու. Արցախի պետական նախարար

Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու. Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը: Այս մասին Արտակ Բեգլարյանը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում, նշելով որ Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա: «Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:  Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, ինչը ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի ու ձևակերպումների որոշակի տարբերություններից: Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը»,- գրել է Բեգլարյանը: Արցախի պետնախարարի խոսքով՝ հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է: «Սա միջազգային հանրության փորձությունն է ապացուցելու, որ, ի հեճուկս Ալիևի պնդումների, այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի: Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից: Ավելին, Ալիևը այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու: Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»,- գրել է Բեգլարյանը:
17:12 - 28 մայիսի, 2022
Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը ողջունել է ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերին՝ իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: «Արցախը բացառիկ նշանակություն ունի հայության համար անցյալում, ներկայում և ապագայում, և Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է: Ուստի, ողջունելի է այս ֆորումի նախաձեռնությունը, որը լրջորեն կաջակցի ժողովրդագրության ռազմավարության մշակման ու իրագործման ուղղությամբ կատարվող պետական ջանքերին»,- նշել է պետական նախարարը: Ըստ աղբյուրի՝ ֆորումի շրջանակներում պետական նախարարն առանձին հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նախաձեռնության մի խումբ անդամների հետ, ներկայացրել արծարծվող հարցերի շուրջ իր մոտեցումները:
16:11 - 22 մայիսի, 2022
Պետական նախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ Արցախի ու ՀՀ կառավարությունների համագործակցության հնարավորությունները

Պետական նախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ Արցախի ու ՀՀ կառավարությունների համագործակցության հնարավորությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության և Արցախի լիազոր մարմինների մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ունեցել ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։«Պետական նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները: «Առաջիկայում մենք վերջնականացնելու ենք ժողովրդագրության հարցերով զբաղվող պետական ձևաչափերի ու սկզբունքների հստակեցումը, որպեսզի ձեռնամուխ լինենք ժողովրդագրության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը: Զուգահեռ կստեղծենք աշխատանքային խմբեր՝ ընդգրկելու համար տարբեր մասնագետներ Արցախից, ՀՀ-ից ու Սփյուռքից, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրներին և նպատակներին համապատասխան արդյունավետ ռազմավարություն մշակել և իրագործել առնվազն մի քանի տարվա կտրվածքով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:Պետական նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ներդաշնակ աշխատանքը ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականության իրականացման առումով՝ հաշվի առնելով միասնական մարտահրավերների ու ռազմավարական նպատակների առկայությունը:Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և պատվիրակության այլ անդամներ ներկայացրել են ժողովրդագրության ռազմավարության մշակման սեփական փորձն ու մեթոդաբանությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՀ և ՀՀ լիազոր մարմինների ջանքերի համատեղման ու ներդաշնակեցման շուրջ»։ 
16:41 - 21 մայիսի, 2022
Մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Այս մասին եռատոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը: Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ: Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի»,- նշված է ուղերձում: Արցախի պետնախարարը վստահ է՝ քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի: «Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու»,- ասված է Բեգլարյանի ուղերձում:
16:15 - 09 մայիսի, 2022