ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը։ Այս մասին հայտում են ՀՀ ՊՆ-ից։
Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրներ: Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք կրում են համակարգային բնույթ:
«Տարեկան հաղորդման և զեկույցի կազմման ժամանակ փորձել ենք ցուցաբերել նորարարական մոտեցումներ՝ մշակել ենք կառուցակարգեր մեր առաջարկների կատարման տոկոսային տեսքով քանակական տվյալներ ստանալու համար: Նպատակը մեկն էր, հասկանալ, թե պետական մարմինների կողմից մեր արված առաջարկներից որքա՞նն են կատարվել: Կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի շրջանակում այդ կառուցակարգերն արդեն իսկ գործարկվել են. մասնավորապես, այդ զեկույցի տեսանկյունից նախորդ տարի կարելի է ամբողջությամբ կատարված համարել առաջարկների 12 տոկոսը, չի կատարվել 40 տոկոսը, մասնակի կատարված է դիտարկվում 48 տոկոսը»,- ասել է Պաշտպանը:
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620։ Տարեկան հաղորդմամբ բացահայտվել են նոր խնդիրներ, որոնցից շատերը վերաբերել են սոցիալ-տնտեսական բնագավառին:
«Մասնավորապես, ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական, իրավահավասարության և այլ խնդիրների հփտ մեկտեղ ներկայացրել ենք, օրինակ՝ առերևույթ ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, հանրային աղմուկի հետ կապված հարցեր»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Տարեկան հաղորդման շրջանակներում 2024 թվականից սկսած մեծ անդրադարձ է կատարվել իրավահավասարության և հակախտրականության ոլորտին: Այս տեսանկյունից ավելացվել է նոր խումբ՝ տարեցների իրավունքներին վերաբերելի:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերին վերաբերող հարցերին, որոնք 2024 թվականի ընթացքում եղել են իր ուշադրության ներքո: «Այս տարի խոսել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման, հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերի քննության, հանրային աղմուկի, տարեցների իրավունքների, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, առերևույթ ոչ իրավաչափ եղանակով քանդման աշխատանքների կատարման և այլ ոլորտներում առկա խնդիրների մասին»,- ընդգծել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանն իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրներին` հատուկ ընդգծելով դրանց լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցության պատրաստակամությունը և կարևորությունը:
Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփել են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առկա խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները:
comment.count (0)