Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ռազմագերիները պետք վերադարձվեն. Լաքոտը Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին |armenpress.am|

Ռազմագերիները պետք վերադարձվեն. Լաքոտը Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով: «Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել և օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ-հեղ.)՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:
13:41 - 17 մարտի, 2021
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
17:44 - 16 մարտի, 2021
Ֆրանսիացի մտավորականները կոչ են արել Ֆրանսիային միջնորդել հայ ռազմագերիների ազատ արձակման համար
 |1lurer.am|

Ֆրանսիացի մտավորականները կոչ են արել Ֆրանսիային միջնորդել հայ ռազմագերիների ազատ արձակման համար |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից չորս ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ֆրանսիական Le Point-ին, այս մասին նշվում է մի խումբ ֆրանսիացի մտավորականների տարածած հաղորդագրության մեջ:Ֆրանսիացի մտավորականներն արձանագրել են, որ այդպիսով Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: «Ստորագրված փաստաթղթի նկատմամբ այս անարգալից վերաբերմունքը փշրում է 1915-ի Ցեղասպանությունից հարյուր տարի անց հայ ժողովրդի՝ իր նախնիների հողում նորմալ կյանքի վերադառնալու հույսը»,- նշել են նրանք՝ ընդգծելով, որ դա ատելության հստակ դրսևորում է:Մտավորականները հիշեցրել են, որ Ադրբեջանը, որի զինվորականները պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են իրականացրել հայերի նկատմամբ՝ սպանելով ու խոշտանգելով ինչպես հայ զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց, խեղելով նրանց դիակները, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վարկանշային վատագույն ցուցանիշներն ունի աշխարհում՝ հաստատված այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Freedom House-ը և «Լրագրողներ առանց սահմաններին»:«Այս կոչը ստորագրողները խնդրում են Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային, որը մասնակցում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, օգտագործել իր ողջ իրավասությունը հայ ռազմագերիների ազատ արձակման համար: Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել  մարդկանց, որոնք զոհ գնացին, ապա գոնե թող ապահովի հրադադարի ռեժիմի այս հումանիտար կետի պահպանումը»,- ասվում է շուրջ հարյուր ֆրանսիացի մտավորականների ստորագրած հայտարարության մեջ:
21:38 - 15 մարտի, 2021
Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով պարոն դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար:Կոտայքի մարզպետարանը տեղեկացրել է, որ Ջոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: Երկուստեք կարևորել են համագործակցության առավել ամրացումն ու խորացումը տնտեսական, տուրիզմի, կրթական և այլ ոլորտներում: Մարզպետն ու դեսպանը պայմանավորվել են առկա ծրագրերն առավել հանգամանալից քննարկելու համար հավելյալ հանդիպել: Հանդիպումից հետո Մեսրոպ Մեսրոպյանն ու Ջոնաթան Լաքոտն ուղևորվել են Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց, որը Հայաստանի այն 11 դպրոցներից է, որտեղ խորացված ուսումնասիրում են ֆրանսերեն լեզու: Ջոնաթան Լաքոտը երեխաներին է նվիրել ֆրանսերենի ուսուցման դասագրքեր: Մարզպետն ու դեսպանը ստուգել են նաև երեխաների լեզվի իմացությունը:
21:11 - 05 մարտի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 26-ին հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այս բարդ օրերին Հայաստան և Արցախ այցելելու և հայ ժողովրդի կողքին գտնվելու համար:«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը: Բեռնար Քուշները Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին:
19:19 - 26 փետրվարի, 2021
7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը: Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները:Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան  արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին:
13:32 - 20 փետրվարի, 2021
Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին

Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը մասնակցել է գիրք նվիրելու հայկական ավանդույթին՝ ֆրանսերենի դասագրքեր հանձնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Հայաստանի բոլոր դպրոցներին։ Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, այդ դպրոցներից մեկում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում կայացած գրքերի հանձնման արարողության ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի՝ կրթության հարցերով տեղակալ Ժաննա Անդրեասյանը, թիվ 125 դպրոցի փոխտնօրեն Կարինե Բասոյանը, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը, դեսպանը վերահաստատել է դեսպանության շարունակական աջակցությունը և մասնակցությունը այս ծրագրի իրականացման գործում։ Դեսպան Ժոնաթան Լաքոտը գոհունակություն է հայտնել, որ ներկայումս 1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում (Երևան, Գյումրի, Իջևան, Հրազդան, Գորիս, Եղեգնաձոր, Մասիս)։ «Նա նշել է, որ այս նոր դասագրքերի տրամադրումը ֆինանսավորվել են Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի կողմից, որը 2018թ., շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցի ընթացքում պարտավորվել էր ֆինանսավորել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասագրքերի ձեռքբերումը այդ ծրագիրն իրականացնող դպրոցների համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության նախարարության, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից նաև հայտնում են, որ ծրագրի հաջողությամբ պայմանավորված՝ չորս միջնակարգ և երկու ավագ դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ նոր դասարաններ, ինչը հնարավորություն կտա հայ աշակերտներին օգտվել այս ծրագրից ՀՀ ողջ տարածքում։ Դեսպանը նաև հանդիպել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների աշակերտների և դասավանդողների հետ և ողջունել ֆրանսերեն սովորելու նրանց ընտրությունը՝ նշելով, որ այս լեզվին տիրապետելն, անկասկած, կարևոր հաղթաթուղթ է նրանց ապագայի համար, անկախ նրանց հետագա մասնագիտական ուղուց։   Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2021 թվականին՝ ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված դասընթացներ և ֆրանսերեն լեզվով լրացուցիչ կրթական ծրագրեր  կազմակերպելու մասին 2011թ. ստորագրված երկկողմ համաձայնագրի շրջանակներում և ներառվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ կնքված լեզվական պակտում։ Լեզուների ընդհանուր տեղեկանքի եվրոպական շրջանակի համաձայն մշակված խորացված ֆրանսերենի ծրագիրը նախատեսում է իրականացնել ֆրանսերեն լեզվի խորացված դասավանդում շաբաթական 3 ժամ՝ երկրորդից իններորդ դասարաններում:  
19:38 - 19 փետրվարի, 2021
Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում են ունեցել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ են կատարել Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։ Այս առնչությամբ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերոջը՝ հարցն օրակարգում մշտապես բարձր պահելու համար:ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները տեղում քննարկելու համար, մտքեր են փոխանակվել այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորել են տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը:
21:25 - 11 փետրվարի, 2021