Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցածի մասին
 |news.am|
17:30 - 13 ապրիլի, 2023

Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցածի մասին |news.am|

news.am: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այսօր՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում չպատասխանեց լրագրողների հարցին, թե ովքեր են թերացել, որի պատճառով օրեր առաջ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցավ հայտնի միջադեպը՝ խլելով 4 զինծառայողի կյանք:

Դիտարկմանը, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թերացումների մասին, Ասրյանն արձագանքեց. «Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերեւան»:

Հարցին, թե ինչ հանձնարարական է տվել վարչապետը, որն ըստ նրա՝ ձախողվել է, Ասրյանը պատասխանեց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու: Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»:

Նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Տեղ գյուղի միջադեպին, Փաշինյանն ասել էր. «Կոնկրետ սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել։ Բայց, իմ գնահատմամբ՝ այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Եվ ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել։ Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել են ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել