Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ
 |armenpress.am|
14:14 - 25 մայիսի, 2023

Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը պահելու կարգը», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ։

Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։

Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությունը և երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի Հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները դա վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի համար Բելառուսի տարածքում պահեստարանի կառուցումը։

Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան կիրառել հատուկ ռազմամթերք։ Բելառուս զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել