ՄԻՊ-ը ՁՊՎ-ում առանձնազրույց է ունեցել զոհված զինծառայողի մոր հետ
21:34 - 19 մայիսի, 2023

ՄԻՊ-ը ՁՊՎ-ում առանձնազրույց է ունեցել զոհված զինծառայողի մոր հետ

Այսօր՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ նրան ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը:

«Պաշտպանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և բժշկական փաստաթղթերին: ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 17-ին՝ զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց էին իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ՁՊՎ-ում հանդիպել Գայանե Մարտիրոսյանի հետ: Արձանագրվել էր, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։

Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։ Իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել