ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Երեկ ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ․ ՄԻՊ

Երեկ ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ․ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում էլ են Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքները։ Իրականացված արագ արձագանքման այցերի շրջանակում պարզվել է, որ մի շարք անձինք ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու անմիջական ծագած կասկածի հիմքով։ Պարզվել է նաև, որ ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։«Ազատությունից զրկված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում վերջիններս բարձրացել են մի շարք հարցեր, որոնց մի մասը Ոստիկանության ներկայացուցիչների հետ ՄԻՊ ներկայացուցիչների քննարկման արդյունքում ստացել է լուծում։ Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք ներկայացրել են իրենց անհամաձայնությունն իրականացված ձերբակալումների իրավաչափության, այդ թվում՝ ըստ իրենց` արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելուն ուղղված գործողություններ չիրականացնելու պայմաններում՝ իրենց անհիմն ազատությունից զրկելու հարցերի վերաբերյալ։ Պաշտպանը կրկին ընդգծում է, որ անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝ առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ ներպետական դատական ատյանների համապատասխան իրավական դիրքորոշումներով՝ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից զրկելը։ Մտահոգիչ է, որ ձերբակալված անձանց թվում եղել են նաև անչափահասներ։ Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ նշված գործընթացում յուրաքանչյուր անչափահասի ազատությունից զրկումը կիրառվի որպես վերջին միջոց և հնարավորինս կարճ ժամկետով, նրանց հետ ցանկացած գործողություն իրականացվի` հաշվի առնելով նրանց տարիքը, խոցելիությունը և զարգացման կարիքները։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում անչափահասներին ազատությունից զրկելիս նրանք պետք է անմիջապես առանձնացվեն մեծահասակներից՝ երաշխավորելով նրանց ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը: Անչափահասներին պետք է անհապաղ տրամադրվի իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ կապ հաստատելու, իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն։ Իրականացված այցերի ընթացքում բարձրացված խնդիրների վերաբերյալ իրավասու մարմիններից գրավոր պարզաբանումներ ստացվելուց հետո, ըստ անհրաժեշտության, ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային», - նշված է հայտարարությունում։
10:38 - 28 հունիսի, 2025
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից: Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։ Ավելի վաղ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ՔԿ դիմաց հավաքված քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ քաղաքացիներին բերման են ենթարկում այսօր հարուցված վարույթի շրջանակում՝ արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։    
20:10 - 27 հունիսի, 2025
Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։  «Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։  Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։  Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը»,- նշված է հայտարարության մեջ։
14:53 - 27 հունիսի, 2025
Համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի. ՄԻՊ

Համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման հարցերը։ Պաշտպանի կողմից հրապարակված տարեկան և արտահերթ զեկույցներում բազմիցս բարձրաձայնվել է ինչպես կանխարգելման ուղղությամբ համակարգային բարեփոխումների անհրաժեշտության, այնպես էլ խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և վերապրածներին աջակցության մեխանիզմների բացակայության խնդրի մասին։ Այսօր առավել քան ակնհայտ է խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքների համար համապարփակ աջակցության՝ հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների անհրաժեշտությունը։ Նման աջակցությունը պետք է լինի շարունակական, ամբողջական և պետության կողմից երաշխավորված։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է ահազանգեր և դիմումներ, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերին՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում և նախաքննական մարմիններում։ Այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր` նման դեպքերը կանխարգելելու և գործերով պատշաճ քննություն իրականացնելու նպատակով։ Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ, ապահովել նման դեպքերին արագ և համարժեք արձագանք, իրականացնել արդյունավետ, անկախ և թափանցիկ քննություն՝ իրականությունը բացահայտելու և մեղավոր անձանց պատժելու նպատակով։ Այս ուղղությամբ առկա խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն։ Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի։ Սա ոչ միայն իրավական պահանջ է, այլ քաղաքակրթական ընտրություն, որը պետք է ընկած լինի ժամանակակից իրավական պետության հիմքում»:
09:41 - 26 հունիսի, 2025
Ստացված տեղեկություններն ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները. ՄԻՊ

Ստացված տեղեկություններն ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ։ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ևս ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ: Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից:   Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները հընթացս ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։ Արդյունքների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝ առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ ներպետական դատական ատյանների համապատասխան իրավական դիրքորոշումներով՝ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից զրկելու պրակտիկան։   ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին շարունակում են ստացվել ահազանգեր նաև այն մասին, որ դեռևս հունիսի 18-ից մի շարք տրանսպորտային միջոցներ շարունակում են մնալ Ոստիկանության հատուկ տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է անդրադառնում վերոնշյալ խնդիրին, այդ թվում` տարեկան հաղորդումներում։   Նշված դեպքերով Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել իրավասու պետական մարմնից և դրանց վերլուծության արդյունքում կներկայացնի խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք կարող են բերման ենթարկվել և արգելանքի տակ դրվել բացառապես համապատասխան իրավական հիմքերի առկայությամբ և դրանք քաղաքացիներին ներկայացնելով, իսկ տևական ժամանակ անհիմն կամ ծրագրային, տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ օրինական տիրապետողին տրանսպորտային միջոցը չվերադարձնելը կարող է խնդրահարույց իրավիճակներ ձևավորել մարդու իրավունքների տեսանկյունից: Ուստի, Պաշտպանը կարևորում է, որպեսզի խստորեն պահպանվեն տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և արգելանքի տակ դնելու համար օրենքով նախատեսված պահանջները։
20:39 - 20 հունիսի, 2025
Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գործունեության առանցքային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան

Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գործունեության առանցքային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․ «Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ստեղծելով ևս մեկ առիթ` բարձրաձայնելու փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրները, ինչպես նաև կարևորելու նրանց իրավունքների պաշտպանությունը։ Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս աշխատանքը ներառում է ոլորտային վերլուծություններ, զեկույցներ, միջպետական և միջազգային կառույցների հետ համագործակցություն, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման նախաձեռնություններ։ Այս համատեքստում հատկապես կարևոր է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին արձագանքելուն ուղղված գործունեությունը։ Պաշտպանը հետևողականորեն շարունակում է բարձրացնել նրանց իրավունքների պաշտպանության հարցերը՝ ընդգծելով միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման և խախտված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավոք, այսօր աշխարհում փախստականների թիվը շարունակաբար աճում է։ Դրա վկայությունն էին նաև 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայության տեղահանմանը՝ ստեղծելով խորը մարդասիրական ճգնաժամ։ Այս իրողությունները ստիպում են վերանայել և կատարելագործել իրավունքների պաշտպանության գործիքակազմը՝ ապահովելու բռնի տեղահանվածների, փախստականների և ապաստան հայցողների հիմնարար իրավունքների լիարժեք իրացում։ Պետական կառույցները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերը՝ այս մարդկանց արժանապատիվ և ապահով կյանքը երաշխավորելու համար»:
09:12 - 20 հունիսի, 2025
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ:  Ս. Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննարկման ընթացակարգ: Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել  իրավասու պետական մարմիններից: Վերոնշյալ հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ս. Կարապետյանի փաստաբանների հետ:
18:17 - 19 հունիսի, 2025
Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է կատարել Շոտլանդիա, մասնակցել բարձրաստիճան մի շարք հանդիպումների

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է կատարել Շոտլանդիա, մասնակցել բարձրաստիճան մի շարք հանդիպումների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) պատվիրակության կազմում հունիսի 4-ից 13-ն աշխատանքային այց է իրականացրել Շոտլանդիա (Միացյալ Թագավորություն)։ ԽԿԿ պատվիրակության այցի նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքն ու կալանքի պայմանները Շոտլանդիայի քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև անչափահասների խնամքի համար նախատեսված փակ հաստատություններում։ Այդ համատեքստում, պատվիրակությունը նաև գնահատել է առաջընթացը, որն արձանագրվել է ԽԿԿ-ի 2018 և 2019 թվականների այցելություններից հետո։ Այցի ընթացքում պատվիրակության անդամները շրջայցեր են իրականացրել նաև մի շարք ոստիկանական բաժանմունքներում՝ ձերբակալված անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմաններն ու իրավունքների երաշխիքները գնահատելու նպատակով։ Աշխատանքային այցի շրջանակում Անահիտ Մանասյանը մասնակցել է մի շարք բարձրաստիճան հանդիպումների։ Այցի ավարտին պատվիրակությունը Շոտլանդիայի իշխանություններին է ներկայացրել իր նախնական դիտարկումներն ու հիմնական նկատառումները:
09:18 - 17 հունիսի, 2025
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները: Հատուկ շեշտել է անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավապահ մարմինների կողմից կիրառվող ուժի համաչափության, նրանց համար կազմակերպվող վերապատրաստումների, քրեակատարողական համակարգում բարեփոխումների կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք զգալի ներդրում ունեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական միջավայրի զարգացման գործում։ Իր հերթին Զաքարի Բարթերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։ Զրուցակիցները նախանշել են համագործակցության հետագա ուղղություններ։
19:50 - 16 հունիսի, 2025
Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Աշտարակի բաժին

Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Աշտարակի բաժին

Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:   «Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:   Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից»,- ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քասախ համայնքում լարված իրավիճակ է․ բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի նաև Քասախ համայնքը։ ՆԳՆ-ից 1Lurer.am-ին հաստատեցին, որ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ:
11:20 - 16 հունիսի, 2025
ՄԻՊ գրասենյակը 2024 թ. ստացել է 11,634 դիմում-բողոք, դրական լուծում է ստացել 1620-ը

ՄԻՊ գրասենյակը 2024 թ. ստացել է 11,634 դիմում-բողոք, դրական լուծում է ստացել 1620-ը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է   2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմի ծախսերի համար  հատկացվել է 573,8 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,7 տոկոս: Գրասենյակն իրականացրել է 56 մլն դրամի գնումներ, որոնցից 37 մլն դրամի գնումները՝ 1 անձից գնման եղանակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հաջորդիվ ներկայացրել է հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի իրականացրած «Մարդու իրավունքների պաշտպանություն» ծրագիրը՝ երկու հիմնական  միջոցառումներով: «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 99,4 տոկոս, բաժին է հասել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառմանը»,- նշել է զեկուցողը: Երկրորդ միջոցառման շրջանակում 4 մլն դրամ հատկացվել է գրասենյակի  տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Նշվել է, որ հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի «Ա» բարձր կարգավիճակը վերահաստատվել է: «Սա ինքնին չափորոշիչ է, որ Պաշտպանի հաստատությունը գործում է անկախության, անկողմնակալության եւ վստահելիության բարձր չափանիշներով՝ իրավական գործիքակազմի ներդրմամբ»,- նշել է Նինա Փիրումյանը: ՄԻՊ գրասենյակը հաշվետու տարում ստացել է 11,634 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում է ստացել 1620-ը: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
19:17 - 10 հունիսի, 2025
ՄԻՊ-ը ամփոփել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բարձրացրած հարցերի կապակցությամբ ստացված պարզաբանումները

ՄԻՊ-ը ամփոփել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բարձրացրած հարցերի կապակցությամբ ստացված պարզաբանումները

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող՝ իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին: Ի թիվս այլնի, Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմին մտահոգություններ են ներկայացվել այն մասին, որ անձինք արտադրամասերում աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում: Օրինակ՝ ընկերության մանր և միջին ջարդման տեղամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, հանքաքարերի ջարդման և տեղափոխման արտադրամասում բացակայում են հովացման, օդափոխության և ջեռուցման պատշաճ համակարգերը; վիբրացիան, փոշին, խոնավությունը և աղմուկը նորմայից բարձր են; աղմուկի պայմաններում անձինք աշխատում են ութ ժամ; ընկերության լոգարանում տեղադրված ցնցուղների սակավության պատճառով յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատակիցները կա՛մ երկար սպասում են մինչև հերթն իրենց հասնի, կա՛մ էլ մեկ ցնցուղից միաժամանակ օգտվում է մի քանի անձ: Ավելին, ըստ ներկայացված տեղեկատվության՝ ընկերությունում աշխատում են աշխատակիցներ, ովքեր, թեև զբաղեցնում են միևնույն հաստիքը, կատարում են միևնույն աշխատանքը, սակայն ստանում են տարբեր չափերի աշխատավարձեր, ինչը աշխատակիցների շրջանում արհեստական լարվածություն է առաջացնում: Բարձրացված հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հաշվառվել և հասցեագրվել էին համապատասխան տեսչական մարմիններ: Այսպես, Պաշտպանի գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ՀՀ օրենսդրությամբ և մի շարք հրամաններով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Վարչական վարույթի շրջանակում կազմված զննման արձանագրության և վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են վերաբերելի իրավական ակտերով սահմանված մի շարք պահանջներ։ Մասնավորապես, կապված՝ աշխատավայրում խտրականության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների, աշխատաժամանակի և այլնի հետ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից տրամադրված պարզաբանման համաձայն՝ 2025 թվականի մարտի 17-ին ընդունվել է ընկերությանն առաջադրանք տալու մասին կարգադրագիր, որով ընկերությանը հանձնարարվել է 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ խախտումները վերացնելու համար և իրականացված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին։ Տեսչական մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 19-ին հարուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 2025 թվականի ապրիլի 15-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ ընկերության համապատասխան պաշտոնատար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ նշանակված վարչական տուգանքը վճարվել է պետական բյուջե։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն այժմ էլ գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և դրանց ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետագա հետևողական աշխատանք։ Պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են խնդիրները աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրերը բարձրաձայնելու կառուցակարգերի առումով: Ուստի, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա բարձրաձայնելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, արդյունքում` ստանալով խնդիրների համար համարժեք լուծումներ:
17:47 - 10 հունիսի, 2025
ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս: «Պիտի հատուկ արձանագրեմ, որ անընդունելի և անթույլատրելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունների հետ։ Չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։ Երկրորդ հանգամանքոը, որ կուզենամ շեշտադրել այն է, որ մենք բոլորս գիտենք, որ ԶՈՒ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն և հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից»,- ասաց նա: ՄԻ պաշտպանի խոսքով՝ նախագիծը նախապես իր հետ չի քննակվել, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: Մանասյանը նշեց՝ ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք «Միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներով չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ, միանշանակ դիմելու եմ Սահմանադրական դատարան։ Բայց այս պահին էլ հույս ունեմ, որ որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որոնք ներկայացրել ենք, և ընտ էության չենք ունենա այդ կարգավորումները»,- ասաց Անահիտ Մանասյանը:
17:21 - 29 մայիսի, 2025
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով՝ զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։ Պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին ստացել է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ վերոնշյալ առաջարկների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել՝ անձանց գույքային դրությամբ պայմանավորված՝ փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։ Ընդ որում, 1 կամ 4 ամիս ծառայություն կարող են անցնել այն քաղաքացիները, ովքեր ի վիճակի են վճարել համապատասխանաբար 24 կամ 18 միլիոն դրամ, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարող վճարել այդ գումարը, սահմանադրական պարտականությունը պետք է կատարեն ավելի երկար ժամկետով՝ 24 ամիս: Արդյունքում, ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հիմնավորումները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող նպատակ: Առաջարկվող կարգավորմամբ, ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել: Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման. սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով: Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ՝ կոնկրետ դեպքում 18 կամ 24 միլիոն դրամ վճարելու հնարավորություն ունենալու հանգամանքով: Նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից: Աներկբա է, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը սկզբունքորեն դժվար է պատկերացնել առանց զինծառայողների շրջանում ամուր կարգապահության: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք գնահատվել են ռիսկերը, թե ինչպես է ապահովվելու ամուր ու բարձր մակարդակի կարգապահություն այն զինծառայողների շրջանում, որոնց մի մասը մյուսների համեմատ միայն գումար վճարելու դիմաց արտոնություն է ստանալու և ծառայություն է անցնելու ավելի պակաս ժամկետով: Արդյո՞ք դա չի հանգեցնելու զինվորների շրջանում ներքին հակասությունների ու կոնֆլիկտների և ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է հարցը դիտարկել սահմանադրական և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ, ինչպես նաև նախագծային առաջարկվող կարգավորումների շուրջ իրականացնել առավել լայն հանրային քննարկումներ։ Ավելին, Պաշտպանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված խնդիրները պետության կողմից լուծել այլ՝ համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ պաշտպանը նախագծերի վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններն առավել մանրամասն կհասցեագրի իրավասու պետական մարմիններին։
09:15 - 26 մայիսի, 2025
ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված

ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Այս մասին հայտարարություն են տարածել ՄԻՊ գրասենյակից։ «Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականություն պարունակող խոսույթի բացառման ուղղությամբ։ Այս համատեքստում Պաշտպանը խիստ դատապարտելի է համարում նման խոսույթի օգտագործմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը, այդ նպատակով նյութերի պատրաստումն ու տարածումը։ Վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանց այն էլ առկա խորքային կարծրատիպերի արմատավորմանը, ինչն անթույլատրելի է։ Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նշված միջադեպի մասնակից երեխաներին թիրախավորող և նրանց անձնական տվյալների պաշտպանության մասին ներպետական և միջազգային չափորոշիչների էական խախտումներով ուղեկցվող նյութերի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանը հորդորում է չտարածել վերոնշյալ նյութերը, իսկ իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված իրավունքների ապահովման ուղղությամբ», - նշված է հայտարարությունում։
19:47 - 21 մայիսի, 2025