Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը․ Լեւոն Տեր-Պետրոսյան |ilur.am|
17:15 - 23 ապրիլի, 2023

Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը․ Լեւոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու եւ կառավարության հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։

Փաշինյանն օրերս ԱԺ նիստում ասել էր․ «Փորձ են անում ներկայացնել, որ լավ չեն կառավարություն-եկեղեցի հարաբերությունները, պրոբլեմներ կան այդ հարաբերություններում։ Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության»։

Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ ստորեւ․

«Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցին (Հրապարակ, 22.03.2023): Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան:

Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում ունեցած մի ելույթում նա մասնավորապես, ի լուր աշխարհի, հանդես է եկել հետևյալ դարակազմիկ հայտարարությամբ. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»՝ որպես հիմնավորում բերելով Աստվածաշնչից քաղված հետևյալ հատվածը. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռոմ., 1-2), ապա ավելացնում. «Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի»:

Թվում է, թե իր կուռ (իրականում՝ մանիպուլյատիվ) տրամաբանությամբ Փաշինյանն անելանելի վիճակի մեջ է դրել Եկեղեցուն: Հարց չկա, Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից: Սակայն նա գաղափար անգամ չունի այն մասին, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը: Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի (Հայաստանում՝ Կաթողիկոսի, լատինական աշխարհում՝ Հռոմի Պապի, հունադավանների տիրույթում՝ Կոստանդնուպոլսի Պատրիարքի) օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը եւ օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը: Որպես նմուշ, ընթերցողին եմ ներկայացնում Հայոց Լևոն 1-ին թագավորի երդման բնագիրը.

«Ես Լեւոն…, որ կամաւքն Աստուծոյ լինելոց եմ թագաւոր Հայոց, խոստանամ, ուխտեմ եւ երդնում առաջի Աստուծոյ եւ երանելոյն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ լինիմ ես յայսմհետէ պահապան եւ զերծանօղ՝ քահանայապետին եւ սուրբ եկեղեցոյն Հայոց եւ ամենայն կղերիկոսաց նորայ, ի յամենայն կարիս եւ ի յաւգուտս իւր, պահելով եւ խնամելով զհայրենիս, զպատիւս, որչափ կարողացայց աւգնութեամբն Աստուծոյ, ըստ գիտութեան եւ կարողութեան իմոյ ուղել յստակ հաւատով, այնպէս Աստուած աւգնէ ինձ եւ այս սուրբ Աւետարանս Աստուծոյ» (Անուշաւան Դանիէլեան, Մայր Ցուցակ հայերէն ձեռագրաց Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1984, էջ 97):

Թարգմանություն. «Ես՝ Լևոնս…, որ Աստծու կամքով կարգվելու եմ Հայոց թագավոր, խոստանում, ուխտում և երդվում եմ Աստծու և երանելի Սբ. Գրիգոր Լուսավորչի առջև, որ այսուհետև լինելու եմ Քահանայապետի, Հայոց սուրբ Եկեղեցու և նրա ողջ հեգևորականության պաշտպանն ու բոլոր կարիքների և շահերի հոգացողը, պահպանելով ու խնամելով նրանց կալվածքներն ու պատիվները, որքան կկարողանամ Աստծու օգնությամբ, իմ գիտելիքների և հնարավորությունների սահմաններում՝ առաջնորդվելով հստակ հավատով, ինչպեսև օգնական ունենալով Աստծուն և աստվածային այս սուրբ Ավետարանը»:

Փաշինյանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև: Ըստ պահի, մի դեպքում նա համարում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ընտրվել է ժողովրդի կողմից, մի այլ պահի, ըստ հայեցողության, որ ինքը Հայաստանի առաջնորդ է կարգվել Աստծու կողմից: Այստեղից բխում է, որ երկրորդ տարբերակի դեպքում նա պարտավոր է ենթարկվել Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Փաշինյանի հոգեկան տվայտանքների ելքը միակն է՝ նա պետք է ընտրություն կատարի նշված տարբերակներից կամ մեկի կամ մյուսի միջև: Թեև բացառված չէ, որ նա, պայծառատեսության ինչ-որ պահի, նաև իրեն Մեսիա (Փրկիչ) հռչակի և վերջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել